Թողեմ էստեղ,որ պարտավորվեմ, գրեմ մաս-մաս:
***
Դռներիը հերթով փորձում էր բանալուն, մինչև որ դռների խուրձն ավարտվեց: Գնաց նոր դռներ բերելու. պահեստում շատ կային տարբեր չափերի, գույների դռներ՝ հարթ, զարդանախշերով ծածկված, փայտից, քարից, ապակուց... ու ոչ մի դուռ բանալի չուներ, բացի մեկից:
Ինքը ճանաչում էր մարդկաց, որ մեկից ավելի բանալիներ ունեին, ճանաչում և նրանց, ում ոչ մի բանալի տրված չէր: Ու ինքը երազում էր կախարդական բանալու մասին, որ բացում է աշխարհի բոլոր դռները:
Դռների երկրորդ խուրձը ևս վերջացավ, որոշեց, որ հիմա այլ կերպ կվարվի՝ կնայի դռներին, երկար, անքթիթ կնայի, կընտրի այն դուռը, որ ամենաշատն է իրեն դուր գալիս, ու բանալին անպայման կբացի այդ դուռը: Ընտրեց դուռը, մոտեցրեց բանալուն ու պտտեցրեց: Դուռը գլխիվայր բացվեց, բայց ինքը դա հետո նկատեց, երբ դռնից ներս մտավ ու շրմփաց գետին:
Հետ դառնալու համար աստիճան էր հարկավոր, որ բարձրանար անծանոթ, տարօրինակ աշխարհի ցախատան տանիքն ու դուռը բացեր:
- Բանալի՜ն, - ձեռքը թափով ճակատին զարկեց:
Բանալին հետը չէր վերցրել, թողել էր մյուս կողմից դռան վրա. հիմա ավելի քան երբևէ իրեն հարկավոր էր աշխարհի բոլոր դռները բացող բանալին, որ կարողանար տուն վերադառնալ:
(շարունակելի)
Էջանիշներ