Որպես գործի մարդիկ խաչագողերն առավոտյան արթնացան դեռ արևը չծագած: Մի քանիսը կացինն ուսերին գնացին անտառ փայտ կտրելու, իսկ Նազարը, նրանց գլխավորը, իր երկու բանվորների հետ մնաց խրճիթում։ Շուտով նա մեզ տարավ ցույց տալու ստորերկրյա գործարանը։
Նկուղում խոնավ էր, բորբոսնահոտ և կեղտոտ: Պատերին կախված մի քանի նվաղած կանթեղներ ավելի շատ մուր էին արձակում, քան լուսավորում: Այնուհանդերձ մեզ հաջողվեց տեսնել այն ամենը, ինչի համար, որ այս գաղտնարանն էինք իջել:
Կեղծ թղթադրամները մեծ կապոցներով դարսված էին զանազան խորշերում։ Քիչ հեռու գտնվում էին մեքենաները, մամուլներն ու ներկերը: Նազարը երկար ժամանակ Լոնդոնում էր ապրել, որտեղ սովորել էր տպագրական արհեստը, և այդ բոլոր պարագաները այնտեղից էր բերել տվել: Նա մեզ մեկ առ մեկ ցույց տվեց, թե որն ինչի է ծառայում և ծանոթացրեց արտադրության ընթացքին: Այսօր գործարանը չէր աշխատում, գլխավոր մեքենապետը՝ հրեա Իոսիֆը, գնացել էր քաղաք մեքենայի փչացած մասը շինել տալու:
— Իսկ ինչպե՞ս եք գործածության մեջ դնում դրամը,- հարցրեց քավոր Պետրոսը:
— Թղթերն իրացնելու համար ընտրել ենք կայսրության ամենախուլ գավառները: Ժողովուրդն այնտեղ տգետ է և սևը սպիտակից չի ջոկում: Կեղծ թղթադրամների դիմաց մենք ստանում ենք ալյուր, քաթան, անասուններ և ամբողջը վաճառում ենք քաղաքներում:
— Այդ պատճառով միայն մանր թղթադրամներ եք արտադրում, — նկատեց քավոր Պետրոսը։ - Այսպես շատ հեռու չենք գնա, պետք է ընդարձակել գործը։
Թե ինչպե՛ս պետք էր ընդարձակել գործը, քավոր Պետրոսն առայժմ չբացատրեց։ Նա առհասարակ սովորություն չուներ անմիջապես բաց անել իր խաղաքարտերը։ Սակայն նկատողությունը տեղին էր. փողերի մեջ տասը ռուբլիանոցից ավելի խոշոր թղթադրամներ չկային:
Այդ օրը մենք պաշտոններ ստացանք: Քավոր Պետրոսին, որպես փորձված խաչագողի, կարգեցին ընկերության տեսուչ, իսկ ինձ աշխատանք հատկացրին ածխագործների մասում։ Նրբանկատ գտնվելու համար Նազարն ասաց, որ իմ զորեղ բազուկներն ավելի հարմար են հատկապես այդ գործի համար։ Ես խաչագողերի ղեկավարի առաջ խորը հիասթափված ձևացա, բայց ներքուստ անչափ ուրախ էի, որովհետև դա ինձ հնարավորություն կընձեռեր անտառ գնալու պատրվակով տեսնվել Նենեի հետ: Որպես իմ ձևական հիասթափության փոխհատուցում, Նազարը պատրաստակամորեն հավատաց, որ լավ կրակում եմ հրացանից, և մեծահոգորեն ինձ հանձնեց նաև որսորդի փոքր-ինչ սփոփիչ պաշտոնը:
— Տղերքը բոլորն էլ սիրում են շամփուրել միսը ու լավ խորովելուց հետո ուտել,- ասաց Նազարը,- բայց նրանց մեջ հազիվ թե գտնվի մեկը, որը որսորդությունից գլուխ հանի: Որսորդը, եղբայր, պետք է համբերությամբ զինվի ու ժամերով քայլի անտառով, մեկ էլ երկու աչք ունենա, որ քթի տակ եղած որսը հանկարծ բաց չթողնի...
Նազարը սկսեց ծաղրանքով պատմել իրենցից մեկի ոչ այնքան հաջող որսորդության փորձի մասին: Հարությունը, այդպես էր խաչագողի անունը, երկու օր թափառել էր անտառում, մինչև անգամ լոր չէր հաջողացրել խփել, իսկ փոխարենը քիչ էր մնացել ինքը վայրի գազանի բաժին դառնա: Այդ օրվանից նրա անունը Էշի Ականջ էին կնքել: Նազարը պատմում էր ինքնահաճ մարդու բավականությամբ և ավելին քան վստահ էր, որ Էշի Ականջի անհաջող որսորդության պատմությունը շատ զվարճալի ձևով է պատմում:
— Իսկ այդ հրեան,- հարցրեց քավոր Պետրոսը,- գլխավոր մեքենագետը, քանի՞ օրից կվերադառնա քաղաքից:
— Վաղը, ամենաուշը մյուս օրը,- պատասխանեց Նազարը, մի փոքր զարմացած, որ իր սրախոսություններն ըստ արժանավույն գնահատելու փոխարեն քավոր Պետրոսը միանգամայն այլ բանի մասին է հարցնում: - Շտապելու կարիք չկա, փող շատ ունենք, դժվարը դրանց իրացնելն է:
Ցանկանալով ցույց տալ, որ վճռական մարդ եմ և բոլորովին միտք չունեմ կիսել Էշի Ականջի անփառունակ ճակատագիրը, ես հրացանն ուսս առա և թեթև քայլքով գնացի անտառ թրև գալու: Գնալուց առաջ խոստացա դատարկաձեռն չվերադառնալ, Նազարը ցուցադրաբար քմծիծաղեց:
Սիրտս լի էր Նենեին տեսնելու տենչանքով, բայց նրա մոտ գնալ անմիջապես, առանց անվտանգության միջոցներ ձեռք առնելու, խելագարություն կլիներ: Քանի դեռ չէր պարզվել, թե ինչ հանգամանքներում է անհետացել աղջկան սպանել ցանկացող խաչագողը, ես, մինչև անգամ քավոր Պետրոսը, լուրջ կասկածանքի տակ էինք: Անփորձ երիտասարդի համբավն ինձ փոքր-ինչ օգնում էր, բայց բնավ դուրս չէր բերում կասկածների այն մահաբեր հորձանուտից, որի մեջ դեպքերի խելահեղ բերումով հայտնվել էի: Իհարկե դա չարյաց փոքրագույնն էր ու ես շատ բան կզոհաբերեի, միայն թե այդ սև կասկածների տակ մնայի, այլ ոչ բացահայտված հանգամանքների առկայությամբ դեմ առ դեմ կանգնեի խաչագողերի անգութ ոհմակի առաջ: Ինձ հետ արագ դատաստան կտեսնեին, իսկ հետո մեկ-երկու օրում կհայտնաբերեին նաև Նենեին: Երբեք չպետք է խաբնվել խաչագողի բարեհամբույր դեմքին և տոնական սեղանի շուրջը տեղի ունեցած նրա հազվադեպ անկեղծ պոռթկումներին: - Խաչագողը կասկած ունենալու դեպքում սպանում է իր ընկերոջը,- ասում էր քավոր Պետրոսը, որն իմ տեսած մարդկանցից լրջագույնն էր և երբեք խոսքը քամուն չէր տալիս: Իհարկե ոչ մի խոսք չպետք է հասկանալ բառացի, իսկ այս դեպքում, առավել ևս, կասկածները հաստատելու որոշակի հիմքեր էին անհրաժեշտ: Սակայն իմ վիճակը բնավ հեշտերից չէր և ծայր զգոնություն էր պահանջում, ու ես դա շատ լավ հասկանում էի:
Երկու ժամ քայլեցի անտառով, որսի հետք անգամ չկար: Ասենք, գուցե այս դեպքում ինքս էի մեղավոր, որովհետև իրականում ոչ թե որս էի փնտրում, այլ ականջ էի դնում կողմնակի ձայներին: Վստահ էի, որ ինձ հետևում են, բայց չէի վախենում: Ես գիտեի խաչագողերի բոլոր հմտությունները և նույնիսկ կարիք չունեի քավոր Պետրոսի սևեռուն հայացքին, որով նա ինձ ճանապարհ դրեց որսորդության դուրս գալուց անմիջապես առաջ:
Թվում է հետապնդող խաչագողն ավելի շահեկան վիճակո՞ւմ է: Բնավ ոչ, եթե նա գործ ունի մեկ այլ խաչագողի հետ, որը հիմնավոր ենթադրություններ ունի այդ մասին: Մեկ հետապնդող խաչագո՜ղ… Մի անգամ ես և քավոր Պետրոսը հիմարացրինք քսան հոգուց բաղկացած ոստիկանների մի հատուկ ջոկատ, և բարեհաջող դուրս եկանք լարված բազմաթիվ ծուղակներից: Վստահ էի, որ շուտով ջրի երես կհանեմ ինձ կրկնակոխ հետապնդող և իմ շարժումներն իր անտես աչքերով հետևող մարդուն, ու այդպես էլ եղավ: Երբ գիտես ինչ պետք է անել, նույնիսկ չնչին առիթը կարող ես ի շահ քեզ ծառայեցնել:
Երբ հասա մի բացատի՝ անսպասելի արագացրի քայլերս ու կատվի ճարպկությամբ մագլցեցի ծառերից մեկի վրա: Դա մի դարավոր կաղնի էր, որի լայն տերևակալած ճյուղերը հուսալիորեն թաքցրին ինձ: Ստիպված չեղա երկար սպասել. Շատ շուտով բացատի ծայրում երևաց Էշի Ականջի անհեթեթ կերպարանքը, որի դեմքն ինձ տեսադաշտից կորցնելու պատճառով տխմարագույն արտահայտություն էր ստացել: Երբեմն հանգամանքները շատ բարենպաստ են դասավորվում, և այս անգամն անշուշտ դրանցից մեկն էր: Էշի Ականջը անցավ ուղիղ այն ճյուղի տակով, որի վրա ես թաքնվել էի, իսկ ես առանց երկար մտածելու ցատկեցի ուղիղ նրա գլխին ու գետին տապալեցի: Կարճ պայքար ծավալվեց, Էշի Ականջն ավելի ուժեղ դուրս եկավ, քան սպասում էի, բայց ես նրան արագ զինաթափեցի և տապարս նրա կոկորդին դեմ տվի:
— Հիսո՜ւս Քրիստոս, Հարությո՜ւն, մի՞ թե այդ դու ես,- դեմքիս կեղծ զարմանքի արտահայտություն հաղորդելով՝ բացականչեցի ես: - Իսկ ես քիչ էր մնում սպանեի քեզ:
— Բա՛ց թող,- խեղդվելով ճչաց Էշի Ականջը ու ես նկատեցի, որ չնայած ճանաչելուն, դեռ շարունակում եմ տապարս սեղմած պահել նրա կոկորդին:
Տապարս խրեցի գոտկատեղիս մեջ, Հարությունը ազատ շունչ քաշեց:
— Ո՞ր սատանան քեզ դրդեց, որ հետևես ինձ,- գործելաոճս փոխելով ու հիմա էլ խիստ բարկացած ձևանալով, ասացի ես: - Աստծուն փառք տուր, որ միանգամից հրացանս գլխիդ չդատարկեցի…
Ես ձգվելով կաղնու ճյուղից ետ վերցրի որսորդական հրացանս և դա իմ խոսքերի ճշմարտացիության ամենալավ ապացույցը եղավ: Իսկ իրականում ես Էշի Ականջին չսպանեցի, որովհետև բոլորովին վստահ չէի, որ նա ինձ հետևող միակ խաչագողը չէ:
— Ի՞նչ հետևել, ի՞նչ բան,- գրգռված պատասխանեց Էշի Ականջը: - Նազարը լրջորեն անհանգստացել է, որովհետև Կիրակոսը չկա ու չկա… Ինձ ուղարկեց մի լավ փնտրեմ, կամ նրան գտնեմ կամ նրա հետքը, երեկ էլ եմ ամբողջ օրն այդ գործին եղել:
Կիրակոսն այն խաչագողն էր, որին ես սպանել և թաղել էի հողի տակ:
Էշի Ականջն իհարկե ստում էր, բայց իմ դեմքի պարզամիտ արտահայտությունը նրան ցույց տվեց, որ նրա փաստարկները համոզիչ եմ համարում:
Առիթը բաց չթողեցի մի թեթև ծաղրել նրան:
— Խաչագողի գործը, Հարություն, վտանգավոր և անշնորհակալ գործ է: Անցնում է մարդը անտառով, իր կորած ընկերոջն է փնտրում ու ոչ մեկին վատություն չի անում: Բայց մեկ էլ հանկարծ՝ որսորդը նրան շփոթում է արջի հետ ու բոյով մեկ փռում գետնին:
Իմ բարձր և գռեհիկ ծիծաղը նույնիսկ իմ սեփական ականջներում նողկալի թվաց:
— Ծիծաղելու չի,- փնթփնթաց Էշի Ականջը, շորերից թափ տալով վրայի ցեխը:
— Դե՛, դե՛, Հարություն,- շարունակեցի ես,- դու ինքդ զբաղվել ես որսորդությամբ, ու պետք է լավ իմանաս, թե որքան արագավազ է նապաստակը, և որքան վտանգավոր է արջը, երբ անզգուշաբար ոտքդ դնում ես նրա որջին:
Էշի Ականջը ատելությամբ նայեց ինձ: Զգացի, որ լուրջ վրիպում թույլ տվի, ի դեմս նրա վաստակելով մի մահացու թշնամի, բայց թքած ունեի: Ես երիտասարդ էի, անհոգ, խիզախ, իսկ Նենեի հանդեպ տածած իմ ջերմ զգացմունքներն ինձ դարձրել էին նաև անվեհեր: Ես Էշի Ականջի աչքերի մեջ նայեցի հանդուգն, մարտահրավեր նետող հայացքով, ու նա անմիջապես հասկացավ, որ իր կյանքը դեռ շարունակում է վտանգի մեջ գտնվել:
Մենք անխոս հրաժեշտ տվեցինք մեկմեկու: Էշի Ականջն արագ անհետացավ թփուտների մեջ, իսկ ես շարժվեցի հակառակ ուղղությամբ: Հիմա արդեն կարելի էր մտավախություն չկրել հետապնդումից: Շարժվող թփուտ տեսնելուն պես ես կկրակեի, Էշի Ականջը և նրա մյուս ենթադրվող ընկերն այդ մասին արդեն քաջ տեղյակ էին, իսկ խաչագողը անչափ խելացի և չափազանց զգուշամիտ արարած է, թեպետ գործի բերումով հաճախ ստիպված է իր կյանքը վտանգի ենթարկել:
Էջանիշներ