Վարչապետը, պատասխանելով նման հարցի, այդ հարցին ԱՄԵՆԱԲԱՐՁՐ լսելիություն է ապահովում։ Ավելին, վարչապետի դիրքորոշումը դառնում է մի «կանոն», որի սահմաններում էլ սկսում են կարծիք կազմել կամ մտքեր արտահայտել այլ, թեմային ոչ այնքան ծանոթ մարդիկ։ Այդ կարծիքն է սկսում թևածել նաև դրսում։ Արդյունքում, նման առաջնային հարցերին պետք է տալ համապարփակ, համընդգրկուն պատասխան։
Պետք է անակնկալի չգալ նման հարցերից...
Ինձ թվում է, որ վարչապետը մակերեսորեն է տիրապետում պատմական հարցերին։ Ավելին, վարչապետի գլխին որոշակիորեն չար կատակ է խաղում իր լրագողական անցյալը։ Հայտնի լրագրողական հիվանդություն է, թող ներեն ինձ իմ լրագրող ընկերները՝ ամեն ինչ գիտեն, բայց... մակերեսորեն։ Իրականում պետք է նման «հերթապահ» հարցերը վաղուց քննարկված լինեն մեր բարձր և նույնիսկ միջին մակարդակի պաշտոնյանների մոտ և, եթե հանկարծ սենց մի կրակոց էլ լինի, ժամանակակից պատմական հայկական հիմնավոր ողջ զինանոցով պատասխան համազարկ տալ, ոչ թե... ինքնագործ ստեղծագործել, ինչպես այս դեպքում։
Ռուսերեն և, ընդհանրապես, օտար լեզուներով խոսելու մասին։ Ես իհարկե հասկանում եմ, որ սրանով Նիկոլն իրեն է արժեվորում, ինչպես նաև փորձում է առավել ընկալելի լինել արտաքին հանրույթի համար, բայց... Խնդիրն ինչո՞ւմն է։ Մեզնից շատերիս, որ կարդում ենք ռուսերեն տեքստեր և հայերենի մակարդակի հասկանում ենք դրանք կամ կարողանում ենք ռուսերեն տպագիր որակյալ խոսք ասել, թվում է, թե մեր ռուսերեն բանավորն էլ է հիանալի։ Բայց այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, սկսած հենց բառեր ընտրելուց և լեզվամտածողությունից, վերջացրած զուտ ֆիզիկապես այդ բառերն արտաբերելու անսովորությունից։ Ինձ վրա եմ զգացել - ռուսերեն կարող եմ գիրք գրել, սակայն խոսելիս կարտահայտվեմ մոտավորապես Փաշինյանի նման...
Էջանիշներ