User Tag List

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Նեյրոբազմազանություն, տ․ 1

  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Նեյրոբազմազանություն, տ․ 1

    Այս գործի առաջին երկու մասերը ներկայացվել էին որպես «Գրական Դիմակ»


    Մաս առաջին

    Չարի լույս

    Գորշ ամպերով էր պատված երկինքը, ինքն էլ շարժվում էր նեղ միջանցքով։ Չէր զարմացնում իրեն սա․ կեղտոտ փայտե հատակ, անգույն բարձր պատեր, իսկ վերևը՝ գորշ ամպեր։ Սովոր էր այսպիսի վայրերում գտնվել ու անվերջ քայլել։ Ժամանակն ու տարածությունը լրիվ կորած էին, կար միայն կեղտոտ ու անգույն միջանցք, առաստաղի փոխարեն էլ՝ անվերջ պտտվող մութ ամպեր։

    Երեխաների գզվռտոցի ձայներ եկան։ Միջանցքը անհետացել էր։ Սև էր աչքերի առաջ։ Անկողնում փորի վրա էր պառկած՝ դեմքով դեպի սավանը։ Գլխին էլ՝ բարձն էր։ Հաճախ էր գիշերը քնած վիճակում բարձը գլխին դնում։ Շարժվել չէր ուզում կամ չէր կարում։ Ցանկության ու կարողության միջև սահմանները վաղուց էին լղոզվել։ Միայն ձեռքով դանդաղ տարավ մահճակալի մյուս՝ ամուսնու կողմը։ Սուրենը գործի էր արդեն։ Այս մտքից կարծես անդունդն ընկներ։ Ձեռքերը դեպի բարձի երկու կողմերը տանելով՝ ամբողջ ուժով բարձը քաշեց գլխին։ Ուժ չկար։ Ձեռքերը անշարժացած խամաճիկի ձեռքերի նման ընկան դոշակին։

    Երեխաների ձայները գնալով ավելի էին բարձրանում։ Սովածանում էին ու շուտով գալու էին այստեղ՝ իր սենյակ։ Գարնանը իրեն համոզում էր վերկենալ ու երեխաներին մի կերպ նախաճաշ տալ՝ իմանալով, որ գնալու էին դպրոց, ու ինքը կկարողանար նորից գալ ու անկողնու մեջ ընկնել։ Իսկ ամռանը դպրոց չկար։ Ամռանը մի նախաճաշով չէր պրծնելու։ Ամեն առավոտ այս միտքը ևս մի անդունդ էր իրեն հրում։ Առջևի օրվա կանխազգացումից ակամա մի կոկորդային ձայն հանեց՝ տնքո՞ց, ոռնո՞ց․․․ ամպերը գորշից դանդաղ փոխվում էին սևի։

    Վազելով ներս եկան․
    ― Մամ, սոված ենք, կգա՞ս նախաճաշ սարքես, ― մեծի՝ տղայի ձայնն ասաց։
    Փոքրի՝ աղջկա զվարթ ձայնն էլ հետևեց դրան․
    ― Բարի լույս, պապան գնացել ա գործի, ես էլ արդեն հինգ էջ կարդացել եմ գրքիցս, հիշո՞ւմ ես գրքի միջի ազջկան՝ մի նոր ընկեր ունի արդեն․․
    ― Հերի՜ք է, ― իրենից անկախ ճչաց։

    Զգաց, որ փոքրը ուր որ է լացելու է, իսկ դրանից իր ամպերը ավելի էին սևանալու։ Անմարդկային ուժ գործադրելով բարձը մի կողմ նետեց, ու գլուխը պտտեց դեպի երեխաները․
    ― Ան, քեզ հետ չէի, մտքումս էի։ Գիտես, որ մաման քեզ սիրում է, չէ՞, ― բառերը կարծես պլաստմասայից լինեին՝ տձև, անիրական, կեղծ։

    Ոտքերն իջեցրեց մահճակալից ցած ու կորացած մեջքը, մի կերպ անկողնուց պոկելով, փորձեց ուղղահայաց դիրքի բերել։ Խալաթը քաշեց մահճակալի կողքի փայտե աթոռիկից ու վրան գցեց։ Աթոռիկի վրա ինչ-որ բան զրնգաց։ Ջրով բաժակ էր, կողքն էլ՝ երկու հաբ։ Իսկ դիմացը մի փոքրիկ թղթի կտոր, վրան ձեռքով գրված․ «Բարի՜ լույս, իմ պայծառ արև։ Սիրում եմ քեզ, ― քո Սուրիկ»։

    Դողացող ձեռքը տարավ դեպի հաբերը։ Երկուսը միասին բերանը գցեց ու վրան բաժակի ջուրը լցրեց։ «Իսկ թուղթը թող մնա», ― մտածեց, ― «․․․ պլաստմասե, տձև, անիրական, կեղծ»։




    Մաս երկրորդ

    Բանականության սպեկտր


    Արագ, արագ, արագ։ Պիտի հասցներ ավտոբուսին։
    ― Երեք հարյուր քսանութ, երեք հարյուր քսանինը, երեք հարյուր երեսուն․․․ ― մտքում հաշվելով արագ քայլում էր։ Չորրորդ անգամ էր, ինչ ավտոբուսով էր գնում դասի։ Առաջին օրը հաշվել էր՝ բնակարանից մինչև կանգառը ուղիղ վեց հարյուր տասներեք քայլ էր։ Նայեց ժամացույցին․ ութ, տասներկու, զրո յոթ։ Երեք րոպե տասներկու վայրկյան է ինչ քայլում էր։ Հանեց հեռախոսը, որ ստուգի հաջորդ ավտոբուսի իր կանգառ գալու ժամանակը։
    ― Երեք հարյուր ութսունչորս, երեք հարյուր ութսունհինգ․․․ չորս րոպե քսան վայրկյանից է գալու ավտոբուսը․․․ երեք հարյուր ութսունութ, երեք հարյուր ութսունինը․․․ կհասցնեմ, չորս հարյուր երկու, ― առանց դանդաղեցնելու շարունակեց հաշվված քայլերը։

    Մինչև այս շաբաթ առավոտները ավտոբուս չէր նստում․ մայրն էր տանում դասի։ Հետ գալն իր վրա էր, բայց հետ գալուց շտապելու տեղ չէր ունենում ու սովորաբար կանգառում նստած՝ դասագիրքը ծնկներին՝ սպասում էր առաջին ավտոբուսին։ Բայց հիմա ստիպված էր առավոտյան էլ ավտոբուսով գնալ։ Իսկ դա նշանակում էր հաշվարկ՝ րոպեներ, վայրկյաններ, քայլեր։

    Կանգառում յոթ սպասողներ կային։ Ավտոբուսը իր ժամին չեկավ, արդեն կես րոպեի չափ ուշանում էր։ Անհանգստացած հեռախոսն էր գրպանից հանում ու ժամը կրկին ու կրկին ստուգում։ Ջղաձգությունից ուսերը անընդհատ բարձրանում ու ցած էին իջնում։ Վերջապես մեկուկես րոպե ուշացումով ժամանեց։ Նստեց ավտոբուս, որը կիսադատարկ էր։ Այս ժամերին սովորաբար լիքն էր ուսանողներով ու գործի շտապողներով։ Բայց այսօր ուրբաթ էր, ու ավտոբուսում էլ նստելու ազատ տեղեր կային։ Մի դատարկ երկտեղանի նստարանի պատուհանին կից նստատեղում իջավ, ուսապարկն էլ դրեց ծնկներին։
    ― Ուրբաթ է, ուրեմն առաջին դասը այսօր պատմությունն է։ Պատմություն, պատմություն, պատմություն․․․ ― լուռ հանեց դասագիրքը, դրեց ուսապարկի վրա ու բացեց այսօրվա դասի էջը։

    Հաջորդ կանգառին մի տարեց տղամարդ նստեց կողքն ու սկսեց ուշադիր զննել դասագրքի բացված էջը։ «Մենակ թե չխոսի հետս», ― մտածեց տղան։ Բացում է բերանը․ երիտասարդը խորը շունչ քաշեց։
    ― Գիտության պատմությո՞ւն է։
    ― Եվրոպայի պատմությունն է․ գիտական հեղափոխություն, ռացիոնալիզմի ու լուսավորության դարաշրջանը։ Դասը Դեկարտի բանականության ուսմունքի մասին է, որը հետագայում նպաստեց դեդուկտիվ գիտական մեթոդին։ Մինչ ռացիոնալիզմը հասարակությունը առաջնորդվում էր ավանդական ուսմունքներով ու դոգմաներով։ Ռացիոնալիզմն առաջ բերեց բանականության գերակայությունը հավատքի ու կրոնական դավանանքների նկատմամբ։ Cogito, ergo sum․ մտածում եմ, ուրեմն կամ․․․

    Ավելին էր ասելու՝ դեռ գրքի բացված էջի մասին միտքը չէր վերջացրել, բայց տարեց տղամարդը գլուխը շրջեց, այնուհետև այնպես նստեց, որ կարծես տղայից խուսափելուց լիներ։ Դեմքը շիկացավ մի պահ, բայց սովոր էր արդեն այսպիսի վերաբերմունքին։ Հայացքը նորից ընկղմեց գրքի մեջ․
    ― Հինգ կանգառ անցել ենք, մնացել էլ է ևս տասնմեկը։ Առաջին դասս իննին է, կհասցնեմ մտնել գրադարանից մաթեմի խնդրագիրքը վերցնել, որ պատմությունից հետո ազատ ժամին երկուշաբթիի մաթեմի տնայինը անեմ։ Տասնչորս խնդիր է մնացել, հիսուն րոպեի ընթացքում միջինում գալիս է չորս րոպեից մի փոքր քիչ՝ ամեն խնդրի համար։ Մենակ թե այլևս հետս խոսացողներ չլինեն այսօր։

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (01.07.2018), Sambitbaba (10.02.2020), unknown (29.06.2018), Մուշու (01.07.2018), Նիկեա (02.07.2018)

  3. #2
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մաս երրորդ

    Չարի բանականացում


    Բազկաթոռին նստած սառած հայացքով նայում էր դիմացի պատից կախված խավար գույներով նկարին։ Փորձում էր աչքերը բաց պահել․ քունն իրեն տանելու էր նույն միջանցքը՝ անգույն ու կեղտոտ և գորշ ամպերով՝ առաստաղի փոխարեն։ Երեխաների ձայները այլևս չէին գալիս։ Սուրիկի ցածրաձայն քայլերը մտան սենյակ․
    ― Քնեցին, կարծես։
    ― Հմ․․․

    Եկավ կանգնեց բազկաթոռի կողքին՝ ոչ շատ մոտիկ՝ անձնական տարածք չներխուժելով։ Այդպես մեկ րոպե կանգնած նայում էր կնոջը։ Հայացքով հետևեց կնոջ հայացքին, մի քանի վայրկյան նայեց նկարին։ Պատկերի կլանող տեսարանից հարկադրաբար սթափվելով՝ չնչին թափահարեց գլուխն ու հայացքը նորից կենտրոնացրեց կնոջ դեմքին․
    ― Մամաս է գալու երեք օրից, մի քանի ամիս մեր մոտ կմնա։ Կարոտել է թոռներին, ― գրեթե անձայն շունչ քաշեց, բայց կնոջ ուսերի կտրուկ շարժումից հասկացավ, որ դա չմնաց աննկատ։ Ձայնին փորձելով զվարթություն տալ, շարունակեց․ ― քեզ ու ինձ էլ․․․

    Կինը բան չասեց, միայն արագ թարթեց աչքերը ու կրկին սևեռեց հայացքը նկարին։ Սուրիկը մեկնեց ձեռքն ու դրեց կնոջ ուսին, որից կինն կարծես ավելի կծկվեց։
    ― Գնում եմ քնելու, երկար օր էր, կգա՞ս։
    ― Քիչ հետո․․․

    Ամուսինը դուրս եկավ սենյակից, ինքն էլ աչքերը փակեց ու գլուխը ցած կախեց։ Պատրաստ չէր սկեսուրի ներկայությանը տանը, ոչ էլ՝ նրա լուռ, բայց քննադատող հայացքին։ Հասկանում էր՝ Սուրիկն էլ գիտեր, որ ինքն ի վիճակի չէր հիմա երեխաներով զբաղվելու։

    ********************************

    Աչքերը բացեց, բայց անմիջապես չկողմնորոշվեց՝ առավո՞տ էր, թե՞ ցերեկ։ Ամառային երկար օրերն էլ այդ հարցում օգնղը չէին։ Հեռվից երեխաների ուրախ ձայներն էին գալիս, մերթ ընդ մերթ էլ՝ տատիկի հոգատար կիսաշշուկը։ Չգիտեր, թե ինչքան այդպես կես քուն-կես արթուն անշարժացած պառկեց։ Փորձեց մարմնից մի քիչ կամք քամի, որ գնա խոհանոց՝ մի բան բերանը գցի։ Անկողնում նստելով վերցրեց խալաթն ու նկատեց աթոռիկին ջուրն ու երկու հաբերը ու դրանցից անպակաս՝ գրությունը։ Ուրեմն այսօր առաջին անգամ էր վերկենում։ Հաբերն ու ջուրը կուլ տվեց ու առանց թղթին նայելու կանգնեց ոտքի։

    Սկեսուրը խոհանոցում էր, իսկ երեխաները հարակից ճաշասենյակում նկարում էին։ Սովորույթով մի անհույզ «բարի լույս» ասեց, ու քայլերը քարշ տվեց դեպի սառնարան։ Սառցարանի խցիկից մի պաղպաղակ հանեց ու իջավ պատի տակ դրված աթոռին։ Աչքերը մի քանի վայլրյանով փակելուց հետո՝ բացեց ու ձեռքերում բռնածին նայելով, սկսեց պաղպաղակը փաթեթից հանել։ Քիչ հետո ականջին հասավ սկեսուրի ձայնը․
    ― Ո՞նց ես, դեղերը խմեցի՞ր։
    ― Հա։
    ― Պատրաստվում ենք գնալ խաղահրապարակ, այսօր Արթուրի դասընկերն էլ է լինելու՝ Սթիվը՝ մայրիկի հետ։ Դու էլ կգա՞ս։
    ― Չէ, բժշկին պիտի զանգեմ։
    ― Լավ, դե եթե միտքդ փոխես, մենք մի երկու ժամ այնտեղ կլինենք։ Հա՛, ուզում էի քեզ ասել՝ Սուրիկը նոր եկած իմիգրանտների համար լեզվի դասեր է գտել, սեպտեմբերից ուզում եմ գնամ։ Հա՛մ մի քիչ լեզու կսովորեմ, հա՛մ էլ տնից մի քիչ դուրս կգամ երեկոները, որ Սուրիկը տանն ա լինում։

    Ձայնով արձագանքելու փոխարեն գլուխը թեթև վեր ու վար արեց։ Վերջացրեց պաղպաղակն ու հետ գնաց ննջասենյակ։

    ********************************

    Անկողնում կիսանստած, մահճակալի մեջքին հենված՝ նայում էր ձեռքերում պահած բացված գրքին։ Ուշադրությունը չէր կենտրոնանում, որ կարողանար կարդալ։ Երեխաներն եկան ու անկողնու վրա մագլցելով, կանչեցին ճաշին։

    Ճաշասեղանի շուրջ բոլորն արդեն նստած իրեն էին սպասում։ Սուրիկը ժպտացող հայացքով հարցրեց․
    ― Իմացա՞ր, մաման դասերին մի ռուս կնոջ հետ է մոտիկացել, ճաշից հետո դուրս են գալու միասին զբոսնելու։

    Չէ, չէր իմացել, վերջին ամիսներին ընտանիքում տեղի ունեցածներից անիրազեկ էր։ Նայեց սկեսուրին, ու երախտապարտությունից ջանաց քաղաքավարի լինել․
    ― Ի՞նքն էլ է վերջերս երկիր եկել։
    ― Չէ․․․ իրենը մի քիչ տխուր պատմություն է։
    ― Ի՞նչ պատմություն, ― հարցրեց ավագ թոռը։

    Տատիկը մի խորը շունչ քաշեց, ու մի երկու բառով պատմեց, թե ոնց էր իր մտերիմը՝ Սվետան, հայտնվել այդ երկրում։ Աղջիկն էր այդտեղ արդեն տասնհինգ տարի ապրում։ Ռուսաստանում ամուսնուց բաժանվելուց հետո փոքրիկ տղայի հետ արտագաղթել էր։ Անցած տարի էլ սրտի անբավարությունից՝ հանկարծակի մահացել։ Սվետան էլ եկել էր աղջկան թաղելու ու թոռանը պահելու։ Սեղանի շուրջ բոլորը զգալիորեն ցնցվեցին։ Սուրիկը ուշքի գալով հարցրեց մորը․
    ― Բա Ռուսաստանում ի՞նչ էր անում, չի՞ ուզում թոռանը մոտը տանի։
    ― Մոսկվայում բիզնեսներ ունեն՝ ինքն էլ, ամուսինն էլ, բայց թոռը աուտիստիկ է, ինքն էլ ասում է․ ― «դե գիտե՛ս՝ մեր մոտ սենց մարդկանց ոնց են վերաբերվում, ո՞նց թոռանս տանեմ Ռուսաստան, ինքն էլ Ռուսաստանի անուն լսել չի ուզում»։

