impression-ի խոսքերից
Համալսարանում սովորելու առաջին տարում մեր պարտադիր ընթերցանության ցանկում էին Վիլյամ Սոմերսեթ Մոմի ստեղծագործությունները: Էն մեծերը: Էն Թատրոնը, Լուսինն ու գրոշը, բանը: Բայց ես կարդացի նաև նրա պատմվածքները ու հատկապես մեկը շատ տպավորվեց. նախ որովհետև սովորեցի, թե ինչպես անգլերենում կլինի ծնեբեկ, և այդ բառը մինչ հիմա ցանկացած լեզվով բուսաբանական իմ գիտելիքների զարդն է, ապա նաև այն պարզ պատճառով, որ շատ լավ ա գրում էդ մարդը դե հիմա ինչ անես: Որպեսզի հասկանալի լինի գրելիքս, պարտավորված եմ մի երկու բառով վերապատմել վերոհիշյալ պատմվածքը իմ 4 ընթերցողներից այն մեկի համար գուցե, ով ծանոթ չէ Մոմի հանճարեղ գրչին: Պատմությունը մի ուսանողի մասին է, ով հազիվ էնքան փող ունի, որ սովից չի մեռնում, բայց հետն էլ շատ սիրում է գրել, ու մի օր նամակ է ստանում մի կնոջից, ով իրեն հրավիրում է լանչի մի թանկուկրակ ռեստորան, քանզի սարսափելի սիրում է նրա գործերը: Քանի որ տղան չափազանց երիտասարդ էր կնոջը մերժելու համար ու չափազանց հեշտ խոցելի, որպեսզի տեղում չմեռներ, եթե իր փոխարեն վճարեր կինը, ստիպված համաձայնում է, հաշվում փողերն ու հասկանում, որ, եթե մի թեթև հաց ուտեն, ինքը ամսվա մնացած 20 օրը մինչև թոշակ կիսասոված կդիմանա: Բայց, կինը, ով երդվում էր, թե լանչին սովորաբար ոչինչ չի ուտում, պարզապես մի կըծ սրանից, մի «պոկռիկ» նրանից, տղային շատ գեղեցիկ կերպով գցում է, այսպես ասած, փոսը: Նու շատ թանկ ա նստում տղայի վրա էդ լանչը: Գնում ա էն աշխարհ, հետ ա գալիս: Մի կերպ ա փակում հաշիվը: Պատմությունը սա ա: Իհարկե շատ եմ խորհուրդ տալիս կարդալ օրիգինալը, ոչ թե իմ անտաղանդ ինտերպրետացիան, քանի որ պատմության համն ու հոտը կարող եք զգալ միայն սըր Սոմերսեթի կատարմամբ:
Ինչևէ: Էսքան խորացա, որ հասկանալի լինի, թե ինչի եմ վերնագրել The Luncheon:
2025 թվականի օգոստոսի 12ն էր՝ երևանյան ճըռ շոգ օրերից մեկը: Էն, որ էնքան շոգ էր, որ մեզ մեկ էր, որ գործի ենք, որ մի 8 օր առաջ ենք եկել ծովափից, ու մենք արագ տոմսեր գնեցինք մեր հաջորդ հանգստի համար, որը անպայման իր մեջ պետք է ունենար հետևյալ ականջ շոյող և կյանքը տեղում իմաստավորող կետերը՝ օվկիանոս, ծովամթերք, փարթիներ, աննման տեսարաններ, անմոռանալի պահեր և այլն և այլն: Հա, էդ պարտադիր կետերը մեր գլխում ու նաև գլոբուսի վրա իրար էին հատվում մի քանի տեղ, որոնցից մենք ընտրեցինք Գոան: Մի ուղղությամբ տոմսեր գնեցինք, որ պարտադրված չլինենք հենց էն պահին, երբ նոր-նոր ամեն ինչ սկսում ա դուրդ գալ, արդեն հետ գալուդ օրը լինի ( նման փորձ արդեն ունեցել էինք մի քանի տարի առաջ Շրի Լանկայում, բայց դրա մասին մի ուրիշ անգամ կպատմեմ): Հետն էլ ախր Գոա, Հնդկաստան, բուդդա, բնություն, պատմություն, մշակույթ, ո՞նց գնաս հասնես ու մենակ արևային ակնոցով պառկես պլաստմասե շեզլոնգին: Ախր էդքանը տեսնել ա պետք: Քանի որ, ոնց արդեն ասեցի, նոր էինք վերադարձել հանգստից, զուտ բարոյապես մեզ նոր հանգիստ կարող էինք թույլ տալ գոնե կես տարուց, որ, տատիս ասած՝ դրսից խալխի աչքը չհանենք, ներսից՝ մերը: Բայց կես տարուց դե նոր տարվա սրբազան ծիսակարգն էր սկսվում, ըստ այդմ մենք որոշեցինք, որ Հնդկաստան կգնանք Հոլիի ժամանակ: Հոլին սկսվում է մարտի 3ին