1. Մի տարի անց ի՞նչ ես մտաբերելու վերջին մի ամսվանից:
Վախենամ՝ ոչինչԻնչպես և հիմա չեմ մտաբերում մի տարի առաջ "վերջին մի ամսվանից"։
Բայց պատասխանեմ այսպես․ ինչ կուզենայի մտաբերել (առանց ափսոսանքի)․ ամեն ինչ, ինչ կատարվում է շուրջս, մնացել է նույնքան խաղաղ ու գեղեցիկ։
2. Կա՞ որևէ սովորություն (լավ կամ վատ), որը ձեռք ես բերել վերջին երեք տարում:
Մեծ արագությամբ մոռանալը, ու դա սովորություն է, այո։
3. Կուզեի՞ր ինչ-որ բան վերջապես անցյալում թողնել՝ հետդ տանելու փոխարեն:
Վախից ծնվող անվստահության մնացուկները։
4. Կա՞ մի բան, որ հիմա ավելի լավ ես կարողանում, քան մի տարի առաջ:
Լռել։
5. Ո՞րն է եղել վերջին տարիներին ամենածանր ճանապարհով հասած նպատակը:
Չգիտեմ։ Երբ հասած ես լինում, մոռանում ես ճանապարհների, առավելևս դրանց դժվարության մասին։
6. Դու՝ 15 տարի առաջ. հինգ բառ, որով էդ ժամանակաշրջանը մնացել է հիշողության մեջ:
Ինչ-որ սխալի անդառնալիության զգացողութան ցավը
7. Ի՞նչն է քեզ ամենաշատը մտահոգել էս շաբաթ, իսկ ի՞նչն է ուրախացրել:
Մտահոգել է՝ գործերը չհասցնելու մշտական տագնապս։
Ուրախացրել է՝ սիրելի մարդկանց ներկայության հանկարծակի "հայտնաբերումները"։
8. Վերջին հինգ տարում քանի՞ անգամ ես բնակավայր փոխել և ինչո՞ւ:
Մեկ անգամ, նույն փողոցով մի հինգ հարյուր մետր ներքև։ Ինչու՞ - նոր տուն գնեցինք։
9. Կա՞ մի բան քո կյանքում, որ կուզենայիր ավելի վաղուց լիներ:
Հավատը, որ "հետո"-ն շատ ավելի լավ է լինելու, քան թվում է այդ պահին ։
10. Երեկվա ամենահիշվող դրվագը ո՞րն էր:
Երեկվա․․․![]()
![]()
![]()
11. Վերջին տասնամյակում ովքե՞ր են եղել քեզ վրա ամենամեծ ազդեցություն թողած մարդիկ՝ ընտանիքից դուրս:
Չեմ հիշում, ճիշտն ասած, թե արդյոք եղեն են այդպիսի մարդիկ։ Եթե եղած էլ լինեն, ինչ-որ հրապարակային դեմք պետք է լինի եղած, որի կյանքը կամ սկզբունքները ֆունդամենտալ ներշնչանք հաղորդած լինեին։ Բայց ոչ մեկին հիմա չեմ մտաբերում։ Ընդհանրապես, ես մեծ դժվարությամբ եմ ընդունում հեղինակություններ։
12. Ո՞րն է անցյալից մնացած ամենավառ «հոտային հիշողությունը»:
Մեր շենքի մուտքի /պադյեզդի/ հոտը․ մաշված պատերի, քարուքանդության խոնավության հոտի մի տեսակ է, որը սիրում եմ մի ուրիշ մակարդակում։ Ի դեպ, էդ բուրմունքի հանդեպ հատկապես թուլություն ունեի հղի ժամանակ․ ամբողջ օրգանիզմս դրա քաղցի մեջ էր՝ տանջալիորեն։ Արդյունքում, մաշված գաջի մի կտոր պոկեցի մի խարխուլ պատից, ու գիշերները թաքուն ուտում էի։
13. Արտաքնապես ինչո՞վ ես ամենաշատը փոխվել՝ տասը տարի առաջվա համեմատ:
Երևի նախկին կենսախնդությունս է ինչ-որ չափով տեղի տվել հոգնածության թույլ ստվերին, մի քիչ էլ՝ անտարբերությանը։
14. Կա՞ մի բան, որով ուզում էիր զբաղվել տարիներ առաջ, բայց չի ստացվել, իսկ կուզե՞իր հիմա զբաղվել դրանով:
Այո, կան բաներ, որոնցով երազում էի զբաղվել տարիներ առաջ, և դեռ երազում եմ՝ որ մի օր կզբաղվեմ։ Հույս ունեմ՝ երազելը վերջապես կփոխարինվի հստակ ուզելով, իսկ այդ ժամանակ մի ձև հաստատ կգտնվի զբաղվելու։ Ու լավ կլինի՝ այդ վերջապեսը վերջապես տեղի ունենա ու շուտով։
15. Ի՞նչը կուզենայիր անփոփոխ մնար կյանքումդ առնվազն առաջիկա տասնամյակում:
Սիրելի մարդիկ մնան առողջ։
Էջանիշներ