User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 32 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Զանազան պատմություններ

  1. #31
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,094
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չթողնել ոչինչ անավարտ

    Երրորդ դասարանում մաթեմատիկայիս ուսուցչուհին՝ ընկեր Աթանյանը, որը շապակլյակի գլխարկով ու վերարկուով, մանրիկ, կկոցած աչքերով և մշտապես բազմանշանակ սեղմած բարակ շուրթերով միջին տարիքի մի կին էր, ինձ հանձնարարեց պատրաստել ալբոմ մաթեմատիկայի դասարանի համար։
    Հանձնարարեց ինձ, որովհետև դասարանի ամենալավ սովորողն էի։
    Ալբոմը ծանր ու հաստ, թավշյա, մուգ մանուշակագույն կազմով մի պատկառելի զանգված էր, ներսի մոխրագույն, մազմզոտ թերթերը՝ նույնքան հաստ, որ բացելիս շրջվում էին, ոչ թե թերթվում: Աթանյանը հանդիսավոր հանձնեց ինձ ալբոմը՝ պատվիրելով, որ զգույշ լինեմ, չփչացնեմ։ Հետո երկրաչափության դասագրքի մեջ նշեց-առանձնացրեց այն օրենքներն իրենց գծագրերով, որոնք պիտի սիրուն, գունավոր մատիտներով արտագրեի-արտանկարեի ալբոմի մեջ։ Երկու շաբաթվա մեջ կվերջացնես, կարգադրեց Աթանյանը։

    Տուն հասնելուն պես անցա գործի։ Դողացող ձեռքերով (վախենում էի սխալվել) սկսեցի առաջին էջը, ապա ավելի վստահ անցա երկրորդին, երրորդին, չորրորդին․․․ Կեսգիշերին մոտ էր, մնացել էր մի թերթ։ Հոգնել էի։ Շատ։ Գլխիս կափարիչը կարծես ժայթքող հրաբխի ծածկ լիներ․ տակից բլթբլթում էր, հիմա կպայթի։ Ուժեղ սրտխառնոց ունեի (երևի գլխացավից)։ Պապաս ձեռքս բռնած հանեց ինձ պատշգամբ․ ափով շոյում էր ճակատս ու բացատրում, թե ինչպես շնչեմ ու արտաշնչեմ՝ խորը ու դանդաղ։ Օդը սառն էր, գիշերային։ Անում էի, ինչպես պապաս էր ասում, բայց չէր օգնում առանձնապես․ նույն պայթող գլխացավն ու սրտխառնոցը։
    - Էդ վա՞ղն ա ուզել, - հարցրեց պապաս կիսաբարկացած-կիսավրդովված՝ ուղղված ուսուցչուհուն։
    - Չէ, երկու շաբաթից։
    - Բա ինչի ես էդքան նստե՞՛լ․․․, - պապայիս զայրույթն արդեն ինձ էր ուղղված։ - Գնա քնելու՛։

    Առավոտյան ալբոմն, ավարտած, տարա դպրոց։ Աթանյանն աչքերը մի պահ կկոցեց վրաս՝ անվստահությամբ, ապա բացեց ալբոմը և սկսեց լուռ ու դանդաղ թերթել։ Կանգ առավ այն թերթի վրա, որտեղ․․․ սխալվել էի ու վրայից փորձել ուղղել ավելի մուգ գույնով․ անճոռնի մի բան էր ստացվել, իմ հոգնած խայտառակությունը, որի համար վախենում ու վատ էի զգում այնքան։ Աթանյանն աչքերը նորից կկոցեց վրաս, այս անգամ թարս, ապա շարունակեց թերթել՝ մեղադրական ճոճելով գլուխը, բարակ շուրթերն է՛լ ավելի պինդ սեղմած։ Հետո այդպես էլ լուռ, առանց մի բառ արտասանելու տարավ ու դրեց ալբոմը դասարանի ծայրի պահարանին, բաց վիճակում (ոչ սխալված էջի մասում, իհարկե)։

    Այդ ալբոմը ես ատում էի։ Քանի այնտեղ էր։ Քանի այնտեղ էինք։ Ատում էի այն հոգնած-սխալված էջի համար, որը թեև ոչ մեկ այդպես էլ երբևէ չբացեց ու չնկատեց, բայց ես գիտեի, որ այնտեղ է։ Ոչ մի հատիկ գնահատանքի համար։ Բայց ամենից շատ ատում էի անհամբեր պարտաճանաչության և/կամ պարտաճանաչ անհամբերույթանս համար․ ավարտել շուտ, չթողնել ոչինչ ինչ-որ պահ անավարտ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.03.2021, 06:09: Պատճառ: Հեղինակի խնդրանքով

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (30.03.2021), Cassiopeia (30.03.2021), ivy (01.04.2021), John (31.03.2021), Varzor (02.04.2021), Արէա (30.03.2021)

  3. #32
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,094
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մոնե և ընկերներ․ իմպրեսիոնիզմ

    19 ապրիլի 2021, կիրակի 11:59AM

    Երբ երեխաները մեծանում են, բարդանում է ընտանեկան միջոցառումների հարցը։ Փոքր ժամանակ ավելի լայն է ընտրության շրջանակը և ավելի ստանդարտ ու քիչ քմահաճ են երեխաների պահանջները․ կինո, պուրակ, համերգ, խաղատեղեր, գազանանոց․․․ Հեշտ է գոհացնել։ Մեծանալով՝ հետաքրքրություններն ավելի որոշակի են դառնում, պահանջներն՝ ավելի խիստ, իսկ ամենագլխավորը՝ երեխաներն անկախանում են, և նրանց համար ավելի հետաքրքիր է ժամանակ անցկացնել իրենց նմանների հետ։ Աստիճանաբար ընկերների հետ դուրս գալը դառնում է ավելի հաճախակի՝ մի կարճլիկ տեղեկացմամբ, և տուն վերադառնալու ժամերն էլ հետզհետե ընկնում են օրվա ավելի ուշ սեգմենտ, ինչպես և դուրս գալու ժամերն են տեղաշարժվում դեպի ավելի ուշ ժամ աստիճանաբար։
    Եվ այնուամենայնիվ, ես կարևորում եմ պարբերական ընտանեկան միջոցառումների անհրաժեշտությունը՝ անկախ երեխաների տարիքից։ Եվ դրանք, իմ համոզմամբ, պետք է պահպանել ողջ կյանքի ընթացքում՝ սովորույթն այդ ու դաստիարակությունը փոխանցելով սերնդից սերունդ։

    Այսօր գնացել էինք արվեստի թվային ցուցահանդես։ Շրջիկ ցուցահանդես է աշխարհով․ ընդարձակ սրահում հսկայական ստենդ-էկրաններ՝ որոշակի դասավորվածությամբ ու միմյանց նկատմամբ անկյամբ, մի ստենդ էլ ինքը՝ հատակն է։ Ապա այդ էկրաններին ինչ-որ բան են ցուցադրում՝ երաժշտության համադրությամբ։
    Կենկրետ այս մի ցուցահանդեսը կոչվում էր "Մոնե և ընկերներ", թեման իմպրեսիոնիզմն էր։ Մինչ բուն սրահը մտնելը նախասրահ է, որտեղ իմպրեսիոնիստների մասին համառոտ տեղեկություններ են՝ պատերին մեծ-մեծ կախված, ինչպես նաև ժամանակաշրջանի քրոնոլոգիա՝ նկարչության այդ ճյուղի առաջացման հանգամանքների բացատրությամբ։ Բուն սրահում նկարիչների աշխատանքների ահռելի թվային պրոյեկցիաներն են թափառում՝ մեկումեջ ընդմիջվելով հեղինակների ասույթներով, և այդ ամենը՝ դասական երաժշտության ուղեկցությամբ։
    Դու՞ր եկավ ինձ։ Ոչ այնքան։ Միայն այնքանով, որ հիշեցրեց իմպրեսիոնիզմի մասին, առիթ հանդիսացավ որոշ տեղեկություններ ստանալ ուղղությունից ու ժամանակաշրջանից՝ մտորումների սնունդ, և ասույթներն էլ քիչ թե շատ փորձեցին բացել նկարիչների մտքի ու զգացողության վարագույրը։ Բայց վայելել նկարներ ոչ միայն չստացվեց, այլև դրանց թվային փոխակերպումը կարծես այլափոխում, եթե ոչ այլասերում է արվեստի բուն նպատակը։ Ամենամեծ դիսկոմֆորտը` երբ սեանսի վերջում Մոնեի ջրաշուշանները վերածվեցին թվալուսագունային փայլփլիկների և էկրաններից հրավառությամբ պայթեցին սրահով մեկ։ Այդ ամենը, իմ կարծիքով, Մոնեի հետ կապ չուներ, ու ենթադրում եմ՝ Մոնեն էլ, որ ամեն մի դրած ներկի գույնն ու երանգը, չափն ու համաչափությունը ստեղծագործել էր տքնաջան՝ մանրակրկիտ դուրս հանելով սեփական զգացողությունների գամման, կնեղվեր երևի։
    Երեք տարի առաջ Փարիզում այցելեցի Օրսեյ թանգարան՝ իմպրեսիոնիզմ տեսնելու նպատակով հատուկ։ Այդ և այս փորձառություններն անհամեմատելի են։ Գուցե ցուցահանդեսի ստեղծողները նպատակ էլ չեն դրել համեմատելի տպավորություններ հարուցել, բայց եթե ցուցահանդես է, թեկուզ թվային, արվեստ տեսնելու սպասելիքով ես գնում։
    Եվ այնուամենայնիվ, չեմ զղջում, որ գնացինք։ Նախ, երեխաներս տեղեկացան իմպրեսիոնիզմի մասին։ Աղջիկս, որ նկարում է, գիտեր որոշ չափով (այցելելն էլ իր մտահղացումն էր ). ունի որոշակի կարծիք և նախընտրություն կոնկրետ ոճերի ու նկարների հետ կապված, ընդ որում դա իր ուրույն, չազդված կարծիքն է (ինչպիսին որ ինքն, առհասարակ, է)։ Սիրում է, օրինակ, Մոնե, և իր համար հայտնաբերեց նոր հավանություն՝ Տուլուզ-Լոտրեկին։ Վերջինս օրինակ ինձ՝ արվեստից առանձնապես չհասկացող մարդու համար, անհասկանալի է։ Տղաս, որ արվեստի մեջ չկա առանձնապես, բավականին հարստացրեց իր տեղյակությունն այդ բնագավառում (գիտելիքներ, իհարկե, չես անվանի)․ մի քանի րոպե հետո ամբողջ սրահը կարդացել էր ծայրից-ծայր՝ հափշտակված երևույթի ու ժամանակաշրջանի պատմական կողմով (պատմության բնագավառն իր հետաքրքրությունների շրջանակում է), մինչդեռ ընդամենը թռուցիկ ուշադրություն դարձնելով բուն նկարներին։ Իսկ ես, որպես հոգատար մամա ու դաստիարակ, աղջկաս մի կողմից էի նյարդայնացնում՝ ստիպելով պատմությունները կարդալու, տղայիս՝ մյուս կողմից՝ նկարների տեխնիկային ուշադրություն դարձնելու։ Մինչդեռ պետք էր երևի հանգիստ թողնել յուրաքանչյուրին վերցնելու իր համար հետաքրքիրը։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.04.2021), John (21.04.2021), Գաղթական (22.04.2021), Ուլուանա (25.04.2021)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Զանազան լեզվական հարցեր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2274
    Վերջինը: 16.06.2020, 11:24
  2. Զանազան լեզուներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 13.04.2016, 18:34
  3. Զանազան Հարցեր Պատմությունից
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 64
    Վերջինը: 13.07.2014, 11:12
  4. Face of the Future. դեմքի զանազան փոխակերպումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 121
    Վերջինը: 10.12.2010, 14:24
  5. Զանազան հարցեր գրականությունից
    Հեղինակ՝ lusattik, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 10.06.2010, 07:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •