User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 63 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Զանազան պատմություններ

  1. #61
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5 հուլիսի 2023, չորեքշաբթի

    Հաճախ եմ մտածում օրերս գրանցելու մասին։ Օրերն անցնում են, ինձ թվում է՝ քիչ հիշողություն է մնում նրանցից, ափսոսում եմ կորուստը։ Ինձ թվում է՝ կորուստը ոչ թե ինչ-որ բանի առկայության բացակայությունն է ժամանակի տվյալ պահին, այլ այդ բանի մասին հիշողության բացակայությունն է։
    Գիշերը, երբ քնած եմ, դա քուն չէ, այլ ակտիվ կյանք՝ գլխիս մեջ։ Առավոտյան է դա թվում ընդամենը գլխի մեջ, բայց գիշերվա ընթացքում նույնքան օբյեկտւվ իրականություն է, որքան իրականությունը ցերեկվա ընթացքում։



    7 հուլիսի 2023, ուրբաթ

    Այսօր առավոտյան որոշեցի քայլել տնից աշխատանքի։ Հեռավորությունը 4 կիլոմետր է։ Երբեմն քայլում եմ, երբ շատ չեմ շտապում հասնելու և հատկապես՝ տուն վերադառնալու: Սովորաբար ձանձրալի է վաղուց ծանոթ, նույն ճանապարհով քայլելը, հատկապես մի ճանապարհով, որին ոչինչ չի կատարվում․ մեծ քաղաքի արվարձանային անփոփոխ լռությունն է, միանման փողոցներն ու տները, և դատարկությունը՝ մարդկանցից։ Բայց քայլում եմ գիտակցաբար, առողջ ապրելակերպի կանչով՝ այսպես ասած, թեև ոչ հաճախ: Ձանձրույթը ցրելու համար ճանապարհին սովորաբար աուդիոգիրք եմ լսում, երբեմն՝ հարցազրույց։ Այսօր ալարեցի լսել։ Քայլում էի այդպես, ձանձրույթի միջով, և շատ չանցած ինչ-որ բաներ սկսեցին կատարվել ճանապարհին։
    Դիմացովս անցավ մի կին՝ առաջնորդելով երեք մանկահասական երեխաների՝ 5-6 տարեկան։ Երեխաները հագել էին ուրախ գույների և ոճի տաք, բամբակյա բաճկոնակներ (զարմանալիորեն նույնը) և կիսաձայն նույն երգն էին երգում։ Կինը ժպտաց ինձ, ինչը և պիտի աներ նույնանման բաճկոնակներով երեք ուրախ երգող երեխաների առաջնորդող ցանկացած անձ՝ որևէ հայացքի հանդիպելիս, և ես ինձ զբաղեցրի այն մտքով, որ սովորաբար ամայի (հատկապես երեխաներից ամայի) փողոցին ոչ հատուկ այս երևույթը՝ երեխաները, պայմանավորված է ընթացիկ քառորդային (երկշաբաթյա) արձակուրդով, և որ նրանք՝ երեխաները, այս փողոցում, արվարձանում, քաղաքում և կյանքի մեջ փաստորեն գոյություն ունեն, նրանք պարզապես թաքնված են ինչ-որ տեղ․ գուցե պարզե՞լ է պետք, թե որտեղ և ինչու և ինչպես գտնել նրանց ու լցնել նրանցով այս կյանքի, քաղաքի, արվարձանի և փողոցի առօրյա ամայությունը։
    Առավոտյան հանդիպող սակավաթիվ մարդիկ սովորաբար շնատերերն են։ Նրանք քնաթաթախ տեսք ունեն․ թե՛ հագուստն է քնաթաթախ, թե՛ մազերը, թե՛ տրամադրությունը, և այդպես քննաթաթախ համբերությամբ սպասում են, թե երբ է շունն ավարտելու ճամփեզրի խոտերում քուջուջ անելը և անցնելը մի քանի քայլ այն կողմ մյուս խոտերին։ Եվ ինձ սկսում է զբաղեցնել միտքը, թե արժե՞ վատնել այս կյանքում մեզ հատկացված ժամանակը այդ քուջուջին սպասելու վրա։ Սպիտակ փուչիկ-բաճկոնով կնոջ հետևից դուրս է գալիս նարնջաշագանակագույն, խոշոր պուտերով շունը (սիրուն շուն է, ցեղական), կինը բարևում է ինձ, և ես ճանաչում եմ դրկից հարևանուհուս՝ Դորըթիին։ Դորըթին ասիացի է, ամուսինը՝ անգլոսաքսոն։ Ամուսինը՝ Շոնը, բուժեղբայր է աշխատում։ Գյուղի տղա է Շոնը, փոքրամարմին, cute՝ խոշոր նարնջաշագանակագույն պուտերով իր շան նման։ Քաղաքային իր բնակարանի քարահատակ փոքրիկ բակում (որը իմ բնակարանի բակից ցախե մի ծռտիկ, կարճ ցանկապատով է բաժանված) փայտե տախտակներից տուփ է սարքել, մեջը հող լցրել և լոլիկ է աճեցնում Շոնը, լոլիկի շիթիլները մառլայով ծածկած, որ շուրջը թափառող ագռավներն ու հնդկահավերը չավերեն։ Մի ողջ մանկություն շուն է ունեցել Շոնն իր գյուղում, ու հիմա կինը՝ Դորըթին՝ միշտ բողոքական, խստադեմ ու սովորաբար մտահոգ, երբեմն էլ՝ լարված, ով մինչև վերջերս արգելում էր շան մուտքն ընտանիք, ի վերջո, տեղի է տվել իրենց երկու դպրոցահասակ տղաների, մի քիչ էլ երևի ամուսնու թախանձանքին։ Քուքին (հայերեն ասած՝ Թխվածքաբլիթը), որը որսորդական շան ինչ-որ ցեղատեսակից է՝ արդեն մի տարեկան, հասուն քոթոթ, ամեն մի անծանոթ շրշյունից ու հոտից ցցում է գլուխն ու ականջները և գործողության պատրաստ՝ լարվում։ Անծանոթների վրա հաչում է, բացատրում է Դորըթին՝ մինչ Քուքին ցատկում ու փորձում էր լիզել դեմքս։ Բայց ես համարյա անծանոթ եմ, շատ ձագուկ տարիքում եմ իրեն երևի վերջին անգամ տեսել, ասում եմ։ Կապ չունի, ասում է Դորըթին, նա ճանաչում է քո հոտը, չէ՞ որ շենքի նույն հարկում ենք ապրում։ Մի քսան րոպե էլ դեռ զրուցում ենք որսորդական շների սովորություններից ու խնամքից, շների հանդեպ կապվածությունից և ընտանիքի անդամ դառնալուց՝ինձ անծանոթ և համարյա անհետաքրքիր թեմա, մինչև որ վերջապես պոկվում եմ Դորըթիից և շարունակում ճանապարհս։
    Դիմացի մայթին, առանց ցանկապատի մի տնակի կանաչ մարգի վրա մի պապիկ է փոցխով աշխատում։ Սիրում եմ անցանկապատ տներ, տնակներ՝ առավելևս։ Պապիկի կաթնագույն քաթանե տաբատի հետույքը հողոտված է։ Պապիկը ծերունական երերուն խնամքով, դանդաղ փոցխում է փափուկ կանաչի վրայի չերևացող ավելորդությունները և լցնում փայտե սայլակի մեջ։ Ինձ զբաղեցնում է այն միտքը, որ պապիկի աշխատանքի մեջ իմաստ կա, և միայն այն պարզ պատճառով, որ թե՛ պապիկը, թե՛ իր հողոտված շալվարը քնաթաթախ չեն։ Դիմացի մայթին կանգնած՝ փորձում եմ ուսումնասիրել տնակը․ այն կեսդարյա հարմարավետություն ունի, և պատուհանի հետևում, պատուհանագոգին նշմարում եմ ճենապակյա նախշապատ մի սափոր, որը հարմար կլիներ երևի կաթ լցնելու համար։ Մի քանի քայլ եմ գցում՝ Ճամփաս շարունակելու, և միտքս վերահաս զբաղեցնում է այս տեսարանն անցյալում աներևույթ թողնելու ափսոսանքը, ետ եմ դառնում հարմար տեսանելիության ու դիմացի մայթից լուսանկարում տունն ու պապիկին։
    Hey Siri! Call Maddy Paul - արևադարձային ձմռան սառն ու խոնավ օդին կիսաթև վերնաշապիկով և ձեռքերը շորտերի գրպանը դրած բարձրահասակ երիտասարդի մեջքն առաջ է ընկնում ինձնից, և ես արագացնում եմ քայլերս, քանի որ միտքս զբաղեցնում է հետաքրքրասիրությունը՝ պարզելու, թե Սիրին հասկացա՞վ արդյոք ում պիտի զանգի, ու թե Մեդին երիտասարդի ընկերուհի՞ն էր՝ ինչպես ենթադրեցի․ էլ ու՞մ պիտի զանգի ձմռան ցրտին կարճաթև վերնաշապիկով և ձեռքերը շորտերի գրպաններում դրած, վստահ առաջ ընկնող երիտասարդն առավոտ կանուխ։ Hi Maddy, how you doin?! Շարունակությունը հետաքրքիր չէր, որովհետև իմ միտքն արդեն զբաղված է նրանով, որ ես Սիրիից օգտվելուն չեմ վարժվել, և որ բնազդաբար չեմ էլ ձգտում վարժվել, և փորձում եմ համեմատական վերլուծություն տանել heysiri կանչելու (նվաստացուցիչ մի բան եմ տեսնում արհեստական բանականությանը հրամայելու մեջ) և հեռախոսի անվանացուցակից անուն ընտրելու ու զանգելու կոճակը սեղմելու հարմարությունների և անհարմարությունների միջև։
    ․․․ Եվ այդպես միտքս շարունակում են սնել ու զբաղեցնել մի շարք այլ սովորական տեսարաններ, և ես հայտնաբերում եմ, որ կյանքում հետաքրքրություն գտնելը հետաքրքրականություն հայտնաբերելն է հենց սովորականի մեջ, իսկ այսպես կոչված մեծ իրադարձությունները փչված մեծ փուչիկ են հիմնականում։
    Ու մի բան էլ․ երջանկությունը բավարարված լինելու մեջ չէ, այլ բավարարություն ստանալու բուն ընթացքի, ինչպես օրինակ՝ հաճույքը ծարավ չլինելու մեջ չէ, այլ ծարավը հագեցնելու ընթացքում զգացածի։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (09.12.2024)

  3. #62
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11 հուլիսի 2023, երեքշաբթի

    Առավոտյան քայլեցի աշխատանքի։ Նախորդ օրվա ավելի քան 11 հազարին քայլին գումարվեց ևս հինգ հազարը և մարմինս ընդհանուր անհարմարավետ էր՝ լարված-հոգնած։ Կարծում եմ՝ կվարժվեմ։ Գործի տեղը հիմնականում աշխատում էի HSC նախորդ տարիների հարցաշարը վերլուծելով և կատեգորիաների բաժանելով․ օգտակար կլինի ուսուցումս կազմակերպելու գործում։ Նամակ գրեցի համայնքային դպրոցի տնօրենին՝ մյուս տարի դասավանդելուց հրաժարվելուս մասին, բացատրեցի, որ չափից դուրս ծանրաբեռնված եմ։ Հղկված-պաշտոնապես ստացվեց, բայց ինձ դուր եկավ։ Առավոտյան մոռացա փոստարկղը բացել․ Ալվարդը գրել էր, որ Սենթ Էքզյուպերիին ուղարկած իր նամակը գցել էր փոստարկղս։ Գործից տուն հասա վեցին 15 պակաս՝ կբավականացներ հանել նամակը և կարդալ մինչև Ալվարդին հանդիպելը։ Նամակը ճաշակով էր ձևավորած, գրված էր սրտառուչ․ կոշտ, տաք-փայտագույն թղթի վրա էր գրել՝ գեղեցիկ, խոշոր ձեռագրով։ Առաջին հայացքից չէր հասկացվում, թե որտեղ էր տեքստի սկիզբը և որտեղ՝ վերջը։ Նամակը “կոճկել էր” թափանցիկ, սպիտակավուն թիթեռնիկ-սեղմիչներով։ Ջերմ ու գեղեցիկ էր․ սիրտս լցվեց։ Ալվարդի հետ դասս այնքան էլ արդյունավետ չանցավ, իմ տեսակետից․ շարունակեցինք Հրանտ Մաթևոսյանի “Կայարան” պատմվածքի ընթերցանությունը։ Պատմվածքը վերծանել, հասկանալ կուզի, համարյա ամեն տողը, արդեն երրորդ դասն է՝ դա ենք անում։ Երևի որոշ բաներ երկար եմ բացատրում․ պետք է հակիրճ խոսել սովորել։ Հուսով եմ՝ մյուս դասին կավարտենք վերջապես։ Երեկոյան հոգնած էի, ֆիզիկապես։ Երևի մի քանի օր անընդմեջ երկար քայլելուց էր։ Նաև՝ երևի ներսիս դատարկությունից էլ, որը փորձում եմ լցնել աշխատանքով, տարբեր մանր զբաղմունքներով (պահարանները դասավորելով, օրինակ)։ Մինչև ուշ ժամ, համարյա մինչև 11-ը կարծեմ, հայերեն պարապեցի Մերիի հետ․ պատմվածք է գրում՝ հիշելով անգիր մտապահածը։ Մինչ այդ, սկզբում գրում է իր սեփական տարբերակը, առանց օգնության, ինչպես կարող է, հետո ես հղկում եմ այդ գրածը, հետո իմ գրածը սովորում է անգիր, հետո՝ գրում է անգիր սովորածը։ Այդպես են լեզու սովորում։ Համենայնդպես, հասուն տարիքում, և երբ ժամանակը սահմանափակ է։ Դավիթը երբեմն է միայն դուրս գալիս իր սենյակից։ Վերջերս մի մեծ բոքսի տանձ է կախել իր դռան մոտից, սև կաշեպատ, հարվածում է երբեմն։ Երեկոյան դուրս եկավ քայլելու։ Գիշերը ընտանիքով սկսեցինք նայել The substitute ֆիլմը, ուսուցչի մասին․ թույլ էր։ Կիսատ մնաց, բայց կշարունակեմ։ Երազումս Հայկին տեսա նորից։ Պապայիս էլ։ Հայկն ուշադիր էր Մերիի հանդեպ։ Նորից չէր նայում կոնկրետ մի տեղ։ Երբեք չեմ կարողանում ունենալ նրա հայացքն ուղղված ինձ․ տարօրինակ է։ Մտածեցի ՝ արժե փնտրել այդ ֆենոմենի մասին ինտերնետում։ Հայկը նստում էր մեքենայի հետևի նստարանին, որովհետև վատառողջ էր, մեքենան հայրս էր վարելու, պատրաստվում էր նստելու։ Մամաս նույնպես մասնակցում էր, բայց հեռակա․ ես տոմս ունեի դեպի Սանտորինի մի շաբաթով՝ մամայիս հետ։ Մի կողմից ուրախ էի, որ մամայիս հետ ժամանակ էի անցկացնելու, մյուս կողմից՝ մտահոգ, որովհետև մամաս արդեն հիվանդ էր։ Ծնողներիս ու Հայկին հաճախ եմ տեսնում երազումս վերջին ժամանակներս․․․ Սովորաբար տագնապալից երազներ են, որտեղ Հայկը հիվանդ է, բայց փրկվել է, Հայկը ողջ է, կա, կարծես՝ չպիտի մահանար, պիտի փրկվեր, թեկուզ և առաջվա պես առողջ չէի տեսնում նրան, բայց ուրախություն և հույս էի ապրում, որ վերադարձել է։ Մի երազ տեսա վերջերս՝ մերոնց հետ, որը երևի թե միակ լուսավոր երազն էր այս վերջին ժամանակներում։ Երևանի մեր բնակարանում էր․ բնակարանը մաքուր էր, հավաքված ու մի տեսակ փայլում էր մաքրությամբ (տպավորություն էր, թե նոր էին մաքրել, լվացել, փայլեցրել ամեն ինչ), մամաս խոհանոցում ճաշ էր եփում, ինչ-որ բարդ ճաշ՝ մի երկու թաս էր իրար վրա դրել, որոնք թեքվում էին, գոլորշի էր ու բլթբլթում էր ինչ-որ բան, թվում էր կընկնի հիմա, կկեղտոտի խոհանոցը, բայց մամաս պահում էր ամեն ինչ հսկողության տակ, ու առաջվա մամաս էր՝ տնարար, աշխույժ, զբաղված (շատ-շատ եմ կարոտում․․․)։ Ու մամաս ասում է ինձ, որ պատշգամբ գնամ ու տեսնեմ, թե ինչ կա մեր պատշգամբի դրսի կողմից կախված մեծ ծաղկամանում, համոզում է, ոչ թե ասում, հորդորում է, որ գնամ, տեսնեմ։ Գնում եմ պատշգամբ և տեսնում մի հսկայական բալենի է ծաղկամանում աճել, որն ուղղակի փթթում էր վարդագույն ծաղիկների առատությունից։ Արևոտ օր էր և բալենին այնքան թարմ, առողջ և փթթուն՝ իր վարդագույն ծաղիկներով, և այնպես հոյակապ, տպավորիչ՝ այդ կախովի ծաղկամանի մեջ, այն էլ բարձր՝ վեցերորդ հարկում։ Հիացմունքից արթնանում եմ։
    Այսօր մեքենայով եկա գործի, որովհետև շուտ պիտի գնամ տուն. նարնջով թխվածք պիտի թխեմ, հետո Արինը պիտի գա հայերենի դասի, հետո Միսակի դասն է, այս անգամ տուն է գալու, մոր հետ, վերջիններիս այցի առթիվ էլ պատրաստելու եմ թխվածքը։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 12.12.2024, 09:09:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (13.12.2024)

  5. #63
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    13 հուլիսի 2023, հինգշաբթի

    Երազումս Հայկին տեսա՝ բարի-բարի, ուրախ ու հանդարտ։ Խնդրեցի՝ թեքվելով ու փորձելով նայել ուղիղ դեմքին․ Հայկ ջան, խնդրում եմ, նայիր ինձ։ Եվ Հայկը նայեց, աչքերը, առաջին անգամ, նայեցին ինձ, ուղիղ՝ ինձ, իմաստալից, ու բարի-բարի էին աչքերը, և նայում էին ինձ՝ բարի, մի տեսակ խորքային կենսական հանդարտությամբ։ Այնքան երջանկացա, իսկ Հայկը գնալով ավելի կենդանի ու առօրեական էր դառնում, ու նորից սկսեցի հավատալ, որ վերադարձել է։ Հետո մամայիս տեսա․ սիրուն էր մամաս, կոկիկ՝ թե՛ տեսքը, թե՛ հագուստը, թե՛ կեցվածքը, և նորից՝ հանդարտ ու իմաստուն, խորքային։ Հետո նստած էր մամաս երևանյան մի փողոցում, որը ոչ այն է՝ բակ էր, ոչ այն է՝ փողոց, տատիկիս տան մոտակայքի պես մի տեղ էր, Իսահակյան փողոցի վրա, ծառապատ, ամռ էր, ու բարձր ծառերը թեթև խշշում էին կանաչ տերևներով՝ գցելով ամառային երեկոյի աշխույժ ստվերներ, և մամաս նստած էր փողոցում, մի աթոռի վրա, երկու կողքերին ինչ-որ ծանոթ կանայք (հիմա չեմ մտաբերում, թե ովքեր) և զրուցում էր՝ հանդարտ ու իմաստուն, մի տեսակ հավերժական ժպիտով։ Փնտրեցի հեռախոսս, որ նկարեմ մամայիս՝ էդ պահի մեջ, գիտակցելով, որ երազ է և չգիտես ինչու համոզված (կամ հույս ունենալով), որ երբ արթնանամ, նկարը հեռախոսիս մեջ պահպանված կլինի, և ոգևորված էի այդ գաղափարով ու թե ինչպես մինչև հիմա մտքովս չէր անցել։



    Երեկ duolingvo քաշեցի հեռախոսիս մեջ և սկսեցի ֆրանսերենս թարմացնել։ Կարծես մի քիչ հեշտ մակարդակ եմ ընտրել, ձանձրանում եմ նույնօրինակ վարժություններից, բայց բավական կախվածություն առաջացնող է, ուզում ես առաջ գնալ՝ փուլը փուլի հետևից, և հավես է, ինչպես հավես էր երեսուն տարի առաջ․ այն ժամանակ հետսովետական աղքատ, խեղճ և մութուցուրտ երկրում էի։

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան լեզվական հարցեր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2277
    Վերջինը: 03.05.2025, 00:57
  2. Զանազան լեզուներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 13.04.2016, 18:34
  3. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  4. Face of the Future. դեմքի զանազան փոխակերպումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 121
    Վերջինը: 10.12.2010, 14:24
  5. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •