շարունակությունը
***
Իմ ու հայրիկի քայլը
Անցած տարի ընդունվել էի սեզոնային աշխատանքի «լուրջ» տեղ, հասկացել էի, որ իմ խնդիրն իրականում այն էր, որ ես բավական ինքնավստահ չէի ու թեև կարող էի հաջողության հասնել ու կարելի է ասել, որ բավականին լավ մասնագետ էի դարձել, բայց երկար ժամանակ վախենում էի նույնիսկ ինքնակենսագրական ուղարկել «լուրջ» աշխատավայրեր։ Այս անգամ որոշումն այլ էր, ու թեև իմ այժմյան աշխատավայրի դիմաց մի քանի տարի առաջ նստացույց էի արել ու ատելով ատում էի հանրապետականներին, հարցազրույցի ժամանակ, երբ մի քանի փուլ արդեն անցել էի ու վերջնական հաղթանակը շատ մոտ էր թվում, կատակին տվող լուրջ հարցին, թե ընտրություններում ում եմ ընտրել, ես ինքս ինձ մի լավ մտովի քրֆեցի ու ասացի, որ Ավանից եմ ու ծիծաղեցի։ Ավանն, ի սկզբանե միշտ եղել է կուսակցականացված, մի ամբողջ համայնք կարծես մի մարդու հայաթ լինի, ու երևի դա էր պատճառը, որ իմ պատասխանը հստակ մի բան նշանակեց նրանց համար․ այն, որ ես ընտրել եմ իրենց։ Չգիտեմ դա էր պատճառը, թե այն, որ ես շատ լավ խոսում էի օտար լեզուներով ու տարիքիս համեմատ ընտիր աշխատանքային փորձ ունեի, ես անցա մրցույթը, շատերից ընտրվեցի հենց ես։ Դուրս գալով շենքից, որտեղ քիչ առաջ իմ համար շատ բան էր որոշվել, ես երջանիկ էի, խառն էին մտքերս, բայց գերական այն միտքն էր, որ հայրիկը կհպարտանա, իրեն երջանիկ կզգա, որ ես նման լավ տեղ եմ աշխատելու, թեև ինքը գումար չի ունեցել իմ երազանքների կրթությունն իմ համար ապահովելու, ես շատերից քիչ եմ էքսկուրսիա գնացել ու անգլերեն պարապել, բայց այնքան խելոք եմ եղել, որ ընտրվել եմ այդքան մարդու միջից։ Խեղդվում էի հուզմունքից, բարձրակրունկների վրա ավելի հպարտ ու ձիգ էի քայլում։ Միայն մի բան կար, որ խառնում էր հոգիս ու բոլոր զգացումներս․ դժվար էր հավատալ, որ մի լավ աշխատանքի համար ես իսկապես կորցրել էի դեմքս ու որոշել, որ լավ աշխատանքն ավելի կարևոր էր, քան ազատությունս, արժանապատվությունս, բայց մի՞թե ես նույնը չէի անում, ինչ իմ պոռնիկ մենեջերը, մի տարբերությամբ, որ մարմնիս տեղը, ես զոհում էի հոգիս, վաճառքի էի հանում ազատությունս, սկզբունքներս։ Բայց մի՞թե նժարին իսկապես դրված էր լավ աշխատանքը, թե՞ հայրիկիս հպարտ հայացքը տեսնելն ու ինձ տրված մի կյանքը ձախողակի պես քարշ չտալու ձգտումը։
Ես աշխատեցի մոտ երկու-երկուսուկես ամիս, այդ ընթացքում շատ անգամներ լսեցի, թե ինչպես նշանդրեքի, հարսանիքի, թաղման, կնունքի արարողությունների ժամանակ հայրիկը խոսում էր իր Արփիից, ով իր ուժերով նման աշխատանք էր ձեռք բերել։ Ես շատ անգամներ ինձ համոզեցի, որ ճիշտ որոշում էի կայացրել ու անիմաստ բարդացնում էի իմ առանց այն էլ բարդ կյանքը։ Այո, ես միշտ եմ եղել սարսափելի վերլուծող մեկը, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Ես դեռ երբեք այդքան մոտ չէի եղել ինքնավերլուծությանը, ինքնափնտրմանը, այն պահին, երբ սարսափելի մի զգացում է խեղդում հոգիդ միայն այն մտքից, որ ապրածդ, սիրածդ, ձգտածդ քոնը չի եղել, դա հայրիկի հպարտանալու առիթն էր, մայրիկի հիվանդությունը մեղմացնող երջանկության պահեր, «չուզողների» մղձավանջը, իսկ ու՞ր էի ես այս ամենում, անհասկանալի էր։ Ես մի խղճուկ անկյունում փակել էի իմ սերերը, իմ կիրքը կյանքի, մարդկանց, հեղափոխության, էներգիայի հանդեպ։ Իսկ էներգիան ամենուր էր․․․ փողոցներում, տներում, մարդկանց աչքերում։ Ես նախանձում էի, ցավով եմ ասում, երբ ընկերներս գոռում էին մտքի եկածը, քֆրտում էին ուզած գործչին, իսկ ես մենակ էի։ Իմ հոգում կոչեր էին, աղմուկ, մարդկանց սերը, իսկ ես չէի կարող բղավել, որովհետև ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ մի տխմար որոշել էր, որ իմ երկրում հաջողության հասնում էին միայն հոգին ու այդ էներգիան, այդ սերը կոտրելով, էքսկուրսիայի փող ունենում են նույն մարդիկ, սիրելի մասնագիտությունս ինձնից խլում են նույն մարդիկ, իսկ մնացածը հպարտ են, բայց իրենց ձախողակ են համարում, մինչև որ որոշեն, որ իրենք էլ դառնալու են նույն մարդը, նույն անդեմը։
***
Երևանում մի շատ սիրելի տեղ ունեմ՝ «Հոդված 3»-ը։ Անունից էլ պարզ է, որ մարդիկ այստեղ մարդու իրավունքների, ազատությունների, քաղաքացիական հասարակության պաշտպաններ են, լուսավոր մարդիկ, լուսավոր պատեր, ընտիրագույն միջավայր լավ ընկերներ ձեռք բերելու համար։ Մի օր, երբ հերթական անգամ սիրելի վայրում սիրելի սուրճն էի խմում, ընկերներիցս մեկը զանգահարեց։ Նրանք, ովքեր ակտիվ ցուցարարներ են կամ գոնե եղել են, կհասկանան, որ պայքարի ընկերները հոգի են, մուրազ, իրենք հատուկ են ու ուրիշ, իրենց հետ ֆուտբոլ կնայես, միգուցե բամբասես, լավ հաց կուտես, բայց իրենք ո՜չ ֆուտբոլ նայելու, ո՜չ հաց ուտելու, ո՜չ էլ բամբասելու ընկերներ են, իրենք պայքարի ընկերներ են ու վերջ։ Աստղն էր զանգողը, իմ պայքարի ընկերը, ոտքից գլուխ կրակ, արևոտ մի աղջիկ, ում նայելիս կարծում ես․ դե սիրունիկ աղջիկ է, իսկ շփվելիս հասկանում ես, որ դե սիրունիկ աղջիկն ինքդ ես, որ կաս։ Իր գաղափարները, դուխը, պեպեններն ու ժպիտը սթափեցնում են նույնիսկ էն պահերին, երբ գմփուցիկներ (մենք դրան այդպես էինք ասում) են բաց թողնում ու ինքը գոռում ա «ականջներդ փակի, բերանդ բացի» կամ հակառակը, ու դու հասկանում ես, թե ինչ հավես պահ ա գմփուցիկի տակ ընկնել Աստղի հետ, ջրվել Աստղի հետ, ընկեր լինել Աստղի հետ։
Վաղուց չէինք զրուցել Աստղիկի հետ, ու դեռ չգիտեր իմ տխրահռչակ աշխատանքի մասին, բայց զգում էի՝ հենց իմանար, ժպտալու էր ու ասեր․ հուսով եմ գործդ լավ ես անում, էս երկրին փինաչիներ պետք չեն։ Վախենում էի, ամաչում էի ասել, որ աշխատում եմ մի հիմնարկում, որի առաջ ժամանակին միասին կանգնած գոռում էինք, ոստիկանների հետ ասում-խոսում ու պայքարում։
- Արփ , Բաղրամյանում ենք, չգիտեմ ինչ են գմփացրել էս անգամ, բայց աչքերս վառվում են, ահավոր վախեցել եմ, կգա՞ս մոտս։
- Մի քանի րոպեից կգամ, Թումանյանի վրա եմ «Հոդվածում»-ում։ Առաջին շարքերից հետ գնա, խնդրում եմ, արդեն դուրս եմ եկել։
- Դու արի ինձ մի ասա ինչ անեմ, քի՞չ ես հետս ամենադիմացները կանգնել, ինչի՞ տակդ լցրեցիր։ Շուտ արի, հետդ էլ քացախ բեր։
- Քացա՞խ։- Աստղն արդեն անջատել էր, ինչ պետք էր ասել էր ու հաստատ իմ հետ խոսելուց ավելի կարևոր գործ ուներ էնտեղ անելու։
Էն, որ Աստղը վախեցել էր արդեն վախենալու էր , էն , որ կանչում էր հենց ինձ, ջերմացնող էր, էն, որ հիշեցրեց ամենադիմացներում կանգնելու մասին, ցավեցնող էր, իսկ էն, որ քացախ ուզեց, արդեն կատակ չէր։ «Հոդված»-ից մինչև Բաղրամյան մոտ 15 րոպեի ճանապարհ է։ Ես հասա երևի 5 րոպեում, շունչս մարմնիցս դուրս էր գալիս խելագարի պես, ինչի մասին ասես մտածում էի, ավելի ճիշտ, էն ներքին հիմար երկխոսություններից էի լսում․
Աստղի պեպենները սիրուն են շատ։
- Հիմա՞ր ես դու։ Էս նեղ պահին, ի՞նչ պեպեններ։
- Ինչի՞ մասին կուզեմ կմտածեմ․ էդ ինձ օգնում ա։
- Դու լրիվ հիմար ես, հիմար, հիմար․․․
- Ինչի՞, ես ուղղակի լավ ապրել եմ ուզում։
- Դու հոգեվաճառ ես։
- Չբռնեմ ամեն ինչ թողնե՞մ։
Հարցիս պատասխանը չէի գտել, երբ տեսա Աստղի դեմքը, վախեցած չէր, բայց ինչպես ժողովրդական խոսքում են ասում «մանթո» էր։ Ինձ տեսավ, գրկեց առանց ձևականությունների։
- Լացես, կսպանեմ։
- Բայց ինչի՞ պետք ա լացեմ, Ա՜ստղ, քո հետ ամեն ինչ կարգին ա։
- Քո հետ չեմ, մի պահ քիչ էր մնում լացեի, գրողը տանի։
Աստղը երբեք չէր լացում, համենայնդեպս մարդկանց մոտ, ինքը լացողներից զզվում էր, թողնում գնում էր, եթե մոտը լացեիր։ Հազարավոր մտքերից, տեղի բարձր լարումից ու Աստղի կախ ընկած պեպենների տեսքից, աչքերս լցրեցի, սպասում էի, որ կթողնի կգնա ու տենց էլ եղավ։
- Հետևիցս չգաս, Արփ, չեմ նեղացել, ուղղակի շոկի մեջ եմ, էսօր մեր ոստիկանները մեզ ցավեցրին, կրակեցին, խփեցին մի ինչ-որ քնձռոտ աշխատավարձի համար մեր վրա չգիտեմ ինչ գցեցին, հասկանու՞մ ես։ Մարդիկ են վիրավորվել, Նիկոլին են տարել, ականջներիս մեջ էլ մի ձեն կա, որը հաստատ չի դիմանա քո լացուկոծին։
Կան պահեր, որ պարտավոր ես մտածել մի բանի մասին, բայց մտածում ես լրիվ ուրիշ բանի մասին։ Քնձռոտ աշխատավա՞րձ, վիրավոր մարդի՞կ, Նիկո՞լ։ Ես ու՞ր էի հասել, ո՞նց էի փոխվել, ժամանակին ինքս իմ տեսակի վրա ցեխ էի շպրտում ու հիմա ոտքից գլուխ ցեխ էի։ Տուն դժվար էր հասնելը այս օրերին, տրանսպորտի ճանապարհը հիմնականում փակ էր, մարդիկ էլ ոչ թե գնում էին տուն, այլ հեղափոխություն անելու։ Քայլում էի դեպի Երիտասարդական, այնտեղից տրանսպորտն աշխատում էր երբեմն։ Ինչքա՜ն ուրիշ էր Երևանս, ոգևորվել էր ու ինքն էլ վազում էր ցուցարարների հետ, քաղաքը էներգիա էր շնչում։ Ես նայում էի մարդկանց, ովքեր լավն էին , ովքեր կատարել էին իրենց վստահ որոշումը, ովքեր ապահով էին, որովհետև ո՜չ ոստիկանական բաժանմունքում, ո՜չ ճամփա փակելիս, ո՜չ Բաղրամյանում բախումների ժամանակ միայնակ չէին, այնքա՜ն հպարտ էին իրենցով, այնքա՜ն ազատ, անկաշկանդ, իսկ ես քայլում էի ու վախենում, լավ նպատակի համար համախմբված ամբոխին, ուժին հակառակ քայլելը հեշտ բան չի, ու ես ինչպես միշտ էլի մտածում էի, թե ինչպես են մարդիկ հանգիստ, անվախ ապրում, երբ բոլորն են իրենց դեմ․ երբ իրենք մենակ են։
Երբ տուն հասա, հայրիկը քնած էր, ուզում էի խոսել իր հետ, իր կարծիքը հարցնել, ասել իմ որոշման մասին։ Չգիտեի՝ ինչպես կարձագանքի ու ինչ կմտածի իմ մասին, կհիասթափվի՞ թե՞ կհպարտանա, կհավատա՞ վերջապես , որ իր սիրելի Նիկոլը, էն պլոճիկով Նիկոլը կփոխի իր կյանքը, իր երկրի կյանքը, կվառի տարիներով հանգած աչքերի լույսը , որը հոգնել էր, հոգնել էր քանիցս ու տեսել հազարավոր քմծիծաղներ, հեգնական, կարեկցող ժպիտներ՝ իր հպարտ, արժանապատիվ, մաքուր հոգուն ուղղված։ Ես սիրում էի հայրիկիս ու նրա ժպիտն էր իմ պայքարի անունը, նրա հպարտությունն էր իմ շարժիչ ուժը ու նրա ավելի հեշտ կյանքն էր իմ վերջնանպատակը։ Նրա հետ խոսելու համար ես բավականին լավ էի պատրաստվել։ Որպես պոտենցիալ քաղաքական գործիչ՝ զգում էի, որտեղ զգացմունքների վրա շեշտը դնեմ, որտեղ՝ փաստերի, որտեղ՝ ծրագրերի ու որտեղ՝ լսեմ ըմբռնող ու ուշադիր՝ մտքում խոսքս պատրաստելով։ Հայրիկի համար սառը, առանց աղի թան էի պատրաստել ու բաստուրմայով ձվածեղ, երկու բան, որ նրա հոգին հաստատ ջերմացնում էին ու տրամադրությունը բարձրացնում։ Հայրիկը շուտ արթնացավ, նստեց, Հ1 ալիքը միացրեց ու իրեն հատուկ պաշտոնական տոնով ասաց․
- Արփի, էն հաղորդումը, որ նայում էիր, Հ1-ով չէ՞ր։
- Ո՞ր մեկը, պապ։
- Ամենախելացին։
- Չէ՜, պա՜պ Արմենիայով էր։
Ո՜նց էի մոռացել, որ էդ օրը «Ամենախելացին» կար։ Էդ նշանակում էր, որ անկախ ամեն ինչից, ես հայրիկի հետ կխոսեի միայն հաղորդման ավարտից հետո։ Հարցերն ուշադիր լսելուց, մասնակիցների հետ հուզված պատասխանելուց ու հաղորդավարի ճաշակով հագուկապի մասին մի քանի մեկնաբանություն անելուց հետո, եկավ իմ հաղթական պահը․ հայրիկը հիշեց, որ քաղցած է․
- Ա՜րփ, ինչ ունենք ուտելու։
- Պա՜պ, բաստուրմայով ձվածեղ եմ սարքել, կուզե՞ս։
- Հա բա ոնց։ Մի հատ էլ սառը թան սարքի Արփի ջան։
- Թան էլ եմ սարքել, պա՜պ։ Ուզում եմ հետդ խոսեմ։ Ուտես վերջացնես, խոսենք հա՞։
- Լավ Արփի, տղա – մղա կա՞։
- Չէ՜ պապ, ուրիշ հարց ա։
շարունակելի
Էջանիշներ