Շնորհակալություն Ծլնգին՝ վրիպումը նկատելու համար․ իրականում գլխավոր փուլ անցնելու շեմին գտնվող (բայց չանցած) աշխատանքները ութ հատ չէին, այլ ինը։
Դրանցից վերջինը, որի վերնագիրը մոռացել էի տեղադրել նախորդ գրառման մեջ, գրել էր մեր ամենակրտսեր մասնակիցներից մեկը՝ 12 տարեկան Վահրամը։
Նրա ամբողջ աշխատանքը դնում եմ էստեղ․
Թեև փոքրիկ, բայց անհանդուրժող քայլը մեր
Բարև բոլորին: Ես Վահրամն եմ, տասներկու տարեկան: Տեսա, որ քույրս մասնակցում է մրցույթին, ցանկացա ինքս էլ փորձել, չգիտեմ, որքանով կստացվի, բայց կփորձեմ:
Բոլորն անհանգիստ էին, մարդիկ դուրս էին եկել փողոց, ուսանողները ճանապարհներ էին փակում, բայց գիտե՞ք ինչն էր ինձ զարմացնում, մեծերի հանգստությունը: Տատիկս ու պապիկս շուկայում էին եղել ողջ գիշեր, չէին կարողացել վաճառել իրենց աշխատանքի արդյունքը, առավոտյան, երբ ցանկացել էին տուն վերադառնալ անհաջող առևտրից դժգոհ, հանկարծ ճանապարհներն էին փակվել և ողջ գիշեր անքուն մնալուց հետո, այս անգամ էլ մնացել էին ճանապարհին և չէն կարողացել տուն հասնել: Բայց շա՜տ զարմացա, որ ամեն ինչից դժգոհ ու փնթփնթան տատիկս և մռայլ, լուռ ու հոգնած պապիկս այս անգամ չէին դժգոհում ուրախ էին, համաձայն ճանապարհ փակողների հետ և ասում էին, որ այդպես է պետք, ոգևորում և ոգևորվում էին, այդ օրերին կարծես բոլորն էին գոհ ճանապարհների փակվելուց և ոչ- ոք դժգոհ չէր, այնինչ հակառակը պետք է լիներ:
Միշտ լսում էինք. «Քայլ արա», բայց շարունակում էինք դասի գնալ, որովհետև այդպես էին պարտադրում մեծերը, ուսուցիչները: Չուզենալով, բայց գնում էինք, իսկ երբ տեսանք, որ նույնիսկ օդանավակայանն են փակել, որոշեցինք. «Մենք էլ ենք ուզում մեր քայլն անել»: Գուցե չենք կարող հասնել Երևան, որովհետև փոքր ենք, որովհետև ապրում ենք գյուղում՝ Դվինում, իսկ ճանապարհը շատ երկար է, բայց կարող ենք դասադուլ անել, այդ կերպ բողոքել, որ մենք էլ ենք ժողովուրդ և ամենևին էլ այնպես չէ, որ մենք կարող ենք հանգիստ ու խաղաղ ամեն օրվա պես դասերը շարունակել, կարծես թե ոչինչ էլ չի եղել: Չգիտեմ «որտեղից սկսեց, ինչպես», բայց վայրկյանների ընթացքում ողջ դպրոցը մեծից փոքր փողոցում էր, բոլորս էինք այդպես ցանկանում: Գնացինք Վ. Դվին և այնտեղի երեխաներին էլ չթողեցինք դասերը շարունակել, նրանք էլ միացան մեզ, ապա գնացինք պատգամավոր Ալիկ Սարգսյանի տան առջև և խնդրեցինք. կանգնել Փաշինյանի կողքին կամ վայր դնել մանդատը, որին արժանացել էր գուցե մեր ծնողների շնորհիվ: Գուցե մեր քայլը շատ փոքր էր, ոչինչ չասող, բայց գիտեմ, որ այն ավելի լավն էր, քան ժողովրդից հեռու դպրոցի պատերի ներսում, դրսի իրարանցումից կտրված, անտարբեր և ոչինչ չասող դեմքերով դաս անելը: Ճիշտ է պատգամավորը մեր արածը և պահանջն անտեսեց, ուսուցիչները դժգոհեցին, բայց մենք արեցինք մեր քայլը, գուցե և շա՜տ փոքրիկ քայլը և դարձանք մասնակիցը պատմության, չէ որ տարիներ անց պատմության դասագրքերում կարդալու ենք և հպարտանալու, որ մի օր էլ մենք մասնակցեցինք, արեցինք մեր քայլը և դարձանք անհանդուրժող:
Էջանիշներ