Ուլուանա-ի խոսքերից
Կարծում եմ` էս հարցը քննարկելիս կարևոր է հաշվի առնել նաև մարդու ընտանեկան կարգավիճակը` ընտանիք կամ զուգընկեր ունենալ-չունենալը, որովհետև դրանից կախված` իրավիճակը զգալի չափով կարող է տարբեր լինել: Օրինակ, բնական է, որ միայնակ մարդը, որին տանը սպասող չկա, նույն խանդավառությամբ չի շտապի աշխատանքից տուն, ինչպես, ասենք, ամուսնացած կամ զուգընկեր ունեցող, էլ չեմ ասում` երեխաներ ունեցող մարդը: Միայնակ մարդու համար աշխատանքը բացի ապրուստի միջոց լինելուց, անկախ նրանից, թե ինչքանով է հաճելի ու հոգեհարազատ, կարծում եմ` շատ դեպքերում էսպես թե էնպես դառնում է կյանքի էական մաս, գուցե նաև օդ, որովհետև գուցե դրանից դուրս իրեն բավականաչափ պիտանի կամ պահանջված չի զգում: Ասածս, իհարկե, չի նշանակում, թե բացի աշխատանքից ու ընտանիքից, ուրիշ անելու կամ հետաքրքրվելու բան չի կարող լինել, բայց եթե մարդը միայնակ է զգում իրեն, աշխատանքը, զբաղվածություն ու պիտանիության զգացում ապահովելով, կարող է դառնալ նաև միայնակությունը կամ դրա գիտակցումը բթացնող, ցրող միջոց, ու մարդը կարող է համարել, որ աշխատանքն իր համար օդ ու ջուր է, առանց դրա իրեն չի պատկերացնում, իր կյանքը հենց աշխատանքն է, որ կա: Բայց, ասենք, նույն մարդը կարող է լրիվ այլ կերպ ընկալել նույն աշխատանքը, եթե ընտանիք կամ սիրելի մարդ ունենա, որի հետ աշխատանքից դուրս ժամանակ անցկացնելը պիտի որ պակաս ցանկալի չլինի, քան սիրելի աշխատանքը, եթե, իհարկե, ընտանիքում կամ զուգընկերոջ հետ էնպիսի խնդիրներ չունի, որոնք կստիպեն հնարավորինս խուսափել շփումից:
Հետո, բացի աշխատանքը սիրել-չսիրելուց, աշխատանքը կյանքից առանձնացնել-չառանձնացնելու հարցում, կարծում եմ, կարևոր է նաև աշխատանքի բնույթը, միջավայրը, գուցե նաև այլ գործոններ: Աշխատանք կա, որ աշխատավայրում լրիվ ավարտվում է, ու մարդն էնտեղից դուրս գալով` լրիվ կտրվում է աշխատանքից: Իսկ աշխատանք կա, որ պահանջում է նաև տանը շարունակել, կամ ընդհանրապես էնպիսին է, որ ցանկացած պահի կարող են զանգել, կանչել աշխատելու: Վերջին դեպքերում, բնականաբար, կյանքի մաս է կազմում, ու էդ դեպքում եթե մարդն իր աշխատանքը չի սիրում, կարելի է էդ մարդուն դժբախտ համարել:
Իմ կարծիքով, աշխատանքը հոժարակամ որպես կյանքի մաս ընկալել հնարավոր է միայն աշխատանքը շատ սիրելու դեպքում (այն էլ ոչ միշտ, ինչպես, օրինակ, Բյուրի դեպքում), բայց իմ տպավորությամբ, մարդկանց մեծ մասն իր աշխատանքն առնվազն էդ աստիճանի շատ չի սիրում, ու գործնականում մարդկանց ճնշող մեծամասնությունը (եթե այլ կերպ վարվելու կոնկրետ լուրջ պատճառներ չունի), նախընտրում է հնարավորինս շուտ տուն գնալ աշխատավայրից, որ աշխատելուց հետո մի քիչ էլ ավել «ապրի»:
Ես ինքս ռեժիմով ամեն օր աշխատանքի գնալու փորձ չունեմ (կյանքումս ինչքան աշխատել եմ, կամ ֆրիլանս է եղել, կամ ուշ-ուշ աշխատավայր հաճախելու անհրաժեշտությամբ): Անձամբ ինձ համար աշխատանքի էն տեսակը, որում, իմ պատկերացմամբ, ես կարող եմ լիարժեք բավարարվածություն զգալ ու լրիվ ճիշտ տեղում զգալ ինձ, ուղղակի չի կարող ամեն օր աշխատանքի գնալու ռեժիմի մեջ տեղավորվել: Ինձ լիարժեք համապատասխանող աշխատանքի դեպքում աշխատանքս լրիվ կյանքիս մաս պիտի լինի, դե, «աշխատանքի գնալ» երևույթի բացակայության պարագայում արդեն ուզած-չուզած` պիտի կյանքիդ մաս դառնա:
Իսկ ամեն օր առավոտից մինչև ուշ երեկո աշխատավայրում անցկացնելը, այսինքն` ընտանիքից, սիրելի մարդկանցից ու լիքը այլ բաներից կտրված, կոնկրետ ինձ համար կյանքի մաս չի կարող լինել, այլ կյանքից խլված ահռելի ժամանակ: Այլ հարց է, թե կոնկրետ դեպքերում ինչքանով է դա անհրաժեշտ կամ անխուսափելի: Բայց եթե խոսքը զուտ նախընտրության մասին է, ապա ես կնախընտրեմ ավելի համեստ ապրել, քան էդ գնով շատ փող վաստակել, ու նույն նախընտրությունը գործում է նաև սիրելի մարդու/ամուսնու աշխատելու հարցում, պարզապես էս դեպքում դիմացինի նախընտրության հարցն էլ կա, բնականաբար: Կարծում եմ` կյանքը չափազանց կարճ է ու անկանխատեսելի, հետևաբար եթե թեկուզ մի քիչ դրա հնարավորությունը կա, ավելի լավ է էսօր ապրել, ոչ թե էսօր միայն աշխատել-տառապելով դիզել` հուսալով, որ վաղն ավելի լավ ժամանակ կլինի, ու վերջապես կվայելես դիզածդ. ի վերջո, էդ վաղը կարող է և ընդհանրապես չգալ:
Էջանիշներ