User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք հավանում: (Ժյուրին չի մասնակցում այս հարցմանը)

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1․ Երբ Սերը հաղթում է Ատելությունը

    1 9.09%
  • 2․ Բացակաների անունից

    6 54.55%
  • 3․ Գեղարվեստական հեղափոխություն

    0 0%
  • 4․ Հեղափոխության իմ բաժին ներկան

    1 9.09%
  • 5․ Փոքրիկ քայլերի արվեստը

    1 9.09%
  • 6․ Բացակայից չեմ նեղվում․ դուխով դրեք

    1 9.09%
  • 7․ Իրականության բացակա կողմը

    2 18.18%
  • 8․ #Թավշյա։ Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը

    3 27.27%
  • 9․«Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով

    3 27.27%
  • 10․ Նիկոլի թիվը

    3 27.27%
  • 11․ Հեղափոխության դիտորդները

    0 0%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 156 հատից

Թեմա: Պատանեկան մրցույթ․ վավերագրական ժանր

  1. #16
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակությունը

    ***
    Իմ ու հայրիկի քայլը

    Անցած տարի ընդունվել էի սեզոնային աշխատանքի «լուրջ» տեղ, հասկացել էի, որ իմ խնդիրն իրականում այն էր, որ ես բավական ինքնավստահ չէի ու թեև կարող էի հաջողության հասնել ու կարելի է ասել, որ բավականին լավ մասնագետ էի դարձել, բայց երկար ժամանակ վախենում էի նույնիսկ ինքնակենսագրական ուղարկել «լուրջ» աշխատավայրեր։ Այս անգամ որոշումն այլ էր, ու թեև իմ այժմյան աշխատավայրի դիմաց մի քանի տարի առաջ նստացույց էի արել ու ատելով ատում էի հանրապետականներին, հարցազրույցի ժամանակ, երբ մի քանի փուլ արդեն անցել էի ու վերջնական հաղթանակը շատ մոտ էր թվում, կատակին տվող լուրջ հարցին, թե ընտրություններում ում եմ ընտրել, ես ինքս ինձ մի լավ մտովի քրֆեցի ու ասացի, որ Ավանից եմ ու ծիծաղեցի։ Ավանն, ի սկզբանե միշտ եղել է կուսակցականացված, մի ամբողջ համայնք կարծես մի մարդու հայաթ լինի, ու երևի դա էր պատճառը, որ իմ պատասխանը հստակ մի բան նշանակեց նրանց համար․ այն, որ ես ընտրել եմ իրենց։ Չգիտեմ դա էր պատճառը, թե այն, որ ես շատ լավ խոսում էի օտար լեզուներով ու տարիքիս համեմատ ընտիր աշխատանքային փորձ ունեի, ես անցա մրցույթը, շատերից ընտրվեցի հենց ես։ Դուրս գալով շենքից, որտեղ քիչ առաջ իմ համար շատ բան էր որոշվել, ես երջանիկ էի, խառն էին մտքերս, բայց գերական այն միտքն էր, որ հայրիկը կհպարտանա, իրեն երջանիկ կզգա, որ ես նման լավ տեղ եմ աշխատելու, թեև ինքը գումար չի ունեցել իմ երազանքների կրթությունն իմ համար ապահովելու, ես շատերից քիչ եմ էքսկուրսիա գնացել ու անգլերեն պարապել, բայց այնքան խելոք եմ եղել, որ ընտրվել եմ այդքան մարդու միջից։ Խեղդվում էի հուզմունքից, բարձրակրունկների վրա ավելի հպարտ ու ձիգ էի քայլում։ Միայն մի բան կար, որ խառնում էր հոգիս ու բոլոր զգացումներս․ դժվար էր հավատալ, որ մի լավ աշխատանքի համար ես իսկապես կորցրել էի դեմքս ու որոշել, որ լավ աշխատանքն ավելի կարևոր էր, քան ազատությունս, արժանապատվությունս, բայց մի՞թե ես նույնը չէի անում, ինչ իմ պոռնիկ մենեջերը, մի տարբերությամբ, որ մարմնիս տեղը, ես զոհում էի հոգիս, վաճառքի էի հանում ազատությունս, սկզբունքներս։ Բայց մի՞թե նժարին իսկապես դրված էր լավ աշխատանքը, թե՞ հայրիկիս հպարտ հայացքը տեսնելն ու ինձ տրված մի կյանքը ձախողակի պես քարշ չտալու ձգտումը։
    Ես աշխատեցի մոտ երկու-երկուսուկես ամիս, այդ ընթացքում շատ անգամներ լսեցի, թե ինչպես նշանդրեքի, հարսանիքի, թաղման, կնունքի արարողությունների ժամանակ հայրիկը խոսում էր իր Արփիից, ով իր ուժերով նման աշխատանք էր ձեռք բերել։ Ես շատ անգամներ ինձ համոզեցի, որ ճիշտ որոշում էի կայացրել ու անիմաստ բարդացնում էի իմ առանց այն էլ բարդ կյանքը։ Այո, ես միշտ եմ եղել սարսափելի վերլուծող մեկը, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր։ Ես դեռ երբեք այդքան մոտ չէի եղել ինքնավերլուծությանը, ինքնափնտրմանը, այն պահին, երբ սարսափելի մի զգացում է խեղդում հոգիդ միայն այն մտքից, որ ապրածդ, սիրածդ, ձգտածդ քոնը չի եղել, դա հայրիկի հպարտանալու առիթն էր, մայրիկի հիվանդությունը մեղմացնող երջանկության պահեր, «չուզողների» մղձավանջը, իսկ ու՞ր էի ես այս ամենում, անհասկանալի էր։ Ես մի խղճուկ անկյունում փակել էի իմ սերերը, իմ կիրքը կյանքի, մարդկանց, հեղափոխության, էներգիայի հանդեպ։ Իսկ էներգիան ամենուր էր․․․ փողոցներում, տներում, մարդկանց աչքերում։ Ես նախանձում էի, ցավով եմ ասում, երբ ընկերներս գոռում էին մտքի եկածը, քֆրտում էին ուզած գործչին, իսկ ես մենակ էի։ Իմ հոգում կոչեր էին, աղմուկ, մարդկանց սերը, իսկ ես չէի կարող բղավել, որովհետև ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ մի տխմար որոշել էր, որ իմ երկրում հաջողության հասնում էին միայն հոգին ու այդ էներգիան, այդ սերը կոտրելով, էքսկուրսիայի փող ունենում են նույն մարդիկ, սիրելի մասնագիտությունս ինձնից խլում են նույն մարդիկ, իսկ մնացածը հպարտ են, բայց իրենց ձախողակ են համարում, մինչև որ որոշեն, որ իրենք էլ դառնալու են նույն մարդը, նույն անդեմը։
    ***
    Երևանում մի շատ սիրելի տեղ ունեմ՝ «Հոդված 3»-ը։ Անունից էլ պարզ է, որ մարդիկ այստեղ մարդու իրավունքների, ազատությունների, քաղաքացիական հասարակության պաշտպաններ են, լուսավոր մարդիկ, լուսավոր պատեր, ընտիրագույն միջավայր լավ ընկերներ ձեռք բերելու համար։ Մի օր, երբ հերթական անգամ սիրելի վայրում սիրելի սուրճն էի խմում, ընկերներիցս մեկը զանգահարեց։ Նրանք, ովքեր ակտիվ ցուցարարներ են կամ գոնե եղել են, կհասկանան, որ պայքարի ընկերները հոգի են, մուրազ, իրենք հատուկ են ու ուրիշ, իրենց հետ ֆուտբոլ կնայես, միգուցե բամբասես, լավ հաց կուտես, բայց իրենք ո՜չ ֆուտբոլ նայելու, ո՜չ հաց ուտելու, ո՜չ էլ բամբասելու ընկերներ են, իրենք պայքարի ընկերներ են ու վերջ։ Աստղն էր զանգողը, իմ պայքարի ընկերը, ոտքից գլուխ կրակ, արևոտ մի աղջիկ, ում նայելիս կարծում ես․ դե սիրունիկ աղջիկ է, իսկ շփվելիս հասկանում ես, որ դե սիրունիկ աղջիկն ինքդ ես, որ կաս։ Իր գաղափարները, դուխը, պեպեններն ու ժպիտը սթափեցնում են նույնիսկ էն պահերին, երբ գմփուցիկներ (մենք դրան այդպես էինք ասում) են բաց թողնում ու ինքը գոռում ա «ականջներդ փակի, բերանդ բացի» կամ հակառակը, ու դու հասկանում ես, թե ինչ հավես պահ ա գմփուցիկի տակ ընկնել Աստղի հետ, ջրվել Աստղի հետ, ընկեր լինել Աստղի հետ։
    Վաղուց չէինք զրուցել Աստղիկի հետ, ու դեռ չգիտեր իմ տխրահռչակ աշխատանքի մասին, բայց զգում էի՝ հենց իմանար, ժպտալու էր ու ասեր․ հուսով եմ գործդ լավ ես անում, էս երկրին փինաչիներ պետք չեն։ Վախենում էի, ամաչում էի ասել, որ աշխատում եմ մի հիմնարկում, որի առաջ ժամանակին միասին կանգնած գոռում էինք, ոստիկանների հետ ասում-խոսում ու պայքարում։
    - Արփ , Բաղրամյանում ենք, չգիտեմ ինչ են գմփացրել էս անգամ, բայց աչքերս վառվում են, ահավոր վախեցել եմ, կգա՞ս մոտս։
    - Մի քանի րոպեից կգամ, Թումանյանի վրա եմ «Հոդվածում»-ում։ Առաջին շարքերից հետ գնա, խնդրում եմ, արդեն դուրս եմ եկել։
    - Դու արի ինձ մի ասա ինչ անեմ, քի՞չ ես հետս ամենադիմացները կանգնել, ինչի՞ տակդ լցրեցիր։ Շուտ արի, հետդ էլ քացախ բեր։
    - Քացա՞խ։- Աստղն արդեն անջատել էր, ինչ պետք էր ասել էր ու հաստատ իմ հետ խոսելուց ավելի կարևոր գործ ուներ էնտեղ անելու։
    Էն, որ Աստղը վախեցել էր արդեն վախենալու էր , էն , որ կանչում էր հենց ինձ, ջերմացնող էր, էն, որ հիշեցրեց ամենադիմացներում կանգնելու մասին, ցավեցնող էր, իսկ էն, որ քացախ ուզեց, արդեն կատակ չէր։ «Հոդված»-ից մինչև Բաղրամյան մոտ 15 րոպեի ճանապարհ է։ Ես հասա երևի 5 րոպեում, շունչս մարմնիցս դուրս էր գալիս խելագարի պես, ինչի մասին ասես մտածում էի, ավելի ճիշտ, էն ներքին հիմար երկխոսություններից էի լսում․
    Աստղի պեպենները սիրուն են շատ։
    - Հիմա՞ր ես դու։ Էս նեղ պահին, ի՞նչ պեպեններ։
    - Ինչի՞ մասին կուզեմ կմտածեմ․ էդ ինձ օգնում ա։
    - Դու լրիվ հիմար ես, հիմար, հիմար․․․
    - Ինչի՞, ես ուղղակի լավ ապրել եմ ուզում։
    - Դու հոգեվաճառ ես։
    - Չբռնեմ ամեն ինչ թողնե՞մ։
    Հարցիս պատասխանը չէի գտել, երբ տեսա Աստղի դեմքը, վախեցած չէր, բայց ինչպես ժողովրդական խոսքում են ասում «մանթո» էր։ Ինձ տեսավ, գրկեց առանց ձևականությունների։
    - Լացես, կսպանեմ։
    - Բայց ինչի՞ պետք ա լացեմ, Ա՜ստղ, քո հետ ամեն ինչ կարգին ա։
    - Քո հետ չեմ, մի պահ քիչ էր մնում լացեի, գրողը տանի։
    Աստղը երբեք չէր լացում, համենայնդեպս մարդկանց մոտ, ինքը լացողներից զզվում էր, թողնում գնում էր, եթե մոտը լացեիր։ Հազարավոր մտքերից, տեղի բարձր լարումից ու Աստղի կախ ընկած պեպենների տեսքից, աչքերս լցրեցի, սպասում էի, որ կթողնի կգնա ու տենց էլ եղավ։
    - Հետևիցս չգաս, Արփ, չեմ նեղացել, ուղղակի շոկի մեջ եմ, էսօր մեր ոստիկանները մեզ ցավեցրին, կրակեցին, խփեցին մի ինչ-որ քնձռոտ աշխատավարձի համար մեր վրա չգիտեմ ինչ գցեցին, հասկանու՞մ ես։ Մարդիկ են վիրավորվել, Նիկոլին են տարել, ականջներիս մեջ էլ մի ձեն կա, որը հաստատ չի դիմանա քո լացուկոծին։
    Կան պահեր, որ պարտավոր ես մտածել մի բանի մասին, բայց մտածում ես լրիվ ուրիշ բանի մասին։ Քնձռոտ աշխատավա՞րձ, վիրավոր մարդի՞կ, Նիկո՞լ։ Ես ու՞ր էի հասել, ո՞նց էի փոխվել, ժամանակին ինքս իմ տեսակի վրա ցեխ էի շպրտում ու հիմա ոտքից գլուխ ցեխ էի։ Տուն դժվար էր հասնելը այս օրերին, տրանսպորտի ճանապարհը հիմնականում փակ էր, մարդիկ էլ ոչ թե գնում էին տուն, այլ հեղափոխություն անելու։ Քայլում էի դեպի Երիտասարդական, այնտեղից տրանսպորտն աշխատում էր երբեմն։ Ինչքա՜ն ուրիշ էր Երևանս, ոգևորվել էր ու ինքն էլ վազում էր ցուցարարների հետ, քաղաքը էներգիա էր շնչում։ Ես նայում էի մարդկանց, ովքեր լավն էին , ովքեր կատարել էին իրենց վստահ որոշումը, ովքեր ապահով էին, որովհետև ո՜չ ոստիկանական բաժանմունքում, ո՜չ ճամփա փակելիս, ո՜չ Բաղրամյանում բախումների ժամանակ միայնակ չէին, այնքա՜ն հպարտ էին իրենցով, այնքա՜ն ազատ, անկաշկանդ, իսկ ես քայլում էի ու վախենում, լավ նպատակի համար համախմբված ամբոխին, ուժին հակառակ քայլելը հեշտ բան չի, ու ես ինչպես միշտ էլի մտածում էի, թե ինչպես են մարդիկ հանգիստ, անվախ ապրում, երբ բոլորն են իրենց դեմ․ երբ իրենք մենակ են։
    Երբ տուն հասա, հայրիկը քնած էր, ուզում էի խոսել իր հետ, իր կարծիքը հարցնել, ասել իմ որոշման մասին։ Չգիտեի՝ ինչպես կարձագանքի ու ինչ կմտածի իմ մասին, կհիասթափվի՞ թե՞ կհպարտանա, կհավատա՞ վերջապես , որ իր սիրելի Նիկոլը, էն պլոճիկով Նիկոլը կփոխի իր կյանքը, իր երկրի կյանքը, կվառի տարիներով հանգած աչքերի լույսը , որը հոգնել էր, հոգնել էր քանիցս ու տեսել հազարավոր քմծիծաղներ, հեգնական, կարեկցող ժպիտներ՝ իր հպարտ, արժանապատիվ, մաքուր հոգուն ուղղված։ Ես սիրում էի հայրիկիս ու նրա ժպիտն էր իմ պայքարի անունը, նրա հպարտությունն էր իմ շարժիչ ուժը ու նրա ավելի հեշտ կյանքն էր իմ վերջնանպատակը։ Նրա հետ խոսելու համար ես բավականին լավ էի պատրաստվել։ Որպես պոտենցիալ քաղաքական գործիչ՝ զգում էի, որտեղ զգացմունքների վրա շեշտը դնեմ, որտեղ՝ փաստերի, որտեղ՝ ծրագրերի ու որտեղ՝ լսեմ ըմբռնող ու ուշադիր՝ մտքում խոսքս պատրաստելով։ Հայրիկի համար սառը, առանց աղի թան էի պատրաստել ու բաստուրմայով ձվածեղ, երկու բան, որ նրա հոգին հաստատ ջերմացնում էին ու տրամադրությունը բարձրացնում։ Հայրիկը շուտ արթնացավ, նստեց, Հ1 ալիքը միացրեց ու իրեն հատուկ պաշտոնական տոնով ասաց․
    - Արփի, էն հաղորդումը, որ նայում էիր, Հ1-ով չէ՞ր։
    - Ո՞ր մեկը, պապ։
    - Ամենախելացին։
    - Չէ՜, պա՜պ Արմենիայով էր։
    Ո՜նց էի մոռացել, որ էդ օրը «Ամենախելացին» կար։ Էդ նշանակում էր, որ անկախ ամեն ինչից, ես հայրիկի հետ կխոսեի միայն հաղորդման ավարտից հետո։ Հարցերն ուշադիր լսելուց, մասնակիցների հետ հուզված պատասխանելուց ու հաղորդավարի ճաշակով հագուկապի մասին մի քանի մեկնաբանություն անելուց հետո, եկավ իմ հաղթական պահը․ հայրիկը հիշեց, որ քաղցած է․
    - Ա՜րփ, ինչ ունենք ուտելու։
    - Պա՜պ, բաստուրմայով ձվածեղ եմ սարքել, կուզե՞ս։
    - Հա բա ոնց։ Մի հատ էլ սառը թան սարքի Արփի ջան։
    - Թան էլ եմ սարքել, պա՜պ։ Ուզում եմ հետդ խոսեմ։ Ուտես վերջացնես, խոսենք հա՞։
    - Լավ Արփի, տղա – մղա կա՞։
    - Չէ՜ պապ, ուրիշ հարց ա։

    շարունակելի

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (21.07.2018)

  3. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շարունակությունը

    Հայրիկը, ի ուրախություն ինձ, շատ արագ հաց կերավ ու հավանեց իմ սարքած ձվածեղն էլ, թանն էլ։ Արդեն երեկո էր, մենք նստել էինք մեր բալկոնում (ավելի ճիշտ մեր չէ, մենք, ինչպես խանութի աշխատողն էր ասել, տնվորներ էինք), այսինքն՝ նստել էինք տանտերերի բալկոնում ու իմ ամբողջ լարվածությունը, հետաքրքիր էր, բայց անցել էր։ Հայրիկի հայացքի մաքրությունը հստակ ասում էր, որ պարտավոր էի անկեղծ լինել մինչև վերջ։ Մարդը, ով նախընտրել էր ազնվությունը, արդարամտությունը, պարզությունը իր ողջ կյանքում, արժանի էր լիարժեք անկեղծության։
    - Հայրիկ, ես գիտեմ, որ քեզ դուր է գալիս իմ աշխատանքը ու նկատել եմ ինչպես ես հպարտանում, երբ խոսք է գնում իմ կրթությունից, իմ ձեռքբերումներից։ Դա շատ պարտավորեցնող է, ես երջանիկ եմ զգում՝ քո աչքերում փայլ տեսնելով ու հատկապես, երբ հասկանում եմ, որ այդ փայլի պատճառը ես եմ։ Հայրի՜կ, բայց ես չեմ ուզում այսպես շարունակել։ Սա իմ կյանքը չէ։ Ես լավ եմ վաստակում, ինձ հարգում են, գնահատում են աշխատանքս, բայց ես այլևս չեմ կարող, ես ինձ վատ եմ զգում ամեն անգամ, երբ իմ ընկերներին եմ տեսնում, երբ ինքս ինձ հետ անկեղծ զրույցի եմ բռնվում։ Ես լավ չեմ, պա՜պ։ Մի անգամ, երբ խոսում էինք, իմ փոքր ժամանակ, հիշու՞մ ես, ես ասացի, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ դառնալու, որովհետև ուզում էի ինքս ինձ, քեզ, բոլորին ապացուցել, որ լավ մարդիկ , պատվով մարդիկ կարող են հաղթել , նրանք ձախողակ չեն, ինչպես ես հիմարաբար մտածում էի։ Հայրի՜կ , ես դուրս եմ գալիս աշխատանքից։ Իմ նման մարդիկ չեն հիշվելու պատմության մեջ, բայց գոնե ընկերներիս, հարազատներիս աչքերում, մտքերում ես կամ ու մնալու եմ, իսկ թե ինչպես՝ ես եմ ընտրում։ Դու ինձ ասացիր, որ ընդդիմությունը կարող է դառնալ իշխանություն, եթե ռեսուրսներ ունենա։ Ես կարծում եմ՝ պահը եկել է, ու ես ուզում եմ դրա մի մասը լինել։ Ես ուզում եմ ազատ լինել, ուզում եմ տեսնել հեղափոխությունն այնպես, ինչպես պատկերացրել եմ ամենակենցաղային դժվարությունների, ձախողումների, հիասթափությունների ժամանակ։ Ես սիրում եմ մեր երկիրը, սիրում եմ Նիկոլին, սիրում եմ քեզ ու պարտավոր եմ անել այդ քայլը։
    Հայրիկի դեմքին նայողը կկարծեր, թե հենց նոր Նոբելյան մրցանակ է ստացել՝ գիտության ոլորտում կատարած մեծ աշխատանքի համար ու ստացել է տարիների աշխատանքի փոխհատուցումն ու վաստակած պարգևը։ Նրա երջանկության մեջ այնքան իմաստ կար, այնքան թաքուն խոհեր, այնքան մեծ սեր ու հոգատարություն։ Ես չէի կարողանում գուշակել նրա մտքերը, ոչ էլ Նոբելյան մրցանակակրի հայացքի գաղտնի իմաստները, բայց ես ինձ հանգիստ էի զգում, վերջապես վերադարձել էի սեփական կաշի , որտեղ ինձ հարմար էր ու հաճելի, վերջապես Աստղի հետ հանգիստ կարող էի դիմացի շարքերում կանգնել, կոչեր անել, ազատ լինել, սիրել էն ինչ ուզում էի ,ում ուզում էի ու թքած, թե ինչ-որ մի օր ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը կասեր, որ ես ձախողակ էի, այլևս կարևոր չէր, քանի որ ես արդեն երջանիկ էի ու դա ինձ թևեր էր տալիս։
    - Մի բան գիտեի, որ ասում էի՝ Նիկոլը կարգին տղա ա։ Արփի, ապրի՜ր քո կյանքով , ամենքի մտքերի, քո մասին կարծիքների, ուրիշների հետ համեմատությունների մեջ քեզ դարձրել ես անկարևոր, անարժեք, մինչդեռ բոլորը թքած ունեն քո վրա, իսկ կյանքդ անցնում է, ու դու երջանկությունից գլուխ չես հանում։ Վազի՜ր , երկուսուկես ամիս ժամանակ ես արդեն կորցրել քեզ գտնելու ճանապարհին։ Նիկոլին էլ, եթե մոտիկից տեսնես, ասա որ ինքը հաղթելու ա ու էդ հաղթանակը հայ ժողովրդի հաղթանակն ա լինելու։
    - Իսկ կարողա ՞ դու ինքդ էլ գայիր ու ասեիր։ Միասին վաղուց չենք քայլել, իսկ քայլ կարծեմ չենք էլ արել։
    Հայրիկը մի լավ ծիծաղեց, հասկացանք միմյանց ու երկուսս էլ հպարտ էինք իրարով առավել քան երբևէ։ Մի քանի րոպեից արդեն մեր հին ու կոլորիտային դռան դիմաց կանգնած էր ներկայանալի կոստյումով մի տղամարդ, իսկ նրա թևից բռնել էր վառվռուն աչքերով մի աղջիկ, ում շուրթերը անորոշ վերև էին բարձրացել, իսկ ժպիտն ավելի շատ արհեստական էր, քան գեղեցիկ։ Նրանք երկուսն էլ շտապում էին, մեկը կորցրած առավել քան 14 տարի իր ժամանակներից, իսկ մյուսը՝ մեկուկես ամիս՝ Նիկոլի թվից։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (21.07.2018), Tiger29 (22.07.2018), Նաիրուհի (17.07.2018)

  5. #18
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11. Հեղափոխության դիտորդները

    Տատս սար բարձրանալիս երբեք զառիվերով ուղիղ չի քայլում, այլ մեկ դեպի աջ, մեկ դեպի ձախ: Ասում եմ` ծանրության ուժին է խաբում:
    Հիմա էլ Վարդան ձյաձյան է այդպես անում. բախվում է պատին, հետ շպրտվում դեպի աստիճանավանդակը ու այդպես մինչև 4-րդ հարկ: Կխնդրեմ, որ մինչ տուն մտնելը մեր դուռն էլ բացի. վերանորոգումից հետո չի ստացվում ինքնուրույն բացել: Լսում եմ պատին բախվող ապակե շշի զնգոցը ու ծանրության ուժին խաբելու տարբերակը բացառում:
    Վարդան ձյաձյայենց տանը սկսված տուրուդմբոցի պատճառով այդպես էլ չեմ համարձակվում թակել դուռը:
    Բերդի «կլյուչնիկ» Վարդան ձյաձյան 3 օրը մեկ է տուն գալիս: Ապրիլի 23-ին էլի ծեծուջարդ էր. «կլյուչնիկի» տուն գալն ու Թավշյա հեղափոխության ամենաթունդ օրերից մեկը համընկնել էին: Իրեն հարցնենք` ինքն էլ է հեղափոխություն անում` լոկալ, անթավիշ ու հստակ պարբերականությամբ` 3 օրը մեկ:
    Իսկ Հեղափոխությունը եկավ ու անցավ Վարդան ձյաձյայի տան մոտով, երևի էլի տուրուդմբոց էր, ինքն էլ նայեց-նայեց ու չհամարձակվեց դուռը թակել:
    ․․․
    Արմավիրից ամեն օր Երևան գալիս տրանսպորտի սպասող մարդկանց վերցնում, հետը բերում էր ցույցի: «Ո՞ւմ շնորհակալ լինենք, տղա ջան» հարցին պատասխանում էր` «Նիկոլին, ցավդ տանեմ, մեր Նիկոլին»: Ու մարդիկ երախտապարտ ժպտում էին: Մտածում ես` Հեղափոխությունն էլ ոնց է լինում, էս է, եղել է:
    Բայց սուտ էլ կար, սուտ էլ․
    Լիլոն միջին վիճակագրական ուսանող է: Էստեղ էլ հեղափոխությունն ու քննաշրջանն էին համընկնել: Ինչ աներ, ցույցի էր, չէր հասցրել սովորել, ստիպված արտագրեց քննությանն ու գնաց թավշյա ժպիտով հաղթանակ կերտելու: Ու կերտեց: Վարդան ձյաձյան հեղափոխությունը տանն էր անում, Լիլոն` փողոցում, բայց երկուսն էլ ստում էին: Որովհետև Հեղափոխությունը ներսում չէին արել: Չեն լողացել ու ամեն օր հագուստն են փոխում, ներսի փտած ռեժիմին չեն մերժել, բայց երկրում իրավիճակ են փոխում:
    Վարդաններն ու լիլոներն են մեզ տարիներով ճահիճի մեջ պահել, իրենք էլ դեռ չեն շտապում դուրս գալ, փոխել հագուստն ու մերժել ներսի փտած ռեժիմին: Ես ու Թավշյա հեղափոխությունը «գրազ ենք բռնում»՝ մի քիչ այլ ֆորմատով․ երկուսս էլ հասնելու ենք ամենաիսկական ու «զտարյուն» Հեղափոխությանը՝ առանց վարդանների, լիլոների ու դե՜ աշոտների։ Եթե հաղթեմ, Թավշյա հեղափոխությունն էլ կհաղթի, եթե պարտվեմ, ինքն էլ տանուլ կտա «գրազը», որովհետև երկուսս էլ նույն բանին ենք ձգտում։ Մոտեցումն է տարբեր․ ես ներքևից եմ բարձրանում վեր, ինքը վերևից իջնում է ներքև։ Ինձ համար Հեղափոխությունը ՀՈԳԻՆԵՐԻ հեղափոխությունն է, Թավշյա հեղափոխության համար՝ լիդերների հեղափոխություն։ «Գրազակիցս» իր գործն արդեն արել է ու լավ է արել, բայց ամեն անգամ բախվելով «զոռբայության» հասնող անհանդուրժողականությանը, բուհից, համայնքի բյուջեից, պետությունից ու աշխարհից անվերջ «քերելու» նկրտումներին ու տեղ-տեղ անտանելիորեն կուտակված մշակույթի չգոյությանը, հասկանում եմ, թե ինչքան անելիքներ կան սեփական հոգիներում։
    Ու եթե կուզեք՝ ես ու Հեղափոխությունը սեղմում ենք միմյանց ձեռքերը ի նշան խորը ու երկարատև դաշինքի։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.07.2018), Smokie (20.07.2018)

  7. #19
    Անդամության թեկնածու Ուինսթոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.06.2018
    Գրառումներ
    5
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր աշխատանքները հետաքրքիր էին, անկեղծ։
    Հավանեցի 7-րդ և 8-րդ աշխատանքները։
    Բոլորին հաջողություն են մաղթում։
    Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին նման գեղեցիկ մրցույթ ստեղծելու համար։ ☺
    "V"

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.07.2018), ivy (15.07.2018), Sambitbaba (15.07.2018), Tiger29 (15.07.2018), Ծլնգ (15.07.2018)

  9. #20
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սկսենք կարծիքներ գրել, հը՞

    Վերջից սկսեմ...

    11. Հեղափոխության դիտորդները. կարճ, հակիրճ, տեղը-տեղին փյուրիստական տեսանկյուն է ներկայացնում, որ հեղափոխության վերջնական հաղթանակի համար պիտի բոլորս անցնենք ինքնամաքրման ուղով։ Մի երկու բավական կենդանի պատկերներ կան գործում, բայց ընդհանուր իմ համար լավը այս գործի հենց լակոնիկ ու հակիրճ խոսքով իր ուղերձն է։ Գրազի մտահաղացումը հոյակապն է. փաստորեն հեղինակը ոչ միայն բողոքում է, այլ ինքն էլ է լծվում այդ ինքնամաքրման խորհուրդին։

    10. Նիկոլի թիվ. այս գործն էլ նախորդի նման կարծես գեղարվեստական էր որպես ներկայացվել։ Ու եթե նախորդի վավերագրական լինելու փաստը ինձ համար միանշանակ է, ապա այս գործը նույն հաջողությամբ կարող էր դիտվել և՛ որպես գեղարվեստական, և՛ որպես վավերագրական։ Բայց հակված եմ այն ընկալել որպես վավերագրական՝ կառուցվածքի շնորհիվ. գեղարվեստական ընկալվելու համար, ըստ իս, կառուցվածքը շատ հստակ ու անճկուն է։ Այս գործն իմ աչքին չքնաղ longform լրագրության նմուշ է։ Չէի զարմանա այս տիպի գործ կարդալ Նյույորքերում կամ Աթլանտիկում։ Հոյակապ կառուցված, լավ պատմողականի ու եկրխոսությունների միաձուլում, հստակ ասելիք ու վառ երևացող գիծ։ Երկրի մի ամբողջ պատմական շրջանի պատմություն. անձնական կենսագրական տվյալների վրա հիմնված։ Երկար գործ էր, բայց ափսոսացի, երբ ավարտվեց... կկարդայի, ու կկարդայի։ Հետաքրքիր է, հեղինակը լրագրո՞ղ է։

    9. «Իռան, մորուքն ու սերը». հեղափոխությունը 3 բառով. այնքա՜ն անմիջականություն կա այս գործում։ Ոնցոր լրագրողի հում մտքերը ականջ դնես, երբ ձայնագրիչի նյութն է լսում, բայց վերջնական չի մշակել դեռ այն։ Ու կարծես այս ամբողջ գործով հեղինակն ուզում է ասել, որ դեռ ինքն էլ չի կողմնորոշվել հեղափոխոթյան ինչ լինելու մեջ, ու շատ գեղեցիկ ձևով է դա ասում՝ ուրիշների կարծիքների բազմազանության մի հատվածով։ Երբ առաջին անգամ վերջացրեցի այս գործն ընթերցելը, ժպիտ էր դեմքիս։ հիմա էլ է ժպիտ... շնորհակալություն հեղինակին, որ չի փորձել ճոխացնել, պաթոսի տակ թաքցնել իր վերջնական կողմնորոշման բացակայությունը։ Ավարտը, ըստ իս, ուրիշ գործում կլիներ թույլ, բայց այստեղ այդ ավարտի թուլությունն էլ է գործն ու դրա ուղերձն ուժեղացնում։ Այո, նորմա՛լ է, որ դեռ վերջնական կողմնորոշում մարդ չունի, նորմա՛լ է, երբ մարդիկ տարբեր ընկալումներ ունեն թավշյա հեղափոխության մասին, նորմա՛լ է, երբ տարբեր բաներ ուզելով նույն նպատակին ենք հասել։ Շատ լավն էր գործը. ես հաստատ այդ ամենը ավելի լավ չէի կարող ասել։

    Մնացածների մասին հետո կարծիքս կգրեմ։
    Վերջին խմբագրող՝ ivy: 15.07.2018, 22:29:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (15.07.2018), Sambitbaba (22.07.2018), Smokie (29.07.2018)

  11. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Երբ սերը հաղթում է ատելությանը

    Անկեղծ տեքստ էր։ Դուրս եկավ, որ հեղինակը հեղափոխության մասին իր մտքերն ու զգացողությունները ներկայացնում։ Բայց մտքերը տեղ-տեղ շատ ցաքուցրիվ էին։ Լավ կլիներ՝ հեղինակը նախապես դասավորած լիներ մտքերը ու մի տեղից մյուսը չթռներ։ Մեկ էլ տեղ-տեղ շարադրությունների պաթոսն էր ներխուժում, բայց ապրի հեղինակը, որ դրան շատ չի տրվել։

    Քաղցր ձողիկների տեսարանն ամենահաջողվածն էր։ Շատ հավես էր նույնիսկ կասեի։ Եթե ողջ գործն էդ տեսարանի շուրջ ծավալվեր, ահագին հաջողված գործ կլիներ։

  12. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Բացակաների անունից
    Բավական բարդ ա գրել մի գործի մասին, որի հետ բովանդակային առումով համաձայն չեմ, բայց գործն իրոք լավն ա։
    Բովանդակային մասով մի բան ասեմ․ 2008-ին էլ մնացածներս էինք հանրահավաքների մասնակիցներին «զոմբի» անվանում։ Հետո մեծացա ու հասկացա, որ անկախ քաղաքական համոզմունքներից ամեն դեպքում հեչ լավ չի դիմացինին «զոմբի» անվանելը։
    Գործն ահագին լավն էր։ Թե՛ անկեղծ էր, թե՛ շատ սուր էր գրված, թե՛ համարձակ էր՝ դեմ գնալով մեծամասնության պատկերացումներին։ Տեղ-տեղ էլի կլիշեներ ու պաթոս էին սողոսկում, բայց ընդհանուր գործը դրանից չէր տուժում։

    Հեղինակին կուզեի հրավիրել թեյ խմելու, որ մի քիչ զրուցենք էս թեմաներից։ Լիքը բան կուզեի իրեն ասել, բայց ոնց հասկանում եմ՝ մրցույթի ավարտից հետո էլ Երևանում չեմ լինի։ Հույս ունեմ՝ հեղինակը կգրանցվի ակումբում, էստեղ կզրուցենք
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 15.07.2018, 22:41:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.07.2018), Sambitbaba (22.07.2018)

  14. #23
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ՜....ես երևի սպասեմ մինչև ամեն ինչ հանդարտվի... մրցանակաբաշխվի, ծափահարվի, գրկախառնվի, ու միայն հետո ընթերցեմ: Մրցույթը՝ մրցույթ, բայց լուրջ գործ եք ձեռնարկել ... ու պիտի սպասեմ այդ լրջության խմորմանը:

  15. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Գեղարվեստական հեղափոխություն
    Ահագին ուրախալի ա, որ գործերը ոչ միայն Երևանից են էկել, այլև մարզերից։ Հեղափոխությունը հաստատ տեղի չէր ունենա, եթե մարզերն էլ չմիանային։ Ու էս գործն արտացոլում ա մի կոնկրետ գյուղի մասնակցությունը, որը գուցե ինքն իրենով փոքր ա, բայց այ էսպիսի բազմաթիվ փոքր գյուղերի ու քաղաքների մասնակցության շնորհիվ ա հեղափոխությունը տեղի ունեցել։ Մի քիչ կուզենայի, որ հեղինակն ավելի շատ մանրամասներ պատմեր ցույցերից։
    Վերջին խմբագրող՝ ivy: 15.07.2018, 22:48:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.07.2018), Interdenominational (15.07.2018), Ծլնգ (17.07.2018)

  17. #25
    Դիտարկում... Interdenominational-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2009
    Տարիք
    44
    Գրառումներ
    587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Գեղարվեստական հեղափոխություն
    ...ոչ միայն Երևանից են էկել, այլև մարզերից։
    Ակումբի ադմինիսրտացիան հեռատեսություն ունեցավ խուսափել "երևանակենրոնության" գայթակղությունից, ինչի համար մի առանձին ներքին գոհունակությամբ եմ հետևում այս ամեն ինչին...

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (15.07.2018)

  19. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4․ Հեղափոխության իմ բաժին ներկան
    Լավ էր․ էս մի գործն էլ ինձ տարավ Աբովյան ու Վանաձոր։ Նկարի պահը, դրա խորհրդանշականությունը դուրս շատ եկավ։ Կուզենայի, որ հեղինակը մի քիչ մանրամասներ զգացողություններն ու իրադարձությունները Վանաձորում ու վերացական պաթոսի փոխարեն ավելի շուտ իր սեփական զգացողություններից գրեր։

  20. #27
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացածների մասին հետո կարծիքս կգրեմ։
    Շարունակեմ կարծիքներս․

    8. #Թավշյա: Ես կուզենայի լինել այս շարժման սցենարիստը․ այս մեկն ինձ համար ահագին յուրահատուկ գործ էր, քանի որ բավականին օրիգինալ կերպով ներկայացնում էր և՛ վավերագրական փաստերը, և՛ դրանց վերլուծությունը, իբր թե սցենարիստի հայացքով։ Այս վերլուծական տարրը շատ-շատ դուրս եկավ, քանի որ վերլուծական լրագրության մեծ սիրահար եմ, իսկ այս դեպքում դրան տրվել էր նաև գերազանց գեղարվեստական լուծում էլ։ Տերմինների ընթացիկ բացատրություններն էլ էին դուրս ահագին գալիս, ոնց որ սցենարիստի հետ նույն սենյակում իր մտքերը լսելիս լինեի։ Բայց մի բան որ դուրս չեկավ, դա հեշթագակոխ անելն էր։ Նաև ավարտը մի քիչ թույլ էր իմ աչքին․ շատ ավելին էի սպասում գործը կարդալուց։ Հեղինա՛կ, շնորհակալությո՜ւն այս գործի համար, բայց գիտեմ, որ ավելի լավ վերջ էլ ունես քո մեջ գործիդ համար։

    7. Իրականության բացակա կողմը․ ճիշտն ասած, այս մի գործն ինձ հեչ չկպավ։ Նախ մի քիչ շատ էր ծամծմած, հետո սուրճի հետ համեմատությունը հեչ ինձ համար չգործեց, ամբողջ գործի ընթացքում մորալիստական տոնայնությունը հոգնացուցիչ էր, ու այդ բոլորից հետո վերջը մի քիչ շատ կտրուկ էր ու գործին, ըստ իս, չսազող։ Ներիր, հեղինակ, բայց այս գործը հեչ «իմը» չէր։

    6. Բացակայից չեմ նեղվում դուխով դրեք․ այս գործի անվանման մեջ կետադրական նշան ա պակա՞ս։ Նախ ինձ համար թույլ կողմերը․ ! նշանը շատ աչք ծակող էր և շեղող․ հայերենի բացականչական նշանը ախր այնքան ավելի լավն է քան սա, հեղինակ ջան, ի զեն առ դա։ Մյուս բացահայտ թույլ կողմն ինձ համար վերջն էր, որն ամբողջ գործը վերածեց կենացի։ Լավ կողմերից էլ․․․ սովորաբար լիրիկական քաղվածումները շատ դժվար է անել ու շատ դեպքերում թուլացնում են գործը, ու այս մրցույթում էլ շատերն էին դա արել, հիմնականում՝ անհաջող։ Բայց այս գործում «Ամբոխները խելագառված»-ից մեջբերումը շատ դիպուկ էր, չնայած վավերագրական գործի մեջ կուզենայի, որ մի քիչ ավելի շատ համեմատությունները վերլուծվեին։ Նաև մեկ այլ բան էլ դուրս եկավ․ երբ մրցույթի խորագրի շուրջ քննարկումներ էին գնում, միտք հայտնեցի, որ «բացակա» բառը շատ բնական է լինելու աշակերտ-ուսանող պատանիների համար ու լավ բառախաղի տեղ է տալու։ Որոշ հեղնակներ օգտվել էին դրանից, այս գործում էլ կար դասերից բացակա ստանալը, բայց հեղափոխությունից բացակա չլինելը, ինչն ընդհանուր համով էր։ Ամբողջական կարծիք վախենամ չունեմ այս գործի մասին՝ հա՛մ լավ կողմեր կային, հա՛մ՝ թույլ։ Երկու «հեղափոխություն անող» խմբերի հանդիպումը ահագին լավ պատկեր էր, օրինակ։ Բայց ամեն դեպքում մի քիչ հումոտ էր այս գործն ինձ համար։

    5. Փոքրիկ քայլերի արվեստը․ Այս գործի մասին էլ սկսեմ թույլ կողմերից․ վերջը նորից կենաց է ու չի սազում գործի հիմնական մարմնին; Սևակից մեջբերումը այստեղ չի գործում ու բացասական տպավորություն է թողնում, ըստ իս; «փոքրիկ քայլեր»-ը գործի մեջ լավ բացահայտված չի, ու այնպես էլ չհասկացա, թե փոքրիկ քայլերը կոնկրետ ինչի մասին էր։ Սկիզբը լավն էր, այդ տնային զրույցը ահագին տրամադրում էր հետագային, բայց մի ձև գործի հետ լավ չէր կապված։ Հիմանական մասը հմուտ գրված շարադրության նման էր։ Հեղինակ ջան, փորձիր ավելի խիզախ գրիչ զարգացնել․ գրիր սեփական հույզերիդ մասին, գրիր քո մասնակցության մասին, գրիր աչքերովդ տեսածի մասին․․․ գրիր այն, ինչ քեզնից բացի ոչ ոք չի կարող գրել։ Ընդհանուր լավ էր գրված, բայց առաջին տեսարանից դուրս հեղինակի ներկայությունը նկարագրվածի մեջ, ավաղ, չերևաց։

    Մնացած չորս գործի մասին կգրեմ հետո։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 17.07.2018, 07:09:

  21. #28
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Գեղարվեստական հեղափոխություն
    Ահագին ուրախալի ա, որ գործերը ոչ միայն Երևանից են էկել, այլև մարզերից։
    Հա՛։ Շատ-շատ գործեր կային Երևանից դուրս կատարված հեղափոխության մասին։ Շատ հավես էր սա, ոնցոր գործերի հետ մեկտեղ Հայաստանով շրջագայելուց լինեի ու այդ բոլոր գործերը համատեղ ահագին տեղայնականացրեցին հեղափոխությունը։ Նաև սա ինձ մեկ անգամ ևս ցուցադրեց, որ մրցույթում առանձին վավերագրական ժանր ունենալը ճիշտ միտք էր։ Ապրեն բոլոր գրողները, թե՛ երևանցի, և թե՛ երևանից դուրս գտնվողները։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (17.07.2018)

  23. #29
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա՛։ Շատ-շատ գործեր կային Երևանից դուրս կատարված հեղափոխության մասին։ Շատ հավես էր սա, ոնցոր գործերի հետ մեկտեղ Հայաստանով շրջագայելուց լինեի ու այդ բոլոր գործերը համատեղ ահագին տեղայնականացրեցին հեղափոխությունը։ Նաև սա ինձ մեկ անգամ ևս ցուցադրեց, որ մրցույթում առանձին վավերագրական ժանր ունենալը ճիշտ միտք էր։ Ապրեն բոլոր գրողները, թե՛ երևանցի, և թե՛ երևանից դուրս գտնվողները։
    Հայաստանից դուրս էլ կային, կարծես։

  24. #30
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանից դուրս էլ կային, կարծես։
    Վավերագրական ժանրո՞ւմ։

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •