User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր պատմվածք(ներ)ն եք ամենաշատը հավանում․

Քվեարկողներ
11. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 4273

    3 27.27%
  • Փղերն ու դեղերը

    3 27.27%
  • Կոշկավոր էշը

    7 63.64%
  • Մեծ պատգամ

    2 18.18%
  • Անվերնագիր

    7 63.64%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 72 հատից

Թեմա: Գրական մրցույթ՝ նկարի հիման վրա

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրական մրցույթ՝ նկարի հիման վրա

    Փորձենք համատեղ ուժերով մի նկարագրություն անել։
    Էսպիսի մի պատկեր․




    Առաջադրանքը հետևյալն է։
    Գրել արձակ ստեղծագործություն՝ ներկայացված նկարի հիման վրա։ Ծավալը, սյուժեն ու ժանրը մնում են հեղինակի ընտրությանը։ Ներկայացված պատկերը պիտի ինչ-որ ձևով արտացոլվի ստեղծագործության մեջ։ Թե ինչպես՝ ամեն մեկն ինքն է որոշում։
    Աշխատանքները պետք է վերնագրված լինեն։
    Պատրաստի ստեղծագործությունները կարող եք ուղարկել ինձ ակումբային նամակագրության միջոցով կամ էլ ի-մեյլով՝ iparika(at)gmail(dot)com հասցեին։
    Վերջնաժամկետը դեկտեմբերի 4-ն է՝ մինչև օրվա ավարտը։
    Քվեարկությունը կբացվի հաջորդ օրը․ աշխատանքները կդրվեն՝ առանց հեղինակների անունների։

    Մաղթում եմ բոլորին հաճելի ստեղծագործական օրեր։

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.12.2017), boooooooom (24.11.2017), enna (26.11.2017), LisBeth (23.11.2017), Mr. Annoying (23.11.2017), Sambitbaba (23.11.2017), Smokie (25.11.2017), Աթեիստ (24.11.2017), Արամ (24.11.2017), Արէա (23.11.2017), Գաղթական (23.11.2017), Նիկեա (23.11.2017)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4273

    - Տեսա՞ր:
    - Հե՛տ տուր։
    Սենյակի կենտրոնում եռաչափ պատկերները սկսեցին շարժվել հակառակ ուղղությամբ։
    - Սպասի՛ր։
    Պատկերներն արձանացան։ Կենտրոնում հաղորդավարուհին էր՝ ձեռքին թղթի կտոր։ Ճանաչողական հաղորդում էր նախասինգուլյարության դարաշրջանի մարդկանց կյանքի մասին։
    - Մեծացրու ձեռքի նկարը։
    Բացվող պատուհանում խամրած լուսանկար էր. մորուքավոր տղամարդ, երեխա և դրոիդ։
    - Ի՜...,- ձգեց Խարը, հարցական նայելով եղբորը։
    - 4270,- անսպասելիությունից խզված ձայնով արտաբերեց Սատը, ապարդյուն փորձելով համակցել փաստերը։
    - 3 տարի առաջ։
    - Հա,- կրկին հայացքը նետեց հաղորդման գլխագրին. «Դոտտայի ինստիտուտի հնէաբանների խումբը հայտնաբերել է զարմանալիորեն լավ պահպանված 2361-ամյա լուսանկար»։
    - Հը՛,- Խարը միտք էլ չուներ Սատին հանգիստ թողնելու։
    - Ախր..., բանը...,- չէ, չէր ստացվում, չի բռնում իրար հետ,- ախր երեք տարի առաջ պապայի հետ որ գնացինք Երկիր, գնացինք հնադարյան ապրելակերպի թանգարան, պապան երկար ականջներով մի ծիծաղելի դրոիդ էր առել, ինձ էլ նստացրել էր վրան։ Մի բաժին մտանք, լուսանկարչատուն էր, ինչ էր. պապան ասում էր շատ առաջ մարդիկ էսպիսի տեղերում նկարվում էին։ Պապան մի տախտակի կտորի վրա կավիճով տարեթիվը գրեց, մի քիչ կանգնեցինք ու դուրս եկանք։ Հիմա էդ նույն սենյակն է էս լուսանկարի մեջ, էն՝ պապան, էն՝ դրոիդը, էն՝ 4270-ը, էն էլ ես։
    - Տեսնում եմ, որ դու ես, բայց ի՞նչ 2300 տարի։
    - Դե, ես էլ եմ ուզում հասկանալ, թե ինչ 2300 տարի։ 3 տարի առաջ էր։
    - Պապային հարցնենք։
    - Քնած է, ասեց չանհանգստացնեք։
    - Արի,- Խարը, Սատի ձեռքից քաշելով, աստիճաններով վազելով բարձրացավ երկրորդ հարկ։
    - Պա՛պ,- կիսաբաց դռան արանքից գլուխը ներս խցկելով կանչեց Խարը,- պա՛պ։
    - Ը՞։
    - Պապա՛։
    - Հը՞։
    - Պապ, տես Սատն ի՞նչ է ասում։
    Խարը եղբորը հրեց դռնից ներս, ինքն առաջվա նման մնալով միջանցքում։
    - Ի՞նչ։
    - Ըըը...
    - Ի՞նչ, այ տղա։
    - Պապ, հիշո՞ւմ ես, որ գնացել էինք Երկիր։
    - Հետո՞։
    - Հետո, բանը... Խար, մի հատ կմիացնե՞ս։
    - Հիմա,- սենյակում հայտնվեց լուսանկարով պատուհանը։
    - Պապ, նայի։
    Հայրը դանդաղ բացեց ձախ աչքը, նայեց նկարին, ծանր նստեց անկողնում, բացեց աջ աչքը, գլուխը թեքեց Սատի կողմը։
    - Հետո՞։
    - Նկարը...
    - Հետո՞,- հոր դեմքը հետզհետե ընդունում էր լուսանկարում պատկերված տղամարդու դեմքի արտահայտությունը։
    - Մենք ենք։
    - Ի՞նչն ենք մենք։
    - Նկարում մենք ենք, պապ, հիշո՞ւմ ես, որ գնացինք թանգարան, դու էլ 4270 գրեցիր, որ տեսնես հին կավիճները ոնց էին գրում։ Դրոիդը, ես, վերարկուս, դու, ես...
    - Խա՛ր,- հոր դեմքն արդեն չէր տարբերվում լուսանկարից,- Խա՛ր, եղբորդ վերցրու ու կորեք էստեղից, քանի վեր չեմ կացել, շան լակոտներ։
    - Պա՜պ, ախր մենք ենք, էն դրոիդը, էն էլ կոշիկները, որ դրոիդին հագցրեցիր, ասեցիր, որ էդպես ավելի ծիծաղելի կլինի, բայց էստեղ ասում են, իբր 2300 տարվա նկար է, ձեր հնէաբաններն են գտել,- Սատի ձայնը ծղրտոցից հետզհետե լացի էր վերածվում։
    - Դուռը՜,- դղրդաց հայրը, ինչին ի պատասխան երեխաները գլխապատառ նետվեցին աստիճաններով ներքև։
    - Շան տղա,- նորից պառկելով ու թեքվելով պատի կողմը մրթմռթաց Դոտտայի հետազոտական ինստիտուտի քվանտային ֆիզիկայի փորձարարական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Մաք Կլասը։ Քիչ հետո վերմակը քաշեց գլխին,- պետք չէր էշի ոտքերին տոպրակ հագցնել։ Կկեղտոտվի, հա կկեղտոտվի։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.12.2017), John (05.12.2017), Mr. Annoying (05.12.2017), Sambitbaba (05.12.2017), Աթեիստ (05.12.2017)

  5. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փղերն ու դեղերը

    Առավոտ էր, էդքան էլ վստահ չեմ թե որ դաշտավայրի, բայց բավական լուսապայծառ առավոտներից մեկն էր։ Ուրեմն էս հայերը փղեր հեծնած անցան հարձակման։ Բայց խմած էին փղերը, իսկ խմած փղերի խելքին ո՞վ գիտի ինչ ա փչում։ Անդոն էդ փղերից մեկն էր։

    Մի քանի նախադասությամբ Անդոյի մասին։ Անդոն ամրակազմ, հաղթանդամ և առաջադեմ, ձախ լիբերալ հայացքների տեր փիղ էր, հարգված էր թե՛ հայերի, թե՛ ռուսների, թե՛ առավել ևս վրացիների կողմից։ Անդոն, ինչպես իրեն հարգող յուրաքանչյուր փիղ, ուներ իր սիրելի «արքայադուստրը»՝ Հաննան, ում նա նվիրել էր իր ասպետական ողջ սերը և ջերմությունը և մեկնել պատերազմի (ջոկո՞ւմ եք էս պահի լիրիկան, տղան իր սիրաձին թողնում, էթում ա բանակ ծառայելու, դուքե ասում եք հույս-հավատ-կայֆավատ): Հաննան էլ էր փիղ՝ ազնվական, հնադարյան մի փիղ, ում օժիտը բաղկացած էր մեկ զույգ ոսկե ժանիքներից, որոնք որպես բաժակ կարող էին ծառայել։

    Անդոն, Կարոն, Վլադը ու էլի մի քնաիսը երեկ սաստիկ խմել էին (ես ասեմ խմել, դուք ջոգեք ընդե ինչ կայֆեր-կայծեր են արե)։ Սծյոպին ուղարկել էին Հրանուշի բութկայից ալկոհոլ գնելու։

    -Այ ախպեր, ի՞նչ պատերազմ, հավայի մոմենդ ա, էսա երկու օրից իրար ձեռ են սեղմելու, ցրվենք տներով։

    Իսկ գիշերը թեժ էր։

    -Տագնա՜պ։ Շարվե՛լ։

    -Անդ, այ Անդ, սա՞ղ ես։
    -Ո՞վ ա, Վլե, դո՞ւ ես։

    -Այ քուռակ, ձիգ կայնե ծօ, նգարվենք գը։ Դու ի՞նճ դեմքիս կաշես շան թուլա, ժբտա, քիչըմե բնական էղի։
    -ա՜, մա՜մ, խոսում ա էշը, մա։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.12.2017), Mr. Annoying (05.12.2017), Sambitbaba (05.12.2017), Աթեիստ (05.12.2017), Նիկեա (06.12.2017)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոշկավոր էշը

    Ես Հոմերոսն եմ:

    Գիտեմ, ոմանք կհետաքրքրվեն, թե այդ ինչպես է պատահել, որ ինձ այդ անունն են տվել: Պատմությունը հետևյալն է:

    Կար ժամանակ, երբ ես շատ փոքր էի: Այնքան փոքր, որ ծնողներիցս ինձ դեռ չէին էլ անջատել: Իսկ երբ մեր գյուղացի տերը կարիք էր ունենում ապրանք տանել շուկա, նա բարձում էր հորս ու մորս, իսկ ինձ էլ մի պարանով կապում էր նրանցից մեկին, և մենք բոլորս քաղաք էինք գնում:

    Ասում են, որ ես շատ գեղեցիկ քուռակ եմ եղել: Ճշմարիտն ասած, ես այնքան էլ չեմ հասկանում էշի գեղեցկությունից, բայց մի բան հաստատ է, որ երեխաներն ինձ հանգիստ չէին տալիս: Շուկայական ամբողջ օրվա ընթացքում չէր լինում այնպես, որ նույնիսկ մի քանի րոպե մենակ մնամ. գոնե մեկ կամ երկու երեխա միշտ պտտվում էին շուրջս, մեկ հեծնում էին, մեկ շաքար կամ գազար էին տալիս: Լավ ժամանակներ էին գազարի ժամանակները, այսօր ես կսկիծով եմ հիշում դրանք...

    Մի անգամ, հաջող առևտրից հետո, մեր տերը որոշեց տուն վերադառնալուց առաջ ճաշել պանդոկում: Նա մեզ կապեց պանդոկի առջև, կենդանիներին կապելու համար նախատեսված գերանից, իսկ ինքը նստեց հենց դրսում, գերանի հետևում գտնվող սեղանի մոտ և կանչեց մատուցողին:

    Հավանաբար շատ էր հոգնել նա այդ օրը: Դե, բավական տարեց էր և ֆիզիկական աշխատանք արդեն դժվարանում էր կատարել: Այդ էր պատճառը երևի, որ ճաշն ավարտելուց հետո, դեռ երկար վեր չէր կենում տեղից: Իսկ որոշ ժամանակ անց, մեկ անգամ ևս զննելով դրամապանակի պարունակությունը, նա մի նոր գավաթ գարեջուր պատվիրեց:

    Հետո ևս մեկ գավաթ, այս անգամ արդեն առանց դրամապանակը ստուգելու: Հետո մի նոր գավաթ... Արդեն մթնում էր, երբ հերթական գավաթը բերելիս, մատուցողը՝ ընդ որում պարզվեց, որ սա հենց պանդոկի տերն է, - նստեց արդեն քեֆը լավ գյուղացու կողքին:

    - Հեռվի՞ց ես ապրանքդ բերում:
    - Հեռվից, մի երկու ժամվա ճանապարհ կլինի:
    - Բա արդեն մթնում է, ինչպե՞ս ես տեղ հասնելու:
    - Դե, մի կերպ կհասնեմ: Առաջին անգամը հո չէ:
    - Հա, բայց քեֆդ էլ լավ է...
    - Ինչ արած: Իմ կյանքն էլ այդպես է դասավորվել:
    - Կուզե՞ս, գիշերիր այստեղ: Թանկ չեմ վերցնի:
    - Իսկ որքա՞ն, - և ակամա ձեռքը տարավ գրպանին, որտեղ դրամապանակն էր:
    - Ինձ դրամ պետք չէ, - ասաց պանդոկապանը: - Որպես վարձ, տուր ինձ այս էշի քուռակին:
    - Ինչպե՜ս, - վրդովվեց գյուղացին, - իմ քուռակի՞ն, - Դողացող ձեռքով նա դեպի իրեն քաշեց պարանը, որից ես էի կապված: - Իմ այս սիրունիկ քուռկիկի՞ն, - և համբուրեց մռութս: - Տեսնու՞մ ես նրա սիրունիկ աչքերը, - և նորից համբուրեց: - Այս, աշխարհի ամենադժբախտ արարածի՞ն, - և արցունքները թափվեցին նրա աչքերից:
    - Իսկ ինչու՞ է նա աշխարհի ամենադժբախտ արարածը, զարմացած հարցրեց պանդոկապանը:
    - Մի՞թե չես հասկանում, - մղկտալով պատասխանեց հարբած գյուղացին: - Խեղճի համ հայրն է էշ, համ մայրն է էշ... Համ էլ ինքը, որ մեծացավ, էշ է դառնալու...
    - Ա-ա-ա՜... հասկացա, - ասաց պանդոկապանը: - Լավ, այդ մասին կարող ես չանհանգստանալ: Ես նրան շատ լավ կպահեմ: Ինքն էլ կմոռանա, որ էշ է:
    - Խոստանու՞մ ես...
    - Վստահ եղիր:
    - Բայց խոստացիր, որ անունը Հոմերոս ես դնելու, - լրջացավ գյուղացին:
    - Հոմերո՞ս, - զարմացավ պանդոկապանը: - Ինչու՞ Հոմերոս... Համ ասում ես գեղեցիկ աչքեր ունի... Իսկ չէ՞ որ Հոմերոսը կույր էր...
    - Չե՞ս հասկանում, ինչ է: Հոմերոսը կույր էր, բայց գեղեցիկ խոսում էր: Իսկ իմ քուռկիկը տեսնում է, բայց տես, թե ինչ գեղեցիկ լռու՜մ է... - Եվ արցունքները նորից թափվեցին նրա աչքերից:

    * * *

    Առավոտյան մենք մեր տիրոջն այլևս չտեսանք: Պանդոկապանն էլ չերևաց մինչև կեսօր: Հետո եկավ, արձակեց պարանը և տարավ ինձ ու կապեց մի մութ նկուղում: Քիչ անց նա հերթով նկուղ բերեց նաև ծնողներիս:

    Թե որքան մենք մնացինք նկուղում փակված, ես չգիտեմ: Երբեմն պանդոկապանը մեզ ջուր էր բերում, բայց այդպես էլ երբեք չկերակրեց: Ու նաև օր օրի վրա նկուղում ինչ-որ վատ հոտ էր տարածվում, այնքան վատ, որ ես հաճույքով դուրս կփախչեի այնտեղից...

    Մի օր պանդոկապանը եկավ ու տարավ հորս և հայրս երբեք այլևս հետ չվերադարձավ: Իսկ հետո մայրս էլ անհետացավ... Թե ինչպես էր նրան տարել, ես այդպես էլ չիմացա, քանի որ այդ պահին քնած էի: Իսկ երբ արթնացա ու փորձեցի մոտենալ մորս, այն տեղը, որտեղ սովորաբար նա էր, դատարկ էր արդեն:

    Քիչ անց եկավ պանդոկապանը: Ջրի դույլը նա բերեց մի փոքրիկ աղջնակի հետ միասին:

    - Ծանոթացիր, դստրիկս, սա Հոմերոսն է:

    Աղջնակը շուրթերը լպստելով դանդաղ մոտեցավ ինձ, բայց հիասթափված կանգ առավ:

    - Ինչ նիհար է, հայրիկ: Իբր արյուն կա՞ սրա մեջ: Դու ինչ է, խմե՞լ ես արդեն:
    - Ոչ, ուղղակի նա սոված է շատ:
    - Իսկ ինչու՞ չես կերակրում:
    - Սպասում եմ, որ շուտով ինքը գտնի իր նոր կերակրատեսակը: Դե լավ, գնացինք:
    - Սպասիր, մի փոքր խմեմ...
    - Ոչ, ոչ, սիրելիս: Հոմերոսը մեզ գործի համար է պետք: - Նա արձակեց վզիս թոկը և նրանք դուրս եկան:

    Զգալով ազատություն, ես սկսեցի թափառել նկուղում: Ճիշտ է, սովից ոտքերս հազիվ էի շարժում, բայց միևնույն է, մի տեղում կապված մնալուց շատ էի հոգնել արդեն: Առավել ևս, որ աչքերս մթին սովորել էին, և որոշ տարածություն առջևումս կարողանում էի տեսնել:

    Նկուղի մի անկյունում ես գտա մեր գյուղացի տիրոջ դիակը:

    Սարսափած փախա հեռու: Ահա՜, թե ինչու մենք այլևս չտեսանք խեղճին: Ես համարում էի, որ նա մեզ բոլորիս վաճառել է, իսկ նա այս ամբողջ ժամանակ մեզ հետ էր, մեր կողքին:

    Ինքս ինձ քաջալերելով, դանդաղ մոտեցա դիակին: Սկզբում պարզեցի, որ այն տհաճ հոտը հենց նրանից էր գալիս: Բայց, քանի որ արդեն վաղուց ընտելացել էի հոտին, նրանից զատեցի մարդու հոտն էլ: Խոսք լինել չէր կարող. դա իմ սիրելի գյուղացին էր: Ես կարոտով լիզեցի ինձ շաքար ու գազար տվող ձեռքը, իսկ հետո սկսեցի ծամել ինձ գուրգուրող մատները...


    * * *

    Իմ նոր տերերը՝ հայր և դուստր, - վամպիրներ են: Բայց իմ արյունը նրանք այդպես էլ չխմեցին, քանի որ պանդոկապանը որոշել էր ինձ տեղ հատկացնել իրենց նոր ծրագրում:

    Բանն այն է, որ պանդոկի կողքին նրանք ունեն նաև լուսանկարչական արհեստանոց: Ինչպես պանդոկը, այնպես էլ այդ արհեստանոցը լավ պատրվակներ են մարդկանց գայթակղելու համար: Պանդոկի հաճախորդների մեջ, հարցուփորձերով, նրանք ընտրում են մենակյաց մարդկանց, ում հետո ոչ ոք չի որոնելու: Իսկ լուսանկարչական արհեստանոցում վերցնում են հաճախորդների հասցեները, հետո գնում են այդ հասցեներով, և եթե բնակավայրը հարմար է իրենց խնջույքի համար, հենց տեղում էլ լուծում են հարցը:

    Ես սկսել եմ աշխատել նրանց հետ: Արհեստանոցում մարդիկ սիրում են լուսանկարվել ինձ հետ և ես ահագին մեծացրել եմ տիրոջս թե եկամուտը, և թե արյունի պաշարները: Իմ այնտեղ հայտնվելը մի հարցում էլ մեծ օգնություն էր նրանց. նրանք այլևս չեն մտածում, թե ինչ անել դիակների հետ, որովհետև դա էլ՝ իմ սնունդն է. այլ սնունդ նրանք ինձ չեն տալիս, իսկ իմ սիրելի գյուղացուն ուտելուց հետո ես համեստորեն ուտում եմ մյուսներին էլ: Ոսկորներն էլ, շաղախելով ինչ-որ մածուկի մեջ, պանդոկապանը լցնում է լուսանկարչական արհեստանոցի տակ գտնվող հսկայական հորը, իսկ երբ հորը լցվում է, ուղղակի մաղում է դրանք իր մեծ աղացով և փոշին տալիս է քամուն: Պատկերացնու՞մ եք, թե իրենց երկար կյանքերի ընթացքում՝ աղջնակի փոքրիկ տեսքին հանկարծ չխաբնվեք, վամպիրները շատ երկար են ապրում, այնքան, մինչև մեկը նրանց վերջը կտա, - պատկերացնու՞մ եք, թե որքան մարդ են սպանել: Ճիշտն ասած, պատկերացնելու կարիք էլ չկա, քանի որ ամեն մարդուց մի ճկույթ նրանք պահում են իրենց զամբյուղի մեջ, որի վրա էլ հենց գրում են այդ մատների քանակը. այսօր այն 4270 է:

    Երևի ուտելիքս է պատճառը, որ ժամանակի ընթացքում կճղակներիցս սկսեցին աճել ճանկեր: Սկզբում պանդոկապանը կտրում էր դրանք: Բայց դա շատ ցավալի պրոցես էր ինձ համար և դրանից հետո ես երկար ժամանակ չէի կարողանում կանգնել ոտքի, իսկ դրանով խափանվում էր գործի ընթացքը: Մի անգամ նրա դուստրն առաջարկեց կոշիկներ հագցնել ինձ: Պետք է խոստովանեմ, որ շատ անհարմար բան է ու ես շատ եմ զարմանում, թե ինչպես մարդիկ կարող են հանգիստ կրել դա իրենց ոտքերին: Բայց չէ՞ որ շատ ավելի վատ է, երբ կտրում են ճանկերդ, և ես ստիպված էի հարմարվել կոշիկներին: Եվ գիտե՞ք, ոչինչ: Մարդկանց էլ դուր է գալիս կոշկավոր էշը:


    * * *

    Արդեն տարիներ են անցել, որ ես իմ նոր տերերի հետ եմ: Առաջին հայացքից, կարծես ամեն ինչ լավ է մեզ մոտ: Գործը հաջող առաջ է ընթանում, մենք ապրում ենք համերաշխ: Ինձ վաղուց արդեն նկուղից տեղափոխել են տուն, և ես խոհանոցին կից մի ամբողջ սենյակ ունեմ ինձ հատկացված: Բայց միևնույն է, իմ սիրելի գյուղացուն, իմ շաքարի ու գազարի ժամանակները ես նրանց այդպես էլ չեմ ներել:

    Հաճախ, երբ նրանք քնած են՝ իսկ ամեն արյան խնջույքից հետո նրանք ժամեր շարունակ խորը քուն են մտնում իրենց դագաղներում, - ես հանգիստ թափառում եմ ամբողջ տան մեջ: Քանի որ տանն ինձ կոշիկներ չեն հագցնում, ես սովորել եմ ճանկերով բացել փակ դռները և ազատ ներսուդուս անել բոլոր փակ սենյակները, նույնիսկ նրանց ննջարանը: Դա իմ գաղտնիքն է, նրանք այդ մասին չգիտեն: Այնպես որ ես սովորել եմ նույնիսկ բացել նրանց դագաղների կափարիչներն էլ և հաճախ երկար և արյունարբու հաճույքով նայում եմ նրանց քնած մարմիններին:

    Բանն այն է, որ ես ունեմ մի շատ կարևոր գաղտնիք ևս և անում եմ ամեն ինչ, որ նրանք հանկարծ այդ մասին չիմանան: Վերջին ժամանակներս ատամներս սկսել են փոխակերպվել ժանիքների: Բայց նրանք փոքր են դեռևս: Եվ ես անհամբեր սպասում եմ այն ժամանակվան, երբ ես կբացեմ հերթով նրանց դագաղները, եվ...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.12.2017), John (05.12.2017), Mr. Annoying (05.12.2017), Sambitbaba (05.12.2017), Նիկեա (05.12.2017)

  9. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեծ պատգամ

    Ծերունիկ. Ուրեմն էսպես. 1080 թվականն էր:
    Ծոռունիկ. Իսկ ինչի՞ հենց 1080-ը:
    Ծերունիկ. Դե հերիք ա անընդհատ ընդհատես ինձ էդ անիմաստ հարցերով: Դու հիշում ե՞ս քեզ ինչեր եմ պատմել ապուպապիս մասին:
    Ծոռունիկ. Հա` իրա ասածն օրենք էր:
    Ծերունիկ. Ապրես: Ուրեմն լսի ու մի խոսի: Ես կյանքումս շատ բաներ եմ տեսել բալես: Ճիշտ ա էդ ամենից հիմա համարյա ոչ մեկը չեմ հիշում, բայց ամենակարևոր գաղափարը մտքիցս դուրս չի եկել ու ոչ էլ դուրս կգա: Սու՜ս, էլի չասես «էդ ո՞րն ա»... Էդ բանը վերաբերվում էր մեր մեծ տոհմին ու վերաբերվելու ա մեր շարունակությանը: Էդ մեր առաքելությունն էր, հիմա էլ ա մեր առաքելությունը ու մնալու ա: Այ դու շատ անգամ հետաքրքրվել ես պատի վրայի նկարով չէ՞, միշտ ուշադիր նայել ես դրան: Մի անգամ էլ, ինձ հարցրեցիր էդ նկարի մասին: Խոստացա, որ հենց ժամանակը գա՝ կպատմեմ: Հիմա եկել ա էդ օրը:
    Ծոռունիկ. Էս նկարի վրա դու ես չէ՞:
    Ծերունիկ. Չէէէ: Ավելի ճիշտ՝ հա, բայց քո մտածածը չէ: Ես էրեխեն եմ:
    Ծոռունիկ. Բայց ո՞նց: Ախր բոլորին ա հայտնի էդ պատմությունը՝ լեգենդ ա դառել: Բոլորը գիտեն որ Հոջ...
    Ծերունիկ. Դե լսի մինչև վերջ վաաա՜յ: Ժողովրդին ճիշտ ա հասել պատմությունը՝ վերջիվերջո հենց իրանից ա սկսվել ամեն ինչ, (ցույց է տալիս նկարի միջի ծերունուն) ինքն էլ բոլորին պատմել ա... մասամբ: Հիմա եթե թողնես՝ ես քեզ կպատմեմ մնացածը:
    Ուրեմն՝ Հոջա Նասրեդինը էդքան նկատողություն ստանալուց, էդքան բան ուղղելուց հետո վերջը էշին գրկում ա, երեխին էլ էշի վրա ա նստացնում: Բայց պատմությունը էդպես չի պրծնում: Սպասի հըլը... լավ հիշի տղա՝ էս դու ոչ մեկին չպիտի ասես, էս մեր տոհմական գաղտնիքն ա: Հա, ի՞նչ էի ասում... Նասրեդդինը գնում գնում ա էշին ու երեխուն շալակած, մինչև որ ուժերը սպառվում են: Մարդը հոգնում ա ու պուճուր/ջահել վախտվանից իրանից անբաժան էշը քշելուց հետո՝ կյանքի վերջին օրերին հանկարծ հասկանում ա, որ էդ կենդանին իրանց գլխի փորձանքն ա, որ շատ բան են քաշել դրա ձեռը ու վերջը որոշում ա, որ իրա հաջորդները էլ երբեք ոչ էշ պահելու են, ոչ էլ քշելու: Թող ոչ մեկ չտեսնի իրանց էդ գործին ու ոչ մի բան չասի: Բայց ոչ էլ թող ժողովուրդը իմանա, որ թարգել ենք: Թե չէ հիմա էլ կպնելու են՝ թե «խի՞ էշ չեք քշում, բա էլ ինչի՞ համար ա էդ անասունը»: Ու էս կյանքի խորհուրդը Հոջան փոխանցել ա իրա ծոռանը՝ այսինքն իրան (նորից մատնացույց է անում ծերունուն)` «հրաժարվել էշավարությունից, մեր համար հանգիստ ապրել առանց հոգսերի, առանց ավելորդ մտքերի»: Ու հիմա քո հետ էլ պիտի նկարվեմ ոնց որ տարիներ առաջ իմ ապուպապի հետ՝ որ ժողովուրդը տեսնի ու կարծի իբր թե էշ ենք պահում ու քշում: Դու հիմա երրորդ ծոռն ես, ում հասնում ա մեր պատգամը ու տարիներ անց էլ պիտի հասնի չորրորդին՝ երբ որ ինքը պատրաստ լինի դրան:
    Ծոռունիկ. Այսինքն ես հիմա պատրա՞ստ եմ:
    Ծերունիկ. Դե: Սենց թե նենց դու էս պիտի իմանայիր ինձնից, մեկ էլ տեսար հետո ուշ լինի: Դու հիմա էնպիսինն ես՝ ոնց որ ես էի քո տարիքում: Ոչինչ, էդ էլ կանցնի: Ես փոխվել եմ, դու էլ կփոխվես: Քո տարիքում ես էլ էի անիմաստ հարցեր տալիս ու ամեն ինչի մեջ մի իմաստ ման գալիս: Հետո հասկացա, որ ոչ մի «ինչու» չունի իրա պատասխանը: Էդպես ա որոշված, էդպես ա պետք ու վերջ: Էդ որոշվել ա դեռ մեծն Նասրեդդինի օրոք ու շարունակվելու ա նույն ձև մինչև վերջ:
    Ծոռունիկ. Լավ Հոջա պապի, ես քեզ չեմ հիասթափեցնի:



    Տղան մոտեցավ պատին, ևս մեկ անգամ աչքի անցկացրեց նկարի հետևի ամբողջ մասը մանր տառերով լցրած գրությունը և նկարը կախեց պատին:
    - Ուրեմն էդ ա՞ ամբողջ պատմությունը պապի:
    - Հա տղես: 270 տարի անց եկել ա 4-րդ հերթափոխը՝ էդ դու ես: Իմացի, մեծացի ու փոխանցի: Քեզանից ուրիշ բան չի պահանջվում: Հա՝ մեկ էլ լռի ու ավելին մի իմացի: Էսքանը:

    Գրված է 1350թ-ի նկարի
    ետնամասում:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (05.12.2017), Mr. Annoying (05.12.2017), Sambitbaba (05.12.2017), Նիկեա (05.12.2017)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անվերնագիր

    - Մամա՛։
    Քեթրինը կարծեց, թե ձայնն իրեն ուղղակի թվաց։ Բայց երբ այն կրկնվեց, այս անգամ ավելի բարձր և տագնապալից, վեր թռավ ճոճաթոռից և վազեց ներս։ Սանդուղքով բարձրանալիս մի պահ սայթաքեց, բայց կարողացավ հավասարակշռությունը պահել և, հասնելով Մերիի սենյակին, փորձեց պտտել դռան բռնակը․․․

    Դեպքից վեց տարի առաջ, Էլլիս կղզի։ Երկար սպասելուց հետո վերջապես Սալվատուրիի հերթն էր մոտենալու։
    - Կատաժինա,- լսվեց կողքից։ Խոսողը վտիտ, բայց սիրունիկ մի աղջիկ էր։
    - Քե՞թրին,- հարցրեց հարևան հսկիչը՝ պատկառելի տարիքով, բեղավոր, խստադեմ և աղջկանից ավելի նիհար մի տղամարդ։ Հսկիչները մեկը մյուսի հակապատկերն էին․ Սալվատուրիի դիմացինը գիրուկ և կենսուրախ երիտասարդ էր՝ մաքուր սափրված, ասես պինդ խաշած ձու։
    - Կատաժինա:
    - Քե՛թրին,- հաստատեց հսկիչը։
    Սալվատուրին բնավ չառարկեց, երբ իր անունը փաստաթղթերում նշեցին ուղղակի «Սել»։ Բայց հետագայում իտալացի ընկերներին և ծանոթներին ամեն անգամ հարկ էր համարում ուղղել, երբ իրեն դիմում էին որպես «Սալվատորե»։
    - Հե՛յ, Ջերրի, ես արդեն չեմ դիմանում,- Կատաժինա-Քեթրինի հսկիչը դիմեց մյուսին,- գնամ բոսսից հինգ րոպե ընդմիջում խնդրեմ, մի սենդվիչ էլ ուտեմ։ Կուզե՞ս քեզ համար պահեմ մեկը։
    - Ոչ, ընկերս, ես պատրաստվում եմ այս մեկուկես ժամը դիմանալ, հետո ևս կես ժամ նավակում, ու տանն ինձ սպասում է կնոջս եփած աստվածային ձկնապուրը, իսկ եթե հաջողակ լինեմ, ով գիտի, գուցե այս անտանելի եղանակի դեմ էլի մի բան։
    Գիրուկը ծիծաղեց իր կատակի վրա, իսկ նիհարը սաստող հայացք նետեց նրա վրա, բայց հետո ժպտաց և վեր կացավ շեֆին մոտենալու։
    Օրն, իրոք, անձրևոտ էր, ցուրտ ու մռայլ, բայց Սելի, Քեթրինի և երկու շոգենավերով ժամանած հարյուրավոր այլ ներգաղթյալների համար, ովքեր ժամեր առաջ տախտակամածին կանգնած սպասում էին մշուշի միջից բաղձալի արձանի երևալուն, որպեսզի ծափերով և բազմալեզու բացականչություններով այն դիմավորեին, դա այնքան էլ կարևոր չէր։
    Աղջկա ճամպրուկները մեկը մյուսից ծանր էին։ Իսկ Սելի մոտ միայն մի պորտֆել կար։ Նրա հորեղբայրը երկար տարիներ ապրում էր Լուիզիանայում, և երբ առողջությունը վատացավ և հոգին ավանդեց, իր ողջ ունեցվածքը՝ ֆերման, կտակեց միակ հարազատին՝ եղբորորդուն, քանի որ ամուսնացած չէր և երեխաներ չուներ։ Գուցե տարօրինակ կթվա այն փաստը, որ ի տարբերություն սովորաբար բազմանդամ կաթոլիկ ընտանիքների՝ Սելն ու հորեղբայրը այլ հարազատներ չունեին, բայց բացատրությունը պարզ է ու կարծրատիպային․ երկուսն էլ մազապուրծ էին եղել վենդետայից։
    - Help?,- հարցրեց աղջկան։ Մի փոքր մտածելուց և ծանրութեթև (նաև՝ բառացիորեն) անելուց հետո վերջինս համաձայնվեց։
    Քեթրինն Ամերիկայում ոչ ոք չուներ։ Այստեղ ռոմանտիկ նպատակներով չէր եկել․ հարազատ Սիլեզիայի գործարաններում տարիների ծանր աշխատանքը նրա երբեմնի վարդագույն ակնոցները փոշու և մրի հաստ շերտով էին պատել։ Սակայն սիցիլիացին վստահություն էր ներշնչում նրան։ Կամ նա ուղղակի ինչ-որ մեկին վստահելու խիստ կարիք ուներ։ Ինչևէ, Սելը նրա ճամպրուկները տաճարաձև սրահից մինչև նավամատույց տարավ՝ զարմանալով, թե փոքրամարմին աղջիկն ինչպես է կարողացել դրանք քարշ տալ։

    Դեպքից կես տարի առաջ, Մանհեթեն, Սուրբծննդյան նախօրե։
    - Մա՜մ, նայիր։
    Մերին առաջին անգամ էր դիրիժաբլ տեսնում և մանկական հետաքրքրասիրությամբ ուսումնասիրում էր այն։ Քեթրինը գլուխը մեքենաբար բարձրացրեց, սակայն չկիսեց դստեր խանդավառությունը։
    Փողոցն արտաշնչում էր քաղաքի ջեռուցման համակարգի գոլորշին։ Վաճառասայլի հետևում կանգնած մարդը ոտքից ոտք էր ցատկում։ Քիչ հեռվում փոքրիկ վրանատիպ մեծ ծածկ կար, որի մուտքի մոտ փակցված էր հետևյալ գրությունը․ «Տոնական լուսանկարներ Սանտայի հետ՝ ընդամենը 20 ցենտ»։ Մերին կարդալ չգիտեր, բայց գրությանն ամրացված լուսանկար կար։
    - Մա՜մ, ուզում եմ նկարվել Սանտայի հետ։
    - Ձագուկս, դա իսկական Սանտան չէ, միայն տիկնիկ է։
    - Չէ՜, ուզո՛ւմ եմ։
    - Մերի, գնացքից ուշանում ենք, հայրդ մեզ է սպասում։ Բացի այդ, քսան ցենտը քիչ փող չէ, լուսանկարդ էլ միանգամից պատրաստ չի լինի։ Եթե ինձ լսես, դրա փոխարեն քեզ սառնաշաքար կգնեմ կամ նույնիսկ շոկոլադ։
    Մերիին առաջարկը չգայթակղեց։ Հարազատ նահանգի խայտաբղետ մշակույթին, տոներին և զբոսահանդեսներին սովորել էր, իսկ յանկիների հսկա քաղաքը նորություն էր և հրապուրել էր նրան։
    - Ուզո՜ւմ եմ։ Կարող ենք լուսանկարչին խնդրել մեր նկարը պահի, մինչև էլի գանք Նյու Յորք։ Կգանք, չէ՞, մյուս տարի։
    - Էհ, ինչ անեմ քեզ հետ, անցանք ներս։
    Վրանում մութ էր, մեկ նավթալամպ էր վառած։ Չնայած դրան, ներսում նստած տղամարդը մուգ ապակիներով պենսնե էր կրում և թերթում էր «Թայմզի» հերթական համարը։ Նրա հագին հին, մի փոքր մաշված, բայց մաքուր և խնամքով արդուկած կոստյում էր։ Նկատելով հաճախորդներին՝ ոգևորվեց, ուղեկցեց վարագույրներից այնկողմ, չխկացրեց լույսի անջատիչը, և «սենյակում» հայտնվեցին ապարատը, դրա հետևում՝ մի պահարան, դիմացը՝ Սանտան՝ մի իշուկի կողքը կանգնած, ձմեռային նկարի ֆոնին։
    - Մամ, բայց արի ավելի լավ է՝ գնանք, կոնֆետ առ ինձ համար։
    - Չէ՜, էդպես չեղավ։ Պարոնին անհարմարություն կպատճառենք։
    - Ոչ, ի՛նչ եք ասում, բնավ,- խռպոտ ձայնով միջամտեց լուսանկարիչը,- բայց տես ինչ ունեմ քեզ համար, փոքրիկ լեդի։ Սա ասելով՝ նա բացեց պահարանի վերևի դարակը, ինչ-որ բան սկսեց փնտրել, հանեց P.M. գրությամբ տուփը, այնտեղ ևս նայեց, փնթփնթալով դրեց տեղը, ապա հիշեց, բացեց ներքևի դարակը և մի մեծ սառնաշաքար հանեց։
    - Երկուսը մեկ տեղում,- ժպտաց,- թոռնիկիս համար էի երեկ գնել, բայց ծերուկի հիշողությունն արդեն այն չէ։ Մոռացա տալ, և այսօր նրանք վերադարձան Բալթիմոր: Դե, արի օգնեմ՝ բարձրանաս իշուկի վրա, հետո կոնֆետը քեզ տամ։
    Վրանից դուրս գալիս Մերին ուրախ թռչկոտում էր՝ ավարը ձեռքին։ Մի քանի խաչմերուկ անցնելուց հետո, երբ այն գրեթե վերջացել էր, նա հանկարծ սկսեց հազալ, ձեռքից գցեց կոնֆետը, որն ընկավ անձրևահեռացման անցքի մեջ։

    Դեպքից երկու ամիս առաջ, Լուիզիանա, Ջեֆերսոն։
    - ...Իսկ ես պնդում եմ, որ Թեդին բոլորի աչքին թոզ է փչում, առաջին հերթին ամերիկացիների։ Ասենք՝ Պանամայի ջրանցքի շինարարությունը...
    - Շատ ես խմել, Ջեք, բայց քաղաքականության վերաբերյալ դատողություններդ սթափ ժամանակ էլ բանի պետք չեն։ Այստեղի բժիշկների պես։ Զարմիկիցդ նորություն չկա՞։
    - Դեռ ոչ, արձակուրդի մասին միայն երազում է։ Հերթափոխերն անկանոն են, իսկ հիվանդների հոսքը չի դադարում, պատկերացնո՞ւմ ես, նույնիսկ գերազանցում է քո սիրուհիների հոսքին։
    - Հե՛յ, խոսքերիդ հետևիր։ Մի անգամ սխալվել եմ, բայց դու էլ լավ գիտես, որ Քեթիիցս բացի ոչ ոքի չեմ սիրում։
    - Մի անգա՞մ։ Իսկ Ջե՞յնին...
    - Չեմ հասկանում, թե որտեղից ես գլուխդ մտցրել Ջեյնիի հետ իմ երբևէ գոյություն չունեցած սիրավեպը։ Չե՞ս հավատում, որ տղամարդն ու կինը կարող են պարզապես ընկերներ լինել։
    - Իհարկե՝ ոչ, մանավանդ հրեուհին ու իտալացին։
    - Սիցիլիացին։
    - Առավել ևս։
    - Եթե ուզում ես, կարող եմ աղջկաս անունով երդվել, որ սխալվում ես։
    - Լավ, Սել, թողնենք։ Ինչպե՞ս է փոքրիկ Մերին հիմա։
    - Տենդը կարծես թե մի փոքր թուլացել է, բայց մղձավանջերն ավելի են հաճախացել։ Խեղճ Քեթիս նրա հետ հավասար տանջվում է, գուցե ավելի շատ։ Ես էլ ինձ մեղավոր եմ զգում, որ առավոտից երեկո ֆերմայում աշխատելուց հետո մեռածի պես քնում եմ մինչև հաջորդ առավոտ։ Ու այդպես արդեն մի քանի ամիս շարունակ։
    - Վաղը նորից կհեռագրեմ զարմիկիս։

    Դեպքից երեք շաբաթ առաջ, Մանհեթեն։
    Վրանը տեղում չէր։ Ֆրանկֆուրտերներ վաճառողը ոչ միայն տեղում էր, այլև նախորդ անգամվա պես ոտքից ոտք էր ցատկում, չնայած եղանակը ցուրտ չէր։
    - Բարի օր, սըր, հնարավո՞ր է իմանաք, թե որտեղ կարող է լինել ձմռանն այստեղ դրված վրանում աշխատող պարոնը։
    - Դժվար է կռահել։ Մենք հեռու էինք թշնամիներ լինելուց, իհարկե, բայց առանձնապես մտերիմ էլ չէինք։ Եթե իմ տեսությունը կուզեք լսել, ապա նա հավանաբար մահացել է Բալթիմորի մեծ հրդեհի ժամանակ։ Կարծեմ՝ բոլոր հարազատներն այդ քաղաքում էին ապրում։ Չէի ուզի, որ հենց այդպես լիներ, բայց հավանական տարբերակ է։ Ֆրանկֆուրտեր չե՞ք ցանկանա, լավագույնն է Մանհեթենում, Ձեզ երկուսը մեկի գնով կվաճառեմ։
    -Ոչ, շնորհակալություն։

    Դեպքից մեկ օր առաջ, Լուիզիանա, Ջեֆերսոն, Քեթրին և Սել Մարկուզոների ֆերմա։ Տանտերերի հյուրը հարևան ֆերմաներից մեկում աշխատող սևամորթ Սոլոմոն Հեյնզն էր, ով վերադարձել էր Միսիսպիից՝ իր հետ բերելով դելտա բլյուզ և իր կույր կնոջը՝ Մոնիքին, ով ծնունդով նույնպես Լուիզիանայից էր և նախնիների պաշտամունքի հավատարիմ հետևորդ։
    - Սոլոմոն, ես այստեղ չեմ ուզում մնալ, արի գնանք։
    - Սպասիր, գոնե լսիր միսիս Մարկուզոյին։ Նրանք լավ մարդիկ են, կարիք չկա շտապելու։ Ներեցեք կնոջս, միսթեր Մարկուզո։ Մոնիք, դու հիմա կամակորություն ես անում։
    - Միգուցեև նրանք հերթական քրեքերները չեն, բայց ես զգում եմ, որ դա ոչ մի կապ չունի։
    - Միսիս Հեյնզ, խնդրում եմ չվիրավորել,- հոգնած ձայնով ասաց Քեթրինը,- Դուք ի վիճակի՞ եք պատկերացնել այսքան ծանր հիվանդ երեխային խնամող, ավելի ճիշտ՝ խնամել փորձող վիճակը։
    - Լեդի, ես կարող եմ պատկերացնել նաև իր միակ զավակին սպիտակ շների կողմից կախված գտնող մոր վիճակը։ Պատմիր տեսնեմ։
    Քեթրինը մի պահ վարանեց, ապա խոսեց․
    - Նախորդ կեսգիշերին էր։ Սելը վերևում քնած էր, Մերին նույնպես, ես էլ ազատ ժամանակ գտնելով՝ սպասքն էի լվանում։ Հանկարծ հետևում ձայն լսեցի։ Կարծես շան գռմռոց լիներ։ Մոմակալը վերցրեցի և քայլեցի դեպի հյուրասենյակ։ Առաջին հայացքից ոչ մի տարբերվող բան չէր նկատվում, բայց հստակ զգում էի, որ ինչ որ բան այն չէ։ Քիչ անց հասկացա. բուխարու կողքը մոտ յոթ ֆուտ բարձրությամբ չլուսավորված ստվեր կար։ Քրտինքը տվեց վրաս։ Երբ ավելի մոտեցա դրան, խոհանոցի ափսեներից մեկն ընկավ և փշուր-փշուր եղավ։ Ձայնի վրա թեքվեցի, իսկ երբ նորից նայեցի բուխարու կողմ, ստվերն անհետացել էր։ Այդ րոպեին Մերին արթնացավ և սկսեց լաց լինել, ես էլ բարձրացա վերև։ Ասաց, որ նորից վատ երազ է տեսել, ես էլ սկսեցի հանգստացնել նրան։ Երբեք չէի հարցնում, թե ինչ է տեսնում, չգիտեմ էլ թե ինչու։ Բայց երեկ հարցրեցի։ Պատասխանեց՝ նույնը, ինչ միշտ։ Իսկ երբ խնդրեցի պատմել, սսկվեց, էլ չխոսեց, շատ չանցած քնեց, ես էլ չուզեցի արթնացնել։ Այդքանը։
    - Ցավում եմ, միսիս Մարկուզո, բայց ոչնչով չեմ կարող ձեզ օգնել։ Միայն Դուք եք դա կարող անել, որոշումը պետք է Դուք կայացնեք։
    - Ի՞նչ որոշում։
    Մոնիքն արդեն քայլում էր դեպի նախասրահ։
    - Սպասեք, Մոնիք, ի՞նչ որոշում։
    - Շուտով կիմանաք։ Մնաք բարով։


    Դեպքի օրը, նույն վայրը, ուշ երեկո։ Նոճիներից կախված օրորվող մամռաբույսերը շղարշում էին լուսինը, իսկ աշխույժ լուսատտիկներն աստղազարդ երկինքն արտացոլում էին ամառվա խոնավ օդում։ Սելը տանը չէր։ Քեթրինը նստած էր մուտքի մոտ դրված ճոճաթոռին, լսում էր ճահճուտի բնակիչների ձայները։ Դրանցից մեկը հարազատ թվաց նրան։ Միանգամից չհասկացավ, որ ճիչը վերևից էր գալիս․
    - Մամա՛․․․
    Մերի դռան բռնակը չէր պտտվում։ Իսկ այն կողպեքով չէր։ Քեթրինը սկսեց ոտքով, ապա ողջ մարմնով հարվածել դռանը, բայց ապարդյուն։ Երբ պատրաստվում էր ներքև իջնել կացինը փնտրելու, դուռն ինքն իրեն բացվեց։ Սենյակի մոմը, որը Քեթրինը միշտ վառ էր թողնում, հանգած էր, բայց լուսնկա գիշերվա մեջ դրա կարիքը չկար։ Մերին կանգնած էր մահճակալի դիմաց և ապշած նայում էր դրան։ Մոր հարցին, թե ինչ է պատահել, չպատասխանեց, այլ մատնացույց արեց անկողինը։ Քեթրինն ուզեց կրկնել հարցը, բայց երբ նորից նայեց անկողնուն, տեսավ, որ վերմակի տակ մոտ յոթ ֆուտ երկարությամբ, կիսագալարված ուռուցիկություն կա։ Քեթրինը վազեց և գրկեց դստերը։ Ուռուցիկությունը շարժվեց։

    Դեպքի հաջորդ առավոտյան։ Սելը Ջեքի և նրա զարմիկի հետ եկավ ֆերմա։ Մերին վազեց նրանց ընդառաջ, արտասվելով գրկեց հորը։ Տուն մտնելիզ Ջեքը նկատեց փոստարկղի կիսաբաց դռնակից երևացող ծրարը, տվեց Սելին։ Ծրարում մի լուսանկար էր, դրա հետևում՝ գրություն․ «Վերադարձնում եմ ձեր պարտքը, բայց խնդրում եմ՝ անմիջապես այրեք այն։ Ներողություն»։ Քեթրինն անհետացել էր։

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (05.12.2017), Sambitbaba (05.12.2017), Smokie (09.12.2017), Աթեիստ (05.12.2017)

  13. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հինգ պատմվածք ունենք։
    Քվեարկել կարող եք՝ բոլոր հինգ պատմվածքները կարդալուց հետո։
    Քվեարկությունը բազմակի ընտրությամբ է․ ցանկության դեպքում, կարող եք ընտրել մեկից ավելի տարբերակներ։
    Հեղինակները հայտնի կդառնան հինգ օր հետո, երբ քվերակությունը փակվի։
    Խնդրում եմ զերծ մնալ ինքնաբացահայտումից։

    Չմոռանաք կարծիք հայտնել պատմվածքների մասին։

    Բարի քննարկումներ։

  14. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ կլինի էն խիզախը, ով առաջինը կարծիք կհայտնի աշխատանքների մասին

    Ի դեպ մի որոշակի ընդհանրություն կա հինգ մասնակիցների մոտ, ու էս մի ընդհանրությունը կարծես թե դեռ երբևէ չի եղել հինգ ու ավել մասնակիցներով ակումբային որևէ մրցույթում։ Կարող եք էդ էլ փորձել գուշակել

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (05.12.2017)

  16. #9
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞վ կլինի էն խիզախը, ով առաջինը կարծիք կհայտնի աշխատանքների մասին

    Ի դեպ մի որոշակի ընդհանրություն կա հինգ մասնակիցների մոտ, ու էս մի ընդհանրությունը կարծես թե դեռ երբևէ չի եղել հինգ ու ավել մասնակիցներով ակումբային որևէ մրցույթում։ Կարող եք էդ էլ փորձել գուշակել
    Ոնց-որ բոլորում էլ լուսակնկարվելու պրոցես կար նկարագրված, չէ՞
    Ես կարդացի, քվեարկեցի, երեկոյան տուն հասնեմ կարծիքս կգրեմ։

  17. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4270

  18. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    4270
    4273

  19. #12
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրությունը՝ հեղինակները բոլորը մի սեռի են

    Չգիտեմ ինչի, մտքովս անցավ, որ Փղերն ու դեղերը John-ն է գրել։
    Անվերնագրից բան չհասկացա։

    Հավանեցի 4273-ն ու Կոտոշավոր էշը։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (05.12.2017)

  21. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրությունը՝ հեղինակները բոլորը մի սեռի են
    Ճիշտ ուղղության վրա ես, բայց հինգ մասնակցով մի սեռի կարծեմ էլի եղել են, էստեղ մի քիչ ավելի կոնկրետ դեպք ա ։))

  22. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ քեզ բան..
    Tapatalk-ով Կոշկավոր էշի առաջին 2 գլուխը ցույց չէր տվել..
    Իսկ Անվերնագրից` ընդհանրապես միայն վերջին պարբերությունն էր..

    Ընդհանուր առմամբ շատ լավ գործեր կային, բայց երևի չմասնակցեմ քվեարկությանը, քանի որ ամեն մեկի մոտ ինչ-որ բան կար, որ ինձ խանգարում էր դրա օգտին քվեարկել...

    Իսկ հեղինակներին կռահել փորձել կարելի ա՞

    Ենթադրում եմ էսպես.
    4273 - Mr. Annoying
    Փղերն ու դեղերը - Տրիբուն
    Կոշկավոր էշը - Smokie ‎
    Մեծ պատգամ - Sambitbaba
    Անվերնագիր - Վիշապ կամ Ծլնգ
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (05.12.2017), Աթեիստ (05.12.2017), Նիկեա (06.12.2017)

  24. #15
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սյուժեի առումով ամենաշատը անվերնագիրն եմ հավանել, բայց շարադրանքը մի քիչ չհավանեցի, մեկ էլ վերջաբանը։
    Այ կոշկավոր էշը շարադրանքն էր լավը, հաճելի կարդացվում էր, բայց թրիլլերի համար տեղ-տեղ կանխատեսելի էր։
    Դե մեկ էլ «Տրիբունի» հարբած է̶շ̶ե̶ր̶ն̶ փղերն եմ հավանել, միայն հումորի համար։ Որպես մրցույթային իհարկե էն չէր


    4273-ում միտքը լրիվ զարգացրած չէր, քչություն արեց։
    Իսկ պատգամը բան չասեց, անհետաքրքիր էր։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (06.12.2017), Գաղթական (06.12.2017)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 22.12.2018, 23:51
  2. Նոր գրական մրցույթ
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 17.12.2011, 15:37
  3. Նկարի մեծացում ` կուրսորով
    Հեղինակ՝ T!gran, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 24
    Վերջինը: 18.07.2010, 19:52
  4. Nibbo . Բարելաււած որոնում Google -ի հիման վրայ
    Հեղինակ՝ Արթին, բաժին` Վեբ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.07.2010, 01:05
  5. Ինչպես կարող եմ նկարի ծավալը փոքրացնեմ բայց նկարի որակը չվատանա
    Հեղինակ՝ min-mak, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 11
    Վերջինը: 10.12.2009, 04:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •