User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Խաղ, կյանքի տևողությամբ

  1. #1
    Մշտական անդամ Lusntag Lusine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2012
    Գրառումներ
    266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Խաղ, կյանքի տևողությամբ

    Պատուհանից դուրս էր նայում ու տեսավ նրա հեռացող, երերող ուրվագիծը թաց ապակու վրա: Անձրևի անդադար հոսող կաթիլները մերթ լայնացնում, մերթ նեղացնում ու ձգում էին նրան: Դժվար էր հասկանալ գալիս է, թե գնում, բայց նա գիտեր, որ գնում է:
    - Շուտ կվերադառնամ,- ասաց միջանցքում, հայելու մեջ նայելով: Ուղղեց սանրվածքը, դուրս գալուց գրկեց ուսերը, համբուրեց ճակատը ու արտաբերեց վաղուց իմաստազրկված բառերը.
    - Ամեն ինչ լավ է լինելու:
    Լիլիթը ամեն անգամ փորձում էր գտնել այդ բառերի նշանակությունը, բայց չէր կարողանում: Հոգու խորքում զգում էր, որ դա ընդհամենը բառեր են, զրկված որևէ իմաստիցՙ, բայց այնպես էր ուզում հավատալ… Ինչ որ բան այն չէր, հարաբերությունները սառում էին: Համբերատար սպասում էր, հասկանալով, որ նա այլևս իրենը չէ ու դանդաղ հեռանում է և մի օր չի վերադառնալու:
    Արդեն երկու տարի է անցել նրա հեռանալուց, բայց ամեն անգամ հիշելիս ալեկոծվում է հոգին ու երկար ժամանակ չի հանդարտվում: Բնակարանում փոխել էր կահույքի դասավորվածությունը, այն ամենը, ինչ կարող էր նրան հիշեցնել, պահել էր աչքից հեռու, խոր դարակներում, որ փոքր ինչ հիշողությունները ետ նահանջեն, բայց ոչինչ չէր օգնում…

    Այսօրը, երկու տարի առաջ հեռացավ: Պատերը ճնշում էին, օդը չէր հերիքում: Նորից վերապրում էր իրենց բաժանումը, խեղդվում հույզերից ու հուշերի ծանրությունից: Երբ զգաց, որ այլևս անկարող է կառավարել իրեն, արագ հագնվեց ու դուրս եկավ տնից…

    Գիշերային քաղաքը ողողված էր լույսերով ու տանում էր իր ետևից: Քայլում էր՝ ոչ մի տեղ չգնալով: Փախչում էր իրականությունից, որտեղ դեռ չէր կարողացել հաշտություն կնքել իր միայնության հետ: Մարդիկ այնքան տարբեր էին՝ շտապող, ուշացած, հոգնած, իսկ նա փնտրում էր իրեն այս իրականության մեջ ու չէր գտնում…

