258.
Երազները կարող են արտացոլել անցյալն ու ներկան։ Երազները կարող են արտացոլել ապագայի արդեն ձևավորված կլիշեն։ Բայց, բացի այդ երկրային արտացոլումներից, կարող են լինել նաև Նուրբ և Հրեղեն Աշխարհների արտացոլումներ։ Իհարկե, հաճախ մարդիկ չեն կարողանում հիշողության մեջ դրոշմել հենց այդ վերջին երկու տեսակները, քանզի նրանք կարճատև են և, լինելով այլ բնույթի, քիչ են տեղավորվում երկրային չափանիշների մեջ։ Միայն բոցավառ սիրտը կարող է պահպանել գիտակցության մեջ հեռավոր աշխարհների այդ կայծերը։ Նույնը տեղի է ունենում նաև տեսիլքների հետ։ Կարելի է տեսնել այլ համաստեղությունների աստղերը, այլ ոչ միայն հեռադիտակի մեջ երևացողները։ Դրա համար հրեղեն մարմինը պետք է արդեն բավականաչափ կրթված լինի։ Իհարկե, այն միշտ գոյություն ունի, բայց կարող է լինել քաոսային և անգիտակից։ Բայց նկրտման ուղին՝ բոլոր մարմինների միջով է, և այդ ժամանակ երրորդությունը կշողարձակի։
- - - - - - -
259.
Պետք չէ մտածել, որ բարձր նվաճումները կվնասազերծեն մթի հրեշներից։ Ընդհակառակը, Լույսը ցույց կտա նոր հրեշներ, և նրանց չարությունն անասելի է։ Այդ մասին չենք տրտմի, քանզի հրեշները՝ գահի ոտքերն են։ Իզուր չէ, որ սուրբ առարկաները պատկերվում են կենդանիների տեսքով պատվանդանների վրա։ Բայց այդ եզրակացությունը զգոնությունից չի ազատի։
- - - - - - -
260.
Եթե այսպես կոչված Նիրվանայի վիճակը հանգիստ չէ, այլ էներգիայի Բարձրագույն լարում, ուրեմն կարելի է հարցնել՝ իսկ հանգիստ ընդհանրապես գոյություն ունի՞։ Իրոք, ինչպե՞ս կարելի է պատկերացնել հանգիստ, եթե ամեն ինչ շարժվում է և գոյություն ունի շարժման հետևանքով։ Հանգստի հասկացությունն ինքը հորինել են նրանք, ովքեր ցանկանում էին գոյությունից թաքնվել։ Նրանք գերադասում էին անշարժությունը, մոռանալով, որ անհնար է առանց շարժման գոյատևել գոնե մեկ ակնթարթ։ Հավասարակշռությունն անհրաժեշտ հասկացություն է։ Հարկ է մտածել ոչ թե հանգստի, այլ այն մասին, թե ինչպես հողմերի մեջ հավասարակշռություն պահպանել։ Արծաթե թելը լարվում է նկրտման ուժով, այդ պատճառով էլ պետք է գիտենալ, թե ինչ է հավասարակշռությունը, որպեսզի Վերարքայության թելը տատանումներով չծանրաբեռնել։ Թելը չի կտրվի, եթե լարված է։ Չէ՞ որ նույնիսկ ծղոտն է ամուր, քանի դեռ չի ճկվել։ Շղթայակցման նույն օրենքի վրա է հիմնված արծաթե թելը, բայց եթե ինչ-որ մեկը չնահանջի անկարգ տատանումներից, սովորաբար կապը պահպանել չի կարողանա։ Ուրեմն չտրտնջանք հանգստի բացակայությունից, քանզի այն ընդհանրապես գոյություն չունի։
Էջանիշներ