User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Անբացատրելի փոփոխություններ

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անբացատրելի փոփոխություններ

    Որպես գործի մարդիկ խաչագողերն առավոտյան արթնացան դեռ արևը չծագած: Մի քանիսը կացինն ուսերին գնացին անտառ փայտ կտրելու, իսկ Նազարը, նրանց գլխավորը, իր երկու բանվորների հետ մնաց խրճիթում։ Շուտով նա մեզ տարավ ցույց տալու ստորերկրյա գործարանը։
    Նկուղում խոնավ էր, բորբոսնահոտ և կեղտոտ: Պատերին կախված մի քանի նվաղած կանթեղներ ավելի շատ մուր էին արձակում, քան լուսավորում: Այնուհանդերձ մեզ հաջողվեց տեսնել այն ամենը, ինչի համար, որ այս գաղտնարանն էինք իջել:
    Կեղծ թղթադրամները մեծ կապոցներով դարսված էին զանազան խորշերում։ Քիչ հեռու գտնվում էին մեքենաները, մամուլներն ու ներկերը: Նազարը երկար ժամանակ Լոնդոնում էր ապրել, որտեղ սովորել էր տպագրական արհեստը, և այդ բոլոր պարագաները այնտեղից էր բերել տվել: Նա մեզ մեկ առ մեկ ցույց տվեց, թե որն ինչի է ծառայում և ծանոթացրեց արտադրության ընթացքին: Այսօր գործարանը չէր աշխատում, գլխավոր մեքենապետը՝ հրեա Իոսիֆը, գնացել էր քաղաք մեքենայի փչացած մասը շինել տալու:
    — Իսկ ինչպե՞ս եք գործածության մեջ դնում դրամը,- հարցրեց քավոր Պետրոսը:
    — Թղթերն իրացնելու համար ընտրել ենք կայսրության ամենախուլ գավառները: Ժողովուրդն այնտեղ տգետ է և սևը սպիտակից չի ջոկում: Կեղծ թղթադրամների դիմաց մենք ստանում ենք ալյուր, քաթան, անասուններ և ամբողջը վաճառում ենք քաղաքներում:
    — Այդ պատճառով միայն մանր թղթադրամներ եք արտադրում, — նկատեց քավոր Պետրոսը։ - Այսպես շատ հեռու չենք գնա, պետք է ընդարձակել գործը։
    Թե ինչպե՛ս պետք էր ընդարձակել գործը, քավոր Պետրոսն առայժմ չբացատրեց։ Նա առհասարակ սովորություն չուներ անմիջապես բաց անել իր խաղաքարտերը։ Սակայն նկատողությունը տեղին էր. փողերի մեջ տասը ռուբլիանոցից ավելի խոշոր թղթադրամներ չկային:
    Այդ օրը մենք պաշտոններ ստացանք: Քավոր Պետրոսին, որպես փորձված խաչագողի, կարգեցին ընկերության տեսուչ, իսկ ինձ աշխատանք հատկացրին ածխագործների մասում։ Նրբանկատ գտնվելու համար Նազարն ասաց, որ իմ զորեղ բազուկներն ավելի հարմար են հատկապես այդ գործի համար։ Ես խաչագողերի ղեկավարի առաջ խորը հիասթափված ձևացա, բայց ներքուստ անչափ ուրախ էի, որովհետև դա ինձ հնարավորություն կընձեռեր անտառ գնալու պատրվակով տեսնվել Նենեի հետ: Որպես իմ ձևական հիասթափության փոխհատուցում, Նազարը պատրաստակամորեն հավատաց, որ լավ կրակում եմ հրացանից, և մեծահոգորեն ինձ հանձնեց նաև որսորդի փոքր-ինչ սփոփիչ պաշտոնը:
    — Տղերքը բոլորն էլ սիրում են շամփուրել միսը ու լավ խորովելուց հետո ուտել,- ասաց Նազարը,- բայց նրանց մեջ հազիվ թե գտնվի մեկը, որը որսորդությունից գլուխ հանի: Որսորդը, եղբայր, պետք է համբերությամբ զինվի ու ժամերով քայլի անտառով, մեկ էլ երկու աչք ունենա, որ քթի տակ եղած որսը հանկարծ բաց չթողնի...
