User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Գաղթականի, Բարեկամի և Sambitbaba-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    բաղեղ
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,315
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գաղթականի, Բարեկամի և Sambitbaba-ի համատեղ պատմվածքը

    Նոր նկատեցի, որ արդեն վաղուց նոր եռյակ է ձևավորվել, թեկուզ մի քիչ հարցականով:
    Ու քանի որ էս մոդերատորականը բանի տեղ դնող չի եղել, որ թեման մասնակիցները բացեն, ինքս եմ բացում հիմա:

    Եվ էսպես, ձևավորվել է նոր եռյակ: @Գաղթական-ը սկսում է, @Բարեկամ-ը շարունակում է, @Sambitbaba-ն էլ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ, նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ:

    Քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:
    Brave voices kill monsters.

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.01.2019), Jarre (01.01.2019), Բարեկամ (07.01.2019), Հայկօ (02.01.2019)

  3. #2
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,823
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԱՂՏՆԱԴՈՒՌԸ


    Սկիզբ.

    «Մեդիքըլ Սեքյուր»-ի լոգոն կրող մեքենան նորից հանգեց բլրի ստորոտին:
    Պապիի համար դա արդեն սովորական էր դարձել, չնայած որ ոչ մի տրամաբանական բացատրություն չուներ այս երևույթին:
    Նա որպես մատակարար էր աշխատում ու ամեն շաբաթ օր այս հասցեով պետք է դեղորայքներով լի տուփ առաքեր:

    Յունիֆորմայի օձիքը վեր քաշելով` Պապին դուրս ցատկեց մեքենայի բեռնախցիկից ու, թևի տակ առնելով տուփը, սկսեց դանդաղ բարձրանալ բլուրն ի վեր:
    Արդենյան սառը քամին հաճելիորեն խուտուտ էր տալիս բեղի տակ:
    Թեև կլիմայի կտրուկ փոփոխությունից ի վեր ու մինչ այսօր Պապիին հոդացավերն էին տանջում ու նա առանձնապես զբոսանքի սիրահար չէր, բայց այս բլրի ստորոտից մինչև գագաթի դղյակը ձգվող ճանապարհը նա միշտ բավականությամբ էր հաղթահարում:
    Ընդհանուր իդիլիան լիարժեք լրացնում էին ամբողջ բլուրը ծածկող խիտ անտառն ու դրանից լսվող ֆաունայի խայտաբղետ ձայները:

    Կաղնե խոշոր դուռը ճռռալով բացվեց` երևան հանելով բարոնեսսայի վտիտ մարմինը:
    Պատմությանն անհայտ է, թե կոնկրետ քանի տարեկան էր բարոնեսսան, բայց նա ակնհայտորեն այս հին մոլորակի ամենահնագույն ուղևորների շարքին էր դասվում:

    - Պապի, իմ սիրելի Պապի, - լայն ճակատին առատորեն թափված սպիտակաձյուն խոպոպների տակից խորամանկ աչքերը ժպտացին - Այսօր մի քիչ շուտ ես եկել: Ես քեզ կեսօրին մոտ էի սպասում:
    - Հուսով եմ չխանգարեցի, բարոնեսսա Ֆան Դեն Բլուր: Այսօր սովորականից ավելի շուտ եմ սկսել աշխատանքը, որ մի քիչ շուտ էլ վերջացնեմ: Դե Նոր Տարի է վերջիվերջո:
    - Իհարկե չխանգարեցիր, իմ լավ Պապի, ինքդ էլ գիտես, որ ինձ այս աշխարհում այլևս քիչ բան է ուրախացնում այնպես` ինչպես քեզ հետ մեր մտերմիկ զրույցները: Համեցիր ներս:

    Պապիին ու բարոնեսսային դժվար էր ընկերներ անվանել: Բայց շրջակա միջավայրը, դղյակի մեծ ու հնամյա սրահներն ու բարոնեսսայի աուրան այնքան տրամադրող էին, որ Պապին հաճույքով էր գործից հետո ոտքը կախ գցում ու բուխարու մոտ նստած անչափ հետաքրքիր ու երկար զրույցների բռնվում տիկնոջ հետ:
    Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ, մի քանի ամիս առաջ, բարոնեսսան Պապիին խնդրեց իր գեղեցիկ այգու համար մի այգեպանի խորհուրդ տալ ու Պապին շտապեց առաջարկել հենց իր թեկնածությունը, քանի որ լրացուցիչ աշխատած գումարը հեչ չէր խանգարի:

    - Հիշում եմ, որ պատմում էիր, թե ձեզ` հայերիդ համար Նոր Տարին ավելի նշանավոր տոն է, քան Սուրբ Ծնունդը:
    - Դե նշանավոր բառը երևի մի քիչ տեղին չի.. ՈՒղղակի, ի տարբերություն ձեզ, մենք Նոր Տարին ավելի վաղ ենք նշում ու, համապատասխանաբար, հիմնական տոնախմբությունները հենց այդ ժամանակ էլ լինում են..
    - Հա՜, հիշեցի: ՈՒրեմն ես քեզ այսօր երկար չեմ զբաղեցնի: Ահա միայն նվերս հանձնեմ ու վերջ:
    - Նվե՞ր, - շփոթվեց Պապին - ինչո՞ւ եք նեղություն քաշել:
    - Ոչ մի նեղություն, իմ շատ սիրելի Պապի: Դու գիտես, որ ինձ այլևս երկար կյանք չի մնացել ու բերածդ դեղերն էլ ավելի ու ավելի քիչ են օգնում: Ժառանգներ էլ ես չունեմ ու շուտով ինձ հետ կհանգչի մեր հնամենի ազգի վերջին շառավիղը: Այսպիսով` ես պատվիրել եմ ինձանից հետո քանդել այս հրաշալի դղյակը ու դրա տեղը ծերանոց հիմնել: Դրանով պատմության գիրկը կգնա մեր ընտանեկան Գաղտնադուռը, որ անհարկի խաղալիք չդառնա չար ուժերի ձեռքին: Բայց, մինչ այդ, ցանկանում եմ քեզ ընծայել Գաղտնադռնով անցնելու 3 հնարավորություն, քանի որ քո սրտի բարությունն ու մտքի պարզությունը շատ եմ հասցրել սիրել:
    - Բարոնեսսա Ֆան Դեն Բլուր, բայց..
    - Ոչինչ մի ասա Պապի, ուղղակի հետևիր ինձ...

    Բարոնեսսան, վերցնելով սյունազարդ միջանցքի սյուներից մեկին ամրացված ջահը, կորավ պատի վրա բացվող փոքրիկ խորշում:
    Պապին անխոս հետևեց նրան:
    Խոնավ նրբանցքով մի քիչ քայլելուց հետո նրանք հայտնվեցին մի նոր սրահում, որի կենտրոնում տեղադրված էր մի մասիվե սեղան` իր վրա դարսված թղթապանակների կույտերով: Իսկ պատերը զարդարված էին ծանոթ ու անծանոթ կենդանիների գլուխ-խրտվիլակներով, տարատեսակ զենքերով ու այլ ինչ-որ անհասկանալի առարկաներով:
    Իսկ մասիվե սեղանի հենց դիմացի պատին գտնվում էր մի խոշոր ու քանդակներով հարուստ դուռ:

    - Կարծում եմ` ավելորդ է հիշեցնել, որ այն ամենն ինչ կլսես ու կտեսնես, այլոց ականջների համար չի նախատեսված, - շրջվելով ժպտաց բարոնեսսան
    - Երդվում եմ:
    - Բարի: Քո առջև է հառնել մեր հազարամյա ազգի գաղտնիքների գաղտնիքը: Սա դուռ է դեպի հայտնի անհայտություն, դեպի ներկա պահից սկսած մինչև անվերջ անցյալ, դեպի այն ամենն ինչ եղել է ու անցել: Այս փոքրիկ հաշվիչանման մեխանիզմով դու կարող ես ընտրել քեզ անհրաժեշտ ցանկացած ամսաթիվ ու Գաղտնադռնով քայլ անել դեպի այնտեղ: Բայց հիշիր` քո տրամադրության տակ դու կունենաս ընդամենը 3 ժամ` այնտեղ անցկացնելու համար: Թե հանկարծ ուշանաս` հավերժ կկորչես ժամանակների հորձանուտում: ՈՒ էլ չասեմ, որ պետք է չափազանց զգույշ լինես քո գործողություններում` անզգուշորեն դեպքերի պատմական ընթացքը չփոխելու համար:

    Այստեղ բարոնեսսան դադար ընդունեց` սպասելով մինչև աչքերը լայն չռած Պապին լսածը մարսի:
    - Լավ կատակ էր, - շունչը տեղը բերելով փորձեց ժպտալ Պապին, ինչի արդյունքում միայն դեմքը ծամածռվեց.
    - Օ՜, ոչ մի կատակ, իմ լավ Պապի: Ասա խնդրեմ, քեզ երբևէ հուզե՞լ է ինչ-որ հարց, որի պատասխանը միայն կարելի կլիներ գտնել անցյալում:
    - Դեե... Օրինակ ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ինչպես է հայրս ինձ համար անուն ընտրել: Դեռ փոքր էի, երբ նա մահացավ, իսկ մայրս էլ ասում է, որ երկար ժամանակ չէին կարող ընդհանուր հայտարարի գալ անուն ընտրելիս, բայց վերջում հայրս մի անուն է ընտրել, որը բոլորի սրտով է եղել:
    - Լավ հարց է: Պապի անունն էլ, ի դեպ, շատ գեղեցիկ է:
    - Չէ, բարոնեսսա, իրականում իմ անունը Իշխան է: Բայց, քանի որ էստեղ համարյա բոլորը դժվարանում են այն հիշել ու առավել ևս ճիշտ արտասանել, դրա համար էլ` Պապի կեղծանունն եմ ընտրել` Պապիկյան ազգանունիցս..
    - Ախ Պապի, դու ինձ չես դադարեցնում ուրախացնել, - քահ-քահ ծիծաղեց բարոնեսսան - Էչկա՞ն ասում ես.. դե ուրեմն գուցե հենց անվանդ հետքերով էլ առաջին ուղևորությո՞ւնդ կատարես..
    - Անվանս հետքերը միայն ծնողներիս մոտ են տանում: Մի՞թե այս դուռը դեպի Հայաստան էլ կարող է բացվել:
    - Անշուշտ բարեկամս: Տեսնում ե՞ս այս գլոբուսը: Բացի ձեռքիդ մեխանիզմով ամսաթիվն ընտրելուց` այս գլոբուսի վրա կարող ես մատնանշել վայրը, դեպի ուր քո առջև հայտնի անհայտությունը կբանա Գաղտնադուռը...


    Երևան, 10 սեպտեմբերի 1980թ.

    Պապին` լսելով իր հետևից փակվող Գաղտնադռան ճռնչյունը, շուռ եկավ:
    Կանգնած էր իրենց շքամուտքի կողքի աղբանոցի դռան առջև..
    - Հմմ, մի՞թե այս ամենն իրականություն է, - ինքն իրեն հարց տալով` սկսեց շուրջը զննել Պապին:
    Բակն իր մանկության բակն էր ու, ինչպես միշտ, խաղաղ էր: Դիմացի բիսետկայում շախմատի տախտակն իր շուրջն էր հավաքել մի խումբ տարեցների: Մի քիչ հեռու` փողոցի մոտ, մեծ ցախավելով մայթեզրն էր ավլում ինչ-որ մի կին, իսկ դիմացի շենքի 3-րդ հարկից, քթի տակ երգելով, պարաններին իր լվացքն էր փռում Դուխիկ տոտան..
    Աստվա՜ծ իմ.. Դուխիկ տոտա՜ն.. Դուխիկ տոտան դեռ կենդանի է ու այսքա՜ն երիտասարդ...

    Հանկարծ` ինչ-որ բան հիշելով, Պապին քարացած վիճակից դուրս եկավ ու հայացքը գցեց ձեռքի ժամացույցին` 10:33..
    - Հմմ.. եթե էս ամենն իրական է, ուրեմն ես մի ամբողջ 3 ժամ ունեմ էստեղ անցկացնելու.. Բայց ինչի՞ց սկսեմ...

