Ինչքան մեծանում եմ, էնքան ավելի լավ եմ հասկանում, որ հարաբերությունները, ինչ տիպի էլ լինեն, չարժի երբևէ "for granted" (որպես ինքնըստինքյան տրված) ընդունել։
Տարիքի հետ էնքան մարդիկ են ավելանում կյանքում, որ հարաբերությունները / կոնտակտները դառնում են ընտրության հարց, քանի որ ժամանակն ու մնացած ռեսուրսները սահմանափակ են (և սրա գիտակցումն էլ է ավելանում տարիքի հետ)։
Ավելին, նույնիսկ մտերիմ / սիրային / զուգընկերային հարաբերությունները չարժի որպես «ինքնըստինքյան տրված» ընդունել․ մարդն ամեն օր որոշում է քեզ հետ լինել, իր կյանքի հատվածը քեզ հետ անցակցնել, իր անձնական ժամանակն ու ուշադրությունը քեզ տալ, սա արժի խորապես գնահատել և շնորհակալ լինել դրա համար։
Ինձ թվում է, սա հաճախ կարող է խնդիր առաջացնել երկարատև հարաբերություններում․ մարդիկ սովորում են մեկը մյուսի ներկայությանը իրենց առօրյայում, ու դրա արժևորումը թուլանում է կամ ընդհանրապես անհետանում, մարդու ներկայությունը սովորական բան է դառնում։ Ու կողքի մարդը սկսում է դադարել իրեն կարևոր զգալ։ Գուցե կան մարդիկ, ովքեր դրա հետ ոչ մի խնդիր էլ չունեն, իրենք էնքան ինքնաբավ են, որ ոչ կարևորման, ոչ արժևորման, ոչ էլ վալիդացիայի կարիք ունեն, բայց դե թերապևտիկ կոնտեքստում հայտնված զույգերի մոտ սովորաբար առնվազն մեկը ունի դրա հետ խնդիր։
Բայց դե հեռանանք թերապևտիկ կոնտեքստից, գրեմ իմ մասին։
Մարդիկ շատ են, ահավոր շատ, ու հնարավոր չի բոլորին կյանքում տեղ տալ։ Սա հիմա ամուր նստած է իմ պատկերացման մեջ ու խորացնում է մարդկանց հետ անցկացրած պահերի արժևորումը՝ փոքր չաթերից մինչև իրական հանդիպումներն ու պարբերաբար թարմացվող հարաբերությունները, էլ չասած՝ երկարատև հարաբերությունների մասին։ Դուք ընտրում եք ժամանակ և էներգիա ներդնել միմյանց համար․ սա շատ արժեքավոր է ու գնահատման արժանի։
Բացի դրանից, այլևս չի անհանգստացնում ուրիշների հետ կապերի բացակայությունը։ Ավելին, սա հիմա ընդունում եմ հանգիստ ու նեյտրալ․ դու հարյուրներից / հազարներից մեկն ես, ու դու չես կարող բոլորի համար առաջնահերթություն / ընտրություն լինել, ինչպես շատերը չեն կարող քեզ համար ընտրություն լինել։ Սա նույնիսկ կապված չի նրա հետ, թե ոնց ես վերաբերվում մարդուն կամ ոնց է ինքը քեզ վերաբերվում (ու դու բացարձակ տեղյակ էլ չես՝ ինչ է կատարվում ուրիշ մեկի գլխում)․ միմյանց հետ կապը չի տեղավորվում ձեր կյանքում, ու սա օքեյ է։
Սրա մասին անհանգստանալու, մտավոր էներգիա ու էմոցիաներ ծախսելու փոխարեն, կենտրոնանում եմ էն ամեն վրա, ինչ ունեմ, արժևորում, գնահատում ու շնորհակալությամբ եմ լցված ինձ էսօր բաժին հասած հարաբերությունների, կապերի ու կոնտակտների համար։ Սա ինքնըստինքյան տրված չի։
Էջանիշներ