387.
Մարդկանց արարումը հոգևոր լարման մեծագույն խնդիր է: Մարդկանց նյութական մարմինը բարեշրջման ամբողջական առաջադրանքին չի համապատասխանում: Մարդկային մարմնի ստեղծագործումը հաստատվում է որպես բարձրագույն տիեզերական խնդիր: Երբ ամբողջ մարդկությունը հասկանա, որ պետք է դրսևորել ոդու ստեղծագործման լարում, այդ ժամանակ մոլորակն առաջ կընթանա: Միայն որպես հիմք ընդունելով ոգու դրսևորումները, կարելի է մարդկության ամբողջ հունն ուղղել դեպի Լույս: Հոգևոր ոլորտի վրա կարելի է կիրառել Լուսատու Նյութի բոլոր նրբագույն արտահայտումները: Ֆիզիկապես նյութն ունի հայտնի սահմաններ, բայց այնքան հզոր է ոգու կոփումը, որ նույնիսկ կոպիտ պատյանը կարելի է փոխակերպել:
- - - - - - -
388.
Մոլորակային ինքնաշրջապատման էությունը կախված է հոգեկան հագեցվածության ներուժից: Այդպես մոլորակը, շրջապատված ամենապարզունակ գիտակցությամբ հագեցած գազով, ինքնաշրջապատում է ստեղծում ըստ իր սեփական ձգողության: Հագեցման ներքո ձգողության երևույթը կարող է ստեղծել պայմաններ, որոնք կձգեն անհրաժեշտ էներգիան նոր հաստատումներ ձևավորելու համար:
Տիեզերքում գոյություն ունի օրենք, ըստ որի էներգիան միշտ կարելի է ուղղորդել դեպի լավագույն արարչագործություն: Նպատակահարմար կիրառման դեպքում բոլոր կործանիչ էներգիաները տիրապետում են արարչագործության: Բոլոր թունավոր գազերը կարող են կենսատու դառնալ: Ամեն ինչ կախված է փոխակերպումից: Տիեզերական կենտրոնի արարիչն ամեն ինչ նկատում է, և նույնիսկ աննշան թվացող գործոնը կարող է օգտակար լինել: Այդ պատճառով տարածության մեջ սլացող էներգիաների մեջ բազմաթիվ են արժեքավոր կենսատուները: Եվ մարդկանց մեջ էլ հաստատվում են այդ կենսատուները: Հաճախ մարդկանց մեջ նրանք չնկատված են անցնում, հաճախ չընդունված, հաճախ մերժված: Հաճախ Ճշմարտության և Օրենքի այդ Կրողները բարեշրջում են արարում:
- - - - - - -
389.
Ստեղծագործումն այնքան բազմատեսակ է, որ կարելի է պնդել, որ մարմինները ստեղծվում են այնքան էներգիաներով, որքան նրանց հագեցնող ներուժներ կան: Բայց ստեղծագործումը լինում է տեսանելի և անտեսանելի: Տիեզերական մարմինների փոխակերպումն, իհարկե, տեսանելի է իր հետևանքներում, բայց ամենաբարձր, լարված ընթացքն անտեսանելի է: Երբ, հասանելով ստեղծագործական հզորության լծակները, Մենք կարողանում ենք կանչել անտեսանելի կրակներին, այդ ժամանակ, իհարկե, բարձրագույն օրենքն է հաստատվում: Ուստի, հաստատելով Հրեղեն Յոգան, Մենք նկատի ունենք անտեսանելի հզորության հաստատում:
Կապը ոգու ներուժի և նրա Լուսատուի միջև լարում է գործողությունը, հետևաբար, երբ կենտրոնները լարվում են, նրանց հրի խթանիչ ուժը շփվում է Լուսատուի հրի հետ: Եվ ուրեմն, հիշենք Հրեղեն Հոգու Մորը: Մե՛ծ է ոգու ներուժը:
Էջանիշներ