ՀՀ Ազգային ժողովը Բաղրամյան 19-ում գտնվող բոլորին հայտնի նստավայրից դուրս նիստ գումարելու իրավունք չունի՛։ Չէ, ես իրավաբան չեմ, բայց տրամաբան եմ
Դե հլը ստեղ աշեք։ Ուրեմն Սահմանադրությունն ասում է, որ «Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Ազգային ժողովը գործում է իր կանոնակարգին համապատասխան»: (Սահմանադրություն, հոդված 88, կետ 4 և 5)։ Այսինքն Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձևավորման և գործունեության կարգը կարող է սահմանվել միայն էս երկու փաստաթղթով՝ Սահմանադրությամբ և Ազգային ժողովի կանոնակարգով։
Բացում ենք #Հրայրռադէղի Թովմասյանի խզբզած սահմանադրությունը և փնտրում ենք ԱԺ-ի նիստը այլ վայրում անցկացնելու մասին որևէ դրույթ։ Չկա։ Կա ոչ, ձեզ մատաղ։
Դառնում ենք ԱԺ կանոնակարգ օրենքին։ Եթե 2002թ-ին ընդունված և մինչև 2016թ գործած ԱԺ կանոնակարգ օրենքի հոդված 4-ը հստակ սահմանում էր հետևյալը՝ «Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երեւան քաղաքում, Ազգային ժողովի նստավայրում՝ Բաղրամյան 19: Այլ վայրում նիստ կարող է գումարվել միայն Ազգային ժողովի որոշմամբ կամ, դրա անհնարինության դեպքում, Հանրապետության Նախագահի հրամանագրով», ապա 2016թ-ի դեկտեմբերին ընդունված և ներկայումս գործող ԱԺ կանոնակարգ օրենքում որևէ բան չկա ԱԺ-ի նիստերի՝ բոլորիս հայտնի վայրից բացի մեկ այլ վայրում անցկացնելու մասին։ Փոխարենը 6 անգամ օգտագործվում է «ԱԺ նստավայր» արտահայտությունը, երբ սահմանվում են ԱԺ շենքում անվտանգության կանոնների ու դրանց հետևելու պարտականության, ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի վայրի, ԱԺ-ում ասուլիսների անցկացման կարգի, ԱԺ-ում աշխատանքները լուսաբանելիս լրագրողների գտնվելու վայրի և խմբակցությունների գործունեության համար անհրաժեշտ միջոցների ապահովման մասին դրույթները։
Սահմանադրության հոդված 6-ի կետ 1-ն էլ նշում է հետևյալը՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: Իսկ մենք տեսանք, որ ո՛չ ՀՀ Սահմանադրությունը, ո՛չ ԱԺ կանոնակարգ օրենքը որևէ կերպ չեն սահմանում ԱԺ նիստերը ԱԺ «նստավայրից» դուրս այլ վայրում անցկացնելու հնարավորություն։ Հետևաբար՝ դա անելը արգելվում է։
Էնպես որ շարունակեք պատրաստվել Անկախության և ազատության երկշաբաթյա համազգային ճամբարին, որը կմեկնարկի ԱԺ նստավայրի շուրջ բոլորն ու դրան հարող բոլոր տարածքներում՝ վարչապետի հրաժարականին հետևող հաջորդ վայրկյանից։
Հ․Գ․ Եթե ինչ-որ բան բաց եմ թողնում, իրավաբան ընկերներիս խնդրում եմ ուղղել, մեկնաբանել։
Էջանիշներ