Վերջին տարիներին շատ հազվադեպ եմ ակումբ մտնում: Այս տարիների ընթացքում կուտակել եմ նոր բանաստեղծությունների մի ամբողջ շարք, որով կուզեի կիսվել ձեզ հետ:

Հ.Գ. Ակումբում կգտնեք նաև իմ ավելի վաղ գրված գործերը:

Հ.Հ.Գ. Վերջին բանաստեղծությունը գրել եմ այսօր, քիչ առաջ, և սիրահարվածների օրը նվիրել այն կնոջս ❤️

Ասում են աստվածներն անմահ են,
Ու ապրում են երկնքում,
Ասում են՝ հզոր, անահ են,
Եվ միշտ մեզ են հետևում։

Քանի-քանիսն է մեռել,
Կորել ու անհետացել,
Չխոսվել ու չի հիշվել,
Մարդն է լոկ մոռացել։

Զևվսը, Հերան, Աֆրոդիտեն
Թաղված են Օլիմպոսում,
Արդեն Հիսուսին ունեն,
Հույնը նրանցից չի խոսում։

Գոռը, Ռան ու Սեբեքթեթը
Ննջած են մեծ բուրգերում,
Ալլահինն է փառքն ու հերթը
Եգիպտացու մտքերում։

Անմահ է զուտ միտքն հանճարեղ
Տիկնիկավար «սրբերից»,
Որ խոսվում է թիվ ու դարեր՝
Հաստ ու փոշոտ գրքերից...

***

Բառն է սկիզբը ամենի,
Այդպես է ասվում Գրքում,
Բառն էլ ավարտն ամենքի՝
Եվ սևացնում, և՝ մաքրում։

Խոսքն է անմահ, Մեծն է ասել,
Խոսքն է ուժը մեր կյանքի,
Բառն է Խոսքը, մեզ է հասել՝
Անդունդից Տիեզերքի։

Բառն սնում է, բառը՝ խլում,
Բառն է, որ Գործ է դառնում,
Բառը բերում, Բառը՝ տանում,
Բառերով է Մարդն ապրում։

Բառն ես հենց դու, Մարդ արարած,
Իսկ Բերանդ՝ դարպասները քո ներքինի,
Ամեն Բառդ, քեզնից լսված՝
Էությունը քո կամ տկար, կամ էլ՝ մեծ ու առաքինի։

***

ԺԱՄԱՆԱԿԸ

Ո՞րն է կյանքում կարևորը,
Արժեքավորն ու հզորը,
Պետքական մեկ միավորը,
Որ լցնում է ամեն օրը։

Մարդը՞, խոսքը՞, թե՞ արարքը
Ընտանիքն ու հայրենի՞քը,
Սե՞րը, թե՞ վարարող կիրքը,
Հու՞յսը, թե՞ ներսիդ հավատքը։

Գլխավորը ժամանակն է՝
Նրա ընթացքը անխափան,
Կարևորն ու գերական է
Ժամանակը անսասան։

Ժամադրելով ժամանակը,
Ընտելացնելով նրան,
Նվաճելով նպատակդ՝
Դու կստանաս ամեն բան։

***

ՄԱՐԴԻԿ

Մսագնդեր, որոնք քայլում են փողոցով,
Տարբեր գույնի, սեռի և հասակի,
Ոչինչ չասող, բութ ու դատարկ լուռ դեմքերով,
Կյանքը վատնող առանց գոնե մի վաստակի:

Լոկ մարմիններ, իրենց ծանր քաշը շարժող,
Փոշու կույտեր են` սին ու անհոգի,
Լերկ գլուխներ, հաստ ու կեղտոտ վզին հենվող,
Ծակ ուղեղներ են, փտած ու սնոտի:

Ու սրանք դեռ պետք է բազմանան,
Խաչասերվեն ու շատանան,
Իրենց պես սերունդներ մեզ տան,
Երկրագնդի խղճին մնան:

Ձեզնից ծնվածը ո՞վ է լինելու,
Այս աշխարհին նա ի՞նչ է բերելու,
Նույնպես մի տխմար կյանք է ապրելու,
Որպես ընծա էլ` այլ սերունդ տալու:

Ու երկրագունդը` կքված, կիսամեռ,
Կշարունակի ձեզ իր վրա կրել,
Սերունդ առ սերունդ որպես ծանր բեռ,
Ձեր գոյությունը առաջ գլորել…

***

ՄԱՆՈՒԿԻՑ՝ ՄԵԾ

Ծնվում ես մի անմեղ բզեզ,
Սիրուն, ուրախ ու ժպտերես,
Սիրում է ողջ աշխարհը քեզ,
Դու լիությամբ ես լցնում մեզ:

Դու աճում ես ու մեծանում,
Ժամ առ ժամ վեր ես խոյանում,
Ազդեցությունն ես կլանում՝
Միջավայրիդ, ու լուռ… փոխվում…

Չես էլ զգում ինչ ես դու դառնում,
Ինչ ես ինքդ քեզ դարձնում,
Ինչպես է մեջդ մեռնում մանչը,
Ներսիդ բզեզն էլ՝ փչում շունչը:

Հասակ առնում, տխմարանում,
Տրվում ես կյանքի մեղքերին,
Ոչնչից դաս դու չես քաղում,
Աղ լցնելով հին վերքերին:

Ու երբ մահվանն ես դեմ ելնում,
Ապրածդ կյանքն ես վերլուծում,
Թե ոնց ես ինքդ քեզ կորցնում
Արագընթաց ժամանակում…

***

ԵՐԵՍՊԱՇՏԸ

Դու հաջողակ ես և ուժեղ,
Իսկ ես փոշին քո հատակի,
Կլինեմ ուրեմն քեզ ընկեր,
Քանի դեռ ուժդ չի լքի:

Մի՛ զարմացիր իմ ասածից,
Շատերը կան այսպես ապրող,
Ճիշտ տեղ ընկեր են` քեզ դրկից,
Բայց միշտ անկմանդ լուռ սպասող:

Ու կլինեմ ես քո ընկերը,
Կկիսեմ քո ակնթարթները,
Բայց՝ երբ տեղի տան քո ներվերը,
Ես կարձակեմ իմ սև թևերը:

Կդառնաս հատակիս փոշին,
Ընկերությանս վերջը սին,
Ես սիրում եմ տակից խոցել,
Էլ ինձ պետք չէ քեզ հետ լինել:

Ու այսպես շատ ու շատ անգամ,
Այլ կերպ ես չեմ կարող ապրել,
Ինչո՞ւ պետք է ես ինձ մարդ զգամ,
Երբ ունակ եմ շողոքորթել…

***

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ


Գնալ առաջ ու մինչև վե՞րջ,
Թե՞ կարկամել կեսից անվերջ,
Ինչպիսի՞ն է ընտրությունդ,
Եվ ո՞րն է քո տարածությունը:

Մաքրել քո ամբողջ եսը,
Թե՞ սրբել միայն երեսը,
Ինչպիսի՞ն կլինի քո կամքը,
Որը կշրջի քո կյանքը:

Կկայացնե՞ս որոշումներ
Թե՞ կթողնես կյանքի հունին...

***

ԲԱԶՄԱԴԵՄԸ

Քանի՞ դիմակ կա մարդու երեսին,
Ինչքան պատռես էլ, նորն է դեմ գալիս,
Որքա՞ն է թույնը՝ նրա հոգում սին,
Որ հարմար պահի նա դուրս է տալիս:

Հետդ նստում է ու հացդ կիսում,
Սեղանից ելար, մեջքիցդ խոսում,
Բարևդ կառնի, կհաճոյանա,
Քեզ ուրիշի մոտ արագ կուրանա:

Կկիսվի իբրև իր բարի կամքով,
Կշողոքորթի՝ հատուկ խնամքով,
Այլ տեղ՝ կկիսվի իր բամբասանքով,
Չի էլ անցնի դա քո ազնիվ մտքով:

Այդ տմարդու հետ իսկ ինչպե՞ս վարվել,
Իր պես իր հետ էլ չես կարող լինել,
Ոչինչ էլ չզգա՞լ, ոչինչ չտեսնե՞լ,
Մոռանալ ամենն ու միայն լռե՞լ:

Թե՞ լսել խղճիդ ու պատասխանել,
Սեղանի շուրջ էլ դիմակը պատռել,
Թույնը քամելով՝ բաժակը լցնել,
Կաթիլ առ կաթիլ նրան խմեցնել:

Որ կերած հացը կոկորդին կանգնի,
Ինքը իր թույնից փսխի, խեղդվի,
Մեկ է, նրա հոգին չի էլ մաքրվի,
Բայց իր գնալով լավություն կանի:

***

ՀՈՐՍ

Չկաս, գնացիր, գործը քո մտքում,
Թողնելով որդուդ՝ կարոտը հոգում,
Դու էլ ետ չեկար, քեզ քիչ սպասեցի,
Բարով մնաս էլ ես քեզ չասացի:

Փոքր եմ եղել, քիչ բան եմ հիշում,
Երբ վախենում էի՝ կողքս էիր ննջում,
Երբ սխալվում էի՝ հայրաբար պատժում,
Նույնիսկ պատիժն եմ ես քո կարոտում…

Կուզեյի, որ ետ գաս, գոնե մի օրով,
Լցնեյիր օդս հայրական շնչով,
Գրկեյի քեզ, սեղմեյի սրտիս կարոտով,
Վերջապես ասեյի՝ պապ մնաս բարով:

***

ՀԱՎԻՏՅԱՆ ՍԵՐ

Մշուշի մեջ քեզ կգտնեմ,
Կնշմարեմ քեզ սև մթում,
Որ իմ զգացմունքը քեզ պատմեմ,
Ասեմ, թե ինչ է սիրտս զգում:

Աղմուկի մեջ քեզ կլսեմ,
Կջոկեմ ձայնդ ամբոխում,
Այդ բոլորի մոտ ես կասեմ,
Թե ինչքան շատ եմ քեզ սիրում:

Չեմ շփոթի ձեռքիդ հպումը
Թե իմ աչքերը պինդ փակվեն,
Կզգամ այտիս ափիդ անկումը,
Ու կասկածներս կչքվեն:

Տենչում եմ քեզ՝ ինչպես Էրոսը,
Պաշտում՝ Մեծ Պլատոնի նման,
Կուզեմ մնալ սրտիդ հերոսը,
Մինչև վայկյանն իմ լուռ մահվան: