Էստեղ կուզենայի քննարկել մարդ արարածի երես առնելու հատկությունը ու թեև մենք, ինդիվիդուալ կերպով, հնարավոր է ասենք՝ «ես երես երբեք չեմ առնում», բայց լա՛վ էլ կառնենք, եթե մեզ երես տան: Ու դա՝ առանց հասկանալու և զգալու: Հասարակության մեջ մեզ ճիշտ դրսևորելու համար և ուրիշների հետ պատշաճ ինտերակցիայի մեջ մտնելու համար (որ ոչ դու՛ շատ երես տաս և ոչ էլ իրե՛նք շատ քեզ երես տան) հարկավոր են շփվելու կոդեր, որոնք մենք օգտագործում ենք առօրյայում: Սակայն երբեմն այդ կոդերը չեն արտահայտում մեր իրական զգացածը տվյալ մարդու հանդեպ. ավելի շուտ՝ մենք զգում ենք մի բան, (հաճախ՝ շատ դրական) բայց վախենալով երես տալ և նսեմանալ՝ չենք արտահայտում մեր իրական վերաբերմունքը: Որն էլ, իր հերթին, հանգեցնում է կեղծ հարաբերությունների: Հաճախ ես ուզում եմ գոռամ մի քանի ընկերներիս ներկայությամբ ու ասեմ՝ «ես սիրում եմ ձեեե՜զ»: Բայց դա չեմ անում ու երբեք չեմ անի, քանի որ գիտեմ, որ իրենք դրանից երես կառնեն ու կփոխեն իմ հանդեպ իրենց վերաբերմունքը եթե մեկից ավելի անգամ անեմ նույնը՝ էմոցիոնալությունից դրդված: Այսինքն ինչ. մարդկային հարաբերությունները շինծույության մեջ ե՞ն լրիվ: Ոչ մեկ չի ուզում ոչ մեկին երես տա: Էս ի՞նչ կյանք ա ընդհանրապես: Կա՞ երես չառնող մարդ: Այդ թվում և մեր մեջ: Մամաս մի օրվա մեջ մեկից ավելի անգամ որ ինձ ուզում ա փաթաթվի՝ դա սկսում ա ինձ վանել ու ներվայնացնել: Իսկ երբ երկու օր ա ինչ չի մոտեցել ինձ՝ ե՛ս եմ սկսում անհանգստանալ բա թե՝ էս ինչի՞ մամաս իմ հետ էլ չի խոսում. կարող ա՞ նեղացել ա:
Էջանիշներ