StrangeLittleGirl-ի խոսքերից
...
Իմ՝ քնելու տաղանդի շնորհիվ մտածում էի, որ ջեթ լագն ինձ չի սպառնա, մանավանդ որ ճամփորդությունս գիշերով էի սկսել ու փորձել ճամփին հնարավորինս քիչ քնել, որ հասնեմ Մոնրեալ, սատկած լինեմ ու նորմալ քնեմ։
Ու իրոք, մինչև տեղ հասա, մինչև սենյակիս խնդիրները լուծեցի, ուսապարկս դատարկեցի, լողացա, արդեն երեկոյան ժամը տասն էր, իսկ ինձ վրա հալ չկար. պառկելն ու քնելս մեկ եղավ։ Մի անգամ արթնացա 4:30, որ Կոպենհագենում 10:30 էր՝ իմ սովորական արձակուրդային արթնանալու ժամից մի քիչ ուշ, բայց միանգամից նորից քնեցի մինչև առավոտյան ժամը յոթը։ Ահագին աշխույժ օր անցկացրի. դասընկերուհիներիցս մեկը, որ արդեն հինգ տարի է, ինչ Մոնրեալում է, տարավ ինձ քաղաքը ցույց տալու։ Օրվա վերջում պարզվեց, որ 22 կմ քայլել էի։ Էդպես արդեն երկրորդ օրը սատկած գնացի քնելու, էս անգամ՝ գիշերը տասնմեկին։ Ու էս անգամ գիշերը 2:30 արթնացա։ Հետո 4:30։ Հետո էլի մի քանի անգամ, մինչև 6:45 վերջապես վեր կացա։ Բարեբախտաբար, քնելու հատուկ տաղանդներիս շնորհիվ ամեն արթնանալուց հետո կարողանում էի նորից քնել, հետևաբար լրիվ անքուն գիշեր չէր, ուրեմն օրվա ընթացքում որոշակի էներգիա պիտի որ ունենայի։
Էսօր արդեն կոնֆերանսի առաջին օրն էր։ Թարսի պես էլ ես բավական ջանջալ թեմայի էի գնացել։ Մի քանի ժամ հետո մեկ էլ զգացի, թե ոնց եմ կամաց֊կամաց հանգում։ Իսկ օրվա վերջին արդեն լրիվ հալից ընկած էի։ Մի կերպ ինձ տուն գցեցի ու որոշեցի, որ էլ ոչ մեկի էրեսը չեմ տեսնելու։ Մի քիչ շունչ քաշելուց հետո հազիվ ինձ քարշ տվեցի դեպի մոտակա ռեստորանը, որ գոնե մի կտոր մի բան ուտեմ։ Ռեստորանում լրիվ վատացել էի։ Աղմուկը մի այլ կարգի էր վրաս ազդում, աչքերս ահավոր ցավում էին։ Ուտելուց հետո նորից ինձ տուն գցեցի ու սկսեցի մտածել, թե ոնց են մարդիկ էդպես խիզախորեն էդքան հաճախ հեռու֊հեռու տեղեր գնում։ Էս ահավոր ինքնազգացողությունից հետո շատ դժվար կլինի ինձ համոզելը, որ նորից ինքնաթիռ նստեմ ու էսքան հեռու տեղ գնամ։ Դեռ արևմուտքից արևելք չվերթն էլ առջևում ա։ Չգիտեմ՝ ինչ աստիճանի ծանր եմ տանելու։
Էջանիշներ