Արևը դժվարությամբ բարձրանում էր մոխրագույն ամպերի վրա, փորձելով հասկացնել, որ զարթնելու ժամանակն է: Ես իհարկե հասկանում էի, բայց չլսելու էի տալիս: Հարևան սարից սկսեցին գոռալ: Գիտեմ, որ ուշանում ենք, բայց դեռ հինգ րոպե կա, համ էլ ուշանալը իմ մշակույթի մասն է կազմում:
Գարեհացը կրծելով, ծվծվալով վազում ենք: Ոչ մեկ ճիշտ ճամփան չգիտի, բայց բոլորս վստահում ենք գուգլ մեփսին: Կանաչ սարը պարզ երևում էր հորիզոնում, բայց լուսացույցներն ու անցումները անտեղի դանդաղեցնում էին մեզ: Չմոռանամ նշել նաև այն մասին, որ ստիպված ես բարևել բոլոր ծաղիկներին, որոնց հանդիպում ես ճանապարհին: Նրանք հիմնականում բարեհամբույր են ու քեզ ի պատասխան բարի օր են մաղթում:
Բարի օր: Ես կաքավիկն եմ: Շնորհակալ եմ, դուք նույնպես շատ սիրուն եք, նախշուն ու մեծ փետուրներով: Իմ կողմերում ծտերի փետուրները ավելի մուգ են սովորաբար: Դասարանում լիքը չբացված կամ կիսաբաց ծաղիկներ կային՝ շուշան, նարգիզ, նունուֆար: Մի քիչ պարեցինք, երգեցինք, ցող ու շաղ ցպնեցինք: Հետո մեզ կաթով սուրճ ու սենդվիչներ հյուրասիրեցին: Ես սիրում եմ իմ աշխատանքը:
Տուն գնալու ճանապարհին աչքի տակով նայում էի հարևանիս. Փափուկ ու խատուտիկ թևեր, պստիկ կտուց, կարմիր տոտիկ, կարմիր-կարմիր: Մի պահ պատկերացրեցի, թե ինչպես ենք միասին շորորում մեր ճուտիկներով: Բայց հետո արագ թափահարեցի գլուխս, հիմար մտքերը ցրելու համար:
Մամռոտ քարի մոտ սցենարի համաձայն կանգնեցինք, ծաղիկներին սաղմոս երգեցինք: Ինչ արած, վերևից նայում են, պետք է արդարացնել պայմանագիրը: Հետո սարերով-ձորերով թռանք Զըվարթ սուպերմարկետ: Լավ տեղ է, մի անգամ գինի եմ ցրել, մի անգամ էլ կինդեր բուենո: Համով բաներ վերցրինք ու միանգամից բույն: Տուն գալուց ամեն անգամ մտնում եմ սենյակ, սիրտս հանում եմ դարդի ծովից ու փռում պատշգամբում, որ չորանա:
Իսկ այստեղ դրաման հասնում է իր կիզակետին՝ միանգամից չորացնելով ամեն ինչ: Երբ կա ազատ ժամանակ սիեստան ամենահաճելի զբաղմունքն է: Իսկ հետո անքնությունից ու անհարմարությունից սկսում ես հիշել հին ժամանակները մանտրայի տակ՝ բլոգներ, ակնոց, ֆորումներ:
Էջանիշներ