ու տևում մի քանի օր: Որոշել էինք առնվազն ամիս- ամիսուկես մնալ, մի լավ պտտվել, Հնդկաստանը վերևից ներքև ոտի տակ տալ (ավելի ճիշտ՝ գնացքի): Էնքան ոգևորվեցինք, ու հետն էլ էնքան ժամանակ կար մինչև մեր ճամփորդությունը, որ մեր ընկերներից մեկն էլ սիրով միացավ մեզ (դե ու՞մ ասես՝ կարող ա՞ գաս Գոա տժժալու, ասի՝ չէ), ասեմ ավելին, նույնիսկ Քանյե Վեսթը անտարբեր չմնաց այս գրանդիոզ պլանների հանդեպ ու տեղում համերգ կազմակերպեց Նյու Դելիում, որի տոմսերը մենք տեղում առանք, դե սիրուն չէր լինի մեզ թանկացնեինք էդքանից հետո: Պատրաստվեցինք, տեղը տեղին ամեն ինչ արեցինք, դանդաաաաղ, քանի որ ութ ամիս համարյա կար, գնեցինք նոր ճամպրուկներ, նոր լողազգեստ, նոր սրբիչներ, ամեն-ամեն ինչ գնեցինք, դասավորեցինք մեր ճամպրուկներում, գրեթե ամեն օր գուգլեցինք բոլոր էն հարցերը, որոնք մեզ մոտ կարող էին առաջանալ Հնդկաստանի պես հսկա ու տարօրինակ երկրում, դիմեցինք մեր վիզաների համար, մի տարվա վիզա ստացանք երեքս էլ, ու միայն մնում էր սպասել մինչև Հոլին:
Ասել, թե այդ ութ ամիսն անցան աննկատ, կնշանակի ստորաբար ստել: Մենք քաղցր սպասման մեջ էինք ամեն օր: Ու ամեն օր հասկանում էինք, որ նույնիսկ ամիս ու կեսը չի բավականացնի, որ մեր ուզած բոլոր քաղաքները տեսնենք. շքեղ ու շոկային Մումբայը, անաստված գեղեցիկ բնություն ունեցող Կերալա նահանգը, Գոան՝ իր պորտուգալական թաղամասով, գեղեցկագույն Ամրիցարը, նրբանախշ Ջայպուրը, համով-հոտով Փանջաբը, ժամանակակից այթի կենտրոն Փյունեն, ամրոցապատ աննման Ռաջաստանը, վեհ Հիմալայները, աղմկոտ Նյու Դելին և այլն:
Էնքան շատ ժամանակ կար տոմս գնելու ու ռեալ այնտեղ հասնելու միջև, որ արդեն չէինք հավատում, թե իրոք գնալու ենք: Բայց, վերջապես հասավ այն օրը, երբ մենք վերցրինք մեր ճամպրուկները ու գնացինք Զվարթնոց: Մեր թռիչքը կեսօրին էր՝ 12:30, հետևաբար ժամը 9 անց կեսից օդանավակայանում էինք՝ կիսաքուն ու անհամբեր: Էնքան էինք սպասել այդ օրվան, որ էդ մի քանի ժամն արդեն չէինք ձգում: Ի վերջո, նստեցինք ինքնաթիռ, օդաչուն արաբերեն ինչ-որ բաներ ասեց, հետո աղոթեց Ալլահին ու թռանք:
Հիշում եք չէ՞, որ տեղը տեղին նախապատրաստվել էինք: Մենք ամեն ինչի մասին մտածել էինք՝ առավոտ շուտ կարթնանանք, կհասնենք Զվարթնոց, մինչև դես, դեն, կլինի ժամը 1, արդեն սոված կմեռնենք, պետք է ինքնաթիռում ուտելիք ունենանք: Ու մեր տոմսերի հետ միասին պատվիրել էինք նաև ուտելիք, քանի որ Հնդկաստան էինք գնում, մենյուից ընտրել էինք հնդկական բաթըր չիքեն: Դեռ երևի Հայաստանի օդային սահմանից դուրս չէինք եկել, երբ մեր հավն ու բրինձը բերեցին: Մենք հաճույքով կերանք, պատկերացրեցինք, թե բա մի քանի ժամից ի՜նչ համով ենք ուտելու ու...
Ու մի քանի ժամ թռչելուց հետո հետ իջանք Զվարթնոց: Շարժան, Դուբայը, Դոհան, ԱՄԷ ամբողջությամբ վերածվել էր ռազմական գործողությունների կենտրոնի: Իսրայելն ու ԱՄՆ հարձակվել էին Իրանի վրա: Հենց այդ առավոտյան: Մենք բանից անտեղյակ նստել էինք ինքնաթիռ:
Ու, երբ անտրամադիր, վախեցած ու հոգնած վերադարձանք տուն, հիշեցի Մոմի պատմվածքը էդ թանկ լանչի մասին, չէ, որ մենք էլ այդ օրը նստեցինք ինքնաթիռ, հաց կերանք ու իջանք: Էյր Արաբիան հրաժարվեց վերադարձնել տոմսերի գումարը, ինքնաթիռը օդ էր բարձրացել:
Էջանիշներ