(Սիրիայի փոխարքան պատմավեպի երկրորդ գիրքն անմիջապես սկսվում է Տիգրան Մեծի մասնակցությամբ)
Տեսնելով նրան Սելևկյան վեհապետերի գահին այդպես հպարտ և անբռնազբոս բազմած, Կլեոպատրա Սելենեն իրեն ստորացած, նվաստացած, անարգված զգաց: Ահա ուրեմն ինչպիսին էր այդ անկասելի նվաճողը, որի մասին մինչ այժմ միայն լսելով գիտեր: Հիսունն անց, պարթևահասակ, ամրակազմ, ուղիղ գեղեցիկ դիմագծերով, նա նրան նայում էր շուրթերի ծայրերին արտահայտված հազիվ նկատելի քմծիծաղով, որը մոտավորապես նշանակում էր հետևյալը. ճակատագրի աստվածուհի Տիխեն նրան այս անգամ կին հակառակորդ է բաժին հանել, և այդ կինը զուտ կնոջը բնորոշ հիմարություններ է թույլ տվել, ուստի նա ավելի զվարճալի բան չի գտել, քան շարունակել աստվածների սկսած կատակերգությունը, հաղթված թշնամուն կառափնարան ուղարկելու փոխարեն ընդունելով իր պալատում: Չնայած նրան, որ իրենից հինգ տարով ավելի մեծ էր, և գտնվում էր հասուն, ավելի շուտ տարեց տղամարդու տարիքում, Կլեոպատրա Սելենեն նրանից ճառագող այնպիսի վիթխարի ուժ էր զգում, որը բոլոր առումներով գերազանցում էր իր հինգ ամուսիններին միասին վերցրած:
- Իմ թագուհի,- անխռով ասաց գահին բազմած մարդը, որի ձայնի մեջ Կլեոպատրա Սելենեն, չնայած իր գործադրած ճիգերին, չկարողացավ ծաղրի կամ արհամարհանքի չնչին իսկ նշույլներ գտնել,- իմ պալատականներն ինձ ասել են, որ դուք ունկնդրություն եք խնդրել, և ահա դուք այստեղ եք, Անտիոքի թագավորական պալատում, որին ժամանակ առ ժամանակ հավակնել են ձեր բոլոր երեք ամուսինները, խաղաղություն նրանց ոսկորներին: Այսպիսով, ի՞նչ է ձեր ուզածը, ի՞նչ ակնկալիքներ դուք ունեք ստեղծված նոր իրավիճակում: Ի՞նչ պատճառով է ձեզ մոտ ցանկություն առաջացել հանդիպել մի մարդու հետ, որը ձեր կանացի վտիտ ուսերն ազատել է երկպառակ կռիվներին մասնակցելու ծանր հոգսից, և բավականաչափ ազատ տեղ է թողել, որպեսզի արժանավայել, ձեր կարգավիճակին համապատասխան կյանք վարեք:
Չնայած մեծարանքին, որով նրան դիմեց գահին բազմած մարդը, Կլեոպատրա Սելենեն ձեռքերը կրծքի առաջ կոտրատելով ծունկ չոքեց նրա առաջ, և նրան պատասխանեց հուզմունքից այլայլված, բեկբեկուն և խռովված ձայնով:
- Ո¯վ արքաների արքա, աստվածների ընտրյալ: Ձեր առաջ ոչ թե պատիվների ու վեհության ձգտող թագուհի է, այլ լոկ մի դժբախտ մայր, որը բացի իր մանկահասակ որդիների անվտանգությունից, ուրիշ ոչ մի անհանգստություն չունի:
Գահին նստած մարդը լավ բեմականացված զարմանքով վեր բարձրացրեց հոնքերը:
- Ասում եք դժբախտ մի մա՞յր... Ասենք, դուք ճիշտ եք, ինչպե¯ս կարող էի մոռանալ... Ձեր շքեղ արտաքինն ի տես ամենքի ցուցադրում է մի վեհակերպ թագուհու, մինչդեռ մայրական սիրով տոգորված քնքուշ սիրտը, որն անմահ աստվածները ծնված օրվանից դնում են ամեն մի կնոջ կրծքի մեջ, կարող է զգալ միայն նրբանկատ, հոգու աչքերով տեսնելու ունակ մարդը... Դուք նրանց մանկահասակ են համարում, և ձեր զգացմունքները լիովին հասկանալի են ինձ, թեև ձեր որդիները վաղուց արդեն հասուն տղամարդիկ են, և անտարակույս ավելիին են ընդունակ, քան ձեր մայրական փափկասուն բանականությունը միամտաբար կարծում է:
Կլեոպատրա Սելենեն գալարվելով առաջ սողաց և առատ արցունքներով ողողեց տիրակալի ոտնամանները:
- Խղճա¯ ինձ, մե¯ծ արքա... Նրանցից ավագը միայն իննը տարեկան է, իսկ կրտսերը ութն էլ չի բոլորել...
- Մի՞ թե,- ևս մեկ անգամ արտահայտիչ կերպով զարմացավ գահին բազմած մարդը: - Ես ինքս երբեք չէի հանդգնի նման բան պնդել: Իմ ավագանին և ժողովուրդն ինձ խելագար կհամարեին, ինչը, նկատի առեք, այնքան էլ հաճելի բան չէ: Իսկ անմահ աստվածները, որոնք կամեցել են իմ գլուխը արքայից արքայի խույրով մեծարված տեսնել, մինչև անգամ Իդումեայի թագն ինձ շատ կհամարեին:
- Ո¯վ թագավորների թագավոր, որին աստվածները կամեցել են բազմեցնել աշխարհի ամենաչքնաղ գահին, ձեր պալատականները ձեզ մոլորության մեջ են գցել, Անտիոքոսը և Սելևկոսը տակավին մանուկներ են...
- Անտիոքոսը և Սելևկո՞սը... Իրավացի եք, իմ թագուհի, իմ պալատականներն անկասկած ինձ սխալ տեղեկություններ են հաղորդել: Մինչև ձեզ հանդիպելն ինձ թվացել է, որ ձեր կողմից այդքան սիրված արքայազնները Պտղոմեոս Ավագ և Պտղոմեոս Կրտսեր են կոչվել, և ես համոզված եմ եղել, որ նրանք երկուսն էլ մի քանի տարի առաջ բոլորել են երեսուն տարին:
Կլեոպատրա Սելենեն դադարեց հեկեկալ և վեր կացավ նվաստ դիրքից: Ի տարբերություն գահին բազմած մարդուª նրա զարմանքը բնական էր և անկեղծ:
- Իմ Պտղոմեոս Ավագ և Պտղոմեոս Կրտսեր որդիները ձեզ մո՞տ են...
- Ի կամոք հայր Արամազդի, որն իմ դաշնակից Միհրդատ Եվպատորի շուրթերով ցանկություն հայտնեց նրանց Սինոպից Անտիոք տեղափոխել: Ավագ Պտղոմեոսը շատ լավ սրինգ է նվագում, նրան հենց այդպես էլ անվանում ենª Սրնգահար: Նա հաճախ զվարճացնում է մեզ խրախճանքների ժամանակ, և ես վստահ եմ, որ ձեր մայրական սիրտն անչափ հրճված էª իմանալով, թե անմահ աստվածներն ի¯նչ շնորհներով են օժտել իր որդիներից առնվազն մեկին:
Կլեոպատրա Սելենեն լուռ կուլ տվեց վիրավորանքը: Պտղոմեոս Մեծի սերունդը ստրուկի պես սրինգ է նվագում ու զվարճացնում մինչև կոկորդը գինով լցված ամբոխին, իսկ իրեն ծաղրանքով առաջարկում են ուրախանալ, որ նա իր աշխատանքը լավ է կատարում:
Անտիոքոս Բարեպաշտի այրին արագ ի մի բերեց իր ուժերը, կարծես մոռացավ ամեն վտանգի մասին, որ կարող էր նրան սպառնալ այս անհաղթ տիրակալի արքունիքում, և վեր կենալով ծնկած դիրքից, ընդունեց այն կռվազան և բանսարկու կնոջ կերպարանքը, որը նրա ամբողջ փոթորկուն կյանքի անբաժան ուղեկիցն էր եղել:
- Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ Միհրդատ Եվպատորը ցանկանում էր նրանց ամուսնացնել իր երկու դուստրերի հետ:
- Իմ թագուհի, ձեր տեղեկությունները հնացած են: Միհրդատուհու և Նիսսայի ապագայի նկատմամբ ծրագրերը փոխվել են: Ի դեպ, դա տեղի ունեցավ այն օրը, երբ ես կարողացա համոզել Միհրդատ Եվպատորին, որ Պտղոմեոսներից մեկնումեկին Եգիպտոսի գահին նստեցնելն իր ուժի բանը չէ...
Մի չար կրակ առկայծեց Կլեոպատրա Սելենեի իշխանատենչ աչքերի մեջ, որը չվրիպեց գահին բազմած մարդու հայացքից, բայց դա միայն զվարճացրեց նրան:
- Ի¯մ թագուհի, դուք հիասթափվա±ծ եք... Հապա ո՞ւր մնաց ձեր մայրական սիրտը, որը քիչ պատրաստ էր դուրս թռչել ձեր կրծքից, և հանուն ձեր որդիների ծորալ ու արյունաքամ լինել... Իմ պալատի բոլոր անկյուններում թևածում է հյուրընկալության աստծո անտեսանելի ոգին, և ես ոչ մի գնով չէի ուզենա ձեր աչքում անքաղաքավարի տանտեր թվալ, բայց ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք ինքներդ դեմ չէիք լինի բազմել Պտղոմեոս Մեծի գահին...
Լսելով եգիպտական գահի մասին՝ Կլեոպատրա Սելենեն կորցրեց համբերությունը, կարծես նույնիսկ մոռացավ իր մանկահասակ որդիների մասին, որոնց կյանքի համար քիչ առաջ այդքան անհանգստանում էր...
- Ես Կլեոպատրա Սելենեն եմ, Պտղոմեոս Ֆիսկոն փարավոնի դուստրը, և Եգիպտոսի գահի միակ օրինական ժառանգորդը...
Գահին բազմած մարդն ուրախ ծիծաղեց:
- Դե, դե¯, իմ թագուհի... Եթե դուք որոշել եք քաղաքականությամբ զբաղվել, ապա պետք է ոչ թե զգացմունքայնությանը տրվեքեք, այլ սովորեք դատել սառը գլխով: Եգիպտոսն ունի օրինական տիրակալ, դա Պտղոմեոս Սոտեր Լաֆուրն է, ձեր առաջին ամուսինը, որը կարծեմ երկրորդ անգամն է Եգիպոսի գահ բարձրանում, փոխարինելով այնտեղ ձեր երկրորդ ամուսնուն, Պտղոմեոս Ալեքսանդրին:
Կլեոպատրա Սելենեն դադար վերցրեց, որը նրան խորիմաստ թվաց, ապա փորձեց դեմքին տալ մի արտահայտություն, որը նրա հաճոյակատար պալատականները հմայիչ էին անվանում, ապա և ասաց.
- Եթե դուք իմ որդիներին Սինոպից Անտիոք եք տեղափոխել, որպեսզի նրանցից մեկնումեկին հանձնեք Եգիպտոսի գահը, ապա ինչո՞ւ նույն բանը չեք կարող անել ունենալով ավելի օրինական թեկնածու, որը նույնպես կհամաձայնի վարել ձեր նախընտրած քաղաքականությունը, և գուցե ուրիշներից ավելի լավ անի դա...
- Իմ թագուհի, ձեր առաջարկը զուրկ չէ իմաստից, և ինքնին արժանի է ուշադրության, նույնիսկ քննարկման: Դատելով ձեր խոսքերից՝ դուք որոշել եք քաղաքականությամբ զբաղվել... Մ°ի փորձեք ընդհատել ինձ, ես շատ լավ գիտեմ, թե ինչ եմ ասում: Բանն այն է, որ թեև թագուհի եք եղել եգիպտական և սիրիական արքունիքներում, և նախանձելի դիրք եք զբաղեցրել հասարակության մեջ, միշտ կատարել եք ինչ-որ մեկի կամքը, այլ կերպ ասած՝ երբեք ինքնուրույն չեք եղել… Դեռևս տասնյոթ տարեկան՝ դուք ամուսնացաք ձեր եղբայր Պտղոմեոս Լաֆուրի հետ, որովհետև այդպես կամեցավ ձեր մայր Կլեոպատրան: Ավելի ուշ դուք ամուսնալուծվեցիք և ամուսնական միություն կազմեցիք Պտղոմեոս Ալեքսանդրի, ձեր մյուս եղբոր հետ, և կրկին անգամ այդ արեցիք, որովհետև ձեզ այդպես հորդորեց վարվել ձեր իշխանատենչ մայրը: Երրորդ անգամ դուք նրան ենթարկվեցիք Սիրիա տեղափոխվելով և Անտիոքոս Գրյուպոսի կինը դառնալով, որպեսզի հակակշիռ ստեղծեք Պտղոմեոս Լաֆուրի և Աննտիոքոս Կիզիկացու դաշինքին, որն այն ժամանակ բավական վտանգավոր ուժ էր իրենից ներկայացնում...
- Ուզում եք ասել, որ Պտղոմեոս Ավագը և Պտղոմեոս Կրտսերը Միհրդատ Եվպատորի արքունիքում բավականաչափ ինքնուրո՞ւյն են եղել:
- Բնավ, բայց ինձ մոտ գտնվելով նրանք կստանան այն ամենը, ինչը բավարար կլինի, որպեսզի Եգիպտոսի գահ բարձրանալուց հետո ինձ հաճելի քաղաքականություն վարեն:
- Այսպիսով, դուք վերջնականապես հրաժարվո՞ւմ եք իմ թեկնածությունից: Նկատի առեք, որ եթե ես իմ օրինական թագավորությունը ստանամ մեկ ուրիշից, ապա գահ բարձրանալուց հետո ստիպված կլինեմ նրա՛ն հաճելի քաղաքականություն վարել:
Գահին նստած մարդը արհամարհանքով թափ տվեց ձեռքը:
- Թողեք երազները, թագուհի, աստվածները չեն սիրում անլուրջ մարդկանց: Նախ, ես ոչ մի բանից չեմ հրաժարվում և իսկապես կարող եմ պաշտպանել ձեր թեկնածությունը, եթե այն բխի իմ պետության շահերից: Ուզում եք եգիպտական գա՞հ բարձրանալ, հավատում եք ձեր ճակատագրի զորությա՞նը... Մնացեք Անտիոքում, հյուր եղեք ինձ մոտ, և ձեր որդիների պես սպասեք ձեր աստեղային ժամին: Իհարկե ես նախապես չեմ կարող երաշխավորել, որ հենց դո՛ւք կստանաք Եգիպտոսի գահը, այլ ոչ թե սրինգ նվագողը, կամ նրա կրտսեր եղբայրը: Ամեն ինչ կախված է հանգամանքներից, ձեզանից առհասարակ ոչ մեկը կարող է և չթագավորել... Ինչ վերաբերվում է ձեր անսպառ եռանդին և վճռականությանը, որը մեկ ուրիշը գուցե կործանարար շտապողականություն կանվաներ… Ի՛մ թագուհի, աստվածներին հաճելի է եղել, որ դուք կորցնեք ձեր ենթակայության տագ գտնվող քաղաքները, և այն սակավը, որը կա°մ կստանաք, կա°մ չեք ստանա, լիովին կախված է ձեր բախտը տնօրինելու կարողությունն ունեցող մարդուց: Աստվածներին նաև հաճելի է եղել, որ ե°ս ստանամ ձեր քաղաքները, ինչպես նաև մյուս Սելևկյան արքայազններին պատկանող տիրույթները, որտեղ նրանց կառավարումից, մեղմ ասած, այնքան էլ գոհ չեն եղել: Այսպիսով, դուք չունեք ոչինչ, ես ունեմ ամեն ինչ: Դուք չափազանց գոհ պետք է լինեք, եթե կարողանաք մի քանի տասնյակ հավատարիմ ծառաներ հավաքագրել, մինչդեռ իմ առաջին պահանջով ոտքի կելնեն երեք հարյուր հազար մինչև ատամները զինված ռազմիկներ, որոնք կհավաքագրվեն Մեծ Հայքի և Սիրիայի թագավորություններից, ինչպես նաև այն տասնյակ պետություններից, որոնք Անտիոք գալու ճանապարհին ինձ հավատարմության երդում են տվել: Բայց ես իմ անպարտ զորքը չեմ տանում Եգիպտոսի վրա, այլ լոկ հարմար պահի եմ սպասում, որպեսզի միջամտեմ Եգիպտոսի գործերին: Իսկ դուք, ընչազրկված, թագավորությունը և հպատակներին կորցրած թագուհիդ, խոսում եք առարկություն չհանդուրժող տոնով և համոզված եք, որ մերկ վիճակով Եգիպտոսի գահը գրոհելը լավագույն միջոցն է: Չե՞ք վախենում հարուցել աստվածների ցասումը:
Էջանիշներ