XIV


1. Կառավարչի հրամանով զինվորները վերցրեցին Իսային և երկու ավազակներին և տարան նրանց մահապատժի տեղը, որտեղ մեխեցին նրանց հողի մեջ խրած խաչերին:

2. Ամբողջ օրն Իսայի և երկու ավազակների մարմինները, արյունաքամ լինելով, կախված մնացին խաչերից, զինվորների հսկողության տակ; ժողովուրդը կանգնած էր նրանց շուրջ; դատապարտվածների ազգականները լալիս էին և աղոթում:

3. Արևամուտին Իսայի տառապանքները վերջացան: Նա կորցրեց գիտակցությունը, և այդ բարեպաշտի հոգին ազատվեց մարմնից, որպեսզի գնա Աստվածության առջև խոնարհվելու:

4. Այդպես ավարտվեց Հավերժական Ոգու ցոլքի երկրային գոյությունը մարդկային մարմնի մեջ, որը փրկեց դաժանացած մեղավորներին և այդպիսի տառապանքներ կրեց:

5. Սակայն Պյուղատոսը վախեցավ իր կատարած գործից և կարգադրեց սրբի մարմինը տալ նրա հարազատներին, և նրանք թաղեցին նրան մահապատժի վայրի մոտակայքում: Ամբոխը գնում էր աղոթելու նրա գերեզմանի վրա և օդը լցնում էր ողբով ու հեկեկանքով:

6. Երեք օր անց կառավարիչը, վախենալով ժողովրդի զայրույթից, ուղարկեց զինվորներին հափշտակել Իսայի մարմինը և թաղել մեկ այլ տեղում:

7. Հաջորդ օրն ամբոխը գերեզմանը բաց և դատարկ գտավ; անմիջապես տարածվեց լուր, որ Բարձրագույն Դատավորն ուղարկել է Իր հրեշտակներին հափշտակել սրբի մասունքները, որոնց մեջ երկրի վրա բնակվում էր Աստվածային Ոգու մասնիկը:

8. Երբ այդ լուրը հասավ Պյուղատոսին, նա զայրացավ և հրամայեց, ստրկության և մահվան սպառնալիքի տակ, երբեք չհիշատակել Իսայի անունը և չաղոթել Աստծուն նրա համար:

9. Բայց ժողովուրդը շարունակում էր ողբալ և բարձրաձայն փառաբանել իր Ուսուցչին; այդ պատճառով շատ մարդկանց ստրկության մատնեցին, տանջեցին և սպանեցին:

10. Եվ սուրբ Իսայի աշակերտները լքեցին Իսրայելի երկիրը և գնացին բոլոր երկրները հեթանոսների մոտ, քարոզելով, որ անհրաժեշտ է թողնել կոպիտ մոլորությունները և մտածել հոգու փրկության և լիակատար երանության մասին, որը սպասվում է մարդկանց ոչ նյութական ու փայլքով լի աշխարհում, որտեղ հանգստի, Իր ամբողջ մաքրության և լիակատար մեծության մեջ բնակվում է Մեծն Արարիչը:

11. Հեթանոսները, արքաները և զորականները լսում էին քարոզիչներին, դեն էին նետում իրենց անիմաստ հավատամքները, լքում էին իրենց քուրմերին ու նրանց կուռքերին, որպեսզի փառաբանեն տիեզերքի մեծիմաստ Արարչին, արքաների Արքային, որի սիրտը լի է անսահման գթասրտությամբ:




ՎԵՐՋ