Մի միավորով մրցութային փուլ չանցած մասնակիցների շարքում եմ:
Ամեն ինչ տեղի ունեցավ հանկարծակի. կարծես մի վայրկյանում մռայլ ու գորշ ամպերով պարուրված երկինքը սկսեց վերափոխվել ամպերի տակից՝ արևի մի քանի ճառագայթ արձակող երկնքի պատկերի: Չէ՛, դեռևս գորշ էր: Շատերը՝ դեռևս ճարահատյալ, անձրևանոցով էին շրջում: Թվում էր՝ ընդամենը մի քանի արևի ճառագայթ ոչինչ էին անվերջ թվացող մառախուղի ետնաշերտին: Բայց բեկումը մեծ էր, սպասելիքները՝ գերազանցված: Իսկ ես, ես ընդամենը մի 14-ամյա աղջնակ էի, ում միապաղաղ կյանքը սահմանափակված էր տուն-դպրոց-պարապմունք հավերժական օղակի ներսում: Մի խոսքով, ես էլ մեկն էի այն հազարավոր հայ դեռահասներից, ում քաղաքական գիտելիքները երբեք ավելի սահմանափակ չէին եղել, քան մինչև միգամած երկնքի ժայթքումը: Երբ արևի առաջին շողերն հասան գետնին, ինձ զգում էի անապատի մեջտեղում հանկարծ կանաչ տարածք տեսած օտարերկրացի: Իրոք, քաղցր էին թվում հեռվից, բայց ավաղ, գիտակցում էի, որ տեսածս գուցե անհագ ծարավիս հետևանքով առաջացած տեսիլք է: Զսպում էի ինձ, դիմադրում, խուսափում ու ուղեղիս հրահանգում, որ չխափնվի տեսած երանությանը: Սակայն ինչքան երկար էի դիմադրում, գրավչությունն այնքան մեծանում էր: Պարտեզը սկսում էր տարածվել, և շուտով գրեթե ամբողջ անապատը լցվել էր ոչնչից չվախեցող երփներանգ ծաղիկների ու ծառերի գույներով: Ծաղիկներն էին շատ, ինձ նման ծաղիկները. ցողունը դեռևս կարճ, բայց գլուխը դեպի արևը ձգտող ծաղիկները: Կային և ծառեր՝ հաստաբուն ու երկարաճյուղ, ովքեր ամեն գնով փորձում էին ծաղիկների մեջ սերմանել տարիների ընթացքում ձեռք բերած վստահությունն ու հզորությունը: Ամենքի նպատակը մեկն էր՝ չոր ու միայն կակտուսներ պարունակող անապատը լցնել ծաղիկներով, գունավորել, վերափոխել այն մի նոր տեղի, որտեղ ոտք դնել չէր վախենա և ոչ ոք:
Մոտեցա նաև ես: Սկզբում չէի հավատում, չէի վստահում, բայց ասում են, որ ճիշտ ուղին բռնելու համար երբեք էլ ուշ չէ: Ես, 14-ամյա աղջնակս, միգուցե, ինչպես մեծերն են պնդում, ոչինչ չհասկանալով քաղաքականությունից, դուրս եկա փողոց: Գիտեմ, որ ես չնչին մի կետ էի այդ ամբողջության մասշտաբների համեմատ, բայց, երբ մի մեծ սեղան զբաղեցնող փազզլից անգամ մի մասնիկ է պակասում, այն ամբողջական չի լինում: Ես էլ դուրս մղեցի ներկերս, փորձելով գունավորել ճանապարհիս հանդիպած ամեն մի մարդու:
Ես սիրում եմ նայել մարդկանց աչքերի մեջ, խորասուզվել դրանցում ու փորձել բացահայտել այն, ինչ հասու չէ և ոչ ոքի: Ու ես նայեցի, նայեցի բոլորի աչքերին: Միայն այդ քայլիցս հետո գտա այն հարցի պատասխանը, որը տանջում էր ինձ ապրիլ ամսվա երրորդ երեքշաբթի օրվանից ի վեր: Ի՞նչն է միավորում այս ամեն էակին, երկրիս ամեն քառակուսի մետրին տեղավորված անձանց. հույսը: Հա՛, հույսը: Բոլորի աչքերը բոցավառվում էին մի անասելի կայծով, հրով ու շուտով, շատ շուտով երջանկանալու էին: Ու ինձ պարուրեց սարսուռ, դող անցավ մարմնովս, ասես դիպչում էի հազարավոր թիթեռների նուրբ թևերին: Ու աչքերս այլևս անկարող էին իրենց մեջ պահել այն հույզերը, որոնք սերմանվել էին մարմնիս մի փոքրիկ անկյունում՝ սրտումս: Ու արտասվեցի, արտասվեցի՝ շրջապատված լինելով հուսալի աչքերով, հարյուր հազարավոր հարազատ դարձած հայացքներով: Արտասվեցի քաղաքի սրտում, որն այլևս ամեն հայ կկոչի իր տունը ու հասցեն՝ Հանրապետության Հրապարակում: Արտասվեցի աննկատ, գլուխս ուղղած երկնքից հորդացող անձրևի կաթիլներին: Երևի երկինքն էլ երջանկության արցունքներ էր թափում, երևի հուզվում էր բոլորի փոխարեն:
ՈՒ արցունքներս միաձուլվեցին դրանց:ՈՒ ակամայից մի պահ ինձ թվաց, որ ես էլ բեմի վրա եմ կանգնած, որ ինձ էլ են լսում բոլորը, որ նույնիսկ շշունջս կհասնի բոլոր-բոլորի ականջին: Ու սիրտս շշնջաց ու գոչեց, պահանջեց ու խնդրեց, որ հաղթանակի հանդեսում ինձ բացակա չդնեն: Երբեք չէի տեսել այդքան սեր, ինչքան այդ օրերին: Ինքս էլ երբեք չէի սիրել ու չէի սիրվել այդքան: Միայն այդ օրերին հասկացա, որ հայրենիքի բարօրությունն է ամենից առաջ սեփական երջանկության նախապայմանը: Շատերն են դեռևս հարցնում. «Դե լավ, ի՞նչ փոխվեց է սրանով»: Ու ես պաշտոնապես պատասխանում եմ. Փոխվեց այն, որ ես, ընդամենը մեկ ամիս առաջ, լինելով 14-ամյա սովորական մի աղջնակ, վերափոխվեցի Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության ՀՊԱՐՏ քաղաքացու:
Sent from my iPhone using Tapatalk
Էջանիշներ