User Tag List

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Զանազան պատմություններ

  1. #46
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անգործությունը իմ համար մեկ թշնամին է։
    Մութուցուրտ հայաստանից ի վեր այն ինձ չի սպառնացել կամ սպառնում, հուսով եմ՝ երբևէ չի էլ սպառնա, կամ կգտնեմ միջոցներ մոտ չթողնելու, բայց անգամ բերնեբերան լի զբաղվածությանս մեջ ինձ ստեղծագործական լիցքեր են անհրաժեշտ։ Բայց ստեղծագործական լիցքն էլ անհատական է, և ինքդ քեզ ճանաչելու գործընթացում կարևոր է հայտնաբերել, թե ինչ տեսակ ստեղծագործականության մեջ ես այդ լիցքերը ստանում։

    Ներկայիս իմ աշխատանքային կյանքում ահագին ստեղծագործականություն կա, որը սիրում եմ և հաճույքով լող եմ տալիս մակերևույթին։ Բայց ամեն մարդու համար ստեղծագործականության մի տեսակ կա, որի մեջ սուզվել ես ուզում, մինչև խորքերը, իսկ նման ստեղծագործականությունը, ցավոք, դեռ առանձնապես տեղ չունի իմ ներկայիս աշխատանքներից ոչ մեկում։ Վերջրես մտածել եմ սկսել, որ՝ պետք է, նունիսկ՝ պարտավոր եմ։

    Գրելու ստեղծագործականության մասին է խոսքը։ Իսկ սա հենց այնպես օդից չի ընկնում, որ դնես ու անես։ Այն զարգացում կուզի, մասնագիտացում, ինչը ընթացք է առնում կանոնավոր, քրտնաջան աշխատանքից։ Կանոնավոր գրելու միջով ես բացելու (unfold), հղկելու հմտություններ: Ուրիշ ճանապարհ չկա։

    Որոշել եմ ընթացք տալ, քարը շարժել տեղից։ Հուսամ, որ մի բան կստացվի։
    Բայց գրելու նյութ դեռ ոչինչ չունեմ հասունացած, և համարձակություն (համբերությու՞ն) էլ չունեմ՝ թույլ տալու, որ հասունանա։ Մնում է գրել օրերիս մասին, ինչը մի առաջնային օգտակարություն էլ ունի՝ փրկել դրանք մոռացությունից։ Հատկապես հիշողությանս կորուստների դեպքում։

    Մի անձնական օրագիր ունեմ, միայն ինձ հասանելի, google doc-ում, ուր օրերս գրանցում եմ երբեմն։ Սովորաբար ոչ հաճախ, լինում է՝ մի քանի ամիսը մեկ, լինում է՝ ամիսը մի քանի անգամ։ Ստիպում եմ ինձ գրել, բայց հիմնականում օրվա վերջում հոգնածությունը, իսկ օրվա կեսերին էլ՝ ազատ ժամանակի քչությունը կամ հավեսի բացակայությունը խանգարում են։ Եվ հետո, գրելու պահին հետաքրքիր չէ գրելը․ ձանձրալի է հաշվետվություն գրել օրվա մասին։
    Գրելուս մոտիվացիաս բարձրացնելու համար, վերջերս որոշեցի հնարել օրս գրանցելու մի այսպիսի ձևաչափ․ երկու հակիրճ բաժիններ՝ օրվա լավագույն պահը, և հակառակը։ Հետաքրքրական էր, որ "հակառակը" բնորոշելիս, կախված թե ինչ պիտի գրեի, դասակարգումը տարբեր էր ստացվում՝ օրվա զղջումը, օրվա հիասթափությունը, օրվա տհաճությունը, և այլն։ Իսկ լավագույնը միշտ մի բնորոշում էր ունենում՝ "լավագույն"։ Հիշեցի Տոլստոյին․ Все счастливые семьи похожи друг на друга, каждая несчастливая семья несчастлива по-своему. Կարելի է վերաձևակերպել․ երջանկությունը մի տեսակ է, ապերջանկությունները՝ տարբեր։

    Որպես սկիզբ, սկսեմ ժամանակ առ ժամանակ տեղադրել որոշ օրեր անձնական օրագրիցս։ Մարդկանց անունները երբեմն պետք կլինի փոխել կամ թողնել միայն սկզբնատառերը։ Կաշխատեմ անկեղծ լինել։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.07.2024), Արէա (08.07.2024), մարդ եղած վախտ (08.07.2024)

  3. #47
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    22/05/22, կիրակի

    Էսօր պլանավորված էր գնալ Մարոյին տեսնելու։ Մարոն իմ երկրորդ հարազատության զարմիկն է, պապայիս հորաքրոջ տղայի՝ Ռուբեն Փափազյանի դուստրը։ Ռուբեն Փափազյանը պապիկիս մեծ քրոջ միակ որդին է, որը, Հունաստանում ծնված, անցյալ դարի առաջին կեսերից անհետ կորել էր, իսկ երկրորդ կեսերին՝ պատահաբար հայտնաբերվել, Ավստրալիայում։ Թե ինչպես էր հայտնվել Ավստրալիայում, խառը ու մութ պատմություն է, որի մանրամասները, Ռուբենից բացի, երևի ոչ մեկի մինչև վերջ հայտնի չի եղել, և առհասարակ իր մասին շատ քիչ բան էր հայտնի․ ծնվել է Հունաստանում 1921-ին, տարել են պատերազմ, որտեղ և անհայտ կորել է, իսկ մայրը երկրորդ անգամ է ամուսնացել ու ամուսնու հետ հայրենադարձվել Հայաստան 1946-երին։ Եվ մի օր էլ, 1972-ին, Ռուբեն Փափազյանը ժամանում է սովետական Հայաստան։ Գտնում է իր մորը, հիսունամյա որդուն մայրը մեջքի վրայի խալից է ճանաչում․ հնդկական կինո։ Լավ ժամանակ է անցկացնում Ռուբենը Հայաստանում․ գառնի-գեղարդ, խորոված, հանդիպում անծանոթ ազգականների հետ, ու տպավորված վերադառնում Ավստրալիա։ Եվ նրան այլևս չենք տեսնում։ Գիտեինք միայն, որ մի աղջիկ ունի՝ Մարիամ` պապիկիս մոր (Ռուբենի տատու) անունը, կինն էլ ավստրիացի է։

    Քսան տարի առաջ, երբ տեղափոխվում էի Ավստրալիա, հայրս ձեռքս տվեց Ռուբենի լուսանկարները՝ արված Հայաստան այցի ժամանակ, և իր գրած նամակը՝ հունարեն, որ պապիկիս էր գրել իր այդ միակ այցից հետո։ Այդքանը Ռուբենին գտնելու համար։
    Չնայած ակտիվ հարցումներիս՝ հայկական համայնք, որոնումներ համացանցով, Ռուբենի հետքը գտնել չհաջողվեց։ Տարիներ փորձեցի՝ ապարդյուն, ու դադարեցի մտածել այդ մասին։
    Անցած տարի ապրիլի 24-ն էր, մտա ֆեյսբուք՝ քնելուց առաջ, Նոր Հարավային Ուելսի նահանգապետուհին՝ Գլեդիս Բերեջիկլյանը, ցեղասպանության մասին գրառում էր արել։ Հետաքրքրեցին մեկնաբանությունները, հատկապես ոչ հայերի, որոնք հազարավոր էին հաղորդագրության տակ։ Մեկ-երկու անգամ մատս սահեցրի, արագ անցնելով վրայով, ու հայացքս կանգ առավ․ Maro P. - My dear papa Rouben Papazian, was a survivor of the Armenian Genocide. He told me a lot…
    Մարոյին միանգամից չկարողացա վստահեցնել, թե ես ով եմ, մինչև որ չուղարկեցի լուսանկարներ։ Ֆեյսբուքյան իր հաշիվը փակ էր և ստիպված էի պատասխան մեկնաբանությամբ կապվել։ Հետո լացում էր երկու օր։ Ասաց, որ ամեն տարի թողնում է այդպիսի հաղորդագրություն, ուր պատահեր, հույսով, որ որևէ մեկը կարձագանքի։ Արդեն քանի տարի է փնտրում է որևէ կապ հոր ազգականներից, բայց ոչ մի տեղեկություն։ Հայրը, որը մահացել էր երեսուն տարի առաջ, ոչինչ չէր թողել։ Նույնիսկ ԴՆԹ-ի տեստ է արել՝ հույսով, թե այդպես մեկը կգտնվի։

    Այդ օրվանից կապի մեջ էինք, բայց հաջողվեց տեսնել այսօր, վերջապես։ Մարոն ապրում է Bowral (Բաուրըլ) կոչվող փոքրիկ քաղաքում, Սիդնեյից մոտ 150կմ հեռու։ Սկզբում մտադրված էի գնալ ընկերուհիներիս հետ, բայց ոչ մեկի հարմար չէր, Նարեկը առաջարկեց գալ հետս, անհանգիստ էր, որ այդ հեռավորությունը մենակ պիտի քշեմ, բայց որոշեցի մենակ գնալ։ Եվ կարծում եմ՝ լավ եղավ, որ այդպես ստացվեց։ Ճանապարհի մեծ մասը 110 կմ/ժ Hume Highway մայրուղին էր, որի ընթացքում ձանձրանում էի մի քիչ, բայց երբ մտա Բաուրըլ, կարմրաոսկեգույն աշնան վերջին շունչն էր, որը դեռ գեղեցիկ էր ու տրամադրող։ Կարծում էի ցուրտ կլինի, անձրև ու մռայլ /ըստ եղանակի տեսության/, բայց ճանապարհին անձրև համարյա չեկավ, երկինքն էլ բաց էր, կապույտ՝ սպիտակ ամպերի փրփուրներով։ Փոքրիկ քաղաք էր Բաուրըլ՝ հանգիստ, 20-րդ դարի կեսերի ավստրալիական անհետաքրքիր ու անշուք ոճի ոչ մեծ շինություններով, որոնք սրճարաններ էին կամ խանութներ։ Մարոյի տունը գտնվում էր Սեբել կոչվող հյուրանոցային համալիրի տարածքում, բայց հյուրանոցի մաս չէր։ Երկհարկանի նորակառույց, մաքուր շենքի երկրորդ հարկում էր․ շենքն ուներ ընդամենը 8 բնակարան։ Մարոն ինձ դիմավորեց ներքևում, որովհետև մուտքը շփոթել էի։ Ամուր սեղմեց կրծքին։ Հետաքրքիր կին էր․ ավստրիական խստությամբ (կամ որոշակի չոր կտրուկությամբ) և միևնույն ժամանակ՝ մեղմ ու կանացի։ Նուրբ դիմագծեր ուներ, լավ խնամված մաշկ (դիմահարդարման և մաշկի խնամքի կլինիկա է ունեցել)։

    Մարոյենց բնակարանը բավական ընդարձակ, ժամանակակից ոճի մի կացարան էր, խնամքով հարդարված ու կահավորված։ Պատերին կանանց սիլուետներ պատկերող արվեստի գործեր էին, պատշգամբում՝ մի հսկայական սև բուդդա։ Տանը կային զանազան արձանիկներ և դեկորացիաներ, որոնց մեջ առանձնանում էր ճագարային թեման․ Մենք “ճագարային” ենք, բացատրեց Մարոն, հատուկ սեր ունենք ճագարների ու նապաստակների հանդեպ, դրա համար ինքներս մեզ այդ թեմայով նվերներ հաճախ ենք անում։ Մարոյի կինը՝ Ամելին տանը չէր, աշխատանքի էր՝ թռիչքի․ Ամելին օդաչու է։ Մարոն սուրճ էր պատրաստում, ես խոսում էի ինչ-որ․ պատմեցի տղայիս վերջերս կատարած առաջին ինքնուրույն ճամփորդությունից՝ ԱՄՆ, նա էլ պատմեց իր երեխաների առաջին ճամփորդություններից։ Առհասարակ, խոսակցություն ստացվում էր, բայց նա երբեմն լռում էր, կարծես փորձում էր հասկանալ իմ տեսակը, ինչ-որ բան տարբեր էր երևի, շփման մեջ էլ, դե, նա երևի ուրիշ մշակույթի մարդկանց հետ է շփվում, երևի ինչ-որ անսովոր, անհասկանալի բան կար իմ շաղակրատանքի ոճի ու բովանդակության մեջ։

    Մարոն կազմակերպված է։ Կազմակերպված սուրճ խմեցինք, կազմակերպված լանչ կերանք /ինչ-որ հունգարական ճաշ էր սարքել՝ մակարոնով և հավի սոուզով, որ համեղ էր բավականին/, կազմակերպված զրուցեցինք, որի ընթացքում Մարոն /երևի այդ մասը չկազմակերպված/ սիրտը բացեց իր աղջկա հետ փչացած հարաբերությունների մասին, որի պատճառը աղջկա բռի ամուսինն է եղել, որին իրենց տնից /երբ հյուրընկալվում էին/ դուրս է արել Ամելին, իսկ աղջիկը՝ երկու երեխաներով, հետևել է ամուսնուն, որը պատվիրել է չխոսել սեփական մոր հետ, և այդպես մեկ տարի աղջիկը մոր հեռախոսի համարը արգելափակել էր իր հեռախոսի մեջ, իսկ վերջերս կարծես հաշտվել են, Մարոն գնացել էր Հարավային Ավստրալիա՝ աղջկան ու թոռներին տեսնելու՝ մնալով առանձին վարձած բնակարանում, բայց հարաբերություններն այլևս առաջվանը չեն․ Մարոն մի քանի անգամ լաց եղավ։ Լանչից հետո առաջարկեց, որ երևի կուզենամ լույսով դուրս գալ․ ժամը չորսն էր։ Ասաց ու հետևեց, որ այդպես էլ լինի, քանի որ կազմակերպված է։ Ապա մի կարճ պտույտի հանեց Բաուրըլով, անցանք շքեղ տների թավ-կանաչապատ թաղամասով, որտեղ Մարոյենք նախատեսում են տուն առնել, ապա մի քանի այսպես կոչված կենտրոնական /բայց փորքիկ/ փողոցներով անցանք, որտեղ ցույց տվեց իրենց քաղաքի կինոյի շենքը, պոպուլյար սրճարանը և այլն, և այդ ամենը՝ առանց կանգ առնելու կամ անգամ մեքենայից դուրս գալու։ Ապա վերադարձանք հյուրանոցային համալիր, ուր կայանած էր իմ մեքենան և հենց մեքենայիս մոտ էլ հրաժեշտ տվեց ինձ։ Այդ պահին մտածում էի, որ չնկարվեցինք, բայց նա այդ մասին ոչինչ չասաց, ես էլ լռեցի։ Դեռ տուն չէի հասել, երբ հաղորդագրություն ստացա, որը հնչում էր շատ ավելի ջերմ-ջերմ, քան իր վարքուկացն էր, երբ իր տանն էի․ հատկապես նշում էր նվերները, որ տարել էի՝ նռան գինի, գրանդ քենդիի չրով շոկոլադաների տուփ և փայտյա մի ժամացույց հայկական օրնամենտներով՝ մասիս, նուռ, նշանը հավերժության, ու էլի ինչ-որ ստանդարտներ։ Մի երկու անգամ հաղորդագրությամբ հիշեցրեց, որ կարող եմ գալ հաջորդ անգամ ավելի երկար ժամանակով և մնալ իրենց տանը։ Հավանաբար ամեն ինչ այնքան էլ վատ չէր, ինչքան մտածում էի հետդարձին /թողածս տպավորության հետ կապված/, եթե հատուկ հրավիրում է։

    Տուն հասա յոթին։ Յոթ անց կես եկավ Լ-ն՝ հայերենիս աշակերտուհին։ Ինչ-որ բան չի ստացվում, կաշկանդվում է և պատրաստ չէ, կարծես ծանրաբեռնվածությունն է խանգարում․ լաց եղավ, մեղք էր շատ, որքան է ճնշվում քննությունները լավ հանձնելու բեռից ու պատասխանատվությունից։ Այդպիսի աղջիկ է Լ-ն։ Պարապեցինք բավական երկար, մինչև մոտ տասը։ Որոշեցի կենտրոնանալ միայն բանավորի վրա։ Հետո անցա Մերիի հետ պարապելու․ հոգնած էր, կես ժամ միայն կարդաց և թարգմանեց հատված գրքից /Փոքրիկ Իշխանը/։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 09.07.2024, 07:52:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (09.07.2024), ivy (10.07.2024), Mr. Annoying (09.07.2024), Tiger29 (10.07.2024), Արէա (09.07.2024), մարդ եղած վախտ (09.07.2024), Ուլուանա (12.07.2024)

  5. #48
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    27/06/22, երկուշաբթի

    Դեպի Հայաստան օդային ճանապարհին առաջին կանգառը Սինգապուրն էր։ Սինգապուր հասանք ուշ երեկոյան։ Հյուրանոց վերցրի օդանավակայանում՝ Grand Park City Hall, որը պարզվեց հայկական եկեղեցու ուղիղ դիմացն էր։ Առավոտյան նախաճաշից հետո այցելեցինք եկեղեցի։ Տոթ էր Սինգապուրում։ Եկեղեցին կենտրոնական փողոցի վրա է, որն աշխույժ էր (երկուշաբթի առավոտ էր), բայց եկեղեցին՝ ամայի։ Դեռ չմտած` մի հայ տեսանք դարպասների մոտ։ Սևամորուք, սևամազ, մի քիչ լիքոտ, մոտ երեսունհինգ տարեկան մարդ էր՝ ջինսերով ու սև շապիկով, ջերմ, բայց զբաղ ողջունեց մեզ։ Հարցրի՝ քանի՞ հայ կա Սինգապուրում։ Մի քառասուն, ասաց ուրախ քրքիջով։ Ներս հրավիրեց, շտապ-շտապ, տարածքում թափված մի քանի աղբի կտորներն էր հավաքում, լցնում աղբամանը, իսկ տարածքն ընդհանուր առմամբ խնամված էր ու մաքուր։ Հարցրի անունը, Գևորգ էր։ Ինչ-որ բան հիշեցրեց ինձ իր անունը․ վերջերս կարդացածս մի բան Սինգապուրի հայերի մասին, որտեղ ինչ-որ Գևորգ (ազգանունը չէի հիշում) Հայաստանից տեղափոխվել էր Սինգապուր։ Ես կարդացել եմ ձեր մասին, ասացի, արվեստի հե՞տ կապ ունի ձեր մասնագիտությունը։ Դիրիժոր եմ, ասաց։ Լուսանկարվեցինք, շտապում էր փութկոտ ինչ-որ, մեզ թողեց եկեղեցու տարածքում և մաղթեց բարի այց։ Եկեղեցին բոլորովին ամայի էր, թեև բաց։ Սա իմ երկրորդ այցն էր։ Առաջինը ինը տարի առաջ էր, բայց այն ժամանակ շրջագայության խմբով էի (ի զարմանս ինձ, շրջագայության տեսարժան վայրերի մեջ Հայկական եկեղեցին էր ներառված նաև), և բակի մահարձանները ժամանակ չունեցա ուսումնասիրել։ Այս անգամ մանրամասն նայեցի ամեն ինչ, լուսանկարեցի, տեսագրեցի, և, ինչպես առաջին անգամ, հյուրերի մատյանում հուշագրություն թողեցի՝ անգլերեն և հայերեն․ անգլերենը՝ մտքովս անցավ Ն-ի տարեդարձին բարեմաղթանք գրել, քանի որ իր ծննդյան օրն է, և ընտանիքիս՝ բարօրություն, երկրորդը՝ հայերենը՝ ընտանիքիս և ազգիս համար բարօրություն։ Հետո Հ-ն, որ շտապում էր, դուրս եկավ համբերությունից, գոռալով կանչեց ինձ, իսկ ես այդ պահին տեսագրում էի եկեղեցու ներսը, բարկացա, զայրույթով պատասխանեցի բարձր ձայնով, որի համար զղջացի, իսկ նա շտապում էր Սիդնեյի իր տան հարևանին տեսնելու, որն այցով Սինգապուրում էր պատահաբար և որի հետ պայմանավորվել էր տեսնվելու Շանգրի Լա հյուրանոցում։ Տաքսի վերցրինք դեպի Շանգրի Լա։ Հյուրանոցի ընդարձակ սպասասրահը լիքն էր, աշխույժ, շուտով իջավ Քենը։ Բարձրահասակ ու շատ նիհար էր Քենը, գունատության աստիճանի ճերմակամաշկ, ոսկրոտ դեմքով, որի վրա ասես բարակ, նուրբ կաշի էին քաշել ընդամենը, և այդ բարակ ու գունատ կաշվի տակից սուր այտոսկրերն ու կզակը պիրկ դուրս էին ցցվում։ Ամեն ինչ երկար ու բարակ էր Քենի մոտ, ճիշտ ինչպես իր գոլֆի պարագաները, որոնցով կահավորված, այդ թվում և հագուստը, իջել էր սպասասրահ։ Քենը բանկային բարձրաստիճան աշխատող է ինչ-որ, ճամփորդում է շարունակ, չնայած տարիքին (60 բոլորած կլիներ կարծում եմ, բայց ով գիտե)։ Սիրում է Սինգապուրը, արդեն վեց շաբաթ է, ինչ ապրում է հյուրանոցում, խաղում գոլֆ, երեկոյան հանդիպում ծանոթներին, ու ընդհանուր՝ լավ է Սինգապուրում, տաք է, ասաց Քենը, ով, ինչպես պարզվեց, տանել չի կարողանում ցուրտը։ Քենը սկզբում պաշտոնական-քաղաքավարի էի ինձ հետ, բայց իմ ուրախ ու անկեղծ շաղակրատանքից հետո բացվեց, ու կատակել սկսեց, այդ թվում իր ճապոնացի կնոջ մասին, որի հետ, բողո՞ք էր սա, թե՞ հայտարարություն՝ որպես ցավալի փաստ, միակ ընդհանուր բանը, որ ունեն, երեխաներն են (թեև արդեն ինքնուրույն ջահելներ՝ իրենց կյանքն ապրող)։ Հետաքրքիր էր լսել Քենին, երբ իր կյանքի մասին էր պատմում։ Ճապոնուհի կինը, ինչպես հասկացա ու հետո էլ համոզվեցի լուսանկարից, ղոչաղ մի տիկին էր, ով սիրում է առավոտ վաղ գնալ ձկնորսության՝ նավակով։ Ինչ-որ բաներ միասին անելու ամուսնական պարտադրանքի սահմաններում, Քենը, ինչպես պատմում էր, նավակն է վարում՝ հորանջելով ձանձրույթից, մինչ կինը կարթերն է կառավարում՝ նավակի չորս կողմերը տնկած, ոգևորությամբ նետվելով մեկից մյուսը։ Քենը ոչ մի կերպ չի հասկանում դրա հավեսը։
    Քենը շուտով լքեց մեզ (գոլֆի ժամն էր արդեն)՝ ինձ հետ թողնելով իր մանրիկ, խելացի աչքերի արագ վազքը և չգիտես՝ նախանձելի, թե՝ դժվար, ախորժակի ֆիզիոլոգիական բացակայությունը․ I hate eating, ամեն ուտելիս համոզում եմ ինձ՝ you have to eat, you have to eat, force it!
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 10.07.2024, 07:01:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (10.07.2024), մարդ եղած վախտ (10.07.2024)

  7. #49
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8/07/2022, ուրբաթ

    Կեսգիշերն անց է, Երևանում եմ։ Տոթ գիշեր է։ Վաղը մեկնում եմ Իրան։ Չեմ ուզում։ Ուզում եմ մնալ տանը։ Չհասկացա ժամանակն ինչպես թռավ։ ժամանեցինք 28-ին, մտադրվել էի գրել յուրաքանչյուր օրվա մասին, բայց չէր ստացվում, հոգնած քնում էի։



    13/07/2022, չորեքշաբթի

    Գիշերը Ղարղուն գյուղում քնեցի գերազանց։ Մեզ երկու սենյակ էին տրամադրել գյուղի եկեղեցու շենքում։ Սենյակները կահավորված էին, պատերին՝ հայերեն գրություններ, Վարդան Մամիկոնյան, մասիսներ։ Քնեցի տասներկուսին, գիշերը երբեք չարթնացա, արթնացա առավոտյան յոթ անց կես, անմիջապես քնեցի նորից, արթնացա ութ անց կես՝ դռան պատուհանը ծեծում էին։ Եկավ Արամը, բացեց եկեղեցու դուռը․ ընդարձակ սրահ էր, նվիրատվություններով կահավորված, մի դուռ էլ կար՝ զանգակատունն էր, հնչեցրի երկու զանգերը։ Եկեղեցու բակում փոքրիկ պտղատու այգի կար։ Հ-ն բարձրացավ շենքի կտուրը և քաղեց ծառի վերևի ճյուղերի հասած, մանրիկ ծիրանները։
    Երբ շարժվում էինք, հրաժեշտի վերջին պահին, Հ-ն հանկարծ իջեցրեց մեքենայի պատուհանը ու կտրուկ հարցրեց Արամին․ հիմա դու դաշնա՞կ ես։ Արամը զննեց հարցնողին իր մանրիկ, ծերունական, բայց աշխույժ աչքերով ու կիսաժպիտ նետեց․ չե՛մմանում, ու մենք պոկվեցինք բարձր քրքջալով։



    14/07/2022, հինգշաբթի

    Արթնացա Իսվահանի Քոշար հյուրանոցում։Գիշերը երեքից հետո էի քնել։ Տոթ էր և փողոցի աղմուկը լցվում էր սենյակ։ Հյուրանոցից դուրս գրվեցինք 11-ին, Արմենը սպասում էր սպասասրահում։ Հ-ն ասաց, որ ուզում է գլխաշոր գնել իր մոր համար, իսկ ես ուզում էի որևէ հետաքրքիր զարդ՝ որպես հուշ Ջուղայից։ Հյուրանոցից ոչ հեռու զարդերի մեծ խանութ կար։ Այնտեղից մի ոսկյա վզնոց ընտրեցի՝ փոքրիկ, փայլուն ոսկյա քարերով։ Հ-ն տարբեր գլխաշորեր վեցրեց իր ընտանիքի կանանց համար, Արմենն էլ՝ մի գլխաշոր ինձ նվեր։ Ճանապարհին գազարի թարմ քամած հյութ վերցրի: Պարսկաստանում թարմ քամած հյութերն ամեն քայլափոխի են։ Հիմա մեքենայով ճանապարհին ենք դեպի Թեհրան։ Արմենը վարում է իր շեֆի սպիտակ տոյոտան։



    19/07/2022, երեքշաբթի

    Ինքնաթիռում եմ, Երևան-Դուբայ, այնտեղ կմնանք 12 ժամ, հետո ութ ժամ թռիչք դեպի Սինգապուր, որտեղ մի վեց ժամ կանգառ է, ապա ութ ժամ թռիչք դեպի Սիդնեյ։
    Ավարտվեց իմ այցը Հայաստան և Իրան։ Ուղևորությունը սկսվեց հունիսի 26-ին, կավարտվի հուլիսի 21-ին, երբ կհասնեմ Սիդնեյ՝ իմ առօրյա բանուգործին։
    Ափսոսում եմ, որ չեմ գրանցում բոլոր օրերս հատ-հատ, որ չեմ գրում ամեն օր։ Կարդալով՝ հետո կփարատեի կարոտս՝ մտածում եմ, իսկ այսպես չգիտես էլ, թե ինչն է պահպանվելու հիշողությանս ծալքերում, մինչդեռ օրեր կային, որ կուզենայի րոպե առ րոպե գրանցած լինել, ծնողներիս, բարեկամներիս հետ անցկացրած օրերս։

    Ճամփորդությունս Իրան հագեցած էր, հետաքրքիր։ Արմենը, որը գնալով ավելի խելացի էր թվում, ավելի ճիշտ՝ բացահայտվում; Վահիկը՝ որսորդ, որ սիրում էր խոսել, ու հասկանում ես, որ քիչ խոսելը, երբ շատախոս ես, հմտություն է, որ ձեռք բերել է պետք; Ժենիկը՝ Արմենի քույրը, որն ընկճախտի նշաններ ուներ, բայց մեղմ էր ու բարի, Նժդիկը՝ ուշադիր ու մի քիչ լարված, խնայող, բայց բարեսիրտ, և նրանց զույգ աղջիկները՝ Նայիրին ու Նարինը՝ աշխույժ-շաղակրատող; Ֆարզադը՝ Արմենի անհավանական պարսիկ ընկերը՝ պատվով, նրբանկատ, հոգատար, Սանդիկը՝ Ղարղուն գյուղի վերջին բնակիչը, մի քիչ բարդույթավորված, բայց և տիրական ու գործունյա կին,և եղբայրը նրա՝ Արսենը՝ տարեց, ոտքերը հիվանդ, բայց առավոտից դաշտում բանող; և Արամը՝ ծպտված ոչդաշնակը, ով պահպանում էր Ղարղունի հայկական եկեղեցին և եկեղեցուն կից մի քանի սենյակները հյուրանոցի փոխարեն վարձով էր տրամադրում հազվադեպ հյուրերին; ու էլի մարդիկ․․․ Սարոն՝ ձեռքի հեռախոսի վրայից գլուխը չբարձրացնող դեռահաս որդու և վառվռուն իր տիկնոջ հետ, ով ինձ վախեցնում էր, թե գլխաշորս լավ գցեմ գլխիս, խստացրել են հիմա; և զուլում Բալասանը, որն առանց քաշվելու մի հայտնի գրողի բանաստեղծություն իր անվամբ ներկայացրեց՝ կարդալով առոգանությամբ, անտեղյակների հիացմունքի ներքո, ու միշտ քննադատական կարծիք ունի ամենի հանդեպ, ում մասին կհարցնես; ու էլի ու էլի մարդիկ․․․Պարսիկ կանայք ու աղջիկներն անմիջական զրույցի կբռնվեն հետդ, հայերը՝ ծանոթ-անծանոթ, իրար դիմելիս «ջանա» են ասում, ավելի ճիշտ՝ ոչ թե դիմելիս,այլ «հը՞»-ի փոխարեն, երբ մի բան լավ չլսեցին, մարդիկ հյուրասեր են այստեղ, բայց հյուր էլ գնալիս հարկ է պատշաճ ձևով՝ ձեռքիդ մի բան ներկայանալ, անկախ՝ որքան անսպասելի էր այցդ կամ ուշ ժամի։
    Թեհրանում տպավորիչ էր այցս Գոլեստանի պալատ, Ռեզա շահի պալատ, ապա մեքենայով 5-6 ժամ ճանապարհ՝ դեպի Իսվահան։ Իսվահանը ոտքի տակ տվեցի բավականին, Նոր Ջուղայի գողտրիկ փողոցները դրոշմվեցին տպավորություններիս ու զգացողություններիս մեջ, գունեղ Վանքը ցնցեց՝ ինչ խոսք, Իսֆահանի Քաջու կամուրջն էլ կարմիր էր հրավառված, և Արմենը՝ ամենուր վազվզող՝ հոգալու մեր կարիքները, և աշխարհի ամենահին հյուրանոցը՝ The Abbasy, և վերջին օրը՝ ճաշը այնտեղ, որ տպավորիչ չէր, ոչ էլ համեղ, ինչպես պիտի որ թվար՝ հյուրանոցի համբավից ու տեսքից դատելով, և հաջորդ առավոտյան դեպի Ղարղուն գյուղ, վերուվեր, արտերն ու հանդերն ի վեր, նարնջագույն տապ, հողե տներ ու պարսիկներ՝ խաղաղ ապրող այդ երբեմնի հայկական գյուղում, և մինչ գյուղ մտնելը բլուրը ճամփեզրին՝ լքված հայկական գերեզմանոցով, ուր անկանոն սփռված տապանաքարեր էին, որոշներն այնքան հին, որ փորագրությունները չէին կարդացվում, և որտեղ անցյալ դարի երկրորդ կեսից հետո էլ ոչ ոք կարծես չէր թաղվել․․․
    Հոգնեցի գրելուց։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 11.07.2024, 07:02:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (12.07.2024), մարդ եղած վախտ (11.07.2024)

  9. #50
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7 օգոստոսի 2022, կիրակի

    Երեկ հոգնեցուցիչ օր էր: Առավոտից քննության էի։ Լեզվի առաջին պետական քննությունս էր, որ վերցնում էի․ չորս աշակերտ քննեցի, և երևի այդքան էլ կրկնագնահատեցի՝ լսելով ձայնագրությունները։ Հետո քայլելով գնացի Սենթրալ․ օրը տաք էր ու հաճելի, բայց Սիդնեյի կենտրոնը (համոզվում եմ ամեն անգամ) որևէ ուշագրավ կամ ձգող հատկություն չունի ինձ համար։ Չեմ սիրում, նախ, ճարտարապետությունը, որն ասես արվել է առանց ճաշակի մասնակցության (չխառնել վատ ճաշակի հետ)։ Մի քանի գնացք, հետո ավտոբուս փոխելով, երեկոյան կողմ հասա Լեյն Քով, փողոցում գնալ-գալով, երկար հեռախոսեցի լեզուների քոլեջի ռուս գործընկերուհուս՝ Մարինայի հետ, ապա մտա Լոնգվիլի սկզբում գտնվող թայլանդական ռեստորանը, որի մենեջերը միշտ նույն սրտաբաց, հսկա թայլանդացին է՝ չմարող էնտուզիազմով, հետո եկան ընկերներս, ճաշեցինք, ԱԿ-ն պատմում էր Հայաստանից, Ավստրիայից։ Մեղմացել էր, որ հաճելի էր։ Հոգնած էի, քնեցի խորը և երկար, առավոտյան, երբ վեր կացա, արդեն կեսօրն անց էր։ Տունը կարգի բերել, նախաճաշ, Մերիին տարանք անգլերենի պետական քննության մասնավոր պարապմունքի առաջին դասին։ Լորենի տունը Սիդնեյի հին, հեղինակավոր թաղամասերից մեկում էր։ Տունն էլ հին էր, նրանցից, որ ոգի ունեն։ Բակում՝ փարթամ արմավենիներ։ Մի տասնհինգ րոպե շուտ էինք եկել, զբոսնեցինք արևից ջերմացող արվարձանում։ Լորենը դիմավորեց մեզ դրսում և ներս հրավիրեց․ նիհար, ավելի ճիշտ՝ բարեկազմ, մի տեսակ անփույթ, թեև գեղեցիկ կին էր, յոթանասունն անց, հավանաբար։ Նոսր, մուգ սև ներկած մազերը, որ հավաքել էր, մի վառ կարմիր փունջ ուներ, համագույն իր ճոճվող ականջօղերին։ Խորաթափանց, մտածող, իմաստալից դեմք ուներ Լորենը, կանոնավոր, անվիճելի գեղեցիկ դիմագծերով՝ չնայած տարիքին։ Սենյակը թափռտած էր՝ ստեղծագործ բնույթներին հատուկ․ ամենուր գրքեր, ամսագրեր, գրքեր․․․ Հետաքրքրասեր հարցեր տվեց Մերիին, որոնց պատասխաններից որոշները գրանցում էր իր մոտ․ ո՞ր ժամին ես սիրում աշխատել, երաժշտական գործիք նվագու՞մ ես, բոյֆրենդ ունես։ Մերին, որն առհասարակ չի ստում, ասաց, որ ունի։ Ես ու ամուսինս թեթև ցնցվեցինք՝ տեղեկանալով այդ մասին առաջին անգամ (Բ-ի մասին գիտեինք որպես ուղղակի ընկեր, մեկը իր ընկերական խմբից)։ Լորենն ասաց, որ բոյֆրենդը խնդիր է միայն նրանով, որ եթե աղջկաս սիրտը կոտրվի, ազդելու է պարապելու որակի վրա։ Լորենն ինձ դուր եկավ։ Իմանալով, որ Հունաստան ենք ճամփորդելու մի քանի շաբաթից, ասաց, որ ինքն էլ է ծրագրում, բայց մյուս տարվա համար, թեև եղել է բազմիցս, բայց այն ժամանակ Ակրոպոլիսի նոր թանգարանը դեռ չէր բացվել, ինչը տեսնելն իր երազանքն է։ Հետո աղջկաս հետ Օթելլո քննարկեց մի-փոքր, որը դպրոցում իրենց ընթացիկ դասն է հիմա։ Աղոթե՞լ ես գիշերը, Դեզդեմոնա, - բացատրում էր Լորենը, - Օթելլոն հոգ է տանում Դեզդեմոնայի հոգու համար։ Եվ Օթելլոն վերջում չի զղջում։ Ինչևէ, Օթելլոն ինձ համար հակա-ողբերգական հերոս է, փույթով, ասես արգելված բան է ասում, վրա բերեց Լորենը՝ եզրափակելով։ Լորենը ուղիղ է և հստակ։ Ինձ դուր եկավ Լորենը։ Ես էլ կուզեի իր մոտ սովորել։ Մերին նույնպես հավանել էր։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 12.07.2024, 10:29:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (13.07.2024), Tiger29 (12.07.2024), մարդ եղած վախտ (12.07.2024), Ուլուանա (14.07.2024)

  11. #51
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    30 սեպտեմբերի 2022, ուրբաթ

    Սեպտեմբերի 16-ին, ուրբաթ առավոտյան, երբ Հայկին հայտնեցի Աիդայի մահվան մասին, Հայկն ասաց, որ մաման լավ չի․ երեկ ամբողջ օրը ոչինչ չի կերել և խմել, ու ծանր շնչում է, աչքերը փակ։ Վերջին անգամ մամային տեսա նախորդ օրը, Սիդնեյի ժամանակով երևի երեկոյան յոթի մոտ․ զանգեցի պապային, ուզում էի տեսնել մամային տեսակապով։ Մաման նստած էր բազմոցին, իր տեղում, և շնչում էր ծանր, աչքերը փակ։ Մամայի հետ փորձեցի խոսել՝ անունը տալով, պապան նույնպես կանչում էր՝ ասելով, որ ես եմ կապի մեջ, մաման մի պահ աչքերը բացելու փորձ արեց, ու ես նկատեցի, որ բիբերը դեպի ներս էին ոլորած, այսինքն չէր տեսնում։ Բայց դեռ մի-փոքր հույս ունեի, որ գուցե հանկարծ վերադառնա ավելի լավ վիճակի, սկսի ուտել․․․

    Մաման արդեն երկու ամիս է չէր խոսում։ Վերջին անգամ իրեն տեսա հուլիսին, երբ Հայաստանում էի։ Մաման պասիվ էր, քան երբևէ, կարծես լրիվ ուրիշ տեղ լիներ, կարծես հեռանում էր այս աշխարհից։ Մամաս ճանապարհին էր։ Երբ փորձում էի խոսել հետը, ասես հեռու տեղից վերադառնում էր (կամ փորձում էր վերադառնալ)՝ նայելով ինձ, բայց մնում էր նույնքան պասիվ, պարզապես ջանում էր հասկանալ, թե ինչ ես ուզում, հետո նորից վերադառնում էր իր ճանապարհին՝ ինչ-որ առանձին, մեզ անհայտ մի տեղ։ Տեսնես ինչեր էր տեսնում կամ զգում․․․

    Մի երկու ժամ հետո Վիոլետան իջավ՝ ինձ ու Մերիին հրաժեշտ տալու, քանի որ հաջորդ օրը մեկնում էինք՝ սկզբում Հունաստան մի շաբաթով, հետո՝ Հայաստան երկու շաբաթով։ Սա ամիսներ առաջ ծրագրված ճամփորդություն էր, որ հատուկ պատրաստել էի Մերիի համար, քանի որ աղջիկս շատ էր ուզում գնալ Հայաստան (իմ ամեն գնալուց բողոքում էր, որ իրեն չեմ տանում, իսկ ես այս տարի արդեն երեք անգամ ճամփորդել էի Հայաստան), ու նաև երազում էր Հունաստանում, հատկապես Սանտորինիում հանգստանալու մասին, ու ես որոշեցի համատեղել այդ երկու այցերը՝ ամրագրելով այնպես, որ իր դպրոցական երրորդ քառորդի վերջին շաբաթը /ոչ կարևոր շաբաթը/ և արձակուրդի երկու շաբաթները անցկացնենք Ավստրալիայից դուրս։
    Երբ Վիոլետան իջավ, պապայիս զանգեց (թե՞ ես զանգեցի), դե Աիդայի մահվան հետ կապված ցավակցել էր պետք, Վիոլետան երբ վերցրեց հեռախոսը, բարձրախոսի վրա էր, ու պապաս այնտեղից, ի պատասխան Վիոլետայի՝ խոսակցությունը սկսելու հարցին՝ ոնց եք, ասաց՝ մենք վատ ենք, Վիոլետա, գույժ ունեմ հաղորդելու, Թամարը մի քսան րոպե, կես ժամ առաջ մահացավ։
    Այդ իրականությունը՝ բառերի ձև ստացած, հարվածեց գլխիս․ ընդունելը այդ հարվածը աննկարագրելի է․․․ Մաման էլ չկա․․․
    Պառկած էի, անկողնու վրա, դեմքս ծածկած՝ խեղդում էի լացս, Վիոլետան նստած էր կողքս, շոյում էր, փորձում հանգստացնել։
    Ավելի ուշ երեկոյան, չէի կողմնորոշվում, թե ինչպես փոխեմ թռիչքներս։ Ա․ Աննան իջել էր և քննարկում էինք։ Չէի կարողանում պատկերացնել, թե ինչպես եմ մամայի թաղմանը և այլ արարողությունների մասնակցելու․ այդ ամենը շատ ծանր էր ինձ համար պատկերացնելը։ Հայկի հետ խոսելուց հետո համոզվեցի, որ ճիշտը մասնակցելն է․ Հայկն ասաց, որ այդպես է ամբողջ աշխարհում, և որ հետո ինձ չեմ ների։ Շ․ Աննան էլ հետագայում ասաց, որ լավ է, որ հնարավորություն ունեմ հանձնելու հողին, թե չէ հետո նստած է լինելու խղճիս ամբողջ կյանքում։ Երևի կա մի բան, որ ասում են։ Փոխեցի Աթենքից Երևան թռիչքը ամսի 24-ից 18-ը, որը նշանակում է, որ Աթենքում մոտ 11 ժամ սպասելուց հետո կհասնենք Երևան ամսի 19-ին, երկուշաբթի լույս գիշերը ժամը չորսի մոտ։

    Մերին նստած վառարանի մոտ՝ լուռ լացում էր։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.08.2024, 16:32:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (25.11.2024)

  13. #52
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    30 սեպտեմբերի 2022, ուրբաթ
    (շարունակություն)


    Սեպտեմբերի 16-ի հաջորդ օրը՝ շաբաթ, որոշեցի գնալ լեզուների քոլեջ՝ իմ աշխատանքին․ ինձ պետք էր ցրվել։ Դաս էի պատրաստել օրեր առաջ՝ վերլուծել երիտասարդ աղջկա բնութագիրը՝ ըստ իր օրագրի, աշակերտները հավեսով կատարեցին աշխատանքը, իսկ ընդմիջմանը տնօրենին հայտնեցի կորուստիս մասին։ Տնօրենը հավանաբար կարծեց, թե նոր եմ իմացել, տարավ առանձին սենյակ, փորձեց հանգստացնել՝ գրկելով, ինչպես նախատեսված է, և տնօրենն էլ՝ կրթված նման դեպքերի համար, անգամ առաջարկեց, որ որևէ մեկը ինձ տուն տանի, ինչը մերժեցի։ Աշակերտներիս երկրորդ դասապահին ուղարկեցին ուրիշ ուսուցչի մոտ, վերադարձա տուն։ Ժամը 11-ն էր, մինչև ժամը հինգը ավարտում էի ճամպրուկները դասավորելը, տունը կարգավորելը․ թռիչքս երեկոյան 8:20-ին էր։

    Մերին նեցուկ էր ամբողջ ճանապարհին։ Որքան կարևոր էր, որքան անհրաժեշտ իր ներկայությունը ամբողջ ճանապարհիս։ Մորդ կորուստը կարծես վերագտնում ես աղջիկ զավակիդ մեջ՝ ստանձնելով ինքդ` մոր վերաիմաստավորված դերդ։ Երևի դրանումն է մամաների հարատևությունը, նաև։ Ճանապարհին ամբողջ, Մերիին պատմում էի մամայիս մասին, մանկությունիցս, ուր առօրյաս ու սովորություններն էին՝ մամայիս մասնակցությամբ։ Մամաս, օրինակ, երբ գնում էի քնելու, ինձ միշտ ասում էր․ “բարի գիշեր, անուշ քուն, քաղցր երազներ”։ Միշտ։ Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ հետո Մերին սպասելու, պահանջելու էր, որ այդպես իրեն մաղթեմ բարի գիշեր, միշտ։

    Աթենքի օդանավակայանից սկսած մենք բախվում էինք հույների կոշտ ու անփույթ վերաբերմունքին, ինչը կարծես սովորական էր նրանց համար։ Բավական տևեց մինչև գտանք ճամպրուկների պահոցի բաժինը միայն այն պատճառով, որ օդանավակայանի աշխատողները հավես կամ զահլա չունեին մեզ օգնելու։ Ճամպրուկները հանձնելուց հետո նստեցինք մետրո և ճանապարհվեցինք դեպի Ակրոպոլիս։ Հույների մոտ մի նոր մշակույթ էլ հայտնաբերեցի․ ակնդետ նայելը քեզ /տրանսպորտում/ և հայացքը չհեռացնելն անգամ երբ նկատում ես։ Մի երկու կայարան շփոթելուց հետո /մի տեղ պետք է փոխեինք գնացքը/, հասանք Ակրոպոլիս։ Շոգ օր էր, տապն այրում էր։ Մուտքի մոտ հասկացա, որ տոմսերն օնլայն գնած չպիտի լինեի․ վճարածս 55 եվրոյի փոխարեն այստեղ կվճարեի ընդամենը 30, հաշվի առնելով նաև, որ Մերին ուսանող է։ Հետևելով օնլայն գնածս տեսաուղեցույցին՝ ճանապարհին այցելեցինք բոլոր փլատակները, որոնք համարյա ամբողջովին կամ ռեպլիկա էին կամ վերականգնած /իրական բեկորները Ակրոպոլիս թանգարանում են/, տպավորիչ էր Հերոդիոն կոչվող ամֆիթատրոնը, որտեղ շաբաթներ առաջ վեցրած տոմս ունեինք հաջորդ օրվա՝ դիտելու իսպանական բալետ, բայց, բնականաբար, չէինք գնալու։ Մերին ընդհանուր առմամբ հետաքրքրված էր, նկարում էր, ուղարկում բոյֆրենդին, և մի դիպված պատահեց Ակրոպոլիսում, որն այդ պահին ազդեց Մերիի վրա, բայց իրականում զավեշտալի էր։ Հսկիչներից մեկը /իսկ նրանք ամենուր էին/՝ մի երկարամազ, երիտասարդ տղա, ով կարծես թիրախավորել էր աղջկաս /ընդ որում Մերին շատ գեղեցիկ էր՝ հարդարված և ընդհանուր առմամբ նկատելի/, արգելեց Մերիին նկարվել իր խաղալիքի հետ, որը մի փոքրիկ փռչոտ կենդանի՝ բոյֆրենդն էր նվիրել ճամփորդությունից առաջ, ապա մինչև վերջ ջնջել տվեց այդ նկարները հեռախոսից՝ անձամբ ստուգելով, ներառյալ հեռախոսի աղբարկղը, ու իմ տարակուսանքին՝ բացատրեց այսպես․ հնագիտական վայր է, արգելված է խաղալիքով մտնել, առավելևս՝ նկարվել։ Անարգանք է պատմական վայրի հանդեպ, ասաց։ Մերին բարկացած էր։ Շարունակելով մեր ճանապարհը քարքարոտ Ակրոպոլիսում, խիտ բազմության միջով, Մերին գետնից մի խճաքար վերցրեց՝ ի հիշատակ որպես (սիրում է այդպիսի հիշատակներ հավաքել)։ Ի զարմանս մեզ, այն երկարամազ հսկիչի աչքից դա էլ չէր վրիպել՝ այդ հոծ բազմության մեջ, և մի երկու ժամ հետո, երբ նա նորից մեզ ռաստ եկավ, պահանջեց հանել ու նետել քարը, ինչը և Մերին արեց (զուսպ արհամարհանքով)։ Եվ դա էլ բավական չէր․ տղան կռացավ, հազարավոր խճաքարերի միջից վերցրեց Մերիի նետած քարն ու պահեց իր մոտ (որ հետո, երևի, հետ չվերցնեինք)։ Վրդովեցուցիչն այն էր, որ այդ քարերը իրականում հնաքայրեր էլ չէին, այլ մեր ժամանակների շինանյութի կտորտանքներ, քանի որ ինչ որ կար Ակրոպոլիսում, վերակառուցված էր։ Նաև, ինչպես հայտնի է, երբ մի բան արգելում են՝ անիմաստ, ցանկություն է առաջանում դիտավորյալ անել հակառակը՝ թույլ չտալու համար երևի, որ անիմաստ քմահաճույքները հաղթանակեն, և այդ դիպվածից հետո մենք նպատակ դրեցինք թե՛ լուսանկարել Մերիի փռչոտ գազանիկին, և թե՛ խճաքար վերցնել, ընդ որում մի քանիսը, ինչը և արեցինք, թաքուն իհարկե, բայց որոշակի ներքին բավարարվածությամբ։ Ակրոպոլիսում երկար մնացինք․ նստեցինք տաճարների ավերակների մոտ, զրուցեցինք տարբեր բաներից, Ակրոպոլիսի շրջակայքը, մթնոլորտը ըմբռնեցինք զգայական ու տեսողական խորությամբ և դուրս եկանք տարածքից, երբ արդեն հոգնել էինք, ու ժամն էլ մոտենում էր ավարտին։ Մոտակա խանութից հուշանվերներ գնեցինք, բայց հեռու չքայլեցինք, քանի որ երկուսիս ոտքերն էլ, ամբողջ օրը ոչ հարմար կոշիկների մեջ, ցավում էին, նստեցինք Ակպորոլիսի հարևանությամբ սալիկապատ կենտրոնական ճանապարհի եզրին և նայում էինք անցնող-դարձողներին, մինչ Մերին պաղպաղակ էր ուտում։ Հետո մետրոյով՝ օդանավակայան, որտեղ բախվեցինք նորից հունական կոշտ անփութությանը մինչև գտանք ճամպրուկները հանձնելու մեր գոտին։ Ահավոր շատ քնել էինք ուզում, քանի որ մեկ ամբողջ օրվա քնի բաժին բաց էինք թողել ժամային տարբերության հետևանքով․ այն ժամանակ, երբ զով գիշեր էր Սիդնեյում, մենք զբոսնում էինք Ակրոպոլիսի ճաղատ բլրին, ցերեկային կիզիչ արևի տակ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.11.2024, 08:57:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.11.2024), Ուլուանա (28.11.2024)

  15. #53
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3 հոկտեմբերի 2022, երկուշաբթի

    Մերիի և պապայիս տարեդարձն է, Մերին դառնում է 17, պապաս`82: Առավոտյան տաքսի վերցրինք՝ Սուրբ հովհաննես եկեղեցի, որտեղ Մերին կնքվել է։ Եկեղեցին մասամբ վերանորոգվում էր, բայց ներս մտանք հետևի դռնից և ամեն ինչ, ինչ հիշում էի, իր տեղում էր։ Վերադարձին գնեցինք շոկոլադե և ելակով տորթ՝ տարեդարձների համար։
    Գնացինք տուն, ապա, քանի որ պապան գնալու էր աշխատանքի, Մերիի հետ մտանք Ռ-ենց մոտ, նստեցինք առնվազն մի երկու ժամ, Մերին տեսավ նրանց նոր փոքրիկին։ Տուն վերադարձանք, հավաքեցինք ճամպրուկները, սեղան նստեցինք։ Տարեդարձների նշումը հանդարտ էր, ուրախության ճիգով, իմաստալից։ Մերին ու պապաս փչեցին տորթի վրայի մոմերը։ Հետո Մերին գնաց Հյուսիսային պողոտա՝ ընկերների հետ իր տարեդարձը նշելու։ Ես ավարտեցի ճամպրուկները հավաքելը մինչև որ Մերին եկավ, պապայի հետ նայեցինք որոշ նկարներ, բայց Մերին անմիջապես քնեց։ Դուրս եկանք ժամը երկուսին գիշերվա՝ դեպի օդանավակայան։

  16. #54
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4 հոկտեմբերի 2022, երեքշաբթի

    Աթենքում ենք։ Օդանավակայանից հասանք Սինտագմա հրապարակ՝ ավտոբուսով։ Ճանապարհին արևածագ էր։ Օդանավակայանից Սինտագմա հրապարակ՝ ավտոբուսով մեկ ժամ էր, հրապարակից՝ մեր հյուրանոցը մոտ 15 րոպե քայլելու հեռավորության վրա է։ Մեր երկու ճամպրուկները՝ մեծ և փոքր, գլորեցինք Ադրիանու 101 փողոց, որտեղ գտնվում էր մեր հյուրանոցը։ Ընդունարանի երիտասարդ տղան, որի անուն Ալդո էր, աշխատում էր անել ամեն ինչ, որ գոհ լինենք։ Սկզբում գուգլով փնտրեց, թե ուր կարող ենք գնալ՝ իմ հարցին ի պատասխան (թեև գուգլով ես էլ կարող էի փնտրել), ապա թողեցինք իր մոտ մեր ճամպրուկները և դուրս եկանք զբոսնելու՝ մինչև մեր սենյակը պատրաստ լիներ։ Քայլեցինք Պլակայում, որը հաճելի ու գողտրիկ թաղամաս էր՝ մթնոլորտով, նախաճաշեցինք բացօթյա ռեստորաններից մեկում, որտեղ ձվածեղը յուրահատուկ համեղ էր։ Հյուրանոցի սենյակը անսովոր ընդարձակ էր, ցեմենտի գույնի հատակով, բազմոցներով, ու դեռ էլի ազատ տարածք կար ահագին։ Սենյակից քիմիկատների հոտ էր գալիս /որով մաքրել, ախտահանել էի սենյակը/, բայց բացել պատուհանը, որը հաճելի տեսարանով մի մեծ պատուհան էր՝ հյուրանոցի պարտեզին նայող, չհաջողվեց։ Պատուհանը կոտրված էր վերևի մասից և մեզ արգելեցին այն բացելը՝ անվտանգությունից ելնելով։ Քնեցի մի քիչ, Մերին այդ ընթացքում հեռախոսի վրա էր, հետո դուրս եկանք զբոսնելու․ շրջեցինք Անաֆոտիկա կոչվող մի հին թաղամասում, ուր գունավոր կամ սպիտակ տնակներ էին՝ զառիվերին, նեղլիկ անցումներով, և բարձրանում էին մինչև Ակրոպոլիս։ Հետո դուրս եկանք Պլակայից և գլխավոր փողոցից հայտնվեցինք Օլիմպիանի փլատակների մոտ, Կոնգրեսի շենքը՝ մեծ ու գեղեցիկ շատրվանով, Ազգային պարտեզը ու էլի մի քանի տեղ շրջակայքում։ Հոգեպարար զբոսանք էր աղջկաս հետ։ Երեկոյան ճաշեցինք Պլակայի բացօթյա ռեստորաններից մի ուրիշում, Մերիի համար տարեդարձի ընթրիք էր՝ հագել էր հատուկ էդ նպատակով գնած շագանակագույն նեղ զգեստը և բարձրակրունկ կոշիկներ։ Կերանք տապակած ծովամթերք, սուլվակի /խոզի/ և հունական սալաթ։ Ծովամթերքը համեղ էր, մնացածը՝ այնպես։ Կողքի սեղանին ամերիկացիներ էին։ Մերին հետաքրքիր դիտարկում արեց․ չունենալով սեփական մշակույթ, ասաց, նրանք ցուցադրական “բարեհոգությամբ” հաճոյախոսում են հույների մշակույթին, ընդ որում՝ իրենց հասանելի բաներին՝ ուտելիքին, և ընդհանուր առմամբ համարում են և ցույց տալիս, թե մեծ շնորհ են արել՝ այցելելով այդ երկիրը՝ նույն վերամբարձ բարեհոգությամբ օգտվելով այդ երկրի բարիքներից։ Քնեցինք անմիջապես, հոգնած։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 26.11.2024, 15:56:

  17. #55
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5 հոկտեմբերի 2022, չորեքշաբթի

    Այս ամբողջ օրը նվիրված էր Ակրոպոլիս թանգարանին: Նախաճաշեցինք մի գողտրիկ, բայց բանուկ փողոցի վրա։ Ակրոպոլիս թանգարան մտանք 12-ի կողմերը։ Հերթը երկար շարքով ձգվում էր, բայց արագ էր շարժվում։ Մանրամասն նայեցինք մեծ մասը, Մերին սիրով նայում էր, ուսումնասիրում։ Իրական Ակրոպոլիսը թանգարանում է։ Ինքը՝ թանգարանն արդեն լավ մտածված, հոյակերտ կոթող էր, ներսն՝ Ակրոպոլիսի գլխավոր տաճարներից մեկի մոդելավորմամբ՝ պահպանելով թե՛ չափերը, թե՛ դասավորությունը։ Չնայած տպավորիչ ծավալին, չհոգնեցրեց, բայց, ինչպես ամեն թանգարանում է, հարկ է պատմություն իմանալ այցդ իմաստալից դարձնելու համար։
    Երբ դուրս եկանքՔ, հինգ անց կես էր։ այլեցինք շրջակայում՝ փնտրելով մի տեղ՝ թեթև ուտելու համար, քանի որ քաղցած էինք, բայց դեռ ընթիքի ժամը չէր։ Ակրոպոլիսի մոտի ռեստորաններից մեկում գիրոս կերանք․ համեղ էր։ Այդ օրը այլևս չճաշեցինք․ հոգնած էինք, բայց ես աշխատում էի արթուն մնալ, քանի որ գիշերը երեքի մոտ պիտի դուրս գայինք հյուրանոցից՝ դեպի օդանավակայան։ Երբեմն քունը վերցնում էր, բայց մղձավանջային ծանր քուն էր․ լավ բան չեն գիշերային թռիչքները։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 27.11.2024, 04:01:

  18. #56
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6 հոկտեմբերի 2022, հինգշաբթի

    Հյուրանոցից ճամպրուկները ուշ գիշերով ոտքով գլորեցինք դեպի Սինտագմա հրապարակ։ Ամենևին դժվար չէր․ Պլակայի գողտրիկ փողոցները ամայի էին համարյա։ Գիշերը երեքին շարժվող ավտոբուսը լցվեց, և մինչև օդանավակայան մոտ մի ժամ էր։ Ճանապարհին ամբողջ ավտոբուսով միայն ես ու Մերին էինք բարձրաձայն խոսում․ Մերին հավեսով ինչ-որ բան էր պատմում, թե քննարկում։ Իրերը ճամպրուկներից վերադասավորել, տեղափոխել պետք եղավ՝ քաշի հետ կապված պահանջներին համապատասխանեցնելու համար։ Թռիչքը Սանտորինի մոտ մի ժամ էր։ Ճամպրուկներն արագ եկան, դրսում ցուրտ քամի էր, ավտոբուսը դեպի Ֆիրա շատ չուշացավ։ Ճամպրուկները պետք է ինքներս ավտոբուսի ներքնահարկում դնեինք։ Ֆիրայում ավտոբուսը դատարկվեց, ժողովուրդը ցրվեց, մնացինք մենակ կանգառում։ Դեպի Իյա ավտոբուսը մոտ մի ժամից էր։ Իմաստ չուներ սպասել․ տաքսի վերցրի։ Դեպի Իյա ճանապարհը ոլորապտույտ էր՝ կղզու բարձունքն ի վեր։ Վաղ առավոտ էր, հյուրանոցում, որը սանտորինյան տիպային վիլլա էր՝ վառ կապույտ ու սպիտակ գույների, միայն հույն հավաքարարն էր ու մի սևամորթ աշխատող։ Շուտով եկավ տերը՝ աշխույժ մի տիկին էր, ով, երբ մի բան կարողանում էր հասկացնել, ինքն իր հետևից գոչում էր՝ բրավոոո՜։ Սենյակը լավն է, մուլտիկային ճիշտ-կապույտ-կապույտ դռնակներով և փայտյա երկփեղկանի պատուհանիկներով, կարծես հեքիաթի պատկերազարդ էջում լինես։ Եվ հեքիաթ-տնակի դռնակը բացվում է դեպի ուլտրակապույտ լուսավորված լողավազան, և այդ ամենը նայում է ծովին։ Լողավազանի համար ցուրտ եղանակին էինք եկել Սանտորինի, իսկ ծովը ներքևում է, մենք էլ՝ ժայռի բարձունքին։ Իյան ժայռի վրա թառած կղզու (թե՞ կղզու վրա թառած ժայռի) վրա մի քաղաք է, թե՞ գյուղ, իրականում ոչ մեկը, ոչ մյուսը․ պարզապես իրար գլխի բարձրացած, մեկը մյուսի ուսերին ելած, ուսերին հենված սպիտակ ու կապույտ գողտրիկ տնակների հավաքածու՝ դեպի ծով իջնող զառիվերից կախված։ Եվ նրանց արանքներով ճեղքող գողտրիկ ճանապարհները նույնպես մուլտիկային են՝ ասես երկչափ նկարած։ Այդպիսի մի բան է Իյա՝ Սանտորինիի ամենառոմանտիկ համարվող տեղը, որտեղ գալիս են հատուկ ծովի հորիզոնի վրա մայրամուտ դիտելու՝ մի կիսավեր ամրոցի մոտից։ Մեր վիլլան Իյայի տուրիստական բանուկ ճանապարհիկի սկզբներում է։ Տեղավորվեցինք և դուրս եկանք շրջակայքը ուսումնասիրելու։ Նախաճաշեցինք նուրբ ջազային երաժշտությամբ մի ռեստորանում, որ բացվում էր ուղիղ ծովի վրա, թեև այս փոքրիկ կղզում, որը երկար ու ձիգ ծովեզրյա ժայռին էր, համարյա ամեն ինչն է բացվում ծովի վրա։ Մթնոլորտը հրաշալի էր․ հանգստավետ, պայծառ և կապույտ։ Հետո քայլեցինք Իյայի ողջ երկայնքով մինչև վերջ՝ սպիտակ ու մաքուր, բայց տուրիստաշատ։ Ցերեկը վերադարձանք վիլլա, Մերին քնեց։ Իյայի նշանավոր մայրամուտը տեսնելուն ուշ դուրս եկանք, առանց ենթադրելու, որ մայրամուտի կետին հասնելու հերթը սկսվում էր համարյա մեր հյուրանոցից։ Առաջին անգամ էի տեսնում փողոցով քայլելու հերթ՝ մինչև հասանք կղզու վերջին, ուր բացվում էր հորիզոնը և մարդկանց անվերջ գլուխներ էին։ Մի երիտասարդ անակնկալ առաջարկություն էր պատրաստել իր սրտի աղջկա համար՝ մատանիով, ծնկի եկած և այլն, որ մայրամուտի առաջին շողերի հետ բացեր տուփը, բայց մնաց մայրամուտին սպասելով․ ամպամած էր։ Հորիզոնի թեթև շառագունումն անգամ անհույս էր, ամպամածի ներքո արեց իր առաջարկությունը ստիպված, ամբոխն ամեն դեպքում ծափահարեց։ Չկայացած մայրամուտն ավաարվեց, և մի քանի հարյուր մարդ քոռուփոշման վերադարձան իրենց վիլլաները կամ քաղաքները․ ոմանք հատուկ ավտոբուսներով եկել էին կղզու ուրիշ քաղաքներից։ Վերադառնալիս, ամբոխի մեջ, իմ ու Մերիի հայերեն զրույցին երկու տղա արձագանքեցին․ Հայաստանից էին, իսկ Սանտորինիում մնում էին Ֆիրա քաղաքում։ Երեկոյան մեր զբոսանքը նրանց հետ անցկացրինք, հետո տղաները գնացին ավտոբուսների կայան՝ վերադառնալու Ֆիրա, իսկ ես ու Մերին ճաշեցինք մի ռեստորանում, որը ծովին չէր նայում, փողոցի ձախ կողմի վրա էր՝ վիլլա վերադառնալիս, բայց նայելիք էլ չկար ծովին․ մութ գիշեր էր։ Ես մուսակա կերա, Մերին՝ սուլվակի /խոզի/, մի շիշ գարեջուր խմեցի, որից առույգացա և ինձ հրաշալի էի զգում։ Մերիի աչքերն ինչ-որ պահի սկսեցին կլորանալ՝ զարմանքից, ես կասեի՝ շոկից․ ինչ-որ բան էր նկատել կողքի սեղանի մոտ։ Մի տղամարդ էր՝ երկու կանանց հետ, համբուրում ու շոյում էր երկուսին էլ, իսկ կանայք սեթևեթում էին՝ մեկը մեկից հետ չմնալով, բայց, զարմանալիորեն, համագործակցաբար։ Տղամարդն արտաքինից մաֆիոզի տեսք ուներ, իսկ կանայք նման էին իրար երկու պլաստիկ կաթիլի նման․ ուռացրած շուրթեր և մնացածը։ Մերին անթաքույց շոկի մեջ էր եռյակի օրգանական համագործակցությունից․ ասաց, որ իր համար նույնն է, թե միեղջույր է տեսել և պատկերացնում էր նման բան միայն կինոներում։ Հետո ոգևորված ձայնային հաղորդագրություն էր ուղարկում իր ընկերներին՝ պատմելով իր համար բացառիկ շոկային այդ տեսարանի մասին։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 29.11.2024, 18:22:

  19. #57
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7 հոկտեմբերի 2022, ուրբաթ

    Առավոտյան երկնագույն հագնվեցինք և գնացինք նկարվելու սանտորինյան ճերմակապույտ միջավայրում։ Կապույտը՝ մուգ երկնագույն էր, որով ներկված էին տնակների տանիքները․ դռներն ու պատուհանները, ճերմակը՝ ասես հենց նոր, աչք ծակող սպիտակ ներկով, թարմ-թարմ շփել էին տնակների պատերին առատորեն։ Կապտագմբեթ եկեղեցիկները սնկի պես բուսած էին ամենուր՝ ուր հայացքդ դարձնեիր։ Ամենահետաքրքիր նկարվելու մասերում մարդիկ սպասում էին իրենց հերթին։ Չնայած միջավայրի գեղեցկության արհեստականությանը, մթնոլորտը հավես էր, հատկապես ուշագրավ էր նկարվողներին դիտելը, առավելապես՝ ռոմանտիկ զույգերին․ ոմանց լուսանկարներում արվեստին մոտ բաներ էին ստացվում։ Վերադարձանք հյուրանոց, փորձում եինք կողմնորոշվել, թե ինչպես ենք անցկացնելու օրը։ Շոգել էր բավականին, մտածում էինք ծովում լողալ կամ մտնել լողավազան։ Առաջինից հրաժարվեցինք լողափի հեռավորության և այնտեղ հասնելու տևողության պատճառով (երկու ավտոբուս պիտի փոխեինք), երկրորդի հավեսն էլ շատ արագ փախավ Մերիի մոտ, և մենք ուղևորվեցինք Ֆիրա քաղաքը՝ ավտոբուսով։ Ֆիրան մարդաշատ էր և ոչ այնքան գեղեցիկ, որքան Իյան։ Ֆիրայում քիչ քայլեցինք, քանի որ քաղցած էինք, չէինք նախաճաշել և որոշեցինք ճաշել նախ։ Ընտրեցինք մի ռեստորան՝ ծովային տեսարանով, պատվիրեցինք ավելին, քան կարող էինք ուտել՝ պիցա, հավի սուլվակի, «Սանտորինի» սալաթ։ Ամեն ինչը շատ համեղ էր, բայց չկարողացանք ավարտել։ Ճաշելու ընթացքում հաղորդագրություն ստացա անցյալ օրը մեր ծանոթացած երկու հայ տղաներից, որոնք մնում էին հենց Ֆիրայում։ Նկարագրեցի, թե որտեղ էինք ճաշում, եկան շուտով։ Ծրագրում էինք, թե ինչ անել, ուր գնալ։ Որոշեցինք ոտքով քայլել դեպի Իյա, որը քայլարշավային ճանապարհ էր՝ մի 12 կիլոմետր, ծովեզրյա բարձունքներով։ Արշավը վերցրեց մեր ամբողջ օրը, մինչև մութ երեկո։ Հավանեցի տղաներին։ 30-32 տարեկան երիտասարդներ էին՝ ծրագրավորողներ երկուսն էլ։ Տեսարանները բարձունքներից, որտեղով արշավում էինք, արտակարգ գեղեցիկ էին, հանդիսավոր-հանդարտ։ Նպատակ ունեինք Իյա հասնել մայրամուտին՝ ծովի հորիզոնի վրա այն դիտելու, բայց չհասցրինք։ Դիմավորեցինք մայրամուտը քաղաքի մատույցների մոտ, մի բլրի բարձունքին, ուր չկար ոչ ոք ու ոչինչ, բացի մի լքված ճերմակ պատից, որին հենված մի թխամաշկ գեղեցկուհի գինի էր խմում շշից ու երգում թովիչ, խորքային ձայնով՝ նվագելով իր պստլիկ յուկալեյլան։ Աղջիկը ավստրալաբնակ հնդկուհի էր, հոգեբույժ, ով վերջերս էր թողել աշխատանքը Սիդնեյում, ճամփորդում էր ամիսներով չգիտես որ երկրներում՝ մակեդոնիաներից մինչև հունաստաններ, իսկ Ավստրալիայում, մինչ այդ, բուժում էր նորածինների, որոնց մայրերը հերոինային կախվածություն ունեին։ Իյա հասանք կարգին հոգնած և անմիջապես քնեցինք։ Տղաները Ֆիրա վերադարձան ավտոբուսով։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 02.12.2024, 07:33:

  20. #58
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8 հոկտեմբերի 2022, շաբաթ

    Այսօր Աանտորինիում մեր վերջին օրն է։ Առավոտյան թե՛ ես, թե՛ Մերին ուշ արթնացանք, քանի որ երկուսս էլ գիշերն արթնացել էինք ու չէինք քնել մի որոշ ժամանակ՝ հեռախոսներիս վրա զբաղվելով, հետո նորից քուն մտել։ Մինչև արթնացանք, վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գալու, արդեն ժամը տասնմեկն էր։ Դուրս եկանք նախաճաշի։ Մերին հագել էր սպիտակ, գեղեցիկ զգեստ, մի քանի նոր պատկերներ լուսանկարեցինք արդեն ծանոթ մասերում, հետո նախաճաշի տեղ էինք փնտրում։ Մերին արդեն կարգին քաղցած էր և նախապես տրամադրված քրեյպով միայն որոշեց չբավարարվել։ Փնտրում էինք գեղեցիկ տեսարանով ճաշելու տեղ․Սանտորինիում ուրիշ անելիք առանձանպես չկար։ Մի քանի տեղ մտանք, բայց այնքան էլ չհավանեցինք, ի վերջո գտանք մի տեղ, որտեղ մաքուր էր, տրամադրող, տեսարանը՝ ծովային երկնագույն հորիզոն, և այդ ամենը՝ վերևի հարկից։ Պատվիրեցինք ձվածեղ՝ խառը բաներով, այդ թվում՝ սունկ, որը նույնիսկ Մերին կերավ, երկու տեսակի սալաթ, ելակով քրեյպ, կոլա և գարեջուր։ Նախաճաշին՝ գարեջուր… Գարեջուր ուզում էի դեռ երեկ գիշերվանից, և խմելով կէսօրին համոզվեցի, որ երեկվա ուզածը ակտուալ չի հաջորդ օրը․ գարեջրից ոչ մի բավականություն չստացա, ի տարբերություն երկու օր առաջվա ուշ ընթրիքի գարեջրից։ Նախաճաշից հետո ավտոբուսով նորից գնացինք Ֆիրա, քանի որ այդ քաղաքն ուսումնասիել նախորդ օրը չէինք հասցրել՝ քայլարշավի պատճառով։ Զբոսնեցինք Ֆիրայի խոշոր սալահատակով փողոցիկներով, հիմնականում վերև բարձրացող․ պայծառ արև էր, հաճելի եղանակ ու զրուցում էինք հավեսով։ Ջերմացնող զբոսանք էր՝ ներսից ու դրսից։ Շատ չմնացինք Ֆիրայում, երևի մի երկու ժամ, հոգնեցինք քաղաքից ընդհանուր առմամբ, տեսնելու առանձնապես բան չկար այլևս։ Գնեցի կապույտ քարերով ապարանջան ինձ համար, ծովախեցու զարդարանքով։ Երբ նստած էինք դեպի Իյա գնացող ավստոբուսը, մեր հին ծանոթներին տեսանք՝ տղաներին, որ ավտոբուսի կանգառում էին՝ ճամպրուկներով, հավանաբար գնում էին օդանավակայան։ Հյուրանոցում հանգստացանք մի-փոքր և գնացինք Իյայի մայրամուտը վերջին անգամ դիտելու։ Չգնացինք, վազում էինք։ Եվ արժեր, քանի որ այս անգամ մայրամուտը հստակ էր՝ ի տաբերություն նախորդ օրերի։ Գեղեցիկ էր շատ, անշուշտ, ոսկեկարմիրը ծովի մեջ սուզվելը, բայց ոչ լավագույնը տեսածներիցս․ Հավայան կղզիների մայրամուտն ավելի շքեղ էր, ավելի գունագեղ։ Վերեդարձին, նեղլիկ, բայց բանուկ փողոցներից մեկում Մերին ջերմությամբ շփվում էր մի աշխույժ աղջնակի հետ՝ Սինգապուրից։ Աղջկա անունը Սեհեր էր, որ նշանակում է մայրամուտ։ Աղջիկը ցուցադրում էր մանկապարտեզում սովորած երգերի ու պարերի իր ողջ ռեպերտուարը, զրուցում Մերիի հետ, մի վայրկյան չէր լռում և չէր ուզում ընդհատել իր ելույթը։ Մերին լուսանկարվեց աղջնակի հետ և չէր ուզում բաժանվել նրանից։ Դեպի հյուրանոց քայլելիս մութ գիշեր էր, պաղպաղակ առա Մերիի համար, ինձ համար վերցրի նարնջով թխվածք՝ սուրճի հետ, և սպիտակ բազրիքային քարերից մեկի վրա նստած վայելում էինք գիշերը։ Հյուրանոցում ճամպրուկներն ամբողջությամբ հավաքեցինք և նոր միայն քնեցինք․ առավոտյան ժամը հինգին տաքսին գալու էր մեր ետևից։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 02.12.2024, 07:55:

  21. #59
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9 հոկտեմբերի 2022, կիրակի

    Առավոտյան չորսին Մերին արթնացավ սրտխառնոցով, որն ավելի ուժեղացավ տաքսիի մեջ և հասավ նրան, որ փսխել ուզեց։ Վարորդը, ով կազմակերպված և ուշադիր մարդ էր, անմիջապես կանգնեցրեց մեքենան ճանապարհի եզրին, մի չոլի մոտ և Մերին փսխում էր խոտերի մեջ մինչ հեռվում կանչում էին աքաղաղները։ Սրտխառնոցը և փսխումը շարունակվեցին օդանավակայանում, գունատ էր ու վատ էր զգում շատ, ուզում էր տուն գնալ, լինել իր անկողնում՝ Սիդնեյում։ Թռիչքն ընդամենը կես ժամ տևեց /ավելի քիչ, քան ի սկզբանե նախատեսված էր/, Աթենքի օդանավակայանում Մերին աստիճանաբար վերականգնվեց, սկսեց իրեն ավելի լավ զգալ։ Թռիչքը դեպի Աբու Դաբի թեթև անցավ, թեև հինգ ժամ էր մոտավորապես։ Մերին հետաքրքիր դիտողականություն ունի․ դիպուկ և գլխավորը տեսնող։ Ինքնաթիռում պատմում էր իր դպրոցից․ տնօրենուհին՝ տիկին Այլընդը, պահանջում է, որ իրեն դոկտոր Այլընդ կոչեն նույնիսկ սովորական խոսակցության ժամանակ։ Խիստ և պահանջող ձայնով ուղղում է աշակերտին, երբ վերջինս դիմում է նրան միսս Այլընդ: Doctor, աչքերը չռում է տիկինը, Doctor Ireland! Եվ աշակերտը չի կարող շարունակել իր խոսքը մինչև չշտկի իր դիմելաձևը՝ նորից կրկնելով անունը, բայց այս անգամ դոկտըրով։ Տնօրենուհին նաև հատուկ կիրք ունի քերոլյան Ալիսի հանդեպ, ու պատահական չէ, որ դպրոցի հանդեսներն ու մյուզիքլները Ալիսի թեմաներով են հաճախ, իսկ դոկտորը դպրոցականների կյանքը բաժանում է գրքի գլուխների․ ավարտվեց ձեր կյանքի այսինչ գլուխը (chapter), այժմ սկսվելու է նոր գլուխ։ Որքան հասկանում էի՝ դպրոցում լավ ուսուցիչ չի մնացել կամ չեն մնում, լավագույնը անցած տարվա արվեստի ուսուցչուհին էր՝ միսս Լենդերսը, որը, ցավոք, այս տարի թողեց դպրոցը՝ պաշտոնի բարձրացմամբ, իսկ այս տարվա արվեստի ուսուցչուհին ո՛չ որպես ուսուցիչ է բանի պետք, ո՛չ էլ, ըստ երևույթին, որպես արվեստի մասնագետ․ վերջինիս հարցում ես հավատում եմ Մերիի գնահատականներին։ Հաճախ, հենց ուսուցիչների պատճառով է կամ շնորհիվ, որ աշակերտները թողնում կամ վերցնում են տվյալ առարկան։ Վախենամ՝ Մերին թողնի արվեստը։ Աբու Դաբի հասանք երեկոյան ութ անց կեսին և անմիջապես քայլեցինք օդանավակայանամերձ մեր հյուրանոցը՝ առանց օդանավակայանից դուրս գալու, ինչ-որ միացնող միջանցքով, ազատվելով արաբական անապատային շոգի մեջ հայտնվելու անհրաժեշտությունից։ Հյուրանոցից էլ գրում եմ այժմ, 2022-ի հոկտեմբերի տասի առավոտյան։


    10 հոկտեմբերի 2022, երկուշաբթի

    Մեր թռիչքը Աբու Դաբիից Մելբուրն երեք ժամով հետաձգել են։ Սիդնեյ կհասնենք ցերեկը տասներկուս անց կես, եթե ամեն ինչ ընթանա առանց նոր փոփոխությունների։ Դրականն այն էր, որ հյուրանոցում առավոտյան ավելի երկար կարող էինք մնալ, շտապելու կարիք չկար։ Մի պահ ննջեցի և երազումս մամայիս տեսա․ միասին էինք, ես ու մամաս միայն, մամաս տեսքով մոտավորապես իր վաղ վաթսուններում էր, մաշկը մի քիչ թխացած՝ չգիտես ինչու, բայց հագնված է կոկիկ ու գեղեցիկ, շրթներկով, որն իրեն շատ է սազում։ Ինչ-որ տուն պետք է գնայինք, որտեղ պետք է թողնեինք մոտիս բանալին։ Կիսամութ էր, քարե մի քանի աստիճան, իջնում ենք, հետո հասկանում, որ սխալ ենք գնում, ճանապարհը մյուս կողմից է։ Նման էր իմ ու Մերիի ճամփորդական տեսարաններին, երբ միասին փորձում էինք գտնել մեր հյուրանոցները, բայց հիմա ես ու մամաս ենք, մամայիս ձեռքն եմ բռնել, ինչպես Մերին է հիմա իմը բռնում։ Երբ ետ ենք դառնում այդ քարե փոքրիկ աստիճաններով, հասկանալով, որ մյուս ուղղությամբ պետք է գնանք, ես այդ պահին շատ ուժեղ կարոտում եմ մամայիս, իրենից առաջ ընկնում, շրջվում դեմքով դեպի մամաս, որ լավ տեսնեմ իրեն, լավ ընկալեմ։ Ուզում էի մանրամասն նայել դեմքին, հիշել ու դրոշմել դեմքը՝ կենդանի, քանի կարող էի, ու դա հաջողվեց, թեև մի քիչ տարբեր դեմք տեսա, քան սկզբում էր․ այն պահին, երբ ուղիղ նայեցի մամայիս, ձեռքերով պահելով նրան, որ չշարժվի, մնա դիմացս, չգնա, դեմքը մի տեսակ տարբեր դարձավ, մի քիչ ավելի մաշված, ինչից մի-փոքր աղավաղվել էին դիմագծերը, բայց դեռ մամաս էր՝ կենդանի, ու ես, բռնելով այդ պահը, արագ թախանձեցի․ մա՛մ, մի բան ասա՛ ինձ։ Մամաս նայեց իր առաջվա սիրող աչքերով ու փաղաքշական մի բան ասաց, իր ձևով, այն ձևով, որով արտահայտում էր իր մայրական լիարժեք սերը, ու ես արթնացա։
    Մերիի հետ շարունակեցինք նայել երեկ կիսատ թողած Intern ֆիլմը, իր հեռախոսի վրա, ժպտալով կամ ծիծաղելով երկուսս նույն մասերում, բայց նորից անավարտ թողեցինք, քանի որ պետք է գնայինք օդանավակայան։ Օդանավակայանում Մերին սինեբան կերավ և ես նկարում էի նրան ու ուղարկում Հայկին՝ ձայնային հաղորդագրություններով, Հայկն էլ ուղարկում էր պատասխան ձայնայիններ, ու բարի էր Հայկը՝ հոգատար, շատ, ինչպես միշտ։ Գրում եմ սա օդանավակայանից, սպասելով նստեցմանը, բեքգրաունդում նամազ է։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 02.12.2024, 11:38:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.12.2024)

  23. #60
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    15 նոյեմբերի 2022, երեքշաբթի

    Առավոտվանից Judge marking-ի էի։ Քնապակաս էի, հոգնած, բայց դիմացա, մինչև հինգն էր։ Դժվար բան է դատելը, համակարգ է պետք։ Տունս հավաքելու կարիք կար, բայց էներգիա չկար։ Ճաշեցինք, սկսեցինք ֆիլմ նայել։ Մերին ջերմություն ունի։ Բայց նայեցինք միասին՝ բոլորով, միայն Դավիթը տանը չէր, գնացել է համերգի ընկերների հետ։ Ֆիլմը տեսել էի, բայց նայվեց էլի։ Աչքերս փակվում են, թեև ընդամենը ժամը տասն է։




    28 մարտի 2023, երեքշաբթի

    Պետք է շարունակել ապրել։




    30 հունիսի 2023, ուրբաթ

    Եղբորս մահից հետո կյանքի հանդեպ ընկալումներս փոխվեցին․ կյանքը սկսեցի տեսնել ավելի շատ կողքից, քան ներսից։ Ժամանակն ու տարածքը, որտեղ մարդը կոչված է անցկացնելու մի երկրային կյանք, սահմանափակվեցին ակնթարթով ու ձեռքի ափի չափ մակերևույթով։ Հույզեր, սպասելիքներ-նպատակներ, հասցնելիքներ ու չհասցնելիքներ, ձգտումներ ու իդեալներ, դարձան անիմաստ էդ ակնթարթի և ձեռքի ափի անըմբռնելի փոքր տիրույթում։ Թերևս միայն իդեալները կարելի է առանձնացնել՝ մի-փոքր իմաստ տալու համար մեր գոյությանը։
    Այլևս չկա վախ՝ կորստի, որովհետև կորցնելիքներն իմաստազրկվել են։
    Իմաստազրկումն, ի դեպ, տխուր մի թեթևություն է պարգևում գլուխը բարձին դնելիս․ կարելի է արժանապատվորեն չվախենալ կորստից։
    Այսօր երազումս կանգնած էի Երևանի իմ [մանկության] տան վեցերորդ հարկի պատշգամբի բազրիքին։ Մառախուղ էր, օրվա անհասկանալի ժամ։ Արդեն հասկացել էի, որ նման իրավիճակ երազում է լինում և կարող էի չանհանգստանալ, եթե ոտքս սահեր։ Ոտքս չէր սահում, կարող էի հանգիստ ետ ցատկել ներս, բայց պահի տակ որոշեցի ցատկել դուրս․ չէ՞ որ երազ էր։ Մի քիչ տատանվեցի, թե ինչ կզգամ վայրէջքին՝ ցա՞վ, մա՞հ, եթե հանկարծ երազ չէր, կամ ավելի ճիշտ՝ եթե հանկարծ այդ երազից ետդարձ դեպի արթմնի աշխարհ չկար։ Տատանվեցի, հետո հաղթեց ինչ-որ մի բանից ազատվելու հաստատակամությունը, նետվեցի պատշգամբից դուրս՝ դեպի անհայտություն։ Ընկղմվեցի անկման մեջ մի քանի վայրկյան ու արթնացա։
    Փոփոխությունների ժամանակն է։ Հուսով եմ՝ դրական։

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (04.12.2024)

Էջ 4 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան լեզվական հարցեր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2277
    Վերջինը: 03.05.2025, 00:57
  2. Զանազան լեզուներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 13.04.2016, 18:34
  3. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  4. Face of the Future. դեմքի զանազան փոխակերպումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 121
    Վերջինը: 10.12.2010, 14:24
  5. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •