Մինչ հարևան թեմայում քննարկվում է մեր օնլայն վարքագծի վերահսկումը գովազդային ընկերությունների և հատուկ ծառայությունների կողմից ու արդյո՞ք դա մարդու ազատարար իրավունքների ոտնահարում է, թե ոչ, առաջարկում եմ այստեղ քննարկել «Big Data»-ի շահագործման մեկ այլ եղանակ:
Սոցիալական կրեդիտային համակարգի պիլոտային տարբերակը Չինաստանում սկսվել է միլիոնավոր մարդկանց համար գործարկվել դեռ 2014թ.-ից:
ՈՒ նախատեսվում է, որ 2020թ.-ին այն արդեն լիարժեք պետք է գործելուց լինի ողջ երկրի տարածքում ու այն պարտադիր է լինելու բոլորի համար:
Համաձայն կառավարական փաստաթղթի՝ «վստահությունը պահպանել հիանալի է, իսկ այն կորցնելը՝ ամոթալի»:
Ներկա փուլում համակարգը մտցվում է մաս առ մաս ու որոշ տեղերում այն ղեկավարվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոշ տեղերում էլ՝ մասնավոր տեխնիկական պլատֆորմների, որտեղ պահվում են մարդկանց անձնական տվյալները:
Անհատի սոցիալական կրեդիտը, ըստ համակարգի, կարող է ինչպես բարձրանալ, էնպես էլ՝ ցածրանալ՝ կախված իր պահվածքից:
Բալերը հաշվելու ճշգրիտ մեթոդը գաղտնի է, բայց դրանց վրա կարող են ազդել օրինակ վարորդի կատարած խախտումները, չծխողների համար նախատեսված վայրերում ծխելը, մեծ քանակությամբ վիդեոխաղերի գնումը, ինտերնետում ֆեյք լուրերի տարածումը և այլն:
6 ամենատարածածված արգելքները՝ համաձայն Չինաստանում սոցիալական կրեդիտավորման համակարգի.
1. Ինքնաթիռով և գնացքով երթևեկելու արգելք:
Չինաստանում արդեն գործում է մարդկանց տեղաշարժը սահմանափակող տուգանքի տեսակը:
Օրինակ՝ Channel News Asia-ի փոխանցմամբ ս.թ. մարտին արդեն 9մլն ցածր բալերով քաղաքացիների արգելվել է ձեռք բերել ներքին ավիաթռիչքների տոմսեր, իսկ 3մլն քաղաքացու համար էլ արգելափակվել է գնացքների բիզնես-կլասերում տոմս ձեռք բերելու հնարավորությունը:
«Վատ քաղաքացիների» հնարավոր «մեղքերից» են օրինակ առանց տոմսի երթևեկության փորձերը, գնացքի մուտքի դռան մոտ աննպատակ երկար մնալը ու չծխողների համար նախատեսված վայրերում ծխելը:
2. Ինտերնետի արագության սահմանափակում:
Մասնագետների խոսքով՝ այս սահմանափակման գործելու մեխանիզմը դեռևս պարզ չէ:
Բայց, համաձայն Foreign Policy-ի, սոցիալական կրեդիտավորման համակարգը ստուգելու է օրինակ, թե արդյո՞ք մարդիկ ժամանակին են կատարում իրենց մուծումները:
Քննարկվում են նաև այնպիսի «հանցանք»-ներ, ինչպիսիք են օրինակ վիդեոխաղերի վրա երկար ժամանակի վատնումը, անիմաստ բաների վրա մեծ գումարների ծախսը, ֆեյք լուրերի ինտերնետում տարածումը՝ առավել ևս տեռորիստական հարձակումների մասին սուտ լուրերը և այլն:
3. Տուգանվողի (կամ նրա երեխեքի) հանդեպ լավագույն դպրոցներում ուսանելու արգելք:
Օրինակ 17 երիտասարդի արդեն արգելվել է սովորել ԲՈՒՀ-ում կամ օգտվել ավիաթռիչքներից՝ այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են զինվորական ծառայությունից:
Քննարկվում է նաև ցածր սոցիալական կրեդիտով ծնողների երեխաներին արգելելը ուսանել բարձր որակավորմամբ մասնավոր դպրոցներում:
4. Լավ աշխատանքի ընդունվելու արգելք:
Ցածր սոցիալական կրեդիտով մարդկանց նաև կարգելվի աշխատել պետական հիմնարկներում ու մեծ բանկերում:
Սոցիալական կրեդիտի վրա շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ նաև այնպիսի «մեղք»-եր, ինչպիսիք են խարդախությունն ու այլոց ունեցվածքի յուրացումը:
5. Բարձրակարգ հյուրանոցներում կանգառի արգելք:
Զինվորական ծառայությունից հրաժարված անձանց կարգելվի նաև հանգստանալ որոշ տոների ժամանակ ու հանգրվանել բարձրակարգ հյուրանոցներում:
Բայց հետաքրքիր է, որ համակարգը ոչ միայն պատժում է մարդկանց, այլև՝ պարգևատրում:
Օրինակ բարձր սոցիալական կրեդիտով քաղաքացիների համար ավելի մեծ է հավանականությունը գործուղման մեկնելու կամ վիզա ստանալու:
Իսկ Պեկինի մի բնակչուհի էլ շատ հարմարավետ է գնահատում համակարգը, քանի որ ինքն իր բարձր բալերի հաշվին հնարավորություն է ունեցել հյուրանոցում սենյակ ամրագրել առանց կանխավճարի:
6. «Վատ քաղաքացի» հրապարակային պիտակով կյանքի դատապարտում:
Հրապարակային ամոթանք տալով հոգեբանական ճնշումը նույնպես ընկած է այս համակարգի քաղաքականության հիմքում:
Օրինակ 2016թ. կառավարական հռչակագրով ընկերություններին խորհուրդ է տրվում ստուգել անձի «սև ցուցակում» լինելու հանգամանքը՝ մինչ նրան աշխատանքի ընդունելն ու նրա հետ պայմանագիր ստորագրելը:
Այնուամենայնիվ, մինչև այդ «սև ցուցակում» հայտնվելը, քաղաքացին պետք է դրա մասին ծանուցում ստանա դատարանից ու իրավունք ստանա վիճարկել այն 10 օրերի ընթացքում՝ ծանուցումը ստանալուց սկսած:
Անհայտ է, թե երբվանից կսկսի այս «սև ցուցակ»-ը լիարժեք գործել, բայց դրա նախատիպն արդեն կա ու օգտագործվում է մարդկանց պատժելու նպատակով՝ ներառելով իր մեջ առանձին անհատների, նրանց id-համարների ու որոշ ընկերությունների անվանումների:
Բայց գոյություն ունի նար «լավ քաղաքացիներ»-ի ցուցակ, որում հայտնվելով, մարդիկ հնարավորություն են ստանում օրինակ ավելի շատ ծանոթություններ ձեռք բերելու՝ համապատասխան կայքերում:
Վերը մեջբերածս BBC-ի նույն հղումը հայտնում է, որ Չինաստանում ամենատարածված ծանոթությունների կայքը դա Baihe-ն է, որը բարձրացնում է «լավ քաղաքացիներ»-ի ռեյտինգը:
Վերջինները նույնպես զեղչեր կարող են ստանալ օրինակ էլեկտրաէներգիայի վճարների համար, վարձակալել ապրանքներ առանց կանխավճարի, բանկերում ստանալ ավելի բարձր տոկոսադրույք և այլն:
Այսպիսի առավելություններ ստացել են օրինակ արևելյան Չինաստանում գտնվող Ռոնչեն քաղաքի բնակիչները, ուր քաղաքային խորհուրդը ներդրել է համակարգը:
Թեև Human Rights Watch-ը համարում է այս համակարգը «վախեցնող», բայց որոշ քաղաքացիների կարծիքով այն մարդկանց ավելի լավն ու օրինապաշտ է դարձնում:
Օրինակ՝ ասում են, որ հիմա շատ վարորդներ սկսել են անցորդներին ճանապարհ զիջել անցումների մոտ, քանի որ հակառակ դեպքում կկորցնեն միավորներ:
Ինչպիսի՞ կարծիքներ կան սոցիալական կրեդիտավորման չինական այս համակարգի վերաբերյալ:
Էջանիշներ