Էս առիթով տատիս սիրած խոսքերն էին. կկուն հոտած ա, կարծում ա, թե իրա բունն ա հոտած...
Ասածս այն է, որ անիմաստ են ամեն արտաքին փոփոխություններ, եթե դու քո ներսը չես փոխում:
Այլ բան է, եթե ստիպված ես տեղափոխվել, իսկ ուղղակի կյանքումդ նորություն մտցնելու համար... լավացնելու համար...
Ասում են, որ քո տունը քո ամրոցն է հո իզուր չե՞ն ասում դա: Ժամանակի ընթացքում մարդ հասցնում է ինչ-որ բարենպաստ, պաշտպանական էներգիա կուտակել իր տանը, աուրա, - ինչն անընդհատ տեղափոխվելով ուղղակի անհնար է անել: Ամբողջ օրը բանելուց հետո մարդ ինչու՞ է ձգտում վերադառնալ տուն... Հենց այդ պատճառով, որպեսզի այդ էներգիան իրեն վերալիցքավորի, լրացնի այն, ինչ կորցրել ես օրվա ընթացքում: Իսկ եթե այդ չունես, սկսում ես այդ էներգիան ուրիշ տեղ որոնել, այդպիսով կնոջդ, ամուսնուդ, երեխաներիդ համար ակամա դառնում ես վամպիր ու սկսում ես նրանց էներգիան խմել...
"Մի՞թե Հռոմ են տանում ճանապարհները բոլոր:
Չգիտեմ: Կարող է: Բայց գիտեմ ես հաստատ.
Իմ դռնից են սկսվում ճանապարհները բոլոր:
Վիճելն անիմաստ է:"
Սա տարիներ առաջ գրած մի բանաստեղծությունիցս է: Ինձ թվաց, թե հարմար է այստեղ, ցույց տալու համար, թե ինչ եմ ուզում ասել չելենջի մասին: Ես էլ՝ երեք անգամ կյանքումս խոշոր տեղափոխություններ եմ կատարել. Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ: ՈՒ եթե հիմա հայացք եմ գցում հետ, սպանես, չեմ կարող ասել, ավելի շատ գտե՞լ եմ, թե՞ կորցրել...
Բայց մի բան սովորել եմ հաստատ: Որտեղ էլ լինեմ, իմ կյանքը բաղկացած է երկու մասից. մի կողմում ես եմ, մյուս կողմում՝ աշխարհը: Ու երբ առավոտյան բացում եմ դուռս ու մտնում եմ աշխարհ, ինձ անհրաժեշտ է գիտենալ նախ և առաջ, թե ի՞նչ եմ ես պատրաստվում վերցնել այդ աշխարհից: Իսկ որ ավելի կարևոր է, ի՞նչ եմ ցանկանում աշխարհին տալ:
Հ.Գ. Բայց ուր էլ լինեմ օրվա ընթացքում, որտեղ էլ թափառեմ, մի բան է մտքումս. երբ եմ վերջապես վերադառնալու իմ տուն իմ ամրոց: Վերալիցքավորվելու:
Էջանիշներ