    Դիմացի մայթի սրճարանում ազատ սեղան նկատեց ու ոտքերը տարան այդ կողմ: Սուրճն արագ բերեցին, բայց իր ուզածը չէր՝ շատ էր դառը: Առանց շտապելու, փոքր կումերով ըմպում էր, նայում իր կողքով անցնող կյանքին: Ինքն այնտեղ չկար…Մտքերը ընդատեց մի թավ ձայն.
    - Կարող եմ ձեզ ընկերակցել՞,- ասաց երիտասարդը ժպտալով,- իրականում ազատ սեղան չգտա:
    Նա թեքվեց սեղանների կողմը ու տեսավ, որ իրոք ազատ տեղ չկար սրճարանում, անտարբերորեն ցույց տվեց դիմացի աթոռը.
    - Նստեք:
    - Անունս Արմեն է,- հարցական նայեց Լիլիթին:
    Անտարբեր խմելով սուրճի վերջին ումպը, լուռ վեր կացավ:
    Արմենի պատվիրած սուրճը դեռ չէին բերել: Սեղանին թողնելով սուրճի արժեքը, դուրս եկավ Լիլիթի ետևից:
    - Կարո՞ղ եմ ձեզ ուղեկցել, արդեն շատ ուշ է,- արագ քայլերով հասավ Արմենը:
    - Կարիք չկա: Չեմ վախենում, ես սովոր եմ մենակ զբոսնելուն: Վերադարձեք, հիմա ձեր սուրճը կբերեն…
    Սակայն Արմենը ետ գնալու միտք չուներ:
    Լուռ քայլում էին: Արմենը բարձրահասակ ու թիկնեղ էր, ում կողքին Լիլիթը փոքր էր ու անօգնական, բայց տպավորություն էր, որ ամենապաշտպանվածն էր ողջ աշխարհում:
    - Կյանքը ընտրության հնարավորություն է,- լռությունը խախտեց Լիլիթը,-
    քանի դեռ ապրում ես, միշտ ընտրություն ես անում,- ասաց այնքան անտարբեր, ասես ինքն իր հետ էր խոսում: Արմենը շփոթվեց.
    -Ինչ՞:
    - Կյանքը ընդամենը ընտրության հնարավորություն է:
    - Միշտ չէ, որ մարդը կարող է ընտրել,- փորձեց չհամաձայնել Արմենը:
    - Մարդը միշտ էլ ընտրելու հնարավորություն ունի, պարզապես երբեմն երկու չարիքի միջև ընտրում ես նվազագույնը:
    - Մահացող մարդը չի կարող ընտրել կյանքը:
    - Սխալվում եք, մահացող մարդը մինչև վերջին շունչը կառչում է կյանքից, նա ընտրում է ապրելը: Իսկ դուք տեսե՞լ եք մահացող մարդու վերջին օրերը,- պատասխանի չսպասելով շարունակեց,-ես տեսել եմ, նույնիսկ ամենաանհույս հիվանդը, որ մահվան մեջ իր փրկությունն է տեսնում, հոգու խորքում ուզում է ապրել, նա երբե՛ք չի ընտրում մահը…
    - Միգուցե…
    - Իսկ գիտե՞ք, թե ինչ է սպասելը:
    - Ես ուրիշ բառ չգիտեմ, որը կնկարագրի սպասումը,- արագ ասաց նա, ինչ որ բան ասելու համար ու լռեց:
    Քայլելով հասան կամրջին ու կանգնեցին: Քաղաքն այստեղից այնքան գեղեցիկ էր ու խորհրդավոր: Վառվող լույերը ասես կանչող ճրագներ լինեին: Լիլիթը հանկարծ հասկացավ, որ երբեմն դեպի լույս տանող ճանապարհը կարող է ավելի վտանգավոր լինել ու նրան հասնելը գրեթե անհնարին: Կյանքը նրան չէր դադարում նորովի բացահայտվել: Հեռվում լույսերը այնքան անհաս էին ու թվացյալ, որ կորցրեցին իրենց գոյությունը:
