Ժողովուրդ, պետք չի ակնկալել, որ մի երկրում, որտեղ համարյա 30 տարի ավազակապետություն է եղել, պիտի միանգամից իշխանության գար մի քաղաքական ուժ, որ 1 տարում ամեն ինչ պիտի դներ իր տեղը։
Մեր ներկայիս օրենսդիրն ու գործադիրը օդից չեն ընկել՝ ծնվել են հենց մեր նույն 30 տարի կեղեքված ժողովրդից։ Մի՞թե կարծում եք, որ էդ 30 տարիները, էլ չեմ ասում դրանից առաջվա սովետը ոչ մի ազդեցություն չի ունեցել մարդկանց մտածելակերպի ու գործելակերպի վրա։
Էն, որ իշխող քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչներ կարող են ջայլամի քաղաքականություն վարել՝ դա էլ է նորմալ, կուրորեն պաշտպանելու են իրենց առաջնորդին՝ նորմալ է։ Քննադատություն չեն ընդունելու՝ նորմալ է։ Ձախողումներ նույնպես լինելու են՝ անթերի բան չկա։ Էս ամենի մեջ որևէ մահացու բան չկա, քանի դեռ ժողովուրդը զգում է, որ իրեն չեն զրկել իր ազատությունից, ինչպես նախկինում էր։
ԻՀԿ, ներկայիս կառավարության գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանը 1 կամ 5 տարում դրախտ սարքելն է, որն ուղղակի անհնար է ժողովրդավարական կառավարման մեխանիզմի պարագայում, այլ այն, որ ժողովրդի կեղեքված ու խեղված մտածելակերպի փոփոխության սաղմերը գցեն՝ մարդիկ սկսեն հավատալ ու զգան, որ էս երկրում կարող է արդարություն լինել, կարող է պետական շահերը անձնականից վեր դասող լինել, մարդիկ սկսեն հասկանալ, որ եթե ուզում ես լավ կյանքի հասնել, ապա ինքդ նույնպես պիտի դրա համար գործ անես, քո ներդրումն ունենաս։ Սա է ամբողջը։
Նիկոլը պոպուլիստական կամ ամբոխահաճո խոսքե՞ր է ասել։ Ասենք թե ասել է (ԻՀԿ ասել է)։ Բայց ո՞վ ասեց, որ դա վատ բան է։ Ժողովրդի ոգին բարձրացնելը վա՞տ է։ Այլ հարց է, թե ինչպես կկարողանան դա կիրառել իրական դաշտում։
ԻՀԿ շատ ավելի վատ բան է դատարկ քննադատությունը։
Հ․Գ․
ԻՀԿ, նոր ժողովրդավարական Հայաստանի կառուցման համար, նախկին ռեժիմների "փորձը" հաշվի առնելով, անհրաժեշտ առաջնային քայլերն են՝ սահմանադրության փոփոխությունը, ընտրական օրենսգրքի փոփոխությունը և դատաիրավական համակարգի մաքրումը կեղտից։ Այսինքն՝ քաղաքացու և պետության շահերը պաշտպանող մայր և հիմնարար օրենք-փաստաթուղթ, իսկապես ժողովրդի կամքն արտահայտող օրենսդիր և օրենքը պաշտպանող և պարտադրող մաքուր մարմիններ։ Եթե 5 տարում կարողանան գոնե սա իրականացնել, ապա հիրավի հերոս են։
Էջանիշներ