Այսինքն, եղիր բնական: Իզուր տեղն ավելորդ պրոբլեմներ մի սարքիր քո և երեխայիդ շուրջ:
Չէ՞, որ, ըստ էության, թե մերկությունը և թե հագնված լինելը լրիվ բնական բաներ են, ճի՞շտ է: Ուրեմն ավելի լավ է ոչ թե դրանց վրա առանձնահատուկ ուշադրություն ֆիքսել, այլ թողնել, որ դա բնականորեն հոսի երեխայի կյանքով:
Հեչ բնական բան չի, ճի՞շտ է, մերկ սեղան նստելը... (Չնայած հորս իմաստուն խոսքերից էր. "Եթե այդքան փնթի ես, սեղան նստելուց առաջ վարտիքդ հանիր...")
Բայց բնական չէ նաև վերարկույով անկողին մտնելն էլ: (Դա, ցավոք, բնական էր Հայաստանում իննսունականներին: Բայց ոչ, փառք Աստծո, այսօր: )
Ինձ թվում է, որ երբ մարդուն ասում են, որ մի բան չի կարելի, նա հենց այդ էլ անում է: Առավել ևս երեխային: Եվ հարցը ոչ միայն մերկ լինել-չլինելն է:
Երբ որոշում ես նիհարել, հաց չես ուտում: Բայց մտքումդ մի բան է միայն՝ համեղ ուտելիքները: Սկսում ես վերհիշել, թե ինչպես էիր ընկերներիդ հետ անմահական քյաբաբ ուտում "Արագիլ" ռեստորանում, թե անցած Զատիկին ինչ համով քյուֆտա էր գցել զոքանչդ և այլն:
Այդպես քեզ տանջում ես մի քանի օր կամ շաբաթ, իսկ հենց դիետադ ավարտեցիր, սկսում ես չկերածիդ տեղը հանել ավելի շատ ուտելով:
Իսկ ո՞վ է քեզ խանգարում, օրինակ, մտքիդ մեջ ֆիքսել ոչ թե սոված լինելդ և ուղեղդ դարձնել խոհարարական գիրք, այլ ֆիքսել, որ սոված չես, հագեցած ես, և ուղեղդ լցնել դատարկությամբ ու մտածել... դատարկության մասին: Չէ՞ որ երբեք չես մտածում ուտելիքի մասին, երբ կուշտ ես:
Գաղթական ջան, մարդուն ուղեղը տրված է միշտ լիքը լինելու համար: Ու նրա մեջ միշտ պետք է լինի հագեցվածություն: Իսկ եթե դու մեկին արգելում ես մի բան, բնականաբար քաղցի զգացում ես առաջացնում հենց այդ բանի նկատմամբ:
Ես չասացի, որ ծնողին չի կարելի, իսկ երեխային կարելի է: Ընդհակառակը. ծնողն իր օրինակով պետք է ցուցադրի, թե որտեղ է կարելի, իսկ որտեղ՝ ոչ:
Ամբողջ հարցն այն է, թե կոնկրետ պահի համար որքանո՞վ է բնական ցուցադրելը կամ թաքցնելը:
Եթե դու ցույց ես տալիս երեխայիդ, որ սեղանի շուրջ կամ հեռուստացույցի առջև բնական է հագնված լինելը, իսկ անկողնում բնական է մերկ լինելը, - ուրեմն երեխադ էլ հանդերձարանում կհանվի առանց ամոթի զգացման, իսկ դասարանում էլ իր "հիմարությունները" ոչ ոքու ցույց չի տա:
Պետք չէ տաբու դնել ոչ մի բանի վրա: Պետք չէ երեխայի մեջ կոմպլեքսներ առաջացնել: Ամենակարևորը նրա ներդաշնակ զարգացումն է:
Կարևորը, երեխային օգնել հաստատուն ոտքի կանգնել, առանց ավելորդ վախերի: Իսկ երեխան, ինչպես Արամն է շատ ճիշտ ասում, ինքն արդեն գիտի, թե ինչ անի:
Էջանիշներ