User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Տիգրան թագավորը և Կլեոպատրա Սելենե թագուհին

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տիգրան թագավորը և Կլեոպատրա Սելենե թագուհին

    (Սիրիայի փոխարքան պատմավեպի երկրորդ գիրքն անմիջապես սկսվում է Տիգրան Մեծի մասնակցությամբ)

    Տեսնելով նրան Սելևկյան վեհապետերի գահին այդպես հպարտ և անբռնազբոս բազմած, Կլեոպատրա Սելենեն իրեն ստորացած, նվաստացած, անարգված զգաց: Ահա ուրեմն ինչպիսին էր այդ անկասելի նվաճողը, որի մասին մինչ այժմ միայն լսելով գիտեր: Հիսունն անց, պարթևահասակ, ամրակազմ, ուղիղ գեղեցիկ դիմագծերով, նա նրան նայում էր շուրթերի ծայրերին արտահայտված հազիվ նկատելի քմծիծաղով, որը մոտավորապես նշանակում էր հետևյալը. ճակատագրի աստվածուհի Տիխեն նրան այս անգամ կին հակառակորդ է բաժին հանել, և այդ կինը զուտ կնոջը բնորոշ հիմարություններ է թույլ տվել, ուստի նա ավելի զվարճալի բան չի գտել, քան շարունակել աստվածների սկսած կատակերգությունը, հաղթված թշնամուն կառափնարան ուղարկելու փոխարեն ընդունելով իր պալատում: Չնայած նրան, որ իրենից հինգ տարով ավելի մեծ էր, և գտնվում էր հասուն, ավելի շուտ տարեց տղամարդու տարիքում, Կլեոպատրա Սելենեն նրանից ճառագող այնպիսի վիթխարի ուժ էր զգում, որը բոլոր առումներով գերազանցում էր իր հինգ ամուսիններին միասին վերցրած:
    - Իմ թագուհի,- անխռով ասաց գահին բազմած մարդը, որի ձայնի մեջ Կլեոպատրա Սելենեն, չնայած իր գործադրած ճիգերին, չկարողացավ ծաղրի կամ արհամարհանքի չնչին իսկ նշույլներ գտնել,- իմ պալատականներն ինձ ասել են, որ դուք ունկնդրություն եք խնդրել, և ահա դուք այստեղ եք, Անտիոքի թագավորական պալատում, որին ժամանակ առ ժամանակ հավակնել են ձեր բոլոր երեք ամուսինները, խաղաղություն նրանց ոսկորներին: Այսպիսով, ի՞նչ է ձեր ուզածը, ի՞նչ ակնկալիքներ դուք ունեք ստեղծված նոր իրավիճակում: Ի՞նչ պատճառով է ձեզ մոտ ցանկություն առաջացել հանդիպել մի մարդու հետ, որը ձեր կանացի վտիտ ուսերն ազատել է երկպառակ կռիվներին մասնակցելու ծանր հոգսից, և բավականաչափ ազատ տեղ է թողել, որպեսզի արժանավայել, ձեր կարգավիճակին համապատասխան կյանք վարեք:
    Չնայած մեծարանքին, որով նրան դիմեց գահին բազմած մարդը, Կլեոպատրա Սելենեն ձեռքերը կրծքի առաջ կոտրատելով ծունկ չոքեց նրա առաջ, և նրան պատասխանեց հուզմունքից այլայլված, բեկբեկուն և խռովված ձայնով:
    - Ո¯վ արքաների արքա, աստվածների ընտրյալ: Ձեր առաջ ոչ թե պատիվների ու վեհության ձգտող թագուհի է, այլ լոկ մի դժբախտ մայր, որը բացի իր մանկահասակ որդիների անվտանգությունից, ուրիշ ոչ մի անհանգստություն չունի:
    Գահին նստած մարդը լավ բեմականացված զարմանքով վեր բարձրացրեց հոնքերը:
    - Ասում եք դժբախտ մի մա՞յր... Ասենք, դուք ճիշտ եք, ինչպե¯ս կարող էի մոռանալ... Ձեր շքեղ արտաքինն ի տես ամենքի ցուցադրում է մի վեհակերպ թագուհու, մինչդեռ մայրական սիրով տոգորված քնքուշ սիրտը, որն անմահ աստվածները ծնված օրվանից դնում են ամեն մի կնոջ կրծքի մեջ, կարող է զգալ միայն նրբանկատ, հոգու աչքերով տեսնելու ունակ մարդը... Դուք նրանց մանկահասակ են համարում, և ձեր զգացմունքները լիովին հասկանալի են ինձ, թեև ձեր որդիները վաղուց արդեն հասուն տղամարդիկ են, և անտարակույս ավելիին են ընդունակ, քան ձեր մայրական փափկասուն բանականությունը միամտաբար կարծում է:
    Կլեոպատրա Սելենեն գալարվելով առաջ սողաց և առատ արցունքներով ողողեց տիրակալի ոտնամանները:
    - Խղճա¯ ինձ, մե¯ծ արքա... Նրանցից ավագը միայն իննը տարեկան է, իսկ կրտսերը ութն էլ չի բոլորել...