    Օրը դեռ քիչ առաջ է բացվել ու քաղաքում եռուն աշխատանքային ժամ է:
    Դուրս գալով փողոց` քայլերը դեպի Լենինի Հրապարակ ուղղեց Պապին, քանի որ իրենց տուն գնալ չէր կարող: Ճիշտ է` մի 20րոպե անցկացրեց իրենց պատուհանների տակ` մորը տեսնելու հույսով, բայց վերև բարձրանալ չհամարձակվեց: Ո՞նց գնա, ինչպե՞ս ներկայանա: Իսկ այ հրշեջ հորը երևի թե կկարողանար գտնել աշխատավայրում:

    Էս մտորումներով Պապին դեռ նոր էր հասցրել փողոցի անկյունից թեքվել, երբ անսպասելի բախվելով պատահական վայր գցեց մի կնոջ, ում ձեռքի տոպրակներից դուրս թափված մրգեղենից կարելի էր ենթադրել, որ նա շուկայից էր վերադառնում:
    - Վա՜յ, հազար ներողություն, - ուշքի գալով` գետնին ընկած կնոջը վրա հասավ Պապին ու, ձեռքից բռնելով, տեղում սառեց..
    Մայրն էր` իր հղի մայրը:

    Պապիի ճակատը վայրկենական քրտնեց ու լեզուն կապ ընկավ..
    - Ա դե մի քիչ ուշադիր եղեք էլի, այ ընկեր, - մեղմ զայրույթով նրան հանդիմանեց մայրը ու դեմքը ցավից ծամածռելով ձեռքը դեպի մեջքը տարավ` սկսելով հևալով շնչել..
    - Քոռանամ ես, կարողա՞ էս երեխու ծնունդի ցավերը սկսվեցին, - շուրջը հավաքվող մարդկանց մեջից բղավեց մի տատիկ
    - ..Տաքսի.. տաքսի կանչեք, - շրջապատողներին ձայն տվեց Պապին` փորձելով մորը նստած դիրքի բերել, ով արդեն հասցրել էր ուշագնաց լինել:
    Կողքը կանգնած երեխաներից մեկը տեղից պոկվեց, իսկ Վարդան ապին, որ Պապիենց դիմացի շենքից էր, խոժոռ հայացքը գցեց Պապիի վրա.
    - Ա դու ո՞վ ես է այ տա: Էս ի՞նչ օրը գցիր մեր րեխուն: Ի՞նչ էիր բզբզում էս հայաթում:
    - Ես Վաչոյի բանակային ընկերն եմ պապի: Էս էլ Սոֆիկնա` Վաչոյի կնիկը: Էնպես որ ամեն ինչ նորմալա, օգնեք տաքսի նստացնենք..

    - Շտապ Մերգելյան հասցրու, ախպեր ջան, ոնց-որ թե հեսա ծնունդը սկսվելուա, - մորը տաքսի նստացնելով ու ինքն էլ կողքին տեղավորվելով` շնչակտուր գցեց Պապին

    - Բա փո՞ղը, այ ընկեր, - Մերգելյանի մոտ տաքսուց դուրս թռավ վարորդը, երբ Պապին փորձում էր ձեռքների վրա վերցնել իր մորը:
    - Հիմա մոտս փող չկա, ախպեր ջան, արի էս ժամացույցս թողնեմ մոտդ, հետո կգամ հետ կվերցնեմ ու փողդ էլ կտամ..
    - Ի՞նչ ժամացույց այ ընկեր, ինձ փողս տուր` գնամ: Թե՞ ուզում ես միլիցիա կանչեմ: Կամ դու ո՞վ ես, էս ի՞նչ ֆորմայա հագդ:
    - Հասկացի ցավդ տանեմ, ես գաղտնի ագենտ եմ, շատ բան չեմ կարա հիմա ասել: Ժամանակ չկա: Էս կնոջն էլ շտապ պետքա հիվանդանոց հասցնել: Արի ժամացույցս մոտդ պահի, թե էլ չգամ` էտի քեզ փեշքեշ: Հլա տես սենց բան Երևանում կճարե՞ս: Մոսկվայից եմ հետս բերել:
    Էս խոսքերի վրա տաքսիստն աչքերը շշպռեց ժամացույցի վրա ու տեղի տվեց:

    Պապին` ուշագնաց մոր ճակատը համբուրելով, ընդունարանում նրան բժիշկներին հանձնեց ու վազեց հոր հետևից:

    Մոտ մի ժամից արդեն հրշեջների կենտրոնից դեպի Մերգելյան հիվանդանոց էին վազում Վաչոն ու Պապին:
    - Ասում ես ուշագնաց է՞ր, - վազելու ընթացքում նետեց հայրը
    - Հա, ընկեր ջան, բայց բժիշկներն ասեցին սաղ լավ կլինի..
    - Բա դո՞ւ ով ես է` չասիր: Ինձ ո՞նց գտար..
    - Ձեր բակում տեղդ ասեցին.. Մնացածը հեչ.. Սպասի տղեդ ծնվի` մի լավ քեֆ կանենք ու էն ժամանակ էլ մանրամասն կպատմեմ..
    - Այ Աստված ձենդ լսի, թե տղայա հա՜
    - Տղայա-տղա` սիրտս տենցա վկայում...

    Արդեն կես ժամից ավել էր, ինչ Վաչոն` մեկը մյուսի հետևից ծխելով, ետ ու առաջ էր անում հիվանդանոցի բակում:
    Բակեզրի սալիկներից մեկին էլ թինկ տված` իր կարոտած հայացքը նրանից չէր կարողանում կտրել Պապին:
    Հեչ հարմար էլ չեղավ հոր հետ գոնե մի երկու բառ նորմալ խոսելու: Դրա ոչ տեղն էր, ոչ էլ` ժամանակը:
    Ծանր հոգոց հանեց ու ձեռքը գրպնից հանեց, որ ժամը ստուգի..
    - Ա՜խ.. տաքսիստը.. - հառաչեց Պապին ու դարձավ դեպի անհանգիստ հայրը - դե ես արդեն պիտի գնամ եղբայր: Կնոջդ բարի ազատում ու քեզ էլ` երկար տարիների կյանք:
    - Ո՞նց թե արդեն պիտի գնամ: Սպասի հլա այ ընկեր, բա մեր քե՞ֆը: Բա մի կարգին լավությանդ տակից դուրս չգա՞մ: Ախր քեզ մինչև կյանքիս վերջ պարտական եմ, որ մեր նեղին հասել ես:
    - Թող մնա մի ուրիշ անգամ, եղբայր, դեռ օրը կգա` էլի կհանդիպենք.. Գուցե և սպասվածից շատ ավելի շուտ: Լավ կացեք..

    Հոր ձեռքը պինդ սեղմելով` Պապին գլխիկոր քայլերն ուղղեց դեպի փողոց:
    - Սպասի այ ընկեր, - հետևից վազելով հասավ Վաչոն - տո մի կարգին չհասցրեցինք էլ ծանոթանալ: Անունդ գոնե ասա..
    - Իշխան..
    - Ջան, ի՜նչ էլ լավ անունա: Այ` էս օրը վկա, թե տղա ծնվի` անունն Իշխան եմ դնելու:
    Պապին դառը ժպտաց..


    Արդեն իրենց բակում` հիշելով, որ ախր մոտը հեռախոս էլ ունի, ժամացույցը միացրեց. ուղիղ 13:33...
    - Ճիշտ ժամանակին էլ տեղ հասա, - քթի տակ քրթմնջաց Պապին ու հրեց աղբանոցի դուռը:


    - Պապի, իմ սիրելի Պապի, - գրքից կտրվելով` հայացքը բարձրացրեց բարոնեսսան:
    Գաղտնադուռը ճռնչալով փակվեց Պապիի հետևից:
    - Հը՞.. ի՞նչ տպավորություններ ունես..
    - Խոսքեր չունեմ, բարոնեսսա Ֆան Դեն Բլուր: Շոկի մեջ եմ...
    - Հասկանում եմ, - մեղմ ժպտաց բարոնեսսան` հայացքը նորից գրքի վրա իջեցնելով - Ներիր, եթե քեզ չուղեկցեմ: Դուրս գալու ճամփեն ինքդ էլ գիտես: Խորհուրդ եմ տալիս` մինչև հաջորդ շաբաթվա այցդ մի լավ մտածես, թե մնացած երկու շանսերիդ ինչպես ես օգտագործելու Գաղտնադուռը...
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (03.01.2019), Sambitbaba (03.01.2019), Բարեկամ (07.01.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցնցված-կիսագիտակից՝ Պապին չնկատեց, թե ինչպես գլխապատառ նետվեց բարոնուհի Ֆան Դեն Բլուրից բլուրն ի վար և իրեն գցեց մեքենայի մեջ՝ որքան հնարավոր է շուտ չքվելու այդ խելագար բլուրներից, որոնց անգամ «Մեդիքըլ Սեքյուր» լոգոն ապահովությամբ կրող իր մեքենան, անիվները ստորոտին համառորեն դեմ տված, հրաժարվում էր քայլ անգամ մոտենալ։
    Պապին դողացող ձեռքերով միացրեց շարժիչը, և մեքենան փնչոցով պոկվեց տեղից՝ հետևից թողնելով փոշու ամպի թանձր քուլա, ուր վերջին անգամ առեղծվածային ալիքվեց բարոնուհու դղյակն ու անհետացավ մեքենայի հայելու մեջ։

    Պապին թեթևացած շունչ քաշեց և սկսեց կամաց-կամաց վերադառնալ գիտակցության։ Էս ի՞նչ էր․ ցնդե՞լ ա պառավը, տենաս ի՞նչ էր լցրել գինուս բաժակի մեջ, հաստատ հենց տարածս դեղերից կոկտեյլ պատրաստած կլիներ, ու սա երևի վաղուց մտածված, մշակված ծրագիր էր։ Զվարճանալ էր ուզում ծեր բարոնուհու սիրտը, բա ի՜նչ, թու՛հ։ Եվ Պապին գարշանքով սրբեց ղեկին թռած թուքը։ Այդտեղ հայացքն ընկավ դաստակին և նկատեց, որ ժամացույցը չկար։ Արյունը երակներում մի պահ կանգ առավ։ Դե չէ, հիմարություն ա, երևի գցել եմ ճամփին՝ արագ վազելուց, կամ էլ պառավն ա հանել, երբ հալյուցինացիաների մեջ էի։ Բայց Պապին, որին պարբերական, չնահանջող հոդացավերը դարձրել էին որոշակիորեն իրատես, չէր հավատում ո՛չ զուգադիպությունների, ո՛չ էլ դավադրությունների պարանոիկ տեսություններն էր հալած յուղի տեղ ընդունում։

    Ու հանկարծ Իշխան Պապիկյանը մտքի փայլատակում ունեցավ։ Մեքենան արգելակեց ամայի ճանապարհի եզրին։
    - Ա՛լո, - լսվեց մոր կիսաքնած ձայնը։
    - Մա՛մ, մենակ չվախենաս, չհուզվես․․․
    - Ի՞նչ ա եղել, բալես, հո դեպորտ չե՞ն անում, - անհանգստացավ մայրը։
    - Չէ՛, մամ, բայց դու կարա՞ս մի հատ նորմալ զարթնես, կարևոր հարց ունեմ։ Ասում ես՝ ցավերդ ինչի՞ շուտ բռնեցին իմ ծնվելու ժամանակ։
    - Ես տենց բա՞ն եմ ասել։ Բայց հա, շուկայից տուն էի գնում, մի հատ աննորմալ փողոցի մեջտեղում ընկավ վրաս, հետո․․․
    - Վե՛րջ, վե՛րջ, մա՛մ, էլ չե՛մ ուզում լսեմ։
    - Իշխա՞ն, քեզ ի՞նչ եղավ․․․

    Պապին նետեց հեռախոսը կողքի նստատեղին, կտրուկ շրջադարձ կատարեց ու սլացավ հետ՝ դեպի բլուրը։

    Սիրելի ընթերցող, չէ, չկարծեք, թե Իշխան Պապիկյանը ժլատ մարդ էր և ափսոսում էր իր ժամացույցը, որն, ի դեպ, քիչ դրամ չարժեր։ Եկեք չմոռանանք, որ բարունուհին հատուկ զգուշացրել էր․ «․․․պետք է չափազանց զգույշ լինես քո գործողություններում` անզգուշորեն դեպքերի պատմական ընթացքը չփոխելու համար:»։ Ու թե ինչ հետևանքներ առաջ կբերեր իր սմարթ-ժամացույցը 1980 թվականի Երևան քաղաքում, դժվար էր անգամ երևակայել։

    - Օ՛, այդքան շու՞տ, - հաճելիորեն զարմացավ բարոնուհին՝ տեսնելով շեմքին հևիհև կանգնած Պապիին և բացելով իր փղոսկրյա ատամնաշարը լայն ժպիտի հետևում։ - Դե ինչ, հիմա՞ ուր ենք քիթներս խոթելու․ Հին Հռո՞մ, վաղ միջնադա՞ր, գուցե հասնենք մինչև աշխարհի արարման սկի՞զբը։
    - Արա՛գ, Երևա՛ն, 10 սեպտեմբերի 1980թ., 10։33։
    - Չէ՛, բալամ - գլուխն օրորեց բարոնուհին՝ ցնցելով ճերմակաթույր խոպոպիկները, - էդ մի բանը չենք կարող, ըստ սահմանված կարգի՝ դու չես կարող վերայցելել նախորդ այցելությունիցդ և ոչ մի վայրկյան։ Ու մի մոռացիր, դու ունենալու ես ընդամենը 3 ժամ։
    - Դե ուրեմն․․․ Ուրեմն, Երևան, 10 սեպտեմբերի 1980թ., 13։34, ու արա՛գ։
    - Ոնց ասես, բարեկամս, - քթի տակ ժպտաց բարոնուհին և ջահը ձեռքին առաջնորդեց Պապիին դեպի հայտնի դուռը։



    Պապին թափով դուրս նետվեց իրենց բակի աղբանոցի դռնից և հենց այդ պահին գլխի վրա զգաց անսպասելի, ուժեղ հարված․ ֆուտբոլի գնդակ էր։
    - Վա՛յ, ձյաձյա ջան, կներեք, - կմկմաց քիփլիկ, կարճ շալվարով և խիստ փոշոտ վերնաշապիկով մի տղա ու կասկածանքով զննեց Պապիին։ Ապա վազեց դեպի ընկերներն ու սկսեց ոգևորված ինչ-որ բան քչքփչալ։
    - Րեխե՛ք, էդ ի՞նչ եք իրար գլխի հավաքվել ու քչփչում, չըլնեմ-չիմանամ՝ պատուհան-բան եք ջարդելու էլի։
    - Չէ՛, Վարդան ապի, - ասաց երեխաներից ամենահամարձակը, - Արտակն ասում ա՝ իրանց շենքի զիբիլի մարդիկ բժշկի ֆորմա են հագնում, բայց կանաչ գույնի։
    - Ախմախ-ախմախ դուրս եք տալիս, հա՜ - բարկացավ Վարդան ապին, ու հազիվ էր քայլ արել, որ հեռանար, Պապին սլացավ կողքով՝ բղավելով «տաքսի՛, տաքսի՛»։
    - Այ տա՛, դու մեր Վաչոյի ընկերը չե՞ս, - ակնոցներն ուղղելով՝ հարցրեց ծերունին, - Սոֆիկը ո՞նց ա, Վաչոյի րեխեն ծնվե՞ց։
    - Ծնվեց, ծնվեց, պապի՛, կներես վռազում եմ․․․ Տաքսի՛։ Շտա՛պ, Մերգելյա՛ն, - նետվելով տաքսու մեջ՝ գոռաց Պապին։

    Տաքսին կանգ առավ կանաչավուն պատուհաններով գիտահետազոտական ինստիտուտի բարձր շենքի մոտ․
    - Հասանք, ախպերս։
    - Էս ու՞ր ես բերել, - վրդովվեց Պապին։
    - Ոնց ասեցիր՝ Մերգելյանի ինստիտուտ։
    - Ի՞նչ ինստիտուտ, այ հոպա՛ր, հիվանդանո՛ց, ծծնդատու՛ն։
    - Ախպեր ջան, ինչ ես գլուխ հարդուկում։ Դու ծննդատան անուն չես տվել։ Ասել ես՝ Մերգելյան, բերել եմ՝ Մերգելյան։ Փողս տուր, ինչ ուզում ես արա՛, ուր ուզում ես գնա՛, - բարկացավ տաքսու վարորդը։
    - Հոպար ջան, մի բարկացի, - խեղճացավ Պապին, - ինձ ծննդատուն ա պետք գնալ, Մերգելյանի ծննդատուն, ոչ թե ինստիտուտ։ Էսօր առավոտ էնտեղ մի տաքսիստ եմ թողել, ինձ սպասում ա, ժամացույցս էլ մոտն ա, հետ պիտի վերցնեմ։
    Այստեղ վարորդը սկսեց քահ-քահ ծիծաղել․
    - Ընկե՛ր, աչքիս խառնել ես անունները․ էդ Մարգարյա՛ն ծննդատունն ա․․․
    - Գրո՛ղը տանի, իրոք որ Մարգարյան էր կոչվում, ներիր գաղթականիս, վաղուց էս կողմերում չեմ եղել, - ձեռքը ճակատին խփեց Պապին, և այդ պահին հեռախոսը ծնգաց։
    Ազդանշանն իր ձեռքի ժամացույցից էր։
    - Գրո՛ղը տանի, - նորից բղավեց Պապին։ - ժամացույցս էստեղ մի տեղ մոտակայքու՛մ ա, մի քանի մետրի վրա։

    Նա դուրս նետվեց մեքենայից՝ թողնելով տարակուսած, ապա հայհոյանքներ տեղացող վարորդին, և շտապեց այն կողմ, ուր կանչում էր ժամացույցը։
    Իսկ դա Մերգելյանի անվան հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի դռներն էին։

    - Այդ ու՞ր, երիտասա՛րդ, - ճչաց «պռախադնոյի» մարմնեղ տիկինը, կտրելով Պապիի դեմը։ - Դուք ո՞վ եք, ես Ձեզ չեմ ճանաչում։ Պռապուսկնոյ ունե՞ք։
    Պապին հասկացավ, որ իր առջևի բարիկադը թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես անհաղթելի է, և հուսահատ փլվեց մոտակա աթոռին։ Հեռախոսը ցույց էր տալիս ուղիղ ժամը 15։33։ Մնացել էր միայն մեկ ժամ։ Հանկարծ նա վեր թռավ․
    - Ահա իմ անցաթուղթը, խնդրե՛մ, - Պապին ցույց տվեց ձեռքի սմարթֆոնը, որի վրա թարթում էր Հակոբ Հակոբյան 3՝ ինտիտուտի հասցեն, մատնաշելով ժամացույցի գտնման վայրը։
    Տիկինը ոտքի կանգնեց՝ կկոցած աչքերով դեմքը մոտեցնելով տարօրինակ սարքին։
    - Սա նորագույն հաշվիչ մեքենա է։ Ես ներկայացնում եմ Մոսկվայից հատուկ պատվիրակություն․․․
    - Աաա՜, բա էդպես ասեիք, - մեղմացավ տիկինը։ - Մեր մասնագետներն արդեն աշխատում են ձեր արտադրանքի վրա։ Ամբողջ ինստիտուտը խառնվել ա իրար, էսօր մենակ դրանով ա, որ զբաղված են։ Փաստորեն, Դուք հատուկ պատվիրակություն եք, հա՞։ Էհ, իսկ մարդիկ սիրում են հեքիաթներ պատմել, խոսում էին, թե իբր մի տաքսիստ ա գտել, տվել ա իր մի ծանոթին, դա էլ իբր բերել հանձնել ա ինստիտուտ, ու հիմա էլ․․․
    Շաղակրատելով՝ տիկինը բացեց անցուղին, և Պապին այլևս նրան չէր լսում։ Նա հևիհև վազեց աստիճաններով վեր, այն ուղղությամբ, ուր հեռախոսն էր հուշում, և կանգ առավ չորրորդ բաժանմունքի դռների առջև։
    Այստեղ ևս անվտանգության աշխատակից կար, որը կտրեց Պապիի դեմը։ Պապին կրկին ցույց տվեց իր սմարթֆոնը՝ հուսալով, որ նույն հաջողության կհասնի, ինչ ներքևում, բայց կատարվեց անսպասելին․ անվտանգության աշխատակիցը խլեց այն Պապիի ձեռքից և տարավ ներս՝ մուտքի թույլտվություն ստանալու նպատակով։

    Պապին սպասում էր։ Րոպեներն ացնում էին, սենյակից ոչ ոք դուրս չէր գալիս, իսկ դուռը կողպված էր ներսից։ Պապին սկսեց հուսահատ հարվածել դռանը։ Ոչ ոք չերևաց։ Պատի ժամացույցը ցույց էր տալիս 16։20։ Պապին այլևս ժամանակ չուներ։ Նա բարկացած թափ տվեց ձեռքը և դուրս վազեց շենքից։ Ճանկեց առաջին իսկ պատահած տաքսին, դուրս թռավ իրենց շենքի բակում, ինչքան ուժ կար ոտքերում վազեց դեպի աղբանոցի դուռը, և այդ պահին մեկը գոռաց հետևից․
    - Այ տա՛, էդ ու՞ր, էլի բզբզում ե՞ս մեր հայաթում, - ու Վարդան ապին, իր տարիքի համար բավական արագ քայլով հասավ Պապիի հետևից, ամուր կառչեց վերջինիս թևից ու․․․


    Պապին և Վարդան ապին բարոնուհի Ֆան Դեն Բլուրի ջահապատ, շքեղ սրահում էին։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 11.01.2019, 04:19:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.01.2019), Գաղթական (11.01.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •