10. Վասն հեղափոխության
Մի 1826 թիվն էր, երևի երկուշաբթի, դե կամ էլ հինգշաբթի, ո՞վ իմանա, ապագա դիվանագետ ու քաղաքական գործիչ Բիսմարկը, մտամոլոր նստած Պլամանի դպրոցի վեցերորդ, ամենից փոշոտ աստիճանին, որի ձախակողմյա հատվածում փոքրիկ ճաք կար, ընտանիքի անդամներին նամակ էր գրում (փաստերը գուգլել եմ, դետալներն էլ հիվանդ երևակայությանս արդյունքն են)։ Նամակում բողոքում էր դպրոցից, իսկ ավելի կոնկրետ՝ աստիճանի ճաքից, երևի որովհետև այն շատ փոքր էր ու ոչ մեկի չէր խանգարում։ Հետո փոքրիկի խելքին փչեց նամակի վերջում ավելացնել՝ «Հեղափոխությունները հորինում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկոսները, օգտվում են սրիկաները»։
2018 թիվն ենք, հունիսը, մի աղջնակ, նստած նկուղի ամենահով անկյունում, արագ-արագ անհասցե նամակ է գրում, ու վերջում ավելացնում. «Հեղափոխությունը հորինում են երազողները, իրականացնում են երազողները, օգտվում են երազողները»։ Ու գիտե՞ք ինչի,՝ էդ աղջիկը ներկա է եղել մի էնպիսի հեղափոխության, ինչը երազող ժողովրդին մեծ հույս է տվել, որ երկիրը երկիր է, ոչ թե մոնոպոլիա, հեղափոխություն, ինչի մասին դեռ երկար են խոսելու, ինչի մասին դեռ շա՜տ արձանագրություններ կպահվեն Հայաստանի պատմության թանգարանում։ Արձանագրությու՞ն, արձանագրությու՛ն, մեկն էլ ես թողնեմ պատմության թանգարանին, թոռներիս ու ծոռներիս։ Հա, ծոռներիս ծոռներին էլ…
Կարծեմ ապրիլի սկիզբն էր, երբ սկսվեցին շարքային ցույցերը թեժանալ։ Ուրախ էի, շատ ուրախ։ Գիտե՞ք՝ ինչի, ես մեկն եմ, ով անընդհատ բողոքում է, ընդդիմանում, ինչ֊որ խնդի՞ր է հուզում իրեն, բարձրաձայնում է, հետևանքնե՞ր, ի՞նչ հետևանքներ, չէ՞ որ խոսքի ազատություն կա Հայաստանում։ Ահա, բա չէ։ Ու երբ գիտակից դառնալուց հետո երազում ես օր առաջ լքել Հայաստանը, գնալ ու ապրել մի վայրում, որտեղ օրենքները միայն ձևի համար գրված չեն լինի, երբ համոզված ես, որ քո տեղը կարծրատիպերի երկիր Հայաստանը չէ, ու հանկարծ մի տեղից լույս է վառվում, էն ամենաուժեղներից, հասկանում ես, որ քո միակ հնարավորությունը այս պայքարում հաղթելն է, ու որ անգամ պատրաստ ես էդ հաղթանակի համար հոգիդ սատանային էլ վաճառել: Հենց էդ ժամանակ դու կամ հետևում ես բոլորին, կամ սկսում պայքարի քո տարբերակը փնտրել: Ու ես իմ տարբերակը գտա. հումորներ անել այդ իրադարձությունների վերաբերյալ ու հրապարակել ֆեյսբուքում (նպատակը ուղղակի մարդկանց ալտերնատիվ տարբերակով իրադարձությունների մասին իրազեկելն էր): Քննադատություններին ու էդ ամենից հեռու մնալու հորդորներին զուգահեռ՝ ակցիան քանի գնում, էլ ավելի էր ծավալվում, իսկ ամբողջ ֆեյսբուքը լցված էր #մերժիրսերժին հեշթեգով հրապարակումներով։ Բայց դե մերոնց չես համոզի, հրապարակումներիս կեսը ջնջել էին տալիս...
Ինչքան հիշում եմ ամսի 17-18ն էր, երբ փոքրամասշտաբ, բայց դասադուլ հայտարարվեց։ Ես էլ եկա, դասարանում հայտարարեցի, երեխեքը համաձայնվեցին, բայց ոչ իրենց ծնողները, ու ոչ տնօրենս։ Հիասթափեցնող էր, ինչ խոսք: Հաջորդ մի քանի օրերին անհնազանդության փորձեր արվեցին Եղեգնաձորի պետական քոլեջի ուսանողների կողմից, ու արագ էլ կանխվեցին ոստիկանության կողմից: Իսկ ե՞ս, ես դեռ միայն դասադուլ էի ծրագրում, դասարանիս անունից դաշինքներ կնքում մեր դպրոցի մյուս դասարանների, ինչու չէ նաև մյուս համայնքների դպրոցների հետ: Մասսայական դասադուլ անելու գաղափարը, ինչպես արդեն ասացի, անթել հեռախոսի նման տարածվում էր ողջ դպրոցում: Հենց էդ ժամանակ կնքվեց Եղեգնաձոր-Մալիշկա դաշինքը, ու անցանք կոնկրետ գործողությունների, բայց հաջողությամբ, դե ավելի ճիշտ անհաջողությամբ ճնշվեցինք...
Ապրիլի 23, բոլորս սուս ու փուս նստած ենք դասի էն պայմանավորվածությանբ, որ ուղիղ ժամը չորսին բոլոր գյուղերը, քոլեջը ու երեք դպրոցները պիտի զանգվածային ցույցի անցնեն, մեկ էլ դպրոցներից մեկի 7֊րդ դասարանցիները դասադուլ հայտարարեցին ու սկսեցին գոռգռալով պահանջել նախկին վարչապետի հրաժարականը։ Հա, իրենք ինձնից ու հազարավոր ուրիշ մեծերից դուխով էին, որովհետև անգամ էդ ժամանակ ոչ մեկ տեղից չշարժվեց, բացի ոստիկանությունից, իհարկե։ Ես էլ էի անշարժ, դուրս էի էկել փողոց ու ուղղակի նայում էի, թե ոնց է ոստիկանությունը վազում «մի մատ» երեխեքի հետևից, ու էդ երեխեքը ոնց են գոռալով փախչում, թե բա՝ «միլիցաներն էկան, արագ վազեք, արա՜գ»։ Բայց մի բան ինձ իսկապես տպավորեց. երեխաների հետևից վազող ոստիկաններից մեկը ինձ ու էլի մի քանիսին տեսնելով մոտեցավ, շշուկով ասաց՝ «մի-ա-ցեք, մի-ա-ցեք»: Ու պետք է ոգևորությունս տեսնեիք, բառերով նկարագրելու չի, է: Բայց ես դեռ անշարժ էի: Արդարանամ, ես էդ գրողի տարած ժամը չորսին էի սպասում…
Արդեն ժամը մեկն էր, երբ ավտոմեքենաներով, մեծ աղմուկով, ձայնային ազդանշաններով ու միանալու կոչերով մակիշկեցիք մտան քաղաք: Մտնելուն պես էլ ամբողջ Եղեգնաձորը ոտքի կանգնեց ու լցվեց փողոցները: Պատկերավոր ո՞նց նկարագրեմ, Վայոց ձորը, որ ոչ մի ցույց չէր անում, երբ ամբողջ Հայաստանը ոտքի վրա էր, հանկարծ արթնացավ ու սկսեց պայքարել: Ու առանց չափազանցնելու, հենց մեր մարզը միացավ ակցիային, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Հրաժարական, հասկանու՞մ եք, ու էս հաղթանակին արժեր հասնել նաև այն բանի համար, որ տեսնեիր էդ մարդկաց դեմքերը, էդ «ամոթ ա, գնացեք դաս սովորեք, ինչ եք ընգել փողոցները», «անիմաստ ժամանակ եք ծախսում, էս ինչ կապիկություն ա», «այ մարդ, ոչ մի բան էլ չի փոխվելու» գոռացող հայացքները։ Տեսնել ու ուրախանալ, որ հիմա սերունդին սերունդ կհամարեն, որ կհասկանան՝ իրենց հաջորդել է ազատության ու արդարութան համար պայքարող երիտասարդություն։
Դե, մյուս օրերը սովորական էին, դասի չէինք գնում, մոտ մի ժամ քայլարշավ ու տուն, քայլարշավ ու տուն, էլի ,էլի, բայց երթևեկությունը դրանից ընդհանրապես չէր տուժում, ու ըստ իս, արդյունավետ չէին նման ցույցերը: Բայց ահա ցույցերից մեկի ժամանակ որոշեցինք ուղղակի փողոցը փակել, կանգնել ու չթողել, որ ավտոմեքենաները գան-գնան: Ինչքան շատ ադրենալին, էմոցիաներ կային էդ ամենի մեջ, ու ինչքա՜ն սիրուն պահ էր, երբ կանգնելու փոխարեն նստեցինք ասֆալտի վրա, քոչարի պարեցինք, սկսեցինք խաղալ, հետո հասկանալով, որ միայն մեկ փողոց փակելը բավական չէր մարդկանց հունից հանելու համար, բաժանվեցինք ու սկսեցինք փակել բոլոր փողոցները: Կային վարորդներ, որ կանգնում, սատարում էին, անգամ իրենց ավտոմեքենաներով օգնում, ու կային այնպիսիք, որ ինչ ասես ասում էին ու մի բան էլ փորձում վրաերթի ենթարկել մեզ: Չէի կոտրվում: Չէինք կոտրվում՛: Ուղղակի ժպտում էինք ու չէինք թողնում, որ անցնեն: Ինչքան հավես էր, երբ մոռանում էիր ուղղակի, ում հետ ես փողոց փակում, ինչպես ես փակում, դա քո առաջադրանքն էր՝ ամեն գնով «հողերը» չզիջել վարորդներին, ու ինքնապաշտպանական հերոսամարտը հպարտությամբ հաղթանակի հասցնել: Թող ինքնագովք չլինի, բայց մի բան ասեմ. նկատելով, որ մի ավտոմեքենա փակված փողոցից չգիտես՝ ոնց ճողոպրել, անցել էր, որոշեցի բաց չթողնել, ամբողջ ուժով վազեցի, դեմը կտրեցի ու չթողեցի, որ առաջ գնա, մի պապիկ նկատելով ասաց. «այ, տեսեք, այ էն աղջիկն ա եռանդով «պայքարում», մի նայեք՝ ինչ ճարպիկն ա»: Դե ով էլ նման բառեր լսեր էլ ավելի ոգևորված կպայքարեր, չէ՞: Ու չնայած էդ օրվանից հետո շատ լսեցի «հա, էն Աստղիկը՞, որ փողոցներն էր փակել», «հա, քո մասին լսել ենք» արտահայտություններ, մեկ է, «սխրագործություններս» հպարտությամբ եմ հիշում, թոռնիկներ ջան...
Էջանիշներ