User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Տվիգերն - Բարոյական ճգնաժամ

  1. #1
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տվիգերն - Բարոյական ճգնաժամ

    © 2017 ՏՎԻԳԵՐՆ

    ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

    ՀՐԱՇՔՆԵՐԻ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ


    Erst kommt das Fressen, dann kommt die Moral.
    B. Brecht

    Լուսավոր ապագայի հույսի և անցյալի անհույս խավարի հատման միապաղաղ գորշության մեջ` տարածության մի անկյունում, ժամանակից լքված, ծվարել էր փոքրիկ քաղաքը: Նրա եզրերը ձուլվում էին հալածված բնության քրտինքի գոլորշիների հետ, և թանձր մշուշի մեջ այն դրսից պարզապես չէր երևում: Մշուշն այնքան վճռականորեն էր պաշարել այդ բնակավայրը, որ այն չէր երևա, նույնիսկ եթե նրա անունը... Երևան լիներ... Փոքր էր հարևանների համեմատ, բայց ավելի քան բավարար էր՝ տեղավորելու բնակիչների փոքրիկ հոգիները, իսկ քարտեզի վրա գուցե չկար էլ: Բացառիկ էր իր անհյուրընկալ մռայլությամբ, բայց միևնույն ժամանակ՝ երիտասարդ այնքան, որ հանելուկ էր հազարամյակների փոշու առկայությունը: Փոշին, սակայն, չէր էլ հասցնում նստել փողոցների վրա, բնավ ոչ այն պատճառով, որ բնակիչներն անձնուրաց ուշադրությամբ հետևում էին մաքրությանը, այլ այն պատճառով, որ խեղճ քաղաքը գերի էր ընկել սաստիկ քամիներին: Ու այդ փոշին թոքերով անընդհատ մտնում էր մարդկանց հոգիներն ու հանգիստ դուրս էր գալիս, իսկ այդ ցավից մարդիկ կարծես հաճույք էին ստանում: Բնությունն ասես չէր ընդունում այդ փոքրիկ հողակտորը որպես իր սեփականը. խեղճ մարդիկ անխղճորեն խլել էին այն բնության ձեռքից: Բայց որքան էլ որ զարմանալի չէ, օրը մեկ անգամ գոնե դեռևս անպիղծ լույսը բացվում էր բռնի ուժով վերջերս պղծված քաղաքի վրա, ափսոս, չէր հասցնում թափանցել մինչև քաղաքացիների` վաղուց արդեն ինքնակամ պղծված հոգիները: Ու քաղաքն ամեն երեկո լույսի հետ մեռնում էր, առավոտյան հարություն առնում կրկին: Ամեն անգամ մեռնելիս նա այնքան խղճուկ տեսք էր ընդունում, որ թվում էր, թե վերջին անգամ է մեռնում: Հանգիստ էր մեռնում, առանց որևէ ճիչ արձակելու. մեկ է՝ ոչ ոք դրան ուշադրություն չէր էլ դարձնելու. չէ՞ որ մարդիկ վաղուց արդեն համակերպվել էին, որ իրենց հարազատ օրրանը հոգեվարքի մեջ է և տառապում է անբուժելի վարակիչ տենդով: Ոչ ոքի մտքով չէր անցնում անգամ, որ մի օր էլ իրենք գուցե վարակվեն իրենց քաղաքից, իսկ թե ումից էր վարակվել ինքը` քաղաքը, գիտեին բոլորը: Գիտեին, բայց չէին խոստովանում...
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.12.2017)

  3. #2
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնքան բովանդակալից էր այդ ազնիվ տենչը, որքան որ թյուր էր հանգամանքների նման դասավորվածությունը, որը ﬕ կողﬕց կծկում էր սիրտը` հիշեցնելով, որ կյանքը շարունակվում է, մյուս կողﬕց քամում էր ﬕտքը` հիշեցնելով,
    որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ու սպասում էր, ﬕնչև վրա կհասնի այն ծայրահեղ պահը, երբ կամ կհասնի մտացածին այն բարձունքին, որ կառուցել էր սեփական խոհերով, կամ կյանքի հաշվետվության տակ ինքնաբերաբար կգրվի « չստացված» մակդիրը:
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.12.2017)

  5. #3
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի պահ` ընդգրկված նախորդող ու հաջորդող երկու ձանձրալի պահերի նեղ արանքում, որն այնքան հզորություն ու կամք ունի հրելու իրեն զսպող այդ մտացածին սահմաններն ու հրելու այնքան անձնվիրաբար, որ նրանք միաձուլվեն վերջում, այն վերջում, որ գերեզմանն է հույսերի` հորինված այլ բաներ հորինելու անկարող խեղճ մարդկանց կողմից, ստիպում է քեզ զգալ, որ, այնուամենայնիվ, աշխարհում կան բաներ, որոնք կարող են ստիպել քեզ:
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.12.2017)

  7. #4
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    —Դու այդպես չես կարծում, դու ինձ լավ ես ճանաչում...– անզոր շշնջաց աղջիկը՝ առանց հեռացնելու արդեն խոնավ հայացքը թաց հատակից,– ենթադրենք՝ այդպես ստացվեց, բայց միևնույն է: Մենք երևի ստացանք այն, ինչ ուզում էինք, եթե դու դա չէիր ուզում, ապա ես էլ չէի այրվում ցանկությունից, այլ մոխրացած կուչ էի եկել մի փոշոտ անկյունում և, մեկ է, չէր ստացվում պատսպարվել կյանքի քամու բորբոքիչ ազդեցությունից: Ես չափից շատ եմ քեզ հարգում, ու ամենայն ազնվությամբ քեզ լավն եմ ցանկանում,– կմկմալով արտաբերելուց հետո աղջիկն արդեն թաց աչքերով ու հեկեկոցով շարունակեց կարճ մենախոսությամբ.– ա՜խ, Աստվա՛ծ, ինչո՞ւ ինձ բավարար իմաստություն չես տվել, որ սկզբից ևեթ կանխեի այս փակուղային հարաբերությունը, ինչո՞ւ ես միանգամից չէի հասկացել, որ նա այլ հույսեր է կապել ինձ հետ: Ինչո՞ւ ենք մենք երկուսով հիմա դրա համար տառապում:
    Տղայի մտքերն արդեն այլ ուղղությամբ էին գնում. նա զգայականի գերակշռության տակ հակվում էր մտածելու, որ աղջիկը ոչ միայն անկեղծ չէ, այլև դիտավորյալ է այս թատերական ներկայացումը սարքել՝ բաժանումն իր համար արդարացված և տղայի համար ավելի ցավալի դարձնելու համար: Նեկրիստոն քիչ էր մնում կասկածեր, թե այս տեքստը մտածված է եղել հենց այն պահից, երբ նրանք սկսել էին շփվել: Նա նույնիսկ չէր զարմանա, եթե իմանար, որ այդ ճառն Էլլայի հերթապահ խոսքերից մեկն էր, որ նա, ըստ երևույթին, բավական հաճախ էր օգտագործում այս ու այն կողմից հայտնված և իրենով հետաքրքրված մոլախոտերը վերջնականապես արմատախիլ անելու համար: Նրա աչքում սիրեցյալի ձյունասպիտակ պատկերը սկսեց պատվել գորշ շղարշով:
    —Ինձ չափից շատ հարգել պետք չէ։ Ինձ սիրել էր պետք... չափի մեջ... ժամանակին...
    —Գիտեմ, բայց կյանքն այնպիսի բան է, որ...
    —Բավական է ինձ կյանք սովորեցնես: Ես գիտեմ` ինչ է այն: Գիտեմ` ինչպիսին է այն: Սխալ: Սխալ է այս կյանքը,–այս եզրահանգումից հետո արդեն հերթը տղայի մենախոսությանն էր,– գիտեմ... սակայն չեմ կարողանում հասկանալ խղճիդ... գուցե ինքդ էլ չես կարողանում: Ախր մի՞թե դժվար է քերծել նուրբ հոգին. բոլորն էլ կարող են, բայց դու՝ իմ սիրելին... իմ հրեշտակը... ինչո՞ւ... Անհավատալի է... բայց գիտե՞ս՝ իմ հիասթափությունն էլ իր պատմությունն ունի, իզուր ես քեզ վերագրում: Եվ քո արցունքները հիմա... Ախր ինչպե՞ս կարող եմ մխիթարել քեզ ես, որ ծաղրածուի կամավորն եմ կյանքի կրկեսում: Գուցե ժամանակին շատ ես ծիծաղել, հիմա ժամն է հատուցման... Ամեն դեպքում մի՛ կարծիր, թե դու ես դժբախտը: Հին չեն քո արցունքները ու մաքուր էլ չեն այլևս ու քոնը չեն եղել երբեք... Իսկ իմ շուրթերով հիմա ես չեմ քեզ հետ զրուցում, այլ հենց անդադար ժամանակի ժամանակավոր այն դադարը, որ քեզ կտրեց քո երջանկությունից, ինձ էլ` քեզնից... Նույնիսկ եթե քեզ վերագտնես, ինձ այլևս չես գտնի... որովհետև ազնիվ չէր քո փնտրտուքը և իմ գտածոն, որ ընդամենը դու էիր, իսկ կորուստս անգին է... բայց մեկ է, կարող ես ինձ սիրել... Ոչ նրա համար, որ սրտեր ես կողպել, այլ որ կարողացել ես կրքեր բանալ և նվիրում նվիրել... Հիմա, երբ խոսում ենք, այնուհետև նոր փորձում մեր ասածներին որևիցե հարիր մեկնաբանություն գտնել, մենք դարձյալ կերպար չենք, այլ միայն ձևավորում մեկս մյուսի կյանքում: Իսկ կյանքը, որ մի գթառատ աճպարար է միայն, մեզ ամեն անգամ օդ շպրտելիս նախ փոխանակում է տեղերով, հետո էլ արժանացնում գետնի հետ ճակատային բախման, որն այնքան տհաճ չէ, ինչքան այն գիտակցումը, որ նորից են քեզ գետնից պոկում, մինչդեռ օդում երկար չես մնա... Բթացել ենք ծափի աղմուկից և դարձել մեր իսկ ստրուկը...
    Այս ոչ այնքան կապակցված և մտածմունքներով ընդհատված խոսքերից հետո աղջկա հատուկենտ արցունքները վերածվեցին հորդառատ լացի: Խեղդվելով արցունքների արանքից՝ նա հազիվ կարողացավ ասել.
    —Ես քեզ չեմ սիրում...

    © 2017 ՏՎԻԳԵՐՆ
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

  8. #5
    Լիարժեք անդամ Taurel. . . .-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Հասցե
    Yerevan Armenia , Geneva Switzerland
    Գրառումներ
    133
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հնամաշ ոտնամանների ձայները հեռվից լսվող մի դաշնամուրային մեղեդու նման փորձում էին ճեղքել խավարը և սալարկված ու անձրևից դեռ տեղ-տեղ թաց փողոցներից վերացնել իրենց կրողին ու նետել երազված երջանկության աշխարհը, որին հենց իրենք՝ ոտնամանները, չէին սազի: Հենց այդ պատճառով էլ երևի նրանք Նեկրիստոյին բերեցին իրենց թաղամաս` աղբամանների մոտ: Երբ ոտնամանների երաժշտությունը դադարեց, որպես դրանց սահուն շարունակություն՝ նրա աչքերից սկսեցին դեպի հատակի ճեղքերը վազել իրեն լքող հույսի հատիկները:
    Նաստալդին ոչինչ բացատրել պետք չէր, նա հանգիստ սպասեց մինչև կգար սիմֆոնիայի իր մասը...
    —Քո` վաղուց արդեն սիրելը մոռացության մատնած ու դրա արդյունքում արիացած սիրտը թույլ տվեց, որ քամին խաղա քո գրքի այն էջի հետ, որը կյանքդ իմաստավորելու միակ հնարավորությունն էր. քամին, օգտվելով արիացած սրտիդ անտարբերությունից, նույն անտարբերությամբ ու հեգնանքով պոկեց այդ էջն ու գցեց կրակի բերանը: Կրակն ագահաբար լափեց այն վայրկյանների արանքում. վաղուց այդքան համեղ պատառիկ չեր համտեսել: Ուշ է... Հիմա զուր ես փորձում ձեռքդ խցկել նրա երախը: Մոխրից բացի դու այնտեղ էլ ոչինչ չես գտնելու. ձեռքդ գուցե այրես: Սակայն սարսափելին հաստափոր գրքի բարալիկ էջի կորուստը չէ, այլ այն, որ առանց այդ էջի թեկուզ ողջ գիրքն էլ ծամես, իմաստը, միևնույն է, չես հասկանալու: Ու դեռ երկար դու կվազես ստորակետից ստորակետ, միջակետից միջակետ, գլխիկոր կքայլես տողերի արանքով, կփորձես դնել վերջակետ, սակայն վերջակետն այդ կրկին կդառնա բազմակետ... Կսկսես քրքրել մոռացումդ ու հանկարծ կգտնես անզգուշաբար այնտեղ նետված մեկին: Հետո նա կհասկանա, որ իր մեջ գտել ես ուրիշին, ու ստիպված կլինես նորից քրքրել մոռացումդ, միչև կգտնես մյուսին: Վերջապես կգտնես հենց նրան, ու ամեն ինչ կսկսվի նորից: Հետո մի անիմաստ օր այլևս նրան էլ չես գտնի: Խելագարի պես կսկսես քրքրել այդ անիծյալ մոռացումդ, ինչպես ես աղբամանն եմ քանդում, երբ սոված եմ... Ու չես գտնի: Մի կողմ կշպրտես անցյալը, քարուքանդ կանես ներկան ու չես գտնի: Հուսահատ կփորձես հուսալ, որ կգտնես նրան ապագայում, բայց տարտամ հույսերդ վաղուց արդեն քեզնից փախել են դեպի հատակի կիսաբաց ճեղքերը... Վերջապես ճարահատված նորից կսիրես ու կհասկանաս, որ մի անգամ են սիրում ու սիրում են մինչև վերջ՝ անցնելով հազարավոր հորինված վերջեր ու հասնելով անվերջին...
    Նեկրիստոն անորոշ երկու քայլ արեց հետ, շրջվեց ու գրեթե մոռացավ այն ամենը, ինչ քիչ առաջ ասում էր Նաստալդը:
    —Գիտե՞ս, ուզում եմ` սիրտս հանեմ ու գրողի ծոցն ուղարկեմ։
    —Ես նրան լավ կնայեմ:
    Այստեղ Նաստալդի հումորն ամենևին տեղին չէր, բայց այդպիսին էր նրա հումորը. անտեղի գալիս ու այդպես էլ չքանում էր, և տպավորություն էր ստեղծվում, թե չստացվեց, իսկ Նաստալդը մտածում էր, թե չհասկացան, բայց դրան մեծ կարևորություն չէր տալիս` հուսալով, որ հետո կհասկանան։
    —Չեմ կասկածում,– պետք է թեթև ժպտար, բայց չժպտալով ասաց Նեկրիստոն ու որոշեց չշարունակել քիչ առաջ ընդհատվածը` մտածելով, որ մեկ է, նախ՝ չի կարողանալու արտահայտել ողջ զգացածը, ու հետո՝ եթե նույնիսկ մի երկրորդ Նեկրիստո հայտնվեր, չէր հասկանալու իրեն: Եվ, ընդհանրապես, կային բաներ, որոնք սիրտ էին քամում, ու նա հարազատ հոգի էր ման գալիս, որ նկարագրեր զգացածը, բայց մեկ է, ամենաէականը բերանից դուրս չէր գալիս, մի տեսակ կոկորդից կախվում ու նորից կուլ էր գնում։
    —Չէ՛, գիտեմ՝ հաստատ լավ եմ լինելու, ո՞ւր պիտի փախչի այդ երջանկությունը: Պարզապես հիմա մի քիչ հոգնել եմ, ուզում եմ նստել ու հանգստանալ առանց անցյալի ու ապագայի,– ասաց Նեկրիստոն, ապա մի պահ լռեց ու շարունակեց.– կյանքը սիրում է իմ վրայով անցնել։
    Թափառականը մի յուրահատուկ ժպիտ նետեց նրա վրա, կարծես ափսոսալով, որ Նեկրիստոն մի շատ կարևոր բան չի հասկացել:
    —Կյանքն ընդամենը ձեռնափայտով թրխկացրել է գլխիդ, նա շատ ավելիին է ընդունակ:
    Նրա ձայնը դողաց, ու Նեկրիստոյին թվաց, թե նա արտասվում է, և արագ շրջվեց դեպի Նաստալդը:
    Թափառականը կանգնած էր իր ողջ թշվառությամբ, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել՝ կիսականգնած էր: Անհայտ անցյալն այնքան ծանր էր կախվել նրա ուսերից, որ ծնկները մինչև վերջ չէին բացվում: Նեկրիստոն սխալվել էր, նա չէր արտասվում, բայց այնպիսի անորոշ հայացք էր նետել դեպի ոչ մի տեղ, որ անհնար էր անարցունք նայել այդ վաղուց արդեն հավերժ փակվել ցանկացող աչքերին: Ինչքա՜ն ուժ ու կամք էր անհրաժեշտ այս աչքերն անարցունք պահելու համար։
    —Ո՞րն է ապրելու քո հիմնավորումը, ծերու՛կ: Լավ, անցյալդ քե՛զ պահիր, հիմա ի՞նչ ունես կորցնելու, այդպես էլ չասացիր։
    —Անցյալս, Նեկրի՛ստո, ես մի բան ունեմ, ու հենց դա էլ վախենում եմ կորցնել՝ անցյալս,– կիսաձայն կրկնեց թափառականը:
    —Անցյալդ... դա քոնն է, ոչ ոք չի կարող այն վերցնել քեզանից:
    —Քո իմացածը այնքան էլ այն չէ, այնքան էլ իրական չէ։ Ապրի՛ր, Նեկրի՛ստո, ու ապրի՛ր այնպես, որ ներկադ արժանի լինի անցյալիդ, այլապես կկորցնես անցյալդ: Իսկ առանց անցյալի դու ոչինչ չունես։ Պետք է ապրել, Նեկրի՛ստո...

    © 2017 ՏՎԻԳԵՐՆ
    © 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
    Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սիրիական ճգնաժամ
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 14.04.2018, 19:23
  2. Rhayader անդամի բարոյական կերպարը
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 19.09.2009, 22:09
  3. Ինչ ասել է` իրական ճգնաժամ:)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 20
    Վերջինը: 20.01.2009, 00:54
  4. Բարոյական հաղթանակներ և ոչ բարոյական պարտություններ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 21.03.2008, 13:39
  5. Ճգնաժամից ճգնաժամ Հայաստան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 02.06.2007, 11:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •