Միջնամատ McDonald’s-ին.
Burger King-ի շվեդական մասնաճյուղը, ըստ իս, իրավամբ կարող է համարվել «Թրոլլինգի Արքա 2019»:
Բայց սկսենք ամենասկզբից..
Նախորդ դարի 60-ականներին իռլանդացի թինէյջեր Փէթ ՄաքԴոնաղը (Pat McDonagh) հայրենի քոլեջի ֆուտբոլային թիմի կազմում կիսապաշտպան էր:
Մեկ այլ քոլեջի (St. Gerald) առավել ուժեղ թիմին հաղթելուց հետո՝ ցուցաբերած փայլուն խաղի համար, ընկերները Փէթին կնքեցին Սուպերմաք մականվամբ:
Մեծանալով՝ 1978թ.-ին Փէթը Ballinasloe քաղաքում բացում է իր առաջին խորտկարանն ու անվանում այն հենց Սուպերմաք:
Այժմ Supermac’s-ն արդեն մի ամբողջ ցանց է և ունի 106 ճաշարաններ՝ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի ողջ տարածքում:
Սուպերմաքսի ճամփաները, ոչ իր օգտին, արդեն հասցրել էին խաչվել նրա ամենավտանգավոր մրցակից ՄաքԴոնալդսի հետ:
Բայց, չնայած դրան, 2017-ի մարտին նրանք որոշում են թույլտվություն հարցնել՝ Մեծ Բրիտանիայում ու ԵՄ- այլ երկրներում ևս տարածվելու:
Դե իսկ ՄաքԴոնալդսի պես գիգանտն այս «հանդգնությունը» ընդունում է թուր-թվանքով ու գործի դնում իր փաստաբանական զինանոցը՝ փորձելով ապացուցել, թե Supermac’s-ի անվանումը՝ շփոթմունք առաջացնելով, հակասության մեջ է գտնվում մաքդոնալդսյան ապրանքանիշ Big Mac-ի հետ:
---
Ծանոթություն.
Big Mac-ի կոնցեպտն ու անվանումը 1967թ.-ին առաջարկվել է մաքդոնալդսյան մի ֆրանչիյզ-սեփականատիրոջ՝ Մայքլ Դելլիգատտիի (Michael ‘Jim’ Delligatti) կողմից:
Վերջինս համարում էր, որ ստանդարտ համբուրգերը հերիք չի շատերի քաղցը կշտացնելու համար և, այդ իսկ պատճառով, առաջարկեց ստեղծել այլընտրանք՝ կրկնակի չափաբաժին մսով:
---
Ի վերջո՝ ս.թ. հունվարի կեսերին ԵՄ Ինտելեկտուալ Սեփականության Գրասենյակը՝ EUIPO-ն (European Union Intellectual Property Office), որոշում է ՄաքԴոնալդսին զրկել ԵՄ տարածքում «Big Mac» ապրանքանիշն օգտագործելու մենաշնորհից:
Վերջինս այդ որոշումը հավանաբար կվիճարկի դատարանում, բայց դեռ հայտնի չէ, թե երբ:
Իսկ մինչ այդ, փաստորեն, ազատ են թե՛ Սուպերմաքսի ձեռքերը ու թե՛ ցանկացածի, ում մտքով կանցնի օգտագործել Բիգ Մաք անվանումը:
Սա ծանր պարտություն էր միջազգային այնպիսի հսկայի համար ինչպիսին ՄաքԴոնալդսն է՝ առավել ևս, եթե հաշվի առնենք, որ նախկինում նման հարցերը միշտ իր օգտին են լուծվել:
Օրինակ՝ 1993թ-ին այս ֆասթֆուդային ընկերությունը ստիպել էր անվանափոխ լինել նյու-յորքյան մի ատամնաբուժարանի, որը հանդես էր գալիս McDental անվան ներքո:
Իսկ 2016թ.-ին՝ ՄաքԴոնալդսի բողոքից հետո, սինգապուրյան մի ընկերության թույլ չէր տրվել գրանցվել Maccoffee անվամբ:
Դե իսկ հիմա՝ բուն նյութը, թե ինչու ծնվեց այս գրառումը ու որոշեցի հավաքել ու ներկայացնել դրա ողջ նախապատմությունը ))
Բուրգեր Քինգի շվեդական մասնաճյուղի CEO Իվո Զակովսկին (Iwo Zakowski) խոստովանում է, որ իրեն շատ է զվարճացրել ՄաքԴոնալդսի մասշտաբի ընկերության, իր իսկ հրահրած ավանտյուրայի արդյունքում, սեփական բրենդի մենաշնորհը տանուլ տալու փաստը և ուղղակի աններելի կլինի այդ թեմայով չկատակելը:
Այսպիսով՝ ստոկհոլմյան Բուրգեր Քինգն իր հաճախորդներին է ներկայացել «Not Big Mac’s» շարքով՝ հանձինս “Burger Big Mac wished it was”, “Like a Big Mac, but actually big”, “Anything but a Big Mac”, “Kind of like a Big Mac but juicier and tastier” և “Big Mac-ish, but flame-grilled of course” բուրգերների:
Էջանիշներ