Փոխել տնտեսական վարքագիծը
Կառավարության ներկայացված ծրագրում հաստատ կան բացեր, սխալներ, «հում»՝ չմշակված դրույթներ եւ այլն: Բայց ընդհանուր գաղափարախոսությունը, որը ԱԺ ամբիոնից ներկայացնում է վարչապետը, իմ կարծիքով, ճիշտ է. տնտեսական զարգացումը պետք է հիմնվի մեր՝ քաղաքացիներիս տնտեսական, կասեի նաեւ՝ քաղաքացիական վարքագծի վրա:
Այդ առումով, այո, անգամ թոշակառու տատիկը պետք է ՀԴՄ կտրոն պահանջի ցանկացած առեւտուր անելուց, հարկեր պետք է մուծեն բոլորը, այդ թվում՝ փաստաբաններն ու երգիչները (այլ հարց է, թե ինչպես է պետք դա կազմակերպել), առանձին ընկերություններ չպիտի մաքսային եւ հարկային արտոնություններ ունենան, ինչպիսի գեղեցիկ ձեւակերպումներով էլ իրենց ցանկությունները հիմնավորեն, մայրաքաղաքի փողոցները պետք է ազատ լինեն գետնին փռված մթերքից:
Նման կտրուկ քայլերը հաստատ բոլորի կողմից ծափահարությունների չեն արժանանա, կլինեն դժգոհներ, շատ հնարավոր են նաեւ էմոցիոնալ արձագանքներ. «Բա ինչ անե՞նք: Թողենք, գնա՞նք էս երկրից: Գնանք Թուրքիա՝ մարմնավաճառությա՞մբ զբաղվենք: Ադրբեջանից քաղաքական ապաստա՞ն ուզենք»: Այս սրտաճմլիկ հռետորաբանությանը հեղափոխությունից առաջ տուրք էին տալիս որոշ կայքեր, սոցցանցերի օգտատերեր եւ, իհարկե, այն ժամանակվա պոպուլիստական ընդդիմությունը՝ «տեսնում եք, ինչ են անում խեղճ ժողովրդի հետ»: Անցած լինի: Հիմա ժամանակն է հաստատել չոր, անողոք, «կույր» կանոններ, որոնք կընդունվեն մեկընդմիշտ եւ բոլորի կողմից կպահպանվեն սրբորեն:
Եվ իսկապես պետք է անկեղծ լինենք ու խոստովանենք, որ, օրինակ, առեւտրականների նման ցույցերը հաճախ կազմակերպում են տոնավաճառների տերերը, որոնք պարզապես չեն ուզում հարկեր մուծել եւ «առաջին գիծ» են ուղարկում իրենց աշխատողներին, իրենցից կախում ունեցող մարդկանց: Այնպես որ, այդ «ժողովրդական բողոքների» տարերայնության վերաբերյալ ես նույնպես կասկածներ ունեմ:
Նախորդ երկու տասնամյակների ընթացքում իշխանությունը հաճախ հետքայլ էր կատարում իր՝ այս դեպքում միանգամայն ճիշտ որոշումներից: Ուրիշ տարբերակ չուներ՝ լեգիտիմության ցածր աստիճանը, օլիգարխիայի (այդ թվում՝ ներմուծողների եւ տոնավաճառների տերերի) հետ «փոխկապակցված» լինելն այլ ելք չէր թողնում: Հիմա այս գործոնները չկան, եւ, հետեւաբար, պետք է արագ կարգի բերել այս ոլորտները: Թե չէ հետո, վախենամ, նմանատիպ գործոններ դարձյալ ի հայտ գան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Էջանիշներ