    Նազարը սկսեց ծաղրանքով պատմել իրենցից մեկի ոչ այնքան հաջող որսորդության փորձի մասին: Հարությունը, այդպես էր խաչագողի անունը, երկու օր թափառել էր անտառում, մինչև անգամ լոր չէր հաջողացրել խփել, իսկ փոխարենը քիչ էր մնացել ինքը վայրի գազանի բաժին դառնա: Այդ օրվանից նրա անունը Էշի Ականջ էին կնքել: Նազարը պատմում էր ինքնահաճ մարդու բավականությամբ և ավելին քան վստահ էր, որ Էշի Ականջի անհաջող որսորդության պատմությունը շատ զվարճալի ձևով է պատմում:
    — Իսկ այդ հրեան,- հարցրեց քավոր Պետրոսը,- գլխավոր մեքենագետը, քանի՞ օրից կվերադառնա քաղաքից:
    — Վաղը, ամենաուշը մյուս օրը,- պատասխանեց Նազարը, մի փոքր զարմացած, որ իր սրախոսություններն ըստ արժանավույն գնահատելու փոխարեն քավոր Պետրոսը միանգամայն այլ բանի մասին է հարցնում: - Շտապելու կարիք չկա, փող շատ ունենք, դժվարը դրանց իրացնելն է:
    Ցանկանալով ցույց տալ, որ վճռական մարդ եմ և բոլորովին միտք չունեմ կիսել Էշի Ականջի անփառունակ ճակատագիրը, ես հրացանն ուսս առա և թեթև քայլքով գնացի անտառ թրև գալու: Գնալուց առաջ խոստացա դատարկաձեռն չվերադառնալ, Նազարը ցուցադրաբար քմծիծաղեց:
    Սիրտս լի էր Նենեին տեսնելու տենչանքով, բայց նրա մոտ գնալ անմիջապես, առանց անվտանգության միջոցներ ձեռք առնելու, խելագարություն կլիներ: Քանի դեռ չէր պարզվել, թե ինչ հանգամանքներում է անհետացել աղջկան սպանել ցանկացող խաչագողը, ես, մինչև անգամ քավոր Պետրոսը, լուրջ կասկածանքի տակ էինք: Անփորձ երիտասարդի համբավն ինձ փոքր-ինչ օգնում էր, բայց բնավ դուրս չէր բերում կասկածների այն մահաբեր հորձանուտից, որի մեջ դեպքերի խելահեղ բերումով հայտնվել էի: Իհարկե դա չարյաց փոքրագույնն էր ու ես շատ բան կզոհաբերեի, միայն թե այդ սև կասկածների տակ մնայի, այլ ոչ բացահայտված հանգամանքների առկայությամբ դեմ առ դեմ կանգնեի խաչագողերի անգութ ոհմակի առաջ: Ինձ հետ արագ դատաստան կտեսնեին, իսկ հետո մեկ-երկու օրում կհայտնաբերեին նաև Նենեին: Երբեք չպետք է խաբնվել խաչագողի բարեհամբույր դեմքին և տոնական սեղանի շուրջը տեղի ունեցած նրա հազվադեպ անկեղծ պոռթկումներին: - Խաչագողը կասկած ունենալու դեպքում սպանում է իր ընկերոջը,- ասում էր քավոր Պետրոսը, որն իմ տեսած մարդկանցից լրջագույնն էր և երբեք խոսքը քամուն չէր տալիս: Իհարկե ոչ մի խոսք չպետք է հասկանալ բառացի, իսկ այս դեպքում, առավել ևս, կասկածները հաստատելու որոշակի հիմքեր էին անհրաժեշտ: Սակայն իմ վիճակը բնավ հեշտերից չէր և ծայր զգոնություն էր պահանջում, ու ես դա շատ լավ հասկանում էի:
    Երկու ժամ քայլեցի անտառով, որսի հետք անգամ չկար: Ասենք, գուցե այս դեպքում ինքս էի մեղավոր, որովհետև իրականում ոչ թե որս էի փնտրում, այլ ականջ էի դնում կողմնակի ձայներին: Վստահ էի, որ ինձ հետևում են, բայց չէի վախենում: Ես գիտեի խաչագողերի բոլոր հմտությունները և նույնիսկ կարիք չունեի քավոր Պետրոսի սևեռուն հայացքին, որով նա ինձ ճանապարհ դրեց որսորդության դուրս գալուց անմիջապես առաջ:
    Թվում է հետապնդող խաչագողն ավելի շահեկան վիճակո՞ւմ է: Բնավ ոչ, եթե նա գործ ունի մեկ այլ խաչագողի հետ, որը հիմնավոր ենթադրություններ ունի այդ մասին: Մեկ հետապնդող խաչագո՜ղ… Մի անգամ ես և քավոր Պետրոսը հիմարացրինք քսան հոգուց բաղկացած ոստիկանների մի հատուկ ջոկատ, և բարեհաջող դուրս եկանք լարված բազմաթիվ ծուղակներից: Վստահ էի, որ շուտով ջրի երես կհանեմ ինձ կրկնակոխ հետապնդող և իմ շարժումներն իր անտես աչքերով հետևող մարդուն, ու այդպես էլ եղավ: Երբ գիտես ինչ պետք է անել, նույնիսկ չնչին առիթը կարող ես ի շահ քեզ ծառայեցնել:
    Երբ հասա մի բացատի՝ անսպասելի արագացրի քայլերս ու կատվի ճարպկությամբ մագլցեցի ծառերից մեկի վրա: Դա մի դարավոր կաղնի էր, որի լայն տերևակալած ճյուղերը հուսալիորեն թաքցրին ինձ: Ստիպված չեղա երկար սպասել. Շատ շուտով բացատի ծայրում երևաց Էշի Ականջի անհեթեթ կերպարանքը, որի դեմքն ինձ տեսադաշտից կորցնելու պատճառով տխմարագույն արտահայտություն էր ստացել: Երբեմն հանգամանքները շատ բարենպաստ են դասավորվում, և այս անգամն անշուշտ դրանցից մեկն էր: Էշի Ականջը անցավ ուղիղ այն ճյուղի տակով, որի վրա ես թաքնվել էի, իսկ ես առանց երկար մտածելու ցատկեցի ուղիղ նրա գլխին ու գետին տապալեցի: Կարճ պայքար ծավալվեց, Էշի Ականջն ավելի ուժեղ դուրս եկավ, քան սպասում էի, բայց ես նրան արագ զինաթափեցի և տապարս նրա կոկորդին դեմ տվի:
    — Հիսո՜ւս Քրիստոս, Հարությո՜ւն, մի՞ թե այդ դու ես,- դեմքիս կեղծ զարմանքի արտահայտություն հաղորդելով՝ բացականչեցի ես: - Իսկ ես քիչ էր մնում սպանեի քեզ:
    — Բա՛ց թող,- խեղդվելով ճչաց Էշի Ականջը ու ես նկատեցի, որ չնայած ճանաչելուն, դեռ շարունակում եմ տապարս սեղմած պահել նրա կոկորդին:
    Տապարս խրեցի գոտկատեղիս մեջ, Հարությունը ազատ շունչ քաշեց:
    — Ո՞ր սատանան քեզ դրդեց, որ հետևես ինձ,- գործելաոճս փոխելով ու հիմա էլ խիստ բարկացած ձևանալով, ասացի ես: - Աստծուն փառք տուր, որ միանգամից հրացանս գլխիդ չդատարկեցի…
    Ես ձգվելով կաղնու ճյուղից ետ վերցրի որսորդական հրացանս և դա իմ խոսքերի ճշմարտացիության ամենալավ ապացույցը եղավ: Իսկ իրականում ես Էշի Ականջին չսպանեցի, որովհետև բոլորովին վստահ չէի, որ նա ինձ հետևող միակ խաչագողը չէ:
    — Ի՞նչ հետևել, ի՞նչ բան,- գրգռված պատասխանեց Էշի Ականջը: - Նազարը լրջորեն անհանգստացել է, որովհետև Կիրակոսը չկա ու չկա… Ինձ ուղարկեց մի լավ փնտրեմ, կամ նրան գտնեմ կամ նրա հետքը, երեկ էլ եմ ամբողջ օրն այդ գործին եղել:
    Կիրակոսն այն խաչագողն էր, որին ես սպանել և թաղել էի հողի տակ:
    Էշի Ականջն իհարկե ստում էր, բայց իմ դեմքի պարզամիտ արտահայտությունը նրան ցույց տվեց, որ նրա փաստարկները համոզիչ եմ համարում:
    Առիթը բաց չթողեցի մի թեթև ծաղրել նրան:
    — Խաչագողի գործը, Հարություն, վտանգավոր և անշնորհակալ գործ է: Անցնում է մարդը անտառով, իր կորած ընկերոջն է փնտրում ու ոչ մեկին վատություն չի անում: Բայց մեկ էլ հանկարծ՝ որսորդը նրան շփոթում է արջի հետ ու բոյով մեկ փռում գետնին:
    Իմ բարձր և գռեհիկ ծիծաղը նույնիսկ իմ սեփական ականջներում նողկալի թվաց:
    — Ծիծաղելու չի,- փնթփնթաց Էշի Ականջը, շորերից թափ տալով վրայի ցեխը:
    — Դե՛, դե՛, Հարություն,- շարունակեցի ես,- դու ինքդ զբաղվել ես որսորդությամբ, ու պետք է լավ իմանաս, թե որքան արագավազ է նապաստակը, և որքան վտանգավոր է արջը, երբ անզգուշաբար ոտքդ դնում ես նրա որջին:
    Էշի Ականջը ատելությամբ նայեց ինձ: Զգացի, որ լուրջ վրիպում թույլ տվի, ի դեմս նրա վաստակելով մի մահացու թշնամի, բայց թքած ունեի: Ես երիտասարդ էի, անհոգ, խիզախ, իսկ Նենեի հանդեպ տածած իմ ջերմ զգացմունքներն ինձ դարձրել էին նաև անվեհեր: Ես Էշի Ականջի աչքերի մեջ նայեցի հանդուգն, մարտահրավեր նետող հայացքով, ու նա անմիջապես հասկացավ, որ իր կյանքը դեռ շարունակում է վտանգի մեջ գտնվել:
    Մենք անխոս հրաժեշտ տվեցինք մեկմեկու: Էշի Ականջն արագ անհետացավ թփուտների մեջ, իսկ ես շարժվեցի հակառակ ուղղությամբ: Հիմա արդեն կարելի էր մտավախություն չկրել հետապնդումից: Շարժվող թփուտ տեսնելուն պես ես կկրակեի, Էշի Ականջը և նրա մյուս ենթադրվող ընկերն այդ մասին արդեն քաջ տեղյակ էին, իսկ խաչագողը անչափ խելացի և չափազանց զգուշամիտ արարած է, թեպետ գործի բերումով հաճախ ստիպված է իր կյանքը վտանգի ենթարկել:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (20.11.2017), Sambitbaba (19.11.2017), Աթեիստ (19.11.2017), Գաղթական (20.11.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որսորդի գործն իրոք հեշտերից չէ, ինչպես կարող է կողքից թվալ. որս անողին որսը հետաքրքրում է սոսկ իր փորը կշտացնելու նպատակով, իսկ որսը որսորդից ձգտում է խույս տալ, որովհետև չի ցանկանում բաժանվել կյանքից: Այդ պատճառով նրանց հանդիպումը, չնայած որսորդների չափ ու սահման չունեցող պարծենկոտությանը, այնքան էլ հաճախ տեղի չի ունենում:
    Տանից դուրս ես գալիս վստահ, որ առնվազն վարազ ես խփելու, հետո սկսում ես մտածել, որ բնավ վատ չէր լինի, եթե զույգ նապաստակ զարկեիր, իսկ վերջում ստիպված ես լինում գոհանալ տասնյակ մանր թռչյուններով, որոնք, թվում է, աստված սոսկ խղճահարությունից ելնելով ամենավերջին պահին հանդիպեցրեց քո ճանապարհին: Բայց վերին ուժերը բարեհաճ էին իմ նկատմամբ, ես թաց հողի վրա հետքեր տեսա ու գնացի այդ ուղղությամբ, և քառորդ ժամը չլրացած որսի հանդիպեցի: Դա մի խոշոր վարազ էր, որն ինձ եսնելուն պես ժանիքները սպառնալից ցցեց ու դուրս եկավ խոյահարման, բայց իմ հրացանի դիպուկ կրակոցը ցաք ու ցրիվ տվեց նրա մազմզոտ գլուխը՝ իր բոլոր ռազմաշունչ ծրագրերի հետ միասին: Անչափ գոհ էի, որ դատարկաձեռն չեմ վերադառնալու, ենթագիտակցորեն արդեն սկսել էի մտածել, թե ինչպե՞ս պետք տուն տանեմ այսպիսի մի խոշոր կենդանու, երբ քիչ հեռվից ձայն տվեցին ինձ:
    — Այդ դո՞ւ ես, էշի Ականջ: Նորից հրացա՞ն ես առել ձեռքդ: Քիչ մնաց մեզ սպանես, տխմարի մեկը:
    — Ա՜յ քեզ դիպուկ կրակոց,- ասաց երկրորդ ձայնը,- նա թերևս փրկեց մեզ, Մարտիրոս: Րոպեն չլրացած այս ամեհի գազանը մեզ վրա էր գալու...
    — Երդվում եմ Հիսուս Քրիստոսով, Ամիրխան,- պատասխանեց առաջին ձայնը,- դու իրավացի ես: Ես արդեն համոզված եմ, որ սա ոչ թե Էշի Ականջն է, այլ մերոնցից ուրիշ մեկը...
    Մարտիրոսն անչափ ճիշտ էր տրամաբանում, և երբ հրացանի ծուխը ցրվեց, նա բոլոր հիմքերն ուներ անձամբ համոզվելու, որ խաչագողի հնարագետ գլուխ է կրում իր ուսերին:
    Մի քանի վայրկյան մենք լուռ տնտղում էինք մեկմեկու: Խաչագողերը սովոր չէին այս կողմերում օտար մարդ տեսնել և ինձ հանդիպելով անակնկալի էին եկել: Ես անհանգստություն, մինչև անգամ երկյուղ տեսա նրանց չար աչքերի մեջ: Սակայն զինված մարդը նույնիսկ խաչագողին է ստիպում հարգանք տածել իր նկատմամբ, իսկ երբ այդ մարդը նաև հաղթանդամ կազմվածք ունի և զորեղ բազուկներ, որոնք կռել է մի քանի տարի դարբնոցում ջանասիրաբար աշխատելով, այդ հարգանքը շատ ավելի որոշակի կերպարանք է ստանում: Խաչագողերը շատ երկար չնայեցին ինձ անբարյացակամ հայացքներով և վերստին ածխագործի անմեղ մորթի մեջ մտան:
    — Որտեղի՞ց հայտնվեցիր, եղբայր,- սիրալիր հարցրեց, ըստ ձայնի՝ Մարտիրոսը: - Մենք ածխագործներ ենք ու ամիսներով մարդու երես չենք տեսնում:
    — Այս հսկա վարազը քեզ շատ չի՞, եղբայր,- սրտաբուխ միջամտեց Ամիրխանը, կարծես իսկապես իր եղբայրն էի: - Չես էլ կարող մենակ տանել: Արի մեզ հետ, կհանգստանաս մեզ մոտ, մի-մի բաժակ կխմենք, իսկ վարազիդ լավ գին կտանք...
    — Հյուրն աստծունն է,- խանդավառությամբ ընկերոջն աջակցեց Մարտիրոսը: - Գնանք մեզ հետ, եղբայր իմ...
    Դե իհարկե հյուրն աստծունն է, և հայերի մեջ նույնիսկ խաչագողերն են անչափ հյուրասեր: Սակայն բանն այն է, որ ես Մարտիրոսի և Ամիրխանի աչքերի մեջ մահվան դատավճիռ կարդացի, որը նրանք մի հարմար պահի գուցե ի կատար ածեին նույնիսկ խաչագողերի բնակատեղի չհասած: Սկզբունքորեն դա չպետք է զարմանալի թվար: Նրանք դրամանենգներ էին, ամեն կողմնակի մարդու մեջ լրտես ու ոստիկան էին տեսնում, իսկ թե ինչպես է խաչագողը հարթում իր առաջ ծառացած խոչընդհոտը՝ համենայնն դեպս ինձ համար գաղտնիք չէր:
    — Դուք Կիրակոսի՞ն էիք գնացել փնտրելու,- ժպտալով հարցրի ես:
    Խաչագողերը ձեռքները տարան դեպի գոտկատեղերը, որտեղ տապար և ատրճանակ ունեին: Թեև հրացանս դատարկ էր, ես այն անմիջապես նրանց վրա ուղղեցի, որը բավական որոշիչ տպավորություն թողեց նրանց վրա:
    — Դե՛, դե՛, ես ձեր նոր ընկերն եմ,- շտապեցի հանգստացնել ես նրանց և համառոտ պատմեցի իմ և քավոր Պետրոսի մասին:
    Սակայն իմ բացատրությունը մինչև վերջ չփարատեց խաչագողերի կասկածները:
    — Քավոր Պետրոսին մենք լա՜վ գիտենք, առիթ եղել է գործ ունենալ նրա հետ,- ձայնին խորհրդավոր երանգներ հաղորելով՝ ասաց Մարտիրոսը: - Իսկ դու ասում ես Սաֆարի տղա՞ն ես...
    Մարտիրոսը հիսունին մոտ մի պնդակազմ տղամարդ էր և միանգամայն կարող էր ծանոթ լինել և՝ քավոր Պետրոսին, և՝ իմ հորը:
    — Սաֆարի մասին միայն լսել եմ,- ասաց Ամիրխանը,- ասում են հմուտ խաչագող է եղել: Դե իսկ քավոր Պետրոսն իմ ուսուցինչն է, ուրախ կլինեմ նորից տեսնել իրեն... Շա՞տ է ծերացել: Երբ վերջին անգամ տեսա՝ քառասունից ավել չէր լինի:
    Ամիրխանը երեսունհինգին մոտ էր և այնքան էլ զորեղ կազմվածք չուներ, հանգամանք, որը բնավ չէր խանգարի նրան պակաս վտանգավոր լինել: Ամենափոքրամարմին խաչագողն անգամ այնքան ուժ և զորություն ունի իր մեջ, որ ուզածդ հակառակորդի գլուխը կկոտրի, եթե նա բավականաչափ զգուշություն չցուցաբերի: Բարեբախտաբար ես զգոն էի, մեր կեղծ և իրար չվստահող հարաբերություններում՝ մեկ քայլ առաջ նրանցից:
    Թաքնվելով բարեհոգի հետաքրքրասիրության տակ՝ Մարտիրոսը և Ամիրխանը սկսեցին ինձ հարց ու փորձ անել: Ինձ դժվար չէր պատասխանել նրանց հարցերին, որովհետև ես բոլոր սավրացիներին ճանաչում էի, կողքի գյուղերում ապրող մարդկանցից շատերին՝ նույնպես: Իսկ երբ առիթը ներկայացավ ես մեկ քայլ ետ թողնել նրանց ինձանից, ես անվարան օգտվեցի ընձեռված հնարավորությունից. համոզվելով, որ նրանք յոթ տարուց ավել լուր չունեն տանից, Մարտիրոսին ասացի, որ իր տունը պարտքերի պատճառով վաճառվել է, իսկ տանեցիները ցրիվ են եկել Սալմաստի գյուղերով մեկ: Ամիրխանի համար ավելի լավ ճակատագիր չէի նախատեսել: Նրա կինը չէր սպասել և նրա պանդխտության գնալու հենց առաջին տարում ամուսնացել էր ուրիշի հետ:
    — Ինչպե՞ս,- չհավատաց իր ականջներին Մարտիրոսը,- Սավրայից դուրս գալուց առաջ ես նրանց մոտ մեծ գումար թողեցի...
    — Ինչպե՞ս,- թևաթափ եղավ Ամիրխանը,- հրաժեշտ տալիս նա ասաց, որ սիրում է ինձ և Աստուծով երդվեց թեկուզ քսան տարի սպասել...
    Երկուսն էլ անչափ ընկճված տեսք ունեին և արյունածուծ սարդի գութն անգամ կշարժեին, բայց ես նրանց չէի խղճում: Դե իհարկե կարեկից էի ձևանում, և իբրև թե շատ շփոթված էի, որ ստիպված էի նրանց այդպիսի վատ լուրեր հաղորդել: Ցույց տալով, թե ցանկանում եմ ցրել նրանց մռայլ մտքերը, բայց իրականում նպատակ հետապնդելով ստանալ ինձ հուզող մի հարցի ճիշտ պատասխանը, ես խոսքը փոխեցի մեկ ուրիշ առարկայի շուրջը: Ինձ շատ դժվար էր խոսել այդ մասին. հավաքեցի ամբողջ կամքս, որպեսզի ձայնս չդողա:
    — Իսկ այն աղջիկը երևի շա՜տ կրակի կտորն է եղել... Ո՜նց է ձեր Կիրակոսի գլուխը պտտեցրել: Քավոր Պետրոսը վստահ է, որ նրանք իրար աչքով են արել ու փախել:
    — Ես Կիրակոսին ճանաչում եմ, նա այդպես բան չէր անի,- մռայլ ասաց Մարտիրոսը:
    — Երբեք չի կարելի վստահ լինել, թե մարդն ինչ կանի և ինչ չի անի,- առարկեց Ամիրխանը՝ համոզված լինելով, որ շատ խորիմաստ միտք է արտահայտել:
    Խաչագողերի տարակարծություն բարենպաստ էր իմ հարցադրմանը: Ես ծաղրաբար ասացի.
    — Մարտիրոս հորեղբայր, դուք տարիքը առած մարդ եք, ու համընդհանուր զվարճությանը երևի չեք էլ իսկի մասնակցել: Իսկ Ամիրխանն ուրիշ... Եթե աղջկա հետ նրան ուղարկած լինեին, ես վստահ եմ, որ հիմա Կիրակոսի փոխարեն նրան էիք փնտրելու:
    Իմ խոսքերն իսկը Ամիրխանի սրտով էին: Երիտասարդ խաչագողը մատը տնկեց Մարտիրոսի վրա ու որքան ուժ ուներ հռհռաց, քիչ մնաց ուշաթափ լինի: Հասկանալի է, դա այնքան էլ դուր չեկավ տարիքավոր խաչագողին:
    — Ամիրխան, տխմարների թագավոր, կռտած եզ ես, ուրիշ ոչ մի բան, ու այն գնչուհին իսկի չզգաց էլ, թե երբ եկար, երբ՝ գնացիր...Դրա համար էլ քո կինն այդքան շուտ ուրիշին գնաց... Իսկ դու, Սաֆարի տղա, համբակի մեկն ես, եթե մտքովդ այդպիսի բան է անցնում. երկու օր առաջ եկած լինեիր՝ կտեսնեիր, թե իմ գրկում ինչպես էր գալարվում այդ երիտասարդ աղջիկը, ինքս պիտի փախած լինեի նրա հետ...
    Մարտիրոսը խոսքը հազիվ ավարտած լռեց. իմ տապարը երկու կես արեց նրա գլուխը: Ամիրխանի անդրադարձն ակնթարթային էր, բայց ես սպասում էի դեպքերի նման զարգացմանը: Ատրճանակը նրա ձեռքից ընկավ գոտկատեղից դեռ կարգին դուրս չեկած, իմ տապարի ևս մեկ վարպետ հարվածից հետո: Ամիրխանը ետ նահանջեց և գոտկատեղից դուրս քաշեց իր սեփական տապարը: Մենամարտը կատաղի էր և կարճ: Ետ մղելով նրա մի քանի հարվածները և խույս տալով վերջինից, ես հարվածեցի նրա ուսին և կտրեցի տապարի հետ միասին: Ամիրխանի ճակատագիրը ևս վճռված էր, նրան մի քանի վայրկյան էր մնացել ապրելու: Բայց ես նրա աչքերի մեջ չէի տեսնում այն անսահման կորովը, որը մեռնելիս հատուկ է գրեթե ամեն մի խաչագողի: Իմ առաջ խորը հուսահատության մեջ ընկած մի խղճուկ մարդ էր:
    — Մուրադ,- ասաց նա ինձ հազիվ շնչելով,- դու ինձ ճի՞շտ ասացիր: Իմ կինն ուրիշին գնաց իմ պանդխտության հենց առաջին տարո՞ւմ:
    — Ոչ,- պատասխանեցի ես միանգամայն լուրջ: - Երբ քավոր Պետրոսի հետ դուրս եկանք գյուղից, յոթ տարի առաջ, նա հույսը սրտում դեռ սպասում էր քեզ:
    — Դու Մարտիրոսին է՞լ խաբեցիր...
    — Երբ դժոխքում հանդիպես նրան, ասա որ իր ընտանիքը ապրում է լիության մեջ:
    — Ամեն ինչ ճիշտ է,- վերջին ուժերը հավաքելով ասաց Ամիրխանը,- դու լավ խաչագող ես, Մուրադ... Դու մեզ բարոյալքեցիր, թուլացրիր, անպաշտպան դարձրիր՝ մեր ընտանիքների մասին վատ լուրեր հաղորդելով, որ ավելի հեշտ սպանես... Չգիտեմ ինչը քեզ ստիպեց այդպես վարվել, հավանաբար որպեսզի փողի գործարանին տիրանաս, բայց երևի պետք չի, որ այդ մասին հիմա ինձ ասես... Ես ներում եմ քեզ, Մուրադ, Աստված թող ների ինձ իմ մեղքերը, որոնք սարսափելի են իրենց բնույթով և ծովի ավազից ավելի շատ...
    Խաչագողը թուլացած գետնին գլորվեց ու այլևս ոչինչ չասաց:
    Ինչո՞վ էին նրանցից լավը: Սիրում էի:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (20.11.2017), Sambitbaba (19.11.2017), Աթեիստ (19.11.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոփոխություններ ակումբի ղեկավարությունում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 111
    Վերջինը: 20.08.2013, 00:07
  2. 17. Կառուցողական փոփոխություններ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Չուկչստան
    Գրառումներ: 3
    Վերջինը: 12.11.2010, 10:15
  3. Օրացուցային փոփոխություններ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 06.03.2010, 14:18
  4. Փոփոխություններ ընտրական օրենսգրքում
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.11.2007, 12:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •