Անցողիկ շեմի իջեցում, ռեյտինգային ցուցակների վերացում. Ընտրական օրենսգրքի նախագիծը պատրաստ է
8 հոկտեմբերի 2018 - 13:48 AMT
PanARMENIAN.Net - Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծով ԱԺ ընտրությունների ընթացքում թեկնածուների տարածքային (ռեյտինգային) ցուցակներ չեն լինի, պարզ համամասնական ընտրակարգի կընդունվի: Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
Նախագծով վերացվում են կոալիցիաների ձևավորման սահմանափակումները: Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմը կիջնի. ԱԺ մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4%, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6% կողմ քվեաթերթիկներ:
Բարելավվում են նաև ցուցակներում կանանց ներկայացվածության չափորոշիչները:
Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումն է:
ՀՀ Կառավարության 2018 թվականի ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։
Էջանիշներ