    - Մի՞ թե,- ևս մեկ անգամ արտահայտիչ կերպով զարմացավ գահին բազմած մարդը: - Ես ինքս երբեք չէի հանդգնի նման բան պնդել: Իմ ավագանին և ժողովուրդն ինձ խելագար կհամարեին, ինչը, նկատի առեք, այնքան էլ հաճելի բան չէ: Իսկ անմահ աստվածները, որոնք կամեցել են իմ գլուխը արքայից արքայի խույրով մեծարված տեսնել, մինչև անգամ Իդումեայի թագն ինձ շատ կհամարեին:
    - Ո¯վ թագավորների թագավոր, որին աստվածները կամեցել են բազմեցնել աշխարհի ամենաչքնաղ գահին, ձեր պալատականները ձեզ մոլորության մեջ են գցել, Անտիոքոսը և Սելևկոսը տակավին մանուկներ են...
    - Անտիոքոսը և Սելևկո՞սը... Իրավացի եք, իմ թագուհի, իմ պալատականներն անկասկած ինձ սխալ տեղեկություններ են հաղորդել: Մինչև ձեզ հանդիպելն ինձ թվացել է, որ ձեր կողմից այդքան սիրված արքայազնները Պտղոմեոս Ավագ և Պտղոմեոս Կրտսեր են կոչվել, և ես համոզված եմ եղել, որ նրանք երկուսն էլ մի քանի տարի առաջ բոլորել են երեսուն տարին:
    Կլեոպատրա Սելենեն դադարեց հեկեկալ և վեր կացավ նվաստ դիրքից: Ի տարբերություն գահին բազմած մարդուª նրա զարմանքը բնական էր և անկեղծ:
    - Իմ Պտղոմեոս Ավագ և Պտղոմեոս Կրտսեր որդիները ձեզ մո՞տ են...
    - Ի կամոք հայր Արամազդի, որն իմ դաշնակից Միհրդատ Եվպատորի շուրթերով ցանկություն հայտնեց նրանց Սինոպից Անտիոք տեղափոխել: Ավագ Պտղոմեոսը շատ լավ սրինգ է նվագում, նրան հենց այդպես էլ անվանում ենª Սրնգահար: Նա հաճախ զվարճացնում է մեզ խրախճանքների ժամանակ, և ես վստահ եմ, որ ձեր մայրական սիրտն անչափ հրճված էª իմանալով, թե անմահ աստվածներն ի¯նչ շնորհներով են օժտել իր որդիներից առնվազն մեկին:
    Կլեոպատրա Սելենեն լուռ կուլ տվեց վիրավորանքը: Պտղոմեոս Մեծի սերունդը ստրուկի պես սրինգ է նվագում ու զվարճացնում մինչև կոկորդը գինով լցված ամբոխին, իսկ իրեն ծաղրանքով առաջարկում են ուրախանալ, որ նա իր աշխատանքը լավ է կատարում:
    Անտիոքոս Բարեպաշտի այրին արագ ի մի բերեց իր ուժերը, կարծես մոռացավ ամեն վտանգի մասին, որ կարող էր նրան սպառնալ այս անհաղթ տիրակալի արքունիքում, և վեր կենալով ծնկած դիրքից, ընդունեց այն կռվազան և բանսարկու կնոջ կերպարանքը, որը նրա ամբողջ փոթորկուն կյանքի անբաժան ուղեկիցն էր եղել:
    - Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Միհրդատ Եվպատորը ցանկանում էր նրանց ամուսնացնել իր երկու դուստրերի հետ:
    - Իմ թագուհի, ձեր տեղեկությունները հնացած են: Միհրդատուհու և Նիսսայի ապագայի նկատմամբ ծրագրերը փոխվել են: Ի դեպ, դա տեղի ունեցավ այն օրը, երբ ես կարողացա համոզել Միհրդատ Եվպատորին, որ Պտղոմեոսներից մեկնումեկին Եգիպտոսի գահին նստեցնելն իր ուժի բանը չէ...
    Մի չար կրակ առկայծեց Կլեոպատրա Սելենեի իշխանատենչ աչքերի մեջ, որը չվրիպեց գահին բազմած մարդու հայացքից, բայց դա միայն զվարճացրեց նրան:
    - Ի¯մ թագուհի, դուք հիասթափվա±ծ եք... Հապա ո՞ւր մնաց ձեր մայրական սիրտը, որը քիչ պատրաստ էր դուրս թռչել ձեր կրծքից, և հանուն ձեր որդիների ծորալ ու արյունաքամ լինել... Իմ պալատի բոլոր անկյուններում թևածում է հյուրընկալության աստծո անտեսանելի ոգին, և ես ոչ մի գնով չէի ուզենա ձեր աչքում անքաղաքավարի տանտեր թվալ, բայց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք ինքներդ դեմ չէիք լինի բազմել Պտղոմեոս Մեծի գահին...
    Լսելով եգիպտական գահի մասին՝ Կլեոպատրա Սելենեն կորցրեց համբերությունը, կարծես նույնիսկ մոռացավ իր մանկահասակ որդիների մասին, որոնց կյանքի համար քիչ առաջ այդքան անհանգստանում էր...
    - Ես Կլեոպատրա Սելենեն եմ, Պտղոմեոս Ֆիսկոն փարավոնի դուստրը, և Եգիպտոսի գահի միակ օրինական ժառանգորդը...
    Գահին բազմած մարդն ուրախ ծիծաղեց:
    - Դե, դե¯, իմ թագուհի... Եթե դուք որոշել եք քաղաքականությամբ զբաղվել, ապա պետք է ոչ թե զգացմունքայնությանը տրվեքեք, այլ սովորեք դատել սառը գլխով: Եգիպտոսն ունի օրինական տիրակալ, դա Պտղոմեոս Սոտեր Լաֆուրն է, ձեր առաջին ամուսինը, որը կարծեմ երկրորդ անգամն է Եգիպոսի գահ բարձրանում, փոխարինելով այնտեղ ձեր երկրորդ ամուսնուն, Պտղոմեոս Ալեքսանդրին:
    Կլեոպատրա Սելենեն դադար վերցրեց, որը նրան խորիմաստ թվաց, ապա փորձեց դեմքին տալ մի արտահայտություն, որը նրա հաճոյակատար պալատականները հմայիչ էին անվանում, ապա և ասաց.
    - Եթե դուք իմ որդիներին Սինոպից Անտիոք եք տեղափոխել, որպեսզի նրանցից մեկնումեկին հանձնեք Եգիպտոսի գահը, ապա ինչո՞ւ նույն բանը չեք կարող անել ունենալով ավելի օրինական թեկնածու, որը նույնպես կհամաձայնի վարել ձեր նախընտրած քաղաքականությունը, և գուցե ուրիշներից ավելի լավ անի դա...
    - Իմ թագուհի, ձեր առաջարկը զուրկ չէ իմաստից, և ինքնին արժանի է ուշադրության, նույնիսկ քննարկման: Դատելով ձեր խոսքերից՝ դուք որոշել եք քաղաքականությամբ զբաղվել... Մ°ի փորձեք ընդհատել ինձ, ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ ասում: Բանն այն է, որ թեև թագուհի եք եղել եգիպտական և սիրիական արքունիքներում, և նախանձելի դիրք եք զբաղեցրել հասարակության մեջ, միշտ կատարել եք ինչ-որ մեկի կամքը, այլ կերպ ասած՝ երբեք ինքնուրույն չեք եղել… Դեռևս տասնյոթ տարեկան՝ դուք ամուսնացաք ձեր եղբայր Պտղոմեոս Լաֆուրի հետ, որովհետև այդպես կամեցավ ձեր մայր Կլեոպատրան: Ավելի ուշ դուք ամուսնալուծվեցիք և ամուսնական միություն կազմեցիք Պտղոմեոս Ալեքսանդրի, ձեր մյուս եղբոր հետ, և կրկին անգամ այդ արեցիք, որովհետև ձեզ այդպես հորդորեց վարվել ձեր իշխանատենչ մայրը: Երրորդ անգամ դուք նրան ենթարկվեցիք Սիրիա տեղափոխվելով և Անտիոքոս Գրյուպոսի կինը դառնալով, որպեսզի հակակշիռ ստեղծեք Պտղոմեոս Լաֆուրի և Աննտիոքոս Կիզիկացու դաշինքին, որն այն ժամանակ բավական վտանգավոր ուժ էր իրենից ներկայացնում...
    - Ուզում եք ասել, որ Պտղոմեոս Ավագը և Պտղոմեոս Կրտսերը Միհրդատ Եվպատորի արքունիքում բավականաչափ ինքնուրո՞ւյն են եղել:
    - Բնավ, բայց ինձ մոտ գտնվելով նրանք կստանան այն ամենը, ինչը բավարար կլինի, որպեսզի Եգիպտոսի գահ բարձրանալուց հետո ինձ հաճելի քաղաքականություն վարեն:
    - Այսպիսով, դուք վերջնականապես հրաժարվո՞ւմ եք իմ թեկնածությունից: Նկատի առեք, որ եթե ես իմ օրինական թագավորությունը ստանամ մեկ ուրիշից, ապա գահ բարձրանալուց հետո ստիպված կլինեմ նրա՛ն հաճելի քաղաքականություն վարել:
    Գահին նստած մարդը արհամարհանքով թափ տվեց ձեռքը:
    - Թողեք երազները, թագուհի, աստվածները չեն սիրում անլուրջ մարդկանց: Նախ, ես ոչ մի բանից չեմ հրաժարվում և իսկապես կարող եմ պաշտպանել ձեր թեկնածությունը, եթե այն բխի իմ պետության շահերից: Ուզում եք եգիպտական գա՞հ բարձրանալ, հավատում եք ձեր ճակատագրի զորությա՞նը... Մնացեք Անտիոքում, հյուր եղեք ինձ մոտ, և ձեր որդիների պես սպասեք ձեր աստեղային ժամին: Իհարկե ես նախապես չեմ կարող երաշխավորել, որ հենց դո՛ւք կստանաք Եգիպտոսի գահը, այլ ոչ թե սրինգ նվագողը, կամ նրա կրտսեր եղբայրը: Ամեն ինչ կախված է հանգամանքներից, ձեզանից առհասարակ ոչ մեկը կարող է և չթագավորել... Ինչ վերաբերվում է ձեր անսպառ եռանդին և վճռականությանը, որը մեկ ուրիշը գուցե կործանարար շտապողականություն կանվաներ… Ի՛մ թագուհի, աստվածներին հաճելի է եղել, որ դուք կորցնեք ձեր ենթակայության տագ գտնվող քաղաքները, և այն սակավը, որը կա°մ կստանաք, կա°մ չեք ստանա, լիովին կախված է ձեր բախտը տնօրինելու կարողությունն ունեցող մարդուց: Աստվածներին նաև հաճելի է եղել, որ ե°ս ստանամ ձեր քաղաքները, ինչպես նաև մյուս Սելևկյան արքայազններին պատկանող տիրույթները, որտեղ նրանց կառավարումից, մեղմ ասած, այնքան էլ գոհ չեն եղել: Այսպիսով, դուք չունեք ոչինչ, ես ունեմ ամեն ինչ: Դուք չափազանց գոհ պետք է լինեք, եթե կարողանաք մի քանի տասնյակ հավատարիմ ծառաներ հավաքագրել, մինչդեռ իմ առաջին պահանջով ոտքի կելնեն երեք հարյուր հազար մինչև ատամները զինված ռազմիկներ, որոնք կհավաքագրվեն Մեծ Հայքի և Սիրիայի թագավորություններից, ինչպես նաև այն տասնյակ պետություններից, որոնք Անտիոք գալու ճանապարհին ինձ հավատարմության երդում են տվել: Բայց ես իմ անպարտ զորքը չեմ տանում Եգիպտոսի վրա, այլ լոկ հարմար պահի եմ սպասում, որպեսզի միջամտեմ Եգիպտոսի գործերին: Իսկ դուք, ընչազրկված, թագավորությունը և հպատակներին կորցրած թագուհիդ, խոսում եք առարկություն չհանդուրժող տոնով և համոզված եք, որ մերկ վիճակով Եգիպտոսի գահը գրոհելը լավագույն միջոցն է: Չե՞ք վախենում հարուցել աստվածների ցասումը:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (31.03.2018), Sambitbaba (31.03.2018), Գաղթական (02.04.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (շարունակություն)
    Կլեոպատրա Սելենեի դեմքը վիրավորված արժանապատվության արտահայտություն ստացավ:
    - Ուրեմն ես գերի՞ եմ ձեր արքունիքում:
    - Բոլորովին, թեև ինձ մոտ մնալով գուցե ավելին ձեռք բերեիք: Ես ինքս տասնյոթ տարի եղել եմ մի կարգավիճակով, որից դուք այդքա¯ն սարսափում եք, և այնքա¯ն վիրավորական եք համարում: Հավատացնում եմ, որ դրանք բոլորովին էլ կորած տարիներ չեն եղել ինձ համար: Հասկանալի է, խոսքը միայն քաղաքականության մասին է:
    Կլեոպատրա Սելենեի ոգևորությունը նկատելիորեն մարեց: Գահին նստած մարդը բոլոր առումներով բարձր էր կանգնած ոչ միայն իր հինգ հանգուցյալ ամուսիններից, այլ նաև իրենից: Պտղոմեոս Ֆիսկոնի դուստրը ստիպված էր ևս մեկ անգամ ապավինել կանացի գլխավոր զենքին՝ թուլությանը:
    - Ո¯վ մեծ արքա, իմ կյանքը և պատիվը գտնվում են ձեր ձեռքերում և ես հնազանդ կընունեմ իմ բախտավիճակը, ինչ էլ որ դուք որոշելիս լինեք: Սակայն ի՞նչ կլինի իմ մանկահասակ որդիների, Անտիոքոսի և Սելևկոսի հետ: Դուք նրանց նո±ւյնպես կպահեք ձեզ մոտ:
    - Ո՛չ, նրանց ինձ մոտ պահելու ոչ մի անհրաժեշտություն չկա, քանզի նրանք միմիայն Սիրիայի գահին կարող են հավակնել, իսկ այդ գահը, ինչպես տեսնում եք, արդեն զբաղված է... Սակայն, եթե դեմ չեք, խոսենք ձեր մասին:
    Կլեոպատրա Սելենեի դեմքը լարվեց: Բոլոր ուժերը վատնելով իր նվաստացումը փաստող զրույցի վրա, երբեմնի թագուհին գրեթե սպառել էր իր բոլոր կենսական ուժերը, և արքայից արքայի դիմաց կանգած էր խոնարհ, հուսահատ, պատրաստ ևս մեկ անգամ ծնկել և համբուրել նրա ոտքերը:
    - Այսպիսով, իմ թագուհի, ես կամենում եմ, որպեսզի Պտղոմայիսը մնա ձեր իշխանությանը ենթակա քաղաք: Հասկանալի է, ձեր Անտիոքոս և Սելևկոս որդիները կմնան ձեզ հետ:
    Կլեոպատրա Սելենեն անվստահությամբ, գրեթե վախով նայեց արքայից արքային:
    - Ո¯վ մեծ տիրակալ, ասացեք ինձ հանուն այն վեհ մարդկանց հիշատակի, որոնց արյունը հոսում է նվաստիս երակներում. մի՞ թե այն բանից հետո, երբ ինձ խոստացվեց Պտղոմայիս քաղաքը, ինձ կձերբակալեն և մահապատժի կենթարկեն: Անկեղծ եղեք, մեծ արքա, ձեր առաջ խղճամտության արժանի մի ընկճված կին է, որը միայն ճշմարտություն է աղերսում ձեզանից...
    Եգիպտոսի և Սիրիայի նախկին թագուհու խղճալի ձայնը ոչ մի ազդեցություն չունեցավ գահին նստած մարդու վրա: Վերջինս համբերատար լսեց իր հյուրին, ինչպես թատրոնում հանդիսատեսն է ուշադիր ունկնդրում բարձր խոսքով զինված դերասանին, որը ջանում է զգայացունց դիմախաղի և ձայնային ելևէջների օգնությամբ տպավորություն գործել, իսկ վերջում ծափ զարկելու փոխարեն ուրախ ծիծաղեց:
    - Իմ թագուհի, ձեզ անհրաժեշտ է իմ ասածների քաղաքական հիմնավորո՞ւմ: Մի անհանգստացեք, ես իմ միտքը մինչև վերջ կլուսաբանեմ: Անկեղծությա՞ն եք ձգտում... Դա այնքան էլ հաճելի չի լինի ձեզ, բայց քանի որ պնդում եք, թող դա էլ ձեր ուզածով լինի... Այսպիսով, դուք թերահավատ եք, որ ես ձեզ կթողնեմ Պտղոմայիս քաղաքը, մինչև անգամ ձեր կյանքի անվտանգության համար եք անհանգստանում: Ի՞նչ պատճառով արքայից արքա Տիգրանը պետք է հրաժարվի Պտղոմայիս քաղաքը գրավելու գաղափարից, հավանաբար մտածում եք դուք, եթե մյուս սիրիական և փյունիկյան քաղաքները նրան հայտնել են իրենց հնազանդությունը: Ձեզ համար զարմանալի է նաև, որ ես հրաժարվում եմ ձեր մանկահասակ որդիներին հետապնդելու գաղափարից, որոնք ձեր կարծիքով սիրիական գահի օրինական հավակնորդներ են, և իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում:
    Կլեոպատրա Սելենեն մեռելի պես գունատվեց, արքայից արքան շարունակեց:
    - Հենց սկզբից ասեմ, որ ես չեմ պատրաստվում վնասել ո՛չ ձեզ, ո՛չ էլ ձեր որդիներին, ու թեև դա ունի տարբեր դրդապատճառներ, դա ձեզ համար այնքան էլ էական չէ:
    - Մե¯ծ թագավոր, երդվում եմ աստվածներով, որ...
    - Մի երդվեք աստվածների անունով, թագուհի, երբ ձեր խոսքը պատրաստվում եք արատավորել ևս մեկ ստով: Այո, մի ժխտեք, դուք ստախոս եք, և ոչ մեկիս համար դա վաղուց արդեն գաղտնիք չէ... Ճշմարտությո¯ւն, անկեղծությո¯ւն, օդը թնդացնելով բացականչում եք դուք, և ինչ-որ պահերի ինձ նույնիսկ թվում է, որ ես իմ որդի Արտավազդի գրած ողբերգություններից մեկին եմ ականատես՝ դեռատի դերասանուհու կատարմամբ... Գուցե զարմանաք, բայց հենց սկզբից ինձ ամեն բան պարզ էր. ձեզ բնավ մայրական զգացմունքները չեն բերել ինձ մոտ, ինչպես պնդում եք, այլ ձեր աննախանձելի վիճակը, որի մեջ ճակատագիրը ձեզ սեղմել է ինչպես հանցագործին գետնափոր բանտախցում, որովհետև ձեր բախտը կապել եք Սելևկյան տոհմի հետ, և տարիներ շարունակ տարվել եք փառատենչ երազանքներով, որոնք սին են, բովանդակազուրկ և ոչ մի բանով չհիմնավորված: Դուք երբեք հաշվի չեք առնում հակառակ կողմի շահը: Ձեզ թվում է, թե դուք խելացի, խորամանկ, մինչև անգամ քաղաքական խորաթափանցություն ունեցող անձնավորություն եք, համենայնդեպս այդ կարծիքի էիք, երբ ինձանից ունկնդրություն էիք խնդրում, թեև ձեր պարտված զորքի ամենավերջին զինվորի համար էլ պարզ էր, որ եթե այդպես չվարվեք, ձեզ շղթայակապ քարշ կտան ինձ մոտ: Իսկ այսպես, ինչ-որ տեղ, կարծես, հավասարը հավասարի դեմ ենք, այնպես չէ՞... Մի փորձեք ինձ համոզել հակառակը, դուք հենց այդպիսի զգացողություններով էիք խորապես համակված, երբ քառորդ ժամ առաջ ինձ հետ սակարկում էիք Եգիպտոսի գահը... Ձեր գլխին թափված ձախորդությունները դուք ժամանակավոր անհաջողություններ եք համարում, ձեզ թվում է, թե դուք քաղաքական խոշոր դեմք եք, որի հետ մինչև անգամ աշխարհի մեծերը չեն խորշի հաշվի նստել, մինչդեռ ընդամենը կին եք, որին բախտ է վիճակվել ծնվել թագավորական ընտանիքում... Ճշմարտությո¯ւն, անկեղծությո¯ւն... Իմ ընդունարան ոտք դնելուն պես դուք իմ ոտքերն ընկնելով աղերսեցիք, որ խնայեմ ձեր մանկահասակ որդիներին, թեև ձեզ քաջ հայտնի էր, որ նրանք Պտղոմայիսում են, իմ կողմից դեռևս չնվաճված քաղաքում: Եվ եթե ես այնուհանդերձ որոշեմ գրոհել այդ քաղաքի պարիսպները, ոչ մի երաշխիք չկա, որ Անտիոքի գահին հավակնող ձեր երկու զավակներին կգտնեմ այնտեղ, քանզի միշտ էլ կգտնվի ձկնորսական անշուք մի նավ և ոսկու զրնգոցին կարոտ մի համարձակ նավապետ, որը շռայլ վարձի դիմաց կհամաձայնի ձեր որդիներին Պտղոմայիսից Հռոմ տեղափոխել... Իսկ ձեզ ես մահապատժի չեմ ենթարկի, որովհետև թեպետ ձեր զորքերի գլուխ անցած մարտնչել եք իմ դեմ, սակայն այդպես եք վարվել դեպքերի բերումով, և քաղաքականապես ձեզանից ոչինչ չեք ներկայացնում: Ձեր մահն ինձ ոչ մի առավելություն չի տալիս, քանի որ ձեր որդիներին չի զրկում իրենց պապերի գահին հավակնելու իրավունքից, իսկ վերջիններն ինձ անհասանելի են և ես չեմ կարող ո°չ գահից հրաժարվելու ստորագրություն կորզել նրանցից, ո՛չ էլ մահապատժի ենթարկել: Հիմա ձեզ ամեն ինչ հասկանալի՞ է:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (02.04.2018)

  5. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (շարունակություն)
    Կլեոպատրա Սելենեն զգետնված էր, զինաթափված, ոչնչացած, բայց իր մեջ ուժ գտավ շարունակելու երկխոսությունը:
    - Արքաների արքա, այսօր դուք իմ ուսուցիչը եղաք և շատ բան լուսաբանեցիք: Ուրեմն բացատրեք նաև, թե ինչն է ձեզ խանգարում գրավել Պտղոմայիսը, նույնիսկ եթե Անտիոքի գահին հավակնող իմ զավակներին չգտնեք այնտեղ:
    Արքայից արքայի հայացքը գիշատիչ էր, միջնաթափանց ծակող, երբեմնի թագուհին ստիպված էր խոնարհել աչքերը:
    - Ինձ ոչինչ չի խանգարում դա անել, Պտղոմայիսն անձնատուր կլինի իմ առաջին իսկ պահանջով: Սակայն ձեզ ակներևաբար հետաքրքրում է նաև, թե այդ դեպքում ինչո՞ւ չտիրանալ նաև Հուդայի թագավորությանը, որն արդեն սահմանակից է ինձ պատկանող նավահանգստային գեղեցիկ քաղաքին: Ինչ պատրվակո՞վ... Ինչո՞ւ է Ալեքսանդր Յաննայը նեղացրել Իդումեայի թագավոր Պտղոմեոս Մեննայոսին, որն արքայից արքայի բարեկամների թվին պատկանելու պատիվն ունի, թեև Ալեքսանդր Յաննայը գուցե Պտղոմեոս Մեննայոսին նեղացրել է այն ժամանակ, երբ նա բնավ արքայից արքայի բարեկամների թվին պատկանելու պատիվը չուներ: Ահա և գրավված է Հուդան, զորքը ցրիվ տրված, իսկ թագավորն ու քահանայապետը արքայից արքայի ոտքերն ընկած գթություն են աղերսում: Հուդայի հարյուր հազար բնակիչներ տեղափոխված են Մեծ Հայքի քաղաքները, որպեսզի շենացնեն այդ երկիրը և տեղի թագավորին հարկ վճարեն... Սակայն նվաճումների կարոտ ձեր խորունկ աչքերի մեջ ես հիմա էլ նշմարում եմ մի ավազոտ թագավորություն, Նաբաթեան, որը պակաս բարեբեր է, բայց չնվաճված լինելու պարագայում բավական յուղալի պատառ է թվում: Այս դեպքում ձեզ նույնպես ակներևաբար հետաքրքրում է, թե ինչ պատրվակով, թեև մեծ ցանկության դեպքում կարելի է պատերազմ սկսել և առանց որևէ պատրվակի, այնպես չէ՞... Մի անհանգստացեք, իմ թագուհի, միանգամայն հնարավոր է հաշված ժամերի ընթացքում անվերադարձ փչացնել հարաբերությունները Նաբաթեայի թագավոր Հարիթաթի հետ, և դա զուտ ճշմարտություն է... Ո՞վ է նրան թույլ տվել տիրանալ Դամասկոսին, այդպես վարվելով նա խախտել է անմահ աստվածների կամքը. ահա և ձեզ պատերազմ սկսելու հիանալի պատրվակ: Ես Նաբաթեայի ուղտերի հեծելազորը հեշտությամբ ցրիվ կտամ անապատով մեկ, իսկ վարձու հետևակին արագ կապացուցեմ, որ Հարիթաթ թագավորին ծառայելը, ստեղծված իրավիճակում, այնքան էլ նպատակահարմար չէ... Ի¯նչ եմ տեսնում, իմ թագուհի, հիմա էլ ձեր հայացքը դեպի Եգիպտո՞ս թեքվեց: Մի՞թե այս անգամ ևս դուք ցանկանում եք տեղեկանալ, թե ի՞նչ պատրվակով արքայից արքան պատերազմ կսկսի ձեր առաջին ամուսին Պտղոմեոս Լաֆուրի հետ, եթե ռազմի աստված Տորք Անգեղը նրա ականջին մի օր հանկարծ շշնջա, որ պատերազ ը տղամարդու միակ լուրջ զբաղմունքն է...
    Կլեոպատրա Սելենեն հաճախ էր երազել ամուսնու հետ Սիրիան միավորելուց հետո նվաճել նաև Հուդան և Նաբաթեան, իսկ հետո, հիմնվելով եգիպտական արքայադստեր իր իրավունքների վրա, իր պետությանը միացնել նաև փարավոնների Եիպտոսը: Այդ պատճառով նա պատասխանեց անմիջապես, գրեթե առանց մտածելու:
    - Մեծ արքա, ես իհարկե, ես չէի հապաղի այդ անել:
    - Իսկ հետո՞ որ երկրի հետ խելամիտ կհամարեիք պատերազմել, Պա՞րթիայի, կամ գուցե Հռոմի՞: Կարո՞ղ եք ինձ ցույց տալ այն կետը, որտեղ վերջապես կորոշեիք կանգ առնել: Թե՞ հիմնվելով այն փաստի վրա, որ ձեր նախապապ Պտղոմեոսը Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից է եղել, ձեզ էլ վերապահում եք աշխարհը նվաճելու իրավունքը:
    Պտղոմեոս Ֆիսկոնի դուստրը վերջապես հասկացավ արքայից արքայի միտքը:
    - Ուրեմն դուք որոշել եք կանգ առնել Պտղոմայիսի մոտ...
    Արքայից արքան ևս մեկ անգամ ուրախ ծիծաղեց:
    - Ի՛մ թագուհի, ձեր մտքով անկասկած մի բան անցավ, որը չեք համարձակվում իմ ներկայությամբ բարձրաձայն ասել... Դուք մտածում եք, որ ժամանակի հետ կզորանաք, դաշնակիցներ ձեռք կբերեք, և այնժամ հնարավորություն կունենաք Սիրիայի թագը վիճարկել ինձ հետ, այդպե±ս է: Դուք իմ վճիռը քաղաքականապես սխալ եք համարում, ճի՞շտ գուշակեցի ձեր մտքերը:
    Կլեոպատրա Սելենեի դեմքն այլայլվեց: Դա մի գող էր, որին բռնացրել էին գողացած ապրանքը ձեռքին:
    - Ի՛մ տիրակալ, ձեզ լավ հայտնի է, որ ես երբեք ձեռք չեմ բարձրացնի այն մարդու վրա, որը հնարավորություն ունենալով կործանել վերջնականապես, խնայում է, ավելին, բարերարություն է անում... Այնուամենանիվ, բացատրեք ինձ քաղաքական դրդապատճառը: Համարենք, որ իմ փոխարեն մեկ ուրիշն է, սրբություններ չունեցող և աստվածների հանդեպ պատկառանք չունեցող ապերախտի մեկը...
    Տիգրան թագավորն այնքան նրբանկատություն ունեցավ չասելու զգետնված թագուհու երեսին, որ նա հիմա ինքն իրեն է նկարագրում, ևս մեկ անգամ զվարճացավ ուրախ ծիծաղելով, և ասաց.
    - Ի՛մ, թագուհի, եթե դուք, Հուդայի նկատմամբ ոչ մի հարազատական զգացմունք չունեք, և սակայն վստահ եք, որ ես ցանկության դեպքում կարող եմ ընկճել այդ փոքրիկ պետությունը, մտածո՞ւմ եք արդյոք, թե այդ հարցում որքան անհանգստացած են իրենք հրեաները, մասնավորապես նրանց թագավոր Ալեքսանդր Յաննայը, որն արդեն չորս, թե հինգ դեսպան է ինձ մոտ ուղարկել հավաստիացնելու, որ իր միակ ցանկությունը ինձ հետ հաշտ ու խաղաղ ապրելն է:
    - Եթե ձեր ցանկությունները համընկնում են, ապա ի՞նչն է այստեղ խանգարում միջպետական պայմանագիր կնքել:
    - Ոչինչ չի խանգարում, մանավանդ ես երբեք չեմ խախտել իմ կնքած պայմանագրերը և հրեից թագավորը կարող է լիովին ինձ վստահել: Այնուհանդերձ, Ալեքսանդր Յաննայը շա¯տ ավելի հիմքեր կունենար ինձ կվստահելու, եթե մեր միջև գտնվեր մի փոքրիկ տարածք, դիցուքª Պտղոմայիսն իր չքնաղ թագուհու հետ միասին, որը Մեծ Հայքի և Հուդայի միջև հաստատված խաղաղության գլխավոր գրավականը կդառնար: Իսկ Պտղոմայիսի սահմանն անցնելը կհամարվեր պատերազմական գործողությունների հրահրում: Այսպիսով, ինձ պատկանող Սիրիայի թագավորության և Հուդայի մեջ ունենալով մի փոքրիկ միջանկյալ երկիր, ես կարող եմ շատ ավելի հանգիստ լինել իմ հարավային սահմանների համար, և զբաղվել իմ առօրյա հոգսերով:
    - Իսկ որտեղի±ց երաշխիք, որ ինքը Ալեքսանդր Յաննայը կպահպանի պայմանավորվածությունը և չի հարձակվի Պտղոմայիսի վրա:
    - Ոչ մի երաշխիք: Բայց այդ դեպքում, ես կվերացնեմ Հուդայի թագավորությունը, ինչն ինձ համար ավելի հեշտ կլինի, քան Ալեքսանդր Յաննայի համար Պտղոմայիսը գրավելը: Մի քանի տարի առաջ ես մոտավորապես նույն բանն արեցի պարթևների հետ, երբ նրանք իմ քթի տակ սկսեցին բանակցություններ վարել հռոմեացիների հետ: Գոդերձը ստիպված եղավ ինձ զիջել արքայից արքայի տիտղոսը, իսկ ես փոխարենը նրան վերադարձրի իմ կողմից նվաճված Էկբատանը:
    - Այդ դեպքում որտե՞ղ է այն միջանկյալ պետությունը, որը պետք է գտնվի Սիրիայի թագավորության և Նաբաթեայի միջև....
    - Այդ միջանկյալ երկիրը կարող էր լինել Դամասկոսը, բայց Նաբաթեայի թագավոր Հարիթաթը համարեց, որ դա էլ մասնատված Սիրիայի իր բաժինն է, և շտապեց գրավել այն: Ինչ արած, աստվածները մարդուն ազատ կամքի իրավունք են տվել, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը: Նրա հետ ես նույնպես խաղաղության պայմանագիր կկնքեմ, բայց ի տարբերություն Ալեքսանդր Յաննայի, նա չի ունենա միջանկյալ պետության տեսքով արտահայտված ամուր երաշխիք, և կապրի իր պետությունը կորցնելու մշտական վախի մեջ: Մյուս հանգամանքը, որը կդժվարացնի Հարիթաթի կյանքը, Իդումեայի թագավորությունն է: Իրավունք ունի± այդ երկրի արքա Պտղոմեոս Մեննայոսը անհանգստանալ իր թագավորության անվտանգության համար, տեսնելով, թե ինչպես է իր իշխանատենչ հարևանն այդ կողմից մոտեցել իր սահմանին: Իհարկե ունի: Իդումեացիներն ամեն ինչ կանեն, որպեսզի Նաբաթեացիներին հեռացնեն իրենց սահմանից, իսկ Հարիթաթը չի հանդգնի նեղացնել նրանց, որովհետև կվախենա Պտղոմեոս Մեննայոսի հզոր հովանավորից, արքայից արքա Տիգրանից:
    - Այդ բոլորը ճիշտ է և հասկանալի, սակայն դուք դրանով բացատրեցիք Հուդայի և Նաբաթեայի հետ ունեցած ձեր հարաբերությունները, այլ ոչ Սիրիայի, որի նախկին թագուհուն մեծահոգաբար իր տիտղոսով եք դիմում:
    Տիգրան թագավորը լայն ժպտաց, ինչն անկասկած ավելի վատ էր Կլեոպատրա Սելենեի համար, քան եթե նա ամբողջ սրտով ծիծաղեր:
    - Իմ թագուհի, կյանքը շարժման մեջ է, և վաղը գուցե մարդ ցանկանա անել մի բան, որը բոլորովին միտք չուներ անել այսօր: Եթե ենթադրվում է, որ նույնիսկ Պտղոմայիսի պես փոքրիկ միավորման իշխանավորն է կարող տարիներ անց մտքով անցկացնել ընդլայնվել, մեծ թագավորության վերածվել, պատկերացնո՞ւմ եք արդյոք, թե նման կերպ վարվելու որքա¯ն մեծ հիմքեր կունենա հազար անգամ ավելի մեծ երկրին տիրողը: Ես ձեզ ազատ եմ թողնում, իմ թագուհի, առանց որևէ խոստման, և առանց որևէ երաշխիք պահանջելու: Եթե օրերից մի օր դուք որոշեք ընդվզել իմ դեմ, դրանով ինձ հրաշալի առիթ կտաք փոխելու իմ պետության քաղաքականությունը և թույլ պետությունների հաշվին է՛լ ավելի ընդլայնվել: Սակայն քաղաքականությունը վտանգավոր խաղ է, այն կարող է ծանր հետևանքների բերել: Այսօր ես ձեզ ազատ եմ արձակում, որովհետև դուք ընդամենը պաշտպանվել եք տանուլ տված քաղաքականության մեջ, բայց եթե դուք ինքներդ ինձ հետ պատերազմ սկսելու նախաձեռնություն ցուցաբերեք, այդ դեպքում ես ստիպված կլինեմ այլ կերպ նայել իրերին: Անկասկած ձեզ հայտնի է, որ Տիգրան թագավորը նույնքան հաճույքով է թռցնում իր դեմ դուրս եկած թագավորների և թագուհիների գլուխները, որքան նրա զինվորներն իրենց հակառակորդ զինվորների գլուխները:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (02.04.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տիգրան Համասյան
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 30
    Վերջինը: 29.05.2020, 08:27
  2. Արձակ. «Տիգրան Մեծ», պատմավեպ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 185
    Վերջինը: 24.05.2015, 16:00
  3. Տիգրան Մեծ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 54
    Վերջինը: 25.08.2010, 12:32
  4. Սրերի թագուհին/Queen of swords/Королева мечей
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.08.2010, 16:33
  5. Ռեպի ապագա թագավորը մեծանում է
    Հեղինակ՝ Kita, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 29.11.2007, 00:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •