254.
Մարդկանց ձգտումները քիչ են համապատասխանում հոգևոր էներգիայի հատկություններին: Այդ էներգիայի որոշ տեսակներ կորցրել են գիտակցվածության նախանշանները: Ամենից դժվար մարդկությունը գիտակցում է էներգիայի անսահմանությունն ու նրա ինքնուրույն գործելու հնարավորությունները: Մենք հեշտորեն զգում ենք էներգիան կապված մարմնական գործողությունների հետ, բայց ամենահրաշալին քիչ ենք գիտակցում: Ամենահրաշալին կարելի է համարել, երբ հոգևոր էներգիան կարողանում է գործել մեծ տարածության վրա, այսպես ասած, ինքնուրույն: Ինչպես թնդանոթից բաց թողնված արկն է առանձին գործողություն կատարում, այնպես էլ մեր էներգիան կարող է բացարձակապես առանձին և երկարաժամկետ ազդեցություն գործել: Իհարկե, տևողությունը կախված է էներգիայի պաշարից:
Էներգիան կարելի է հղել գիտակցաբար, բայց նմանապես կարող են տեղի ունենալ նրա անգիտակից արտահոսքեր, եթե այն նկրտում է իր համար սովորական դարձած ուղղությամբ: Եթե էներգիայի արտահոսքը հեռու է ուղղվել, այդ դեպքում ժամանակավորապես էներգիայի սպառվածություն կզգացվի: Բայց այդ հատկությանը տեղյակ մարդը ոչ թե կշփոթվի, այլ ընդհակառակը, առաքման գործողությանը կօժանդակի իր գիտակցությամբ:
Դուք լսել եք առասպելը հատուկ նշանակության տեղի վրա պտտվող ամպի մասին, դրա հիմքում ընկած է էներգիայի նույն առաքումը: Էներգիայի ձգտումը կարող է այնքան ուժեղ լինել, որ կարող է ստեղծել ֆիզիկական երևույթներ, քանզի էներգիայի միացումը տարերքների հետ ամենաարտասովոր համադրություններ է տալիս: Բայց ինքնուրույն էներգիայի գործընթացի ժամանակ պետք է պատրաստ լինել որոշ հոգնածության, ընդունելուվ դա որպես գանձարանի ժամանակավոր պարպման բնական հետևանք:
Այդ արտահոսած էներգիան աշխատում է նաև հապաղման ոչ ենթակա հանգամանքների վրա: Նոր ստեղծագործումն, իհարկե, ներգրավում է մերձավոր գիտակցություններ: Որպես օգնություն շտապում են առաքումները, բերելով խիզախություն, առույգություն, հնարամտություն: Եվ հաճախ ոչ ստացողը, և ոչ էլ առաքողը չեն էլ կասկածում տեղի ունեցածի մասին: Ոգու բաժանելիությունը էներգիայի առաքման աղբյուր է: Առաքված էներգիան գործում է, իսկ առաքողն այդ ժամանակ ասես հանգստանում է հոգնությունից:
Որքա՜ն առաքումներ են սլանում տարածության մեջ: Արդյո՞ք նրանցից ոմանք նոր մոլորակների կազմավորման հիմք չեն հանդիսանա:
Էջանիշներ