    Կարծես վերջապես քնից զարթնած լիներ ու շունչ հավաքելով, հարցրեց սկեսուրին․
    ― Բա թոռանը ո՞նց է պահում։
    ― Ինչքան հասկացա, ահագին բան կարողանում է թոռը ինքնուրույն անել։ Քոլեջում է ինչ-որ սովորում։ Սվետան է փորձում մեքենայով տանել-բերել, բայց մեկ-մեկ նույնիսկ ինքնուրույն տրանսպորտով է գնում։

    Այդ զրույցից հետո հաճախ էր մտածում Սվետայի, իր աղջկա ու թոռան մասին։ Մի անգամ Սվետան ցերեկով սկեսուրին հյուր էր եկել՝ թոռան հետևից քոլեջ գնալուց առաջ։ Իրեն հանդիպած ամենակենսուրախ մարդկանցից մեկն էր։ Այդ կինը իր միակ զավակին ջահել-ջահել կորցրել էր, իր ապրուստն ու բարքը թողել եկել էր այս օտար ու անծանոթ երկիր՝ լեզուն նույնիսկ կարգին չիմանալով, ու աուտիստիկ թոռանն էր խնամում․․․ և հիմա իր դեմը նստած զվարթ պատմում էր նորաթուխ իմիգրանտների համար լեզվի դասերից մեկին տեղի ունեցած մի ծիծաղաշարժ։ Ապշած էր։

    Մի օր էլ սկեսուրը ճաշի սեղանի շուրջ ասաց, որ Սվետայի ամուսինն է մի երկու շաբաթով եկել, և ուզում է Սվետային իր ամուսնու ու թոռան հետ ճաշի հրավիրել։ Գալու օրն երեխաները առավոտից ոոգևորված էին թոռան հետ հանդիպելու մտքից։ Ինքն էլ էր հետաքրքրասիրությամբ լցված։ Եկան։ Թոռը շատ պաշտոնական մեկնեց ձեռքը․
    ― Բարև ձեզ՝ Միքայել։
    ― Լիլիթ՝ համեցեք։

    Ճաշի սեղանի շուրջ փորձեց խոսացնել Միքայելին իր դասերի մասին։ Միքայելն էլ պատմեց, որ հաճախ տատիկն է տանում, այդ դեպքում ճանապարհը տևում է տասներկուսից մինչև տասնյոթ ու կես րոպե՝ նայած ճանապարհի խցանվածությանը։ Բայց երբեմն ինքն է տրանսպորտով գնում, երբ տատիկը զբաղված է լինում։ Իրենց բնակարանից մինչև կանգառ վեց հարյուր տասնյոթ քայլ է։ Ավտոբուսով տասնվեց կանգառ է մինչև քոլեջը։ Բայց երբեմն ավտոբուսը ուշանում է, ինչը լավ չի տանում՝ իր օրվա դասավորվածությունը դա շեղում է։

    Սուրիկը կողքից ուսումնասիրում էր կնոջ երկխոսությունը Միքայելի հետ։ Կարծես Լիլիթը փոխված լիներ՝ իր հարազատին գտած՝ երկար բաժանումից հետո։ Ինչքա՜ն համբերատար և ուշադիր էր լսում Միքայելի բոլոր-բոլոր պատմած մանրուքները, հատուկ տրամադրող տոնով հարցեր էր տալիս։ Լավ օր էր՝ բոլորի համար։

    ********************************

    Առավոտյան յոթն անց կեսին հնչեց զարթնացուցիչի ձայնը։ Լիլիթը բացեց աչքերն ու շշուկով ինքն իրեն հուշեց․
    ― Դեռ կա երեսունհինգ րոպե՝ երեխաներին դպրոցին պատրաստելու համար։

    Արթնացուցիչը անջատելուց հետո նստեց անկողնում, հագավ խալաթն ու հաբերը ընդունելուց հետո արտաբերեց․
    ― Տասնյոթ քայլ մինչև Արթուրի սենյակ, հետո վեց քայլ՝ մինչև Աննայի, հետո հինգ քայլ մինչև լոգարան։

    Երեխաներին արթնացնելուց ու լվացվելուց հետո հաշվեց նաև քայլերը դեպի խոհանոց, հատ-հատ արագ հաշվեց երեխաների շիլայի համար վարսակի գդալները, պահեց ժամանակ՝ շիլան եփելու։ Երեխաներին դպրոց ճանապարհելուց հետո շարունակեց իր հաշվարկված օրվա ռեժիմը․ կես դրույքով տնից աշխատանք, երեխաներին դպրոցից դիմավորել, ճաշի պատրաստություն․ այսօր կրկին Սվետան ու Միքայելը գալու էին հյուր՝ ճաշի։

    Պայմանավորված ժամին՝ և ոչ մի րոպե ուշ, դուռը թակեցին։ Լիլիթը Սվետայի հետ գրկախառնվելուց հետո դիմեց Միքայելին․
    ― Ինչպե՞ս է գերբանական իմ բարեկամը։
    ― Լավ։ Իսկ տխուր տանտիրուհին ինչպե՞ս է։
    ― Ձեզ տեսնելուց՝ ուրախ, ― երկուսն էլ գրեթե աննկատ ժպտացին։

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.06.2018), boooooooom (29.06.2018), ivy (29.06.2018), Mr. Annoying (01.07.2018), Ruby Rue (28.06.2018), Sambitbaba (28.06.2018), StrangeLittleGirl (28.06.2018), unknown (29.06.2018), Արէա (28.06.2018), Բարեկամ (28.06.2018), Մուշու (01.07.2018), Նաիրուհի (30.06.2018), Նիկեա (02.07.2018), Ուլուանա (04.07.2018)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ հիմա սաղ տեղն ընկավ

    Ի դեպ, մոտս դեժավյու ա։ Ռուս տատիկի ու աուտիկ թոռան մասին էլի չե՞ս գրել։

    Գաղափարը լավն էր շատ։ Միակ բանը, որ էնքան էլ դուրս չեկավ, Միքայելի մասին պատմությունն էր երրորդ մասում։ Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե էդ բոլորը ներկայացվեր երկրորդ մասի նման, իսկ վերջում ավելի կարճ նկարագրվեր բուն ճաշը Լիլիթենց տանը։
    Մի խոսքով, հոգեվիճակները շատ լավ ես բռնացրել։ Մենակ պատմելու տոնը մի քիչ էն չի։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (28.06.2018)

  7. #4
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ հիմա սաղ տեղն ընկավ

    Ի դեպ, մոտս դեժավյու ա։ Ռուս տատիկի ու աուտիկ թոռան մասին էլի չե՞ս գրել։

    Գաղափարը լավն էր շատ։ Միակ բանը, որ էնքան էլ դուրս չեկավ, Միքայելի մասին պատմությունն էր երրորդ մասում։ Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե էդ բոլորը ներկայացվեր երկրորդ մասի նման, իսկ վերջում ավելի կարճ նկարագրվեր բուն ճաշը Լիլիթենց տանը։
    Մի խոսքով, հոգեվիճակները շատ լավ ես բռնացրել։ Մենակ պատմելու տոնը մի քիչ էն չի։
    չէ, չեմ պատմել․․․ ու դա պատմություններից մեկն էր․․․

    եսիմ․․․ պատմելու տոնը միտումնավոր ա այդպիսին ընտրված․․․ մի քիչ քննարկելուց հետո կասեմ, թե ինչու, չեմ ուզում դեռ մատնել

  8. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմությունն ինձ էլ դուր եկավ, երրորդ մասը կարդացվեց հետաքրքրությամբ՝ անհամբեր, թե ինչով կավարտվի։
    Չնայած տեղ-տեղ անհարթություններին և լեզվական անճշտությունններին, զգացվում էր, որ "ջիղով" է գրված, ու այդ առումով՝ ստացված պատմություն է։ Ինչպես բոլոր քիչ, թե շատ ստացված պատմություններում, հավանաբար ահագին մաս իրական հիմք ունի։ Որոշ արհեստական պահեր կային խոսակցականում, լավ կլիներ՝ հղկվեին։

    Կնոջ հոգեվիճակն առանցքայինն էր պատմության մեջ, և լավագույնը դա էր ստացվել փոխանցել։

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.06.2018), Ծլնգ (28.06.2018), Նաիրուհի (30.06.2018), Ուլուանա (04.07.2018)

  10. #6
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր շատ, ինձ դուր եկավ:
    Քիչ անհասկանալի մնաց, Լիլիթն իր մեջ բացահայտեց աուտիստին, թե՞ Միքայելն ուղղակի մեկնած ձեռք էր խեղդվողին, բայց դա էական չէ. մեկ է, շատ լավն էր իդեան:
    Շնորհակալություն, Ծլնգ ջան:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.06.2018), Ծլնգ (28.06.2018), Ուլուանա (04.07.2018)

  12. #7
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր շատ, ինձ դուր եկավ:
    Քիչ անհասկանալի մնաց, Լիլիթն իր մեջ բացահայտեց աուտիստին, թե՞ Միքայելն ուղղակի մեկնած ձեռք էր խեղդվողին, բայց դա էական չէ. մեկ է, շատ լավն էր իդեան:
    Շնորհակալություն, Ծլնգ ջան:
    Սամ ջան, երրորդ մասի անվանումը պիտի այդ հարցում օգներ

    Շնորհակալ եմ գնահատականիդ համար։

  13. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, երրորդ մասի անվանումը պիտի այդ հարցում օգներ

    Շնորհակալ եմ գնահատականիդ համար։
    Չօգնեց...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ հիմա սաղ տեղն ընկավ

    Ի դեպ, մոտս դեժավյու ա։ Ռուս տատիկի ու աուտիկ թոռան մասին էլի չե՞ս գրել։

    Գաղափարը լավն էր շատ։ Միակ բանը, որ էնքան էլ դուրս չեկավ, Միքայելի մասին պատմությունն էր երրորդ մասում։ Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե էդ բոլորը ներկայացվեր երկրորդ մասի նման, իսկ վերջում ավելի կարճ նկարագրվեր բուն ճաշը Լիլիթենց տանը։
    Մի խոսքով, հոգեվիճակները շատ լավ ես բռնացրել։ Մենակ պատմելու տոնը մի քիչ էն չի։
    Դեժավյու չի․ անցյալ տարվա բլոգային քննարկումների մեջ կա էս պատմության մի հատված՝ մի քիչ ուրիշ ձևով։ Թե ոնց է մի ռուս տատիկ աղջկա հանկարծակի մահից հետո ստիպված լինում գնալ ԱՄՆ՝ աուտիկ թոռան մոտ, որտեղ իրեն միայն անախորժություններ են սպասում․․․

    Գտա էդ բլոգային գրառումը։
    Վերջին խմբագրող՝ ivy: 29.06.2018, 00:48:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.06.2018), StrangeLittleGirl (29.06.2018), Ծլնգ (29.06.2018)

  16. #10
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեժավյու չի․ անցյալ տարվա բլոգային քննարկումների մեջ կա էս պատմության մի հատված՝ մի քիչ ուրիշ ձևով։ Թե ոնց է մի ռուս տատիկ աղջկա հանկարծակի մահից հետո ստիպված լինում գնալ ԱՄՆ՝ աուտիկ թոռան մոտ, որտեղ իրեն միայն անախորժություններ են սպասում․․․

    Գտա էդ բլոգային գրառումը։
    փաստորեն պատմել էի․․․ ներող, @StrangeLittleGirl, լրիվ մտքիցս թռել էր

    ես էլ ասում եմ ինչու ինձնից անկախ գրվեց․ փաստորեն ահագին ժամանակ է խմորվում է մեջս․․․

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.06.2018), StrangeLittleGirl (29.06.2018)

  18. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատմությունն ինձ դուր եկավ նրանով, որ պատկերները շատ իրական են, ու կարծում եմ՝ հենց էդպես էլ կա․ իրականություն տարբեր պատառներ վերցված և իրար են միացված, էդպիսով սյուժեն թեև որպես ամբողջություն մտացածին է, իր կոմպոնենտներն այնուամենայնիվ իրական են։ Համենայնդեպս ես էդ զգոցողությունն ունեմ։
    Առաջին մասն ամենահաջողն է ամեն դեպքում։ Մի այլ կարգի սահունություն ունի, ոնց որ «գրիչ» կպած չլինի։

    Երրորդում ահագին հում տեղեր կան: Oրինակ սա․
    «Պատրաստ չէր սկեսուրի ներկայությանը տանը, ոչ էլ՝ նրա լուռ, բայց քննադատող հայացքին։ Հասկանում էր՝ Սուրիկն էլ գիտեր, որ ինքն ի վիճակի չէր հիմա երեխաներով զբաղվելու»։
    Առաջին մասում ամեն ինչ ցույց է տրված՝ առանց բացահայտ գրելու, թե ինչ էր էր մտածում կինը։ Էստեղ շարադրման ոճը փոխված է, ու կերպարի գործողություններով իր հոգեվիճակը ցույց տալու փոխարեն պարզ տողով գրված է, թե ինչ էր մտածում/հասկանում էդ պահին։ Ստեղծագործության նախկին թափը կոտրվում է սրանով։

    Բայց երրորդում նաև լիքը հեզիկ-մեզիկ սենտիմ քնքշանք կա, ու էդ շատ սիրունացնում է գործը։

    Կուզեի, որ կերպարները մի քիչ ավելի բացվեին։ Չնայած վերջն էլ մի ձև կարգին ավարտուն էր, թե էլ ինչ եմ քթիմազություն անում․․․

    Սովորաբար իդիլիայով լի ընտանեկան տեսարաններից ալերգիա ունեմ, դրան էլ գումարած՝ «ամուսին» բառը։ Բայց էս մեկում հավեսով կարդացի։ Երևի Ծլնգին շատ եմ սիրում, դրանից կլինի
    Վերջին խմբագրող՝ ivy: 29.06.2018, 10:48:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.06.2018), Mr. Annoying (01.07.2018), Ծլնգ (29.06.2018), Մուշու (01.07.2018), Նաիրուհի (30.06.2018), Ուլուանա (04.07.2018)

  20. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    "Մատեանը" դզեց...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (29.06.2018)

  22. #13
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատմությունն ինձ դուր եկավ նրանով, որ պատկերները շատ իրական են, ու կարծում եմ՝ հենց էդպես էլ կա․ իրականություն տարբեր պատառներ վերցված և իրար են միացված, էդպիսով սյուժեն թեև որպես ամբողջություն մտացածին է, իր կոմպոնենտներն այնուամենայնիվ իրական են։ Համենայնդեպս ես էդ զգոցողությունն ունեմ։
    Առաջին մասն ամենահաջողն է ամեն դեպքում։ Մի այլ կարգի սահունություն ունի, ոնց որ «գրիչ» կպած չլինի։

    Երրորդում ահագին հում տեղեր կան: Oրինակ սա․
    «Պատրաստ չէր սկեսուրի ներկայությանը տանը, ոչ էլ՝ նրա լուռ, բայց քննադատող հայացքին։ Հասկանում էր՝ Սուրիկն էլ գիտեր, որ ինքն ի վիճակի չէր հիմա երեխաներով զբաղվելու»։
    Առաջին մասում ամեն ինչ ցույց է տրված՝ առանց բացահայտ գրելու, թե ինչ էր էր մտածում կինը։ Էստեղ շարադրման ոճը փոխված է, ու կերպարի գործողություններով իր հոգեվիճակը ցույց տալու փոխարեն պարզ տողով գրված է, թե ինչ էր մտածում/հասկանում էդ պահին։ Ստեղծագործության նախկին թափը կոտրվում է սրանով։

    Բայց երրորդում նաև լիքը հեզիկ-մեզիկ սենտիմ քնքշանք կա, ու էդ շատ սիրունացնում է գործը։

    Կուզեի, որ կերպարները մի քիչ ավելի բացվեին։ Չնայած վերջն էլ մի ձև կարգին ավարտուն էր, թե էլ ինչ եմ քթիմազություն անում․․․

    Սովորաբար իդիլիայով լի ընտանեկան տեսարաններից ալերգիա ունեմ, դրան էլ գումարած՝ «ամուսին» բառը։ Բայց էս մեկում հավեսով կարդացի։ Երևի Ծլնգին շատ եմ սիրում, դրանից կլինի
    Իրականը միայն թոռ ու տատիկի իրականում գոյությունն էր թոռան՝ Միքայելի կերպարը հավաքական էր, հիմնված երեք իրական անձանց վրա, ու էլի, հա, չստացված․․․ ահագին դժվար բան է աուտիզմը բառերով փոխանցելը՝ այս գործի վրա հասկացա։ Լիլիթի կերպարը լրիվ հորինված էր, ու ինչպես արդեն ասեցի, մտահոգություն ունեի, որ առաջին մասն ու իր կերպարը մոտս չէր ստացվելու։ Բայց ստացվեց․․․ եսիմ, միգուցե և Լիլիթն ես եմ․․․

    Հում տեղեր կան, համաձայն եմ, բայց կոնկրետ նշածդ չեմ կարծում որ դրանցից է։ Առաջին մասում էլ նկարագրական բաներ կային, չնայած որ ավելի ալեգորիկ էին (անդունդ հրվելը, օրինակ)։ Կարող է այստեղ էլ ալեգորիաները օգնեին, բայց երրորդ մասը պիտի տարբերվեր առաջին երկուսից իր «նորմալությամբ», այնպես որ չգիտեմ կարելի կլինի այդ երկուսը միատեղել։

    Իդիլիայով ընտանիք այստեղ չկար։ Սուրիկը անկարող էր կնոջ հետ խոսել, իսկ Լիլիթը՝ երեխաների, զարմանում եմ, թե ոնց դա չէիր տեսել։ Երրորդ մասի քնքշանքը ես դեռ չեմ տեսնում․․․ ահագին տխրություն կա և մի քիչ հույս։ Բայց ահագին ուրախացել եմ, որ հոգեբան լինելով, այնուամենայնիվ առաջինը տեսել ես հեզիկ-մեզիկությունն ու իդիլիան։ Ուրեմն երրորդ մասն էլ, գործն էլ՝ ստացվել են։

    Գործում կան նաև ահագին սիմվոլիզմներ, որոնք թերևս աննկատ մնացին։ Դա էլ իմ մեղքն է, երևի, բայց ինձ դուր են գալիս, ու հուսով եմ, որ մի օր ինքս կվերադառնամ այս գործին ու կկարողանամ դրանք վերգտնել։

    Թե ինձ համար ինչ է այս գործը․․․ արդեն ասեցի, որ այն երեք պատմությունների միաձուլում է։ Պատմություններից մեկը այդ իրական տատիկն ու թոռն են․․․ մի օր դեռ ավելի ընդարձակ պիտի գրի առնեմ այդ պատմությունը․․․ երկրորդ պատմությունն առաջին մասում էր․ ուզում էի ուժերս փորձել դեպրեսիա նկարագրելում․․․ այդտեղ շատ կարևոր էր առավոտյան երեխաների ձայնին կերպարի արձագանքը։ Իմ համեստ կարծիքով կարողացա անել այն ինչ փորձում էի․․․ իսկ երրորդ պատմությունը հենց ինքը գործն է․․․ ու գործի անունն է՝ Նեյրոբազմազանություն։ Արդեն վաղուց է մտածում էի մի գործ գրել, որը կնկարագրի նեյրոտիպիկից տարբերվող նորմալություն։ Ու կարծում եմ, որ դեռ ամբողջ աշխարհում ահագին բան ունենք անելու այդ սոցիալական նեյրոբազմազանության ընդունելի դարձնելու համար։ Ու սա չեմ ասում որպես ինքս դրան հասած․․․ ոչ, ամենևին։ Այս թեման ինձ նաև թանկ է նրանով, որ շատ ուշ եմ սրան հասել, ու դեռ ահագին ֆոբիաներ ունեմ իմ պատկերացումների ու ենթագիտակցական կողմնակալության պահով։

    Շատերը դիմակի թեմայում ասեցին, որ գործը օրագրային էր, լեզուն գեղարվեստական չէր․․․ սա միտումնավոր էր՝ թեմայի լուսաբանման գործում։ Իմ խնդիրն առաջին հերթին նեյրոտիպիկությունից տարբերվող մարդկանց նորմալությունը ցույց տալն էր, որ իրենք ունեն օրագրային կենցաղ, ոչ-գեղարվեստական ընտանիքներ, արտագրքային հարաբերություններ․․․ բայց նաև շատ հպարտ եմ, որ այդ օրագրայինի հետ մեկտեղ գործը համարվեց նաև գեղարվեստական։

    Ինչի՞ գործը ներկայացվեց այնպես, ինչպես ներկայացվեց․․․ սկզբից ուզում էի մենակ առաջին մասը դնել, քանի որ նեյրոբազմազանության մասին զրույց սկսելուց առաջ արդյունավետ է ցույց տալ այդ «single story»-ի առկայությունը։ Եվ դա իմ կարծիքով եղավ։ Բայց քանի որ նաև հնչեցին կարճության մասին գնահատականներ, որոշեցի նաև երկրորդ մասն էլ ավելացնել՝ որպես հուշում, որ գործը ավելին է, քան մի կոնկրետ կերպարի «դեպրեսիվությունը»։ Ու կարծես թե երկրորդ մասի շուրջն էլ «single story» ձևավորվեց, բայց և չնկատվեց այդ երկու մասերի ընդհանուր գիծը․․․ չնայած ահագին հետաքրքիր էր կարդալ զանազան վարկածները, թե ինչպես են իրար հետ առաջին ու երկրորդ մասերի կերպարները կապված։ Հա ի դեպ, սիմվոլիզմներից մեկը բացահայտեմ․․․ առաջին ու երկրորդ մասերում հիմնական կերպարների անունները չեն տրվում, ու նույնիսկ առաջին մասում երկրորդական կերպարների անուններ են տրվում։ Առաջին երկու մասերում կերպարները պիտի անանուն մնային, որպես իրենց «single story»-ի անբաժան կողմ, որպես լիքը անանուն բայց նույնական միաձև դեպրեսիվներ ու հիպերռացիոնալ աուտիկներ։ Ու իրենց անունները երրորդ մասում բացահայտվում է հենց իրար հանդիպելիս։ Սա արմատային է գործում, քանի որ իրենք մտերմանում են հենց իրենց նեյրոատիպիկության շուրջ, ու իրենք առաջիններն են, որ միմյանց որպես լիիրավ անձ են ընկալում՝ անուն միմյանց հետ կիսում ու միմյանց անունով դիմում։

    Հուսով եմ, որ շատ չեք զայրանում նրանից, որ գործը աստիճանաբար մատուցեցի․․․ ես էլ էի ուզում ստուգել, թե ինչքանով է հաջողվել ստանալ այն, ինչ ուզում էի։ Անվանումը չբացահայտելն էլ փորձ էր հասկանալու, թե երրորդ մասով ընթերցողը կհասկանա, որ գործը նենց նեյրոատիպիկության նորմալության մասին է, թե ոչ։ Այստեղ կարծես թե այնքան էլ չեմ հաջողել․․․ բայց դե դա էլ կարելի է հուշել անվանմամբ։ Մասերի անունների սիմվոլիզմի չբացահայտվելուց էլ եմ մի քիչ տխրել․․․ բայց դե միգուցե դա արդեն չափից շատ կլիներ ակումբային գործի համար սպասելը։

    Դեռ ուզում եմ գործի վրա աշխատել․ առաջին գործս է, որը կուզենայի լույս տեսներ պարբերականում։ Սովորաբար բավական անտարբեր եմ գրածներիս հետագա կյանքի նկատմամբ, քանի որ գրում եմ գրելու ցանկությունս ու պահանջս բավարարելու համար։ Բայց այս գործի ուղերձը կարևորում եմ այնքան, որ ուզենամ հավելյալ ջանք գարծադրել՝ այն տպագրության հասցնելու համար։ Եթե արդեն տպագրված մարդիկ չեն ալարի ինձ օգնել այս գործում, շատ շնորհակալ կլինեմ (թեկուզ «չարժի՛» խորհրդով․․․ թե այդպես եք գտնում)։

    Կարծես շատ բան բաց չեմ թողել․․․․

    Հ․Գ․
    @ivy, խնդրում եմ այս ու հարակից թեմաների «դեռ անանուն»-ը փոխարինել «Նեյրոբազմազանություն»-ով (երկրորդ տարբերակի թեմայում նաև մոռացել եմ «Արձակ» ձևաչափը նշել, խնդրում եմ դա էլ շտկի)։

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (29.06.2018), Mr. Annoying (01.07.2018), Ուլուանա (04.07.2018)

  24. #14
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, մի կարևոր բան բաց եմ թողել․․․ առաջին երկու մասը կարդալուց «single story» ձևավորելուց հետո երրորդ մասը պիտի այդ միակողմանի ստերեոտիպները ջարդեր (դեպրեսիա ունեցողներին միայն որպես դեպրեսիվ տեսնելն ու հիպերռացիոնալ աուտիկին մենակ որպես հակասոցիալ OCD-ոտ ռացինոլ տեսնելը)։ Ու սրա ջարդելը փորձել եմ անել asset-based նկարագրությամբ։ Ստերեոտիպների մեծամասնությունը հիմնված են deficiency-based միատեսության վրա։ Այսինքն այդ դեպքում նեյրոատիպիկներին որակում ենք հենց որպես նեյրոտիպիկությունից տարբերությամբ և դրա հիման վրա «պակաս» ունեցող։ Իսկ երբ մարդուն նկարագրում ես իր արժեքների տեսանկյունից, ապա ինչպես Ադիչին է ասում՝ you have a completely different story։

    Իհարկե գործի ծավալների մեջ չէի կարող շատ արժանիքներ նկարագրել, բայց Միքայելի կազմակերպվածությունը այդպիսի արժանիք էր, որն որպես նվեր տրվեց Լիլիթին։ Իսկ Լիլիթի արժեքն այն էր, որ ինքը Միքայելին ավելի լավ էր զգում, ու պատրաստ էր Միքայելի հետ Միքայելի պայմաններով (ձեռնտու ձևաչափով) շփվել ու իրեն այդ սոցիալիզացիայի նվերը տալ, ի հակառակ նեյրոտիպիկների խույս տալուն։

    Սրա մասին մի փոքր դրվագ եմ ուզում պատմել․․․ շատ վաղուց Շոահի մասին մի վավերագրական հաղորդում էի դիտել հեռուստացույցով, որտեղ մի տարեց կին պատմում էր կենտրոնացման ճամբարում իր փորձից։ Ամբողջ ընտանիքով ճամբարում էին՝ տարբեր մասերում։ Ու պատմում էր, թե ինչքան գեղեցիկ մազեր ուներ, ու որպես երեխա ինչքան էր հպարտանում այդ մազերով։ Պատմում էր այնպես, որ լրիվ պատկերացնում էիր այդ մազերն ու այդ մազերը կրող սիրուն աղջնակին։ Հետո էլ ասաց, որ ճամբար հայտնվելուց ու ծնողներից և ավագ քույրերից առանձնացվելուց հետո գլուխը խուզել էին։ Սա էլ նենց պատմեց, որ ոնցոր մեջս մի բան կոտրվեր։ Ինքն էլ ասում էր, որ երեխա էր, բան չէր հասկանում կողքերը կատարվողից, բայց այդ մազերի կորուստը ամենաշատն էին այդ օրերին իր վրա ազդում, ու լրիվ ընկճված էր դրանից։ Հետո մի օր բակում իրենց ու իրենից տարիքով ահագին մեծ քրոջ շարքերը հանկարծակի իրար էին հանդիպել, ու ինքը քրոջ տեսնելուց իրեն էլ ավելի վատ էր զգացել, քանի որ անջատվելուց հետո առաջին անգամ հանդիպելիս ինքը տգեղ ու ճաղատ էր։ Իսկ քույրը բարի ժպիտով իրեն էր նայել, ու միակ բանը որ ասել էր՝ ինչքա՜ն մեծ ու գեղեցիկ աչքեր ունես․․․ իրենից բացի ընտանիքից ոչ ոք կենդանի դուրս չէր եկել այդ ճամբարից, ինքն էլ ասում էր, որ այդ քրոջ իր աչքերի գեղեցկությունը նշելն էր փրկել իրեն․․․

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (29.06.2018), Mr. Annoying (01.07.2018), Նաիրուհի (30.06.2018), Ուլուանա (04.07.2018)

  26. #15
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ բարդ կերպար ես դու Ծլնգ:
    Բայց մի բան հաստատ կարող եմ փաստել.
    Ակումբը քո վրա դրական ա ազդում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •