Ճանապարհներին սկսել են հայտնվել արագաչափերով մեքենաներ ու օգնելու պատրաստ բարեխիղճ վարորդները ջանասիրաբար կիսվում են դրանց նկարներով:
Հիշեցի գերմանական «իդիոտենտեստի» մասին, որի մասին և կպատմեմ.
Գերմանացի վարորդի համար գիշերային մղձավանջը դա բժշկա-հոգեբանական քննությունն է (ՄՊՈՒ), որին ժողովուրդն անվանում է հիմարության թեստ (իդիոտենտեստ):
Այս թեստը Գերմանիայում տարեկան հանձնում է մոտ 100.000 մարդ:
Այն նպատակ ունի հասցնել մարդկանց գիտակցությանը, որ ավելի հեշտ է ու շատ ավելի էժան չխախտել օրենքները:
Թեստի են ուղարկում հիմնականում վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկելուց հետո՝ գրանցված կոպիտ սխալից (ասենք՝ թմրանյութի օգտագործում կամ խմիչքի չարաշահում) կամ նույն խախտումը շարունակաբար կատարելուց հետո (ասենք՝ արագության գերազանցում կամ չնախատեսված տեղում կայանում):
Սա նրա համար է, քանի որ գերմանացիները գտնում են, որ եթե մարդ հասկանալով է սխալ գործում ու գործում է անընդհատ, ուրեմն նա հիմար է և հոգեբանի կարիք ունի:
Ընդ որում՝ այս թեստը հանձնելը կարող է տևել մինչև մեկ տարի ու այն հանձնելը պարտադիր չէ, բայց առանց դրա ուղղակի անհնար է վերադարձնել վարորդական իրավունքը:
Համաձայն ստատիստիկայի՝ հիմարության թեստը հանձնողների 34%-ը նրանք են, ով առաջին անգամ է բռնվել խմիչք չարաշահած վիճակում մեքենա վարելիս, 24%-ը՝ ով նույն վիճակում է բռնվել երկու և ավելի անգամ, 18%-ը թմրանյութ է օգտագործած եղել, իսկ մնացածը՝ այլ պատճառներով:
Թեստ հանձնելու կարող են ուղարկել նաև ոչ ադեկվատ և/կամ ագրեսիվ վարորդներին, ինչպես նաև հեծանվորդներին, որոնք նույնպես երթևեկության մասնակից են:
Բայց թեստը կարելի է հանձնել նաև ինքնակամ:
Այս քայլին կարող են դիմել օրինակ նրանք, ով համագերմանական ռեեստրում հասցրել է բավական շատ տուգանային միավորներ կուտակել ու վտանգ կա, որ մի երկու թեթև խախտումից հետո արդեն կարող է զրկվել վարորդական իրավունքից: Նման դեպքերում՝ թեստը բարեհաջող հանձնելուց հետո հնարավոր է զրոյացնել կուտակված տուգանային միավորները:
Բայց հարկ է նշել, որ օրենքը աչք է փակում մեկ կամ երկու գավաթ գարեջուր կամ գինի օգտագործած վարորդների հանդեպ, քանի որ արյան մեջ ալկոհոլի պարունակության թույլատրելիի շեմն է 0,3 պրոմիլը:
Ընդհանուր առմամբ թեստի հանձնումը, բացի ծախսված ժամանակից, կարող է և մի կլորիկ գումար նստել դա հանձնողների վրա, չհաշված, որ ամեն երրորդը դրանից կտրվում է:
Ինքը թեստն արժե 400-800€՝ կախված դա հանձնելու պատճառից:
Բայց դրան պիտի անպայման նախորդի հոգեբանի մոտ 40 անգամյա սեանսը, որոնցից յուրաքանչյուրից հետո հոգեբանը փոքրիկ կնիք է դնում քարտի վրա ու առանց 40 կնիքի թեստից կտրվելն ապահովված է:
Ի դեպ՝ հոգեբանի ամեն սեանսն արժե 100€: Ինչպես նաև՝ լիարժեք ազդեցության համար նախատեսված է, որ ամեն երկու սեանսի միջև պետք է որոշակի ինտերվալ լինի:
Էս ամեն ինչին գումարած՝ հիմարության թեստի ենթական պետք է հանձնի նաև արյան ու մազերի անալիզ՝ ալկոհոլի առկայության ու թմրանյութերի պարունակության ստուգման համար:
Ընդ որում՝ արյան մեջ ընդհանրապես պիտի ալկոհոլ առկա չլինի, ինչը նշանակում է, որ մինչև 30 տարեկանները պիտի դրանից առաջ ընդհանրապես չխմեն մի քանի ամիս, իսկ 30-ից բարձրերը՝ մինչև մեկ տարի:
Թեստի հարցերի օրինակներ.
- Միլլերին պատկանող ցուլը հայտնվել է Շմիդտի ու Ստեֆանսի հողամասերի արանքում: Ո՞վ իրավունք ունի նրան կթել:
- Վերելակով շենքի 2-րդ հարկում ապրում է ատամնաբույժ, 3-րդում՝ փաստաբան, իսկ 4-րդում՝ պոռնիկ: Վերելակի ո՞ր կոճակը կլինի ամենամաշվածը:
- Որքա՞ն հող կա 3x2x3 փոսում:
- Կիսով ճաղատի գլխին կա 60 մազ: Որքա՞ն մազ կա լրիվ ճաղատի գլխին:
- Գնացքը շարժվում է հյուսիսից դեպի հարավ, իսկ քամին փչում է հարավից: Դեպի ո՞ր կողմ կթեքվի գնացքի ծուխը:
Էջանիշներ