Բարը մարդաշատ էր, շարժվելու տեղ չկար․ ուրիշ բան սպասելի էր չէր ուրբաթ երեկոյան Շվաբինգում։
Հեռախոսի էկրանին հայտնվեց Պոնչի հաղորդագրությունը՝ փափկամազ ինչ-որ մոնստրի ավատարով․
Ay snob, eli Schwabingnerum es qcac?? )))
Մատները արագ կտկտրացրեց հեռախոսին.
Ինչքան ասեմ՝ էդ տրանսլիտիդ վերջ տուր ։)
Արա, հերիք չի՞ գլխիս մամայություն անես, ըհն, սենց լա՞վ ա։
Մամայություն չի, ծնողություն ա, սեքսիստ ջան։
Arrraaa de paxar eee.. .... ..
Էսպրեսո պատվիրեց․ Պետրայի գալուն դեռ մի կես ժամ կար։ Սուրճի հետ սովորականի պես ջուր էլ բերեցին։ Ձեռքը նոր էր մոտեցրել բաժակին, երբ կողքից անցնող, կատարները տաք ջահելները կպան իրեն ու սեղանին՝ թափելով թե սուրճը, թե ջուրը։ Ներողություն-ջան-ջիգյար, էսկողմ-էնկողմ, Պետրայի հայտնվելու պահը բաց թողեց։
- Լրիվ թաց ես,- իրենից անկախ արտաբերեց՝ տեսնելով ոտքից գլուխ թրջված կնոջը;
- Սա քո ողջո՞ւյնն էր, թե ինձ չգրկելու պատճառաբանությունը,- ծիծաղելով ասեց Պետրան։
- Խոստովանե՞լ էի, որ դու թաց մազերով շատ սիրուն ես, արի մոտս,- ու ձեռքերը բացեց՝ կնոջն ընդառաջ։
- Չէ, դու ինձ թրջված դեռ տեսած չկայիր և չէիր էլ տեսնի, եթե էս եղանակի տեսությունը չխաբեր․ իբր թե անձրևը կեսգիշերին էր գալու,- ու տաք գրկախառնությունից հետո ծիծաղելով շարունակեց,- բայց ոնց որ թե դու էլ ջրվելու լավ առիթներ ես ունեցել, սեղանիդ վիճա՜կը․․․
Պետրայի ծիծաղն ընդարձակում էր բարի նեղ մթնոլորտը, պատերը հալչում էին, այցելուների ձայներն աղոտանում։ Իսկ աչքերը լույս էին բերում․ գլխավերևում արդեն երկու չէ, երեք արև էր։
- Վաչ, ո՞ւր ես, գալիս եմ,- հեռախոսում Պոնչի ձայնն էր։
- Ըմմմ․․․ Պետրայի հետ եմ։
- Էդ էն ծիտ կոլեգադ չի՞, ընտիր ա, տեղն ասա։
- Հաստատ ուզում ես գա՞լ․․․
Պոնչից էդքան հեշտ ազատվողը չէր։ Հայաստանից մնացած ատավիզմներից էր։ Վերջիններից ու պինդ կպածներից։ Գուցե նույնիսկ սիրելի դարձածներից։
"Death in the Afternoon" պատվիրեց, հետո, քանի դեռ Պոնչը Պետրային աշխարհիկ կյանքի ոչնչությունն էր բացատրում ու համոզում հեռանալ վայրի բնության գիրկը (իր հե՞տ), իրար հետևից ինչ-որ շոթեր վերցրեց։ Հաստ շուրթերով մատուցողը թախծոտ ձիու հայացքով իրեն էր նայում։
- Վա՞չ, լա՞վ ես, ես ստեղ իմ երազանքներից եմ խոսում, դու մի գլուխ կոնծում ես։
- Կներես, բայց ինձ հիմա միզել ա պետք․․․ վատագույն դեպքում՝ երազանքիդ մեջ։
- Արի դու գնա զուգարան, հա՞։ Ուրեմն սենց ուղիղ գնում ես, թեքվում ես ձախ, դուռը բացում ես, դիմացդ՝ ծովի նկար ա, աջ չթեքվես, խոհանոցն ա, ես էլ սխալմամբ տեղ մտա․ հո խոհանոց չէ՜ր, մի կարգին արտադրամա՜ս․․․
- Շան հաչոցը կտրեցիր, Պոնչ․․․
- Էլի անցաք ձեր լեզվի՞ն,- Պետրայի աչքերից առաջվա նման լույս էր կաթում։
Տեղից վեր կացավ, նայեց դիմացը․ պատի ժամացույցը ցույց էր տալիս 11։15, դա վերջինն էր, ինչ տեսավ։
- Վա՞չ, Վա՛չ, ջուր խմե՞ս։
Իսկ ի՞նչ, եթե Պետրան էլ է շուռ եկել․ հետաքրքիր կլիներ տեսնել նրան՝ գլխի վայր շրջված։
- Աչքերս․․․ Որտե՞ղ ենք։ Ու ե՞րբ ենք։
- Հիմա ենք։ Ու էստեղ ենք։
Ամեն ինչ աղոտ էր երևում, բայց սրճի սեղանը կարծես թե դեռ պատին էր, իսկ որտե՞ղ էր բազկաթոռը։ Ձեռքը տարավ Պետրայի մազերին․
- Չորացել են։
- Էլի թրջե՞մ։
- Հա, բայց էլ էդ բարը չենք գնում։
- Դժվար էլ թե մեզ էնտեղ ներս թողնեն։
- Ինչի՞, Պոնչի քիթմռութն եմ ջարդե՞լ։ Ասում ես՝ էդ ինչ անտառներ էիք գնո՞ւմ․․․
Պետրան նորից ծիծաղեց, ու աշխարհը վերջապես հետ եկավ իր տեղը։ Հենց էդպես վերցրեց ու հետ շրջվեց։
Հեռախոսը ծնգաց, էկրանին հայտնվեց փափկամազ ավատարը։
Էջանիշներ