Նախաբան.
Իտալացի տնտեսագիտության պատմաբան Կարլո Մարիա Չիպոլլան հայտնի է իր մարդկության հիմարության մասին շարադրանքներով, մասնավորապես՝
«Մարդկության հիմարության հիմնարար սկզբունքները» ("The Basic Laws of Human Stupidity") աշխատությամբ:
Նա հիմար մարդկանց դիտարկում էր որպես խմբի, որը առանց որևէ կազմակերպման, կանոնակարգերի, ղեկավարի ու մանիֆեստի այնուամենայնիվ շատ անգամ ավելի հզոր է, քան խոշոր կազմակերպությունները, ինչպիսիք են ասենք՝ մաֆիան, կամ արդյունաբերական համալիրները, և որը փաստորեն հաջողացնում է աներևակայելի մեծ ու համակարգված էֆեկտ թողնել:
Ահա մարդկության հիմարության հինգ հիմնարար սկզբունքները ըստ Չիպոլլայի:
1) Միշտ և անխուսափելիորեն մեզնից յուրաքանչյուրը թերագնահատում է շրջանառության մեջ գտնվող հիմար անհատների քանակը:
2) Հավանականությունը, որ տվյալ անձը հիմար է, անկախ է այդ անձի ցանկացած այլ հատկանիշներից:
3) Տվյալ անհատը հիմար է, եթե նա վնաս է պատճառում մեկ այլ անձի կամ մարդկանց խմբի առանց որևէ անձնական շահ ստանալու, կամ նույնիսկ ավելի վատ՝ գործընթացում վնաս պատճառելով հենց իրեն:
4) Ոչ հիմար մարդիկ միշտ թերագնահատում են հիմար մարդկանց վնասակար պոտենցիալը, նրանք մշտապես մոռանում են, որ ցանկացած պահի, ցանկացած վայրում, և ցանկացած հանգամանքներում, հիմար մարկանց հետ գործ ունենալը կամ առնչվելը ներդրում է թանկ նստող սխալի մեջ:
5) Հիմար մարդը գոյություն ունեցող մարդու ամենավտանգավոր տեսակն է:
Դե որպես տնտեսագիտության պատմաբան, Չիպոլլան սա ըստ երևույթին գրել է աշխարհի կամ երկրի տնտեսական զարգացումները կամ թերզարգացումները նկատի ունենալով, բայց ինձ թվում է, որ նույն սկզբունքները կարելի է պրոյեկտել առհասարակ բոլոր առանցքային գործընթացների վրա, մասնավորապես առանցքայիններից առանցքայինի՝ քաղաքականության:
Քննարկում.
1. Իսկապե՞ս հիմար մարդկանց քանակի ազդեցությունը այդքան մեծ է, ու իսկապե՞ս հիմար մարդիկ այքան շատ են, որ գլոբալ ազդեցություն են թողնում, կամ իսկապե՞ս Չիպոլլայի պոստուլատները տրամաբանական են:
2. Համաձայն ե՞ք, որ առկա հիասթափեցնող քաղաքական (և հետևաբար տնտեսական, սոցիալական) իրավիճակը առկա հիմար մարդկանց քանակի խնդիր է (այսինքն արմատական պատճառն է վատ իշխանություններ ու քաղաքականություն ու տնտեսություն ունենալու): Այսինքն հիմար մարդկանց քանակը իշխանություններում շատ է զուտ ստատիստիկայի պատճառով (հիմար մարդիկ ընդհանրապես շատ են):
3. Ինչպե՞ս են առաջանում հիմար մարդիկ, կամ ինչպես է մարդը հիմարանում (հիմար ծնվում, դառնում), ի՞նչ գործոնների պատճառով:
4. Հիմարների քանակը կամ հիմարության մակարդակը պակասեցնելու գլոբալ, պրակտիկ լուծումներ կան, թե՞ մարկության հիմարությունը բնական աղետի պես մի բան է, որի դեմ մարդկությունը իմունիտետ չունի:
Հ.Գ. Եվ առաջարկում եմ սա քննարկել որպես ընդհանուր, կամ գոլբալ խնդիր, հիմարությունն էլ քննարկել ոչ թե վիրավորանք, կամ ատելության առարկա, այլ որպես ընդունելի առկա մարդկային գործոն, համարելով որ մենք բոլորս որպես ոչ կատարյալ մահկանացուներ զերծ չենք սխալներից: Այսինքն փորձենք տարբերել խրոնիկական հիմար մարդուն (որի դիտավորությունները ակնհայտ հիմար են, դատելով արդյունքներից) ոչ հիմար դիտավորություններ ունեցող, բայց երբեմն սխալներ գործող մարդուց:
Հատուկ ծանուցում. Թեման բացարձակապես նպատակ չունի մարդկանց ստորաբաժանել հիմարների ու ոչ հիմարների և/կամ չարություն կամ ատելություն սերմանել մտավոր թույլ կարողություններ ունեցող անհատների նկատմամբ, այլ պարզապես նպատակ ունի կառուցողականորեն հասկանալու ընդհանուր մարդկային դժբախտությունների արմատական պատճառները (որոնցից մեկն էլ ոչ կոմպետենտ իշխանություններ ունենալն է) ու լուծումներ որոնելու:





Մեջբերել
Էջանիշներ