    - Սպասելը ընդատում է կյանքդ ու դադարում ես ապրել, իսկ ժամանակը կանգնել չունի ու չապրածդ իր հետ քարշ տալով, կրճատում է քո և մահվան միջև ընկած ժամանակահատվածը,- մի պահ լռելուց հետո շարունակեց Լիլիթը,- չեմ սիրում սպասելը, ուզում եմ ապրել,- գլուխը բարձրացրեց ու նայեց ուղիղ Արմենի աչքերի մեջ: Արմենը շփոթվել էր: Չգիտեր ինչ ասել, այսպիսի ծանոթություն դեռ չէր եղել իր կյանքում: Հոգում ինչ որ փոթորիկ էր բարձրացել, որից և՝ վախենում էր, և՝ ձգում էր դեպի նա: Հանկարծակի գալով հասկացավ, որ նույնիսկ անունը չի հարցրել…
    Վերջապես հավաքելով մտքերը ու վախենալով դրական պատասխանից, հարցրեց.
    - Իսկ դու ինչ որ մեկին սպասու՞մ ես:
    - Չգիտեմ... Մի ժամանակ սպասում էի, միշտ էի սպասում, նույնիսկ քնած ժամանակ, որովհետև նա միշտ իմ մտքերում էր, հիմա չգիտեմ, ոչինչ չեմ զգում, քարացել եմ,- քիչ մտածելուց հետո ավելացրեց,- հիմա ուզում եմ հաշվել չապրածս տարիները,- ժպիտի մեջ այնքան ցավ կար,- չապրածս տարիները…
    - Իսկ ու՞ր է նա հիմա:
    - Չգիտեմ: Գնալուց առաջ ընդամենն ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու ինձ համար…
    - Լավ չստացվեց մեր ծանոթությունը, նույնիսկ ձեր անունը չհարցրեցի:
    - Լիլիթ, անունս Լիլիթ է:
    - Արմեն,- ժպտալով ձեռքը մեկնեց Լիլիթին, բայց նա չնկատելով շարունակեց խոսել.
    - Ես այլևս չեմ թողնելու, որ ինձ խեղդեն:
    - Ո՞վ է քեզ խեղդում,- զարմացավ Արմենը: Մի պահ այս ամենը այնքան սարսափելի ու տարօրինակ թվաց, որ ցանկություն առաջացավ թողնել ու փախչել, ինչքան հնարավոր է հեռու, բայց չկարողացավ, ինչ որ մի բան ձգում էր դեպի նա ու բաց չէր թողնում:
    - Հույսը: Երբ արդեն հաշտվում եմ, որ ոչինչ փոխել հնարավոր չէ ու փորձում եմ պարզապես ապրել, զգալ կյանքը, նա գալիս է, սողոսկում մտքիս ու սկսում խեղդել… Ինչպես հիմա դու.. Ո՞վ ես, ինչու՞ եկար իմ ետևից, ի՞նչ է քո ուզածը,- ողջ մարմնով ցնցվում էր,- հետո հայացքը հառեց հեռավոր մի կետի ու շարունակեց,- հույսի մարմնավորւմ, որը նորից բռնելու է կոկորդիցս ու խեղդի; Հոգնել եմ, գիտե՞ս, այն աստիճան, որ ոչինչ չեմ ուզում, բավական է,- նա խոսում էր, չնկատելով Արմենի ներկայությունը,- հոգիս փշրվեց նրա վերջին բառերից ու հեռացավ դատարկ մարմինս, իր հետ տանելով ոչինչ: Սա ավելի շատ նման էր մահացած մարդու քայլերգի, բայց քանի դեռ քայլում էր, դա արդեն հույս էր, որ քայլերը կտանեն այնտեղ, որտեղ կարող է հարություն առնել հոգիս... Չես էլ կարող պատկերացնել, թե որքան ծանր է անհոգի մարմինը… այլևս ուժ չունեմ նրան տանելու,- ծնկները ծալվեցին ու նա նստեց մայթեզրին: Հետո գլուխը բարձրացրեց ու նայեց իր առջև շփոթված կանգնած Արմենին ու ժպտաց.
    - Մի վախեցիր, դեռ չեմ գժվել, պարզապես չեմ կարողանում թեթև ապրել,- բառերը ծանրությամբ էր արտաբերում,- ես միշտ պետք է զգամ, կյանքի ամեն ակնթարթը, որը շատ հաճախ ցավոտ է, անհնարին ցավոտ, բայց միևնույն է ես պետք է զգամ…

    Լուռ էին: Գարնանային անձրևը սկսվեց մանր ու դանդաղ: Լիլիթի հագի բարակ շրջազգեստը թրջվեց: Մազերից անձրևի կաթիլները հոսում էին այտերին, այնուհետ վզի վրայով կաթում շրջազգեստից ներս, ընդգծելով գեղեցիկ կուրծքը: Ուսերը ցնցվում էին, Արմենը հասկացավ, որ մրսում է ու ձեռքը դնելով նրա ուսին, քաշեց, սեղմեց իրեն, որ մարմնով ջերմացնի:
    - Չեմ մրսում,- մի կողմ քաշվեց Լիլիթը,- սիրում եմ անձրևը: Անձրևի տակ քայլելիս ասես հոգիս ազատվում է ցավի հետքերից: Մաքրվում է…

    - Սիրու՞մ ես:
    - Չգիտեմ, ցավից բացի ոչինչ չեմ զգում: Միայն սա մնաց,- Լիլիթի ձայնը դողում էր:
    - Ուզու՞մ ես նա ետ վերադառնա:
    - Կարծում ես նրա վերադարձը ին չոր բա՞ն է փոխելու: Ոչ: Ավիրված տունը չեն վերանորոգում, քանդում են լրիվ ու տեղը կառուցում են նորը, կամ այդպես էլ թողնում…
    - Դու որ տարբերակն ես ընտրու՞մ:
    - Ես ոչ կառուցելու ուժ ունեմ, ոչ էլ նոր ցնցումների:
    - Ինչ կասես, եթե միասին …
    - Ոչ,- խոսքը չթողեց ավարտի,- ես ոչինչ չեմ ուզում, ուզում եմ շնչել մաքուր օդը, ուզում եմ ապրել,-Լիլիթը ամեն քայլի հետ զգում էր Արմենի ներկայության անհրաժեշտությունը, բայց վախենում էր ինքն իրեն խոստովանել: Անցյալի վերքը շատ էր խորը: Առանց նայելու զգում էր նրա ժպիտը ու մարմնով դող էր անցնում, երբ քայլելիս Արմենը ակամա դիպչում էր իրեն: Սիրտը այնպես էր ուզում էր հավատալ…
    Թե ինչպես էին վերադարձել նորից կամրջի նույն հատվածը, չէր նկատել, բայց հիմա արդեն լույսերը այնքան մոտ էին ու իրական, որ թվում էր, եթե ձեռքը մեկնի, կարող է շոշափել նրանց:
    Արմենը գրկեց Լիլիթի ուսերը, շրջեց դեմքով իրեն: Լիլիթը փորձեց դուրս պրծնել նրա գրկից, բայց այս անգամ բաց չթողեց: Ողջ մարմնով դող անցավ, երբ շատ մոտ զգաց նրա շնչառությունը: Սիրտը սկսեց անհանգիստ թրթռալ, ասես լցվում էր ջերմությամբ, որը հալեցնում էր բոլոր կապանքները: Արմենը այնքան մոտ էր կանգնած, որ լսվում էր սրտի բաբախյունը: Մատները սահում էին մազերի միջով ու Լիլիթը էլ չէր դիմադրում: Արմենը բարձացրեց նրա գլուխը ու գգվելով այտերը, համբուրեց շուրթերը: Լիլիթը կորցնելով ինքնակառավարումը, տրվեց համբույրներին:
    - Քո կողքին սիրեցի անձրևի տակ քայլել, լուռ լսել տխրությունդ, զգալ հոգիդ,- հևում էր Արմենը,- վերանալ իրականությունից:

    Լիլիթը հիշեց, թե ինչպես էր իրեն համոզում, որ միայնությունն էլ յուրովի երջանկություն է: Որ չկա կողքիդ այն մեկը, ում սիրում ես, իսկ նա ապականում է հոգիդ: Այս մտքերը երկար ժամանակ օգնում էին իրեն պայքարել զգացմունքների դեմ, մեղմել կորստի ցավը, բայց Արմենի հետ հանդիպումը փոխեց ամեն ինչ: Լիլիթը այլևս չէր ուզում մենակ լինել…

    - Այսօր ես գտա քեզ:
    - Ես կորած էի՞,- հարցրեց Լիլիթը:
    - Այսօր ես գտա՛ քեզ,- կրկնեց Արմենը…
    Լիլիթի զգում էր, թե ինչպես է Արմենի զգացմունքները փոխանցվում իրեն, հոսում երակներով ու հասնում սրտին…
    Այսօրը նրա օրացույցում արդեն նոր կյանքի սկիզբ էր…

    Լուսինե Լուսնթագ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.09.2017), Արևանուռ (27.09.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Կյանքի ձեռնածու
    Հեղինակ՝ enna, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.04.2013, 17:27
  2. Կյանքի ճանապարհ...
    Հեղինակ՝ Stranger_Friend, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.01.2013, 23:24
  3. մի կյանքի հուշեր
    Հեղինակ՝ melancholia, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.10.2011, 14:28
  4. Արձակ. Կյանքի իմաստը...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.05.2010, 00:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •