User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: ivy-ի, Գաղթականի և Բարեկամի համատեղ պատմվածքը

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ivy-ի, Գաղթականի և Բարեկամի համատեղ պատմվածքը

    Նոր համատեղ պատմվածք. ես սկսում եմ, Գաղթականը շարունակում է, Բարեկամը՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք էստեղ, նոր համատեղ պատմվածք գրելու համար գրանցվեք էստեղ:

    Էս թեմայում քննարկումները կարող ենք սկսել, երբ պատմվածքի երեք հատվածն էլ տեղադրված լինի:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (26.08.2017), Գաղթական (27.08.2017)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քույրը

    Երբ գիշերվա երկուսին դռան զանգը հնչեց, Աշը գիտեր, թե ինչ սատանաներ են իրեն հիշել և արդեն պատրաստվել էր ընդունելությանը:
    - Ողջույն, ներս արի,- ասաց նա արագ՝ ակնոցն ուղղելով քթի վրա ու միայն մի ակնթարթ նայելով հյուրին:
    Իր առջև կանգնած լայն բաճկոնով ու չարաճճի մազերով աղջիկն ավելի շուտ դեռահաս տղա էր հիշեցնում:
    - Ինչպիսի սառը ընդունելություն, ապերիկ, ես պայթող շամպայն ու ծաղիկներ էի սպասում:
    Ու հանգիստ առաջ անցավ՝ հետևից քարշ տալով հնամաշ ճամպրուկը: Մի քիչ շուրջը զննեց և շարունակեց.
    - Իսկ քեզ մոտ կարծես թե շատ բան չի փոխվել վերջին մեկուկես տարում:
    Նախանցյալ տարի էլ էր մի երկու ամսով հանգրվանել եղբոր տանը, երբ հերթական անգամ կանգնել էր կոտրած տաշտակի առջև՝ առանց աշխատանքի, առանց բնակարանի, փչացած հարաբերություններով ու ամեն զիբիլով թունավորած օրգանիզմով: Աշն օգնել էր ուշքի գալ, նորից աշխատանքի տեղավորվել ու ընթացքում նաև թերապիայի գնալ: Բայց հիմա՝ ընդամենը հաշված ամիսներ անց, պատմությունը կրկնվում էր:
    - Գնա քնելու, ուշ է արդեն, վաղը կխոսենք, երբ գործից տուն գամ,- ասաց Աշը՝ մոտենալով ննջասենյակին:
    - Հա, դե դու շատ լուրջ ու զբաղված մարդ ես: Աշխատանքից հետո էլ երևի ֆիտնես ու թատրոն. իդեալական կյանքիդ պատկերն ամբողջացնենք:
    Աշը չլսելու տվեց ձայնի հեգնանքը:
    - Սառնարանում ահագին ուտելու բան կգտնես: Եթե ինչ-որ ուրիշ բան ուզես, ռադիոյի տակ փող կա, վերցրու, գնա խանութ: Անկողնուդ վրա սրբիչ եմ դրել, եթե հետդ չես վերցրել: Հա, սա էլ տան բանալին: Իսկ հիմա՝ մարշ սենյակ, մինչ վաղը:
    - Եղավ, շեֆ: Թե՞ քեզ պապա ասեմ:
    Տեղից շարժվել չէր պատրաստվում: Հերթական անգամ դասը չսովորած ու դրանից վաղուց արդեն չամաչող աշակերտի հանդուգն հայացքով նայում էր իր առջև կանգնած երիտասարդ տղամարդուն:
    - Կգրկե՞ս գոնե:
    Էս անգամ Աշն ամբողջովին ընդունեց քրոջ հայացքը՝ աչքերը չհեռացնելով:
    - Արի մոտս,- ու երբ քույրն արդեն իր գրկում էր, կամաց հարցրեց,- ո՞նց ես, Ան:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.09.2017), boooooooom (01.09.2017), GriFFin (27.08.2017), LisBeth (27.08.2017), Mr. Annoying (30.08.2017), Sambitbaba (28.08.2017), Smokie (04.09.2017), Աթեիստ (27.08.2017), Գաղթական (27.08.2017), Դեղին մուկիկ (05.09.2017), Վիշապ (01.09.2017)

  5. #3
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ոնց տեսնում ես` դեռ կենդանի եմ, - կարճատև գրկախառնությունից հետո Աշի գրկից ազատվեց Անը
    - Գի՜ժ, ես չգիտեյի էլ ինչ մտածել: Երբ մի տարուց ավել լռությունից հետո նորից զանգեցիր, ականջներիս չհավատացի:

    Մոտենալով Աշի աշխատասեղանին Անահիտը մի թռուցիկ հայացք նետեց փոշոտ գծագրերին.
    - Էլի քեզնից դուրս երևակայական շինություններ ե՞ս նկարում
    - Պայմանները նույնն են,- քրոջը նորից ողջ առողջ տեսնելու ուրախությունն ու կարոտախտի րոպեական թուլությունը նորից տեղի տվեցին - ամեն քայլիդ մասին ես պիտի տեղյակ լինեմ ու աշխատելուս ընթացքում ինձ չես խանգարում: Վաղը ուշադիր կլսեմ, թե որ գրողի ծոցն էիր կորել էսքան ժամանակ ու թե հիմա՛ ինչ պատմությունների մեջ ես ընկել:
    - Լսի, սաղ հեչ, գոնե պարզեցի՞ր, թե ինչի են անունդ Աշտարակ դրել
    - Վե՛րջ,- ննջասենյակի դուռը շրխկացնելով մռնչաց Աշը:

    Անը ժպտաց: Ախր շատ էր է սիրում էդ ավագ եղբոր դերը միշտ պատվով կատարող, բայց փխրուն սիրտ ունեցող ու կոմպլեքսավորված պատվախնդրին: Դեռ վաղ հասակից, երբ զրկվելով ծնողներից, երկուսով մնացել էին տատիկի խնամակալությանը, Աշն իր մասին միշտ հոգ էր տարել ու հետևողականորեն դուրս քաշել բոլոր պատմություններից, որոնց մեջ ինքն անդադար ընկնում էր:

    Բայց հիմա արդեն իրավիճակը կտրուկ փոխվել էր: Աշի շնորհիվ նախանցյալ տարի ինքը սկսեց աշխատել որպես մատուցողուհի` Օպերային հարող տարածքի սրճարաններից մեկում: Հենց էնտեղ էր, որ նրանով տարվեց ու իր հետ ճամփորդելու առաջարկ արեց Ժոզեֆ Մատինեանը` ֆրանսահայ խոշոր մի գործարար, ով այդ օրերին Երևանում էր:
    Որքան էլ որ մեծ լիներ Ժոզեֆի առաջարկի գայթակղությունը, բայց Անահիտը բնավորության մի գիծ ուներ, որի պատճառով մեկ անգամ չէր, որ տառապել էր ու անելանելի դրության մեջ ընկել: Նա երբեք չէր ստում:
    - Ոչ մի փոխադարձ զգացմունք ես քեզ չեմ կարող հիմա խոստանալ, քանի որ դեռ լիովին սիրտս չի ապաքինվել վերջին ընկերոջիցս հետո:
    - Իսկ ինձ ոչինչ էլ հարկավոր չէ խոստանալ: Դու միայն ընկերակցիր ինձ մի որոշ ժամանակ: Ընթացքում երկուսս էլ կհասկանանք, թե որքան հեռու արժե տանել մեր հարաբերությունները:

    Մի հրաշալի առանձնատուն ուներ Ժոզեֆը Փարիզի մերձակա Օրլիում: Էստեղ նոր կյանք սկսեց Անահիտը: Շատ արագ յուրացնելով ֆրանսերենը` իր մեջ դիզայների տաղանդ հայտնաբերեց ու ընդունվեց համալսարան:
    Ժոզեֆը, կամ ինչպես իր իրական անունն էր` Հովսեփը, շատ հոգատար, գործունյա ու կենսուրախ մարդ էր: Նա աշխատում էր ամեն ինչով ապահովել Անահիտին ու երկուսն էլ շատ արագ հասկացան, որ մեկմեկու մեջ գտել են իսկական մի հարազատ հոգու:

    Անահիտը հստակ պատասխան չուներ, թե ինչո՞ւ էր այսքան ժամանակ ամեն ինչ թաքցրել Աշից: Նրան նորից չհիասթափեցնելու մոլուցքո՞վ, թե՞ նրա ստվերից վերջապես դուրս գալու ու ինքնուրույն կայանալու փափագով:
    Համենայն դեպս հիմա, երբ արդեն նշանակված էր Ժոզեֆի հետ իր հարսանիքի օրը, նա վերադարձել էր եղբոր մոտ, որ նրան էլ իր հետ տանի Փարիզ: Վերադարձել էր ոչ որպես մադամ, այլ` որպես փոքրիկ Անուկ, ով դեռ զգում է Աշի պաշտպանության կարիքը: Երևի հենց դա էր պատճառը, որ միանգամից ամեն ինչ չպատմեց Աշին:

    ---

    Արդեն երկրորդ շաբաթն էր ինչ Աշը Ֆրանսիայում էր: Նրա համար այստեղ ամեն ինչ նոր էր ու յուրահատուկ: Առաջին անգամ Հայաստանից դուրս գտնվելով` նա ագահաբար կլանում էր շրջակա մթնոլորտը` աշխատելով բաց չթողնել ոչինչ: Ապագա փեսան շատ էր հավանել նրա ճարտարապետական ուրույն ոճն ու հետաքրքիր գաղափարները: Խոստացել էր իր գծագրերը ցույց տալ ճարտարապետական խոշոր մի ընկերությունում լուրջ պաշտոն զբաղեցնող ընկերոջը: Կարծես թե կյանքը նոր հունի մեջ էր սկսում մտնել: Եվ, ի վերջո, մի՞թե սարուձորի տարբերություն չէր ԵՃՊՀ-ի իր փոշոտ աշխատասեղանի ու Փարիզում իր դեմ բացվել խոստացող դռների միջև:

    Տանջող մտքերով էր նա ժամերով քայլում Սենայի ափերով ձգվող փոքրիկ ճանապարհով, երբ վերջապես, հասնելով մի բուտիկի, մոտեցավ զովացուցիչ մի բան գնելու.
    - Աշտարա՞կ... Աշտարա՜կ...
    Աշը շփոթվեց, բայց միանգամից ճանաչեց.. Նա չէր կարող չճանաչել Արփիին` դպրոցական տարիներից իր հուշերում ապրող այն մշտազվարթ ու զրնգուն ծիծաղով առաջին ու վերջին իր սիրուն...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (27.08.2017), ivy (28.08.2017), Mr. Annoying (30.08.2017), Sambitbaba (28.08.2017), Smokie (04.09.2017), Աթեիստ (27.08.2017)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեև չէր կարող Աշը չճանաչել Արփիին, բայց վերջինիս արտաքին փոփոխությունը անակնկալի բերեց․ առաջվա վարդագույն-կենսախինդ դեմքով, մշտապես շողշողացող, չարաճճի աչքերով ու մինչև գոտկատեղն իջնող վարսերի անհնազանդ մեղրագույն ալեկոծությամբ քսանամյա աղջկա փոխարեն, թարմ հյութի պատրաստման տարայի հետևում կանգնած էր անհնարին կարճ կտրած, ագռավային սևաթույր մազերով երեսնամյա նիհարավուն մի կին, որի ծանոթ դիմագծերը սրվել էին մի տեսակ՝ հոգնած ակոսներով, իսկ երբեմնի լուսաշող աչքերի տակ մուգ ստվերներ կային։
    - Փոխվել եմ, հա՞ - տխուր հեգնանքով նկատեց Արփին՝ կարդալով Աշի շփոթված դեմքը, որում երբեք չէր սխալվում և ամեն անգամ ստիպում էր Աշին կարմրելու։
    - Մմ․․․մի քիչ, - մրմնջաց Աշը շառագույնի միջից և տխուր գորովանքով նայեց դեռատի կնոջը։
    - Կարո՞ղ ես սպասել մի քսան րոպե, ես արդեն վերջացնում եմ հերթափոխս, – խնդրեց Արփին։
    - Հա, հա, իհարկե, ես կսպասեմ, դու հանգիստ գործդ արա – ասաց Աշն ու մի կողմ քաշվեց՝ հերթ տալով իր հետևում արդեն անհամբերության նշաններ ցույց տվող հաճախորդին և ինքն էլ մոռանալով ինչ-որ բան պատվիրել։
    Աշը, նստած բուտիկից ոչ հեռու գտնվող բացօթյա, փարիզյան արտ-դեկոր ոճի սրճարանում, դանդաղ ըմպում էր սև սուրճն ու, մտքերի մեջ խորասուզված, հետևում երբեմնի ընկերուհու վարժ ու կենտրոնացած աշխատանքին տաղավարի հետևում, գնացող-եկողների հոսքի մեջ մեկընդմեջ երևացող։ Մտքերով Աշն ավելի քան տասը տարի և չորսուկես հազար կիլոմետր հեռու էր․․․

    Առաջին հանդիպումն Արփիի հետ ճարտարապետաշինարարականի անհրապույր միջանցքում – «Կներեք, դուք է՞լ եք ՃԿՏ1022 լսարանը փնտրում»; Դասից փախուստներն ու բուսաբանականի այգում մաֆիայի խաղի անվերջ երկար սեանսները – Արփին պրոֆի էր, նա երբեք չէր սխալվում, բայց կմոլորեցներ ուզածիդ; Կուրսայինների վրա ծախսվող կրկնակի երկար գիշերները – առաջինն Արփիինն էր անում՝ խնամքով ու անթերի, հետո նոր միայն մնացած էներգիան ու ժամանակը հատկացնում իր նախագծին; Առաջին լուրջ գժտությունը – մի օր Արփին եկավ և հայտարարեց, որ իրեն ժամանակ ու տարածություն է հարկավոր՝ վերագտնելու ու հասկանալու ինքն իրեն, Աշը հարգեց աղջկա ցանկությունն ու զինվեց համբերությամբ, մինչև որ հենց նույն երեկո, Կասկադի մոտ թափառելիս, տեսավ իրենց կուրսի Արմանի հետ սրճարանում․ Արմանը բռնել էր աղջկա ձեռքը; Զղջում ու վերադարձ – Անուկն օրորեց գլուխը և կարգադրեց եղբորը չներել, բայց Աշը, ինքն էլ լավ չիմանալով, թե ինչու՝ խղճահարությունից Արփիի՞, թե՞ սեփական անձի հանդեպ, ներեց ու սիրեց կրկնակի ուժեղ, խարսխելու համար, ասես, Արփիին իր մոտ պահելու երաշխիքները; Առաջին ուսանողական ճամբարը Եղեգնաձորում – Արփիի բույրն ու իր ինքնամոռաց արբեցումն այդ բույրի մեջ ․․․
    Վերջին կուրսում Արփին անսպասելիորեն սկսեց հաճախել ֆրանսերենի մասնավոր դասերի։ Աշի հարցին, թե ինչին է պետք, Արփին հազարումի պատճառներ բերեց, բացի իրականից։ Դիպլոմայինի պաշտպանումից մի քանի ամիս անց Արփին, ընտանիքի հետ միասին, մեկնեց Ֆրանսիա՝ մշտական բնակության։ Խոստացավ գրել ամեն օր, իսկ երկու տարուց՝ վերադառնալ։
    Առաջին ամիսներին Արփին մշտական կապի մեջ էր․ գրում էր օրը մի քանի անգամ, պատմում էր Փարիզից, իր առօրյայից, ծաղրում էր բարքերն ու մարդկանց, կառուցում պլաններ և ոգևորված պատմում դրանց մասին, որոնցում Աշն ապարդյուն փորձում էր գտնել վերադարձի ակնարկներ։ Նամակներն աստիճանաբար պակասեցին – սովորում է, ծանրաբեռնված է, աշխատում է, մինչև որ իսպառ դադարեցին, և Աշի մի քանի տասնյակ նամակները մնացին անպատասխան։
    Աշը երբեք չէր խոսում այդ մասին և ոչ մեկի հետ, բայց Անուկը լավ գիտեր, թե ինչ է կատարվում, և մի անգամ, եղբոր հետ վեճերից մեկի ժամանակ, դյուրահավատության ու ինքնահարգանքի բացակայության՝ եղբոր հերթական մեղադրանքների տարափի տակ, կտրուկ նետեց՝ ո՛վ էլ խոսա․․․ Աշը լռեց և առանց մի բառ արտասանելու դուրս եկավ տնից։ Հետզհետե լուռ հետ քաշվեցին մեղադրանքները ևս՝ տեղի տալով քրոջ հանդեպ զուսպ հոգածության, որն, իրականում, Անուկի համար ծանր էր տանել ավելի, քան արդեն սովորական դարձած վեճերն ու ուղիղ մեղադրանքները։

    - Շա՞տ սպասեցիր․․․ Կներես։
    Աշը սթափվեց․ դիմացն Արփին էր՝ ամառային սպիտակ, թեթև վերնաշապիկով և կապույտ ջինսե քիփ տաբատով՝ կոպիտ-քաթանե պայուսակն անփույթ նետած ուսին։ Վերնաշապիկն ամբողջովին չէր ծածկում գոտկատեղը՝ ի ցույց հանելով որովայնի աջ կողմում ինչ-որ անհասկանալի սկրիպտով գրության դաջվածք։
    - Քայլենք, եթե ոչ մի տեղ չես շտապում, - ասաց Արփին, և նրանք ճամփա ընկան մոտակա ծառուղով։
    Արփին էր նորից, որ խախտեց լռությունը․
    - Դե, պատմիր, ի՞նչ քամիներ են բերել քեզ մեր կողմերը։ Այցի՞ ես, թե ընդմիշտ։
    - Չէ, քրոջս հարսանիքն էր, էդ առիթով։
    - Իսկապե՞ս, - Արփին կանգ առավ մի պահ՝ բարձրացնելով մի հոնքը, և Աշը նրա ձայնի մեջ հեգնանք որսաց։
    - Հա, ինչու ո՞չ, վերջապես իր կյանքն էլ կարգավորվեց կարծես։
    - Չէ, ուղղակի անսպասելի էր։ Ինչ ասեմ, շնորհավորում եմ։ Հուսով եմ՝ բախտավոր կլինի։
    - Կյանքը ցույց կտա, - ասաց Աշը։ - Դու՛ պատմիր՝ ինչ ես անում, ինչպես ես ապրում։
    - Դե, ինչ պատմեմ, աշխատում եմ՝ ինչպես տեսար, ունեմ ընկերներ, շրջապատ, բնակարան ենք վարձում մի քանի ընկերուհիներով, ապրում եմ ինչպես ապրվում է՝ այսպես ասած, չեմ դժգոհում։
    - Առավոտյան՝ ֆիթնես, երեկոյան՝ թատրո՞ն, - չգիտես ինչու վրա բերեց Աշը, իր համար էլ անսպասելի, և անմիջապես զղջաց։
    - Հա բա ոնց․ դու պիտի տեսնես ինչ ինտենսիվ կուրս է ֆիթնեսի բուտիկիս անցուդարձը՝ լվա, մաքրի, կտրի, քամի, աջ-ձախ, ձախ-աջ, վերև-ներքև, իսկ թատրոնը մինչև օրվա վերջն է՝ «Դուք ի՞նչ կկամենաք, ելա՞կ, թե՞ կիվի, թե՞ երկուսը միասին։ Ի՜նչ հրաշալի օր է, տիկին։ Ձեզ ամենահաճելի օրն եմ մաղթում, պարո՜ն», - և Արփին ծամածռեց բերանը ժպտանման բացվածքով։
    - Իսկ ի՞նչ եղան երազանքներդ, պլաններդ, Արփի՛։ Երազում էիր դիզայներ դառնալ, աշխատել մեծ ընկերությունում, մասնակցել ցուցահանդեսների․․․
    - Հա, դու պիտի տեսնես սուրճի սերի ինչ դիզայն եմ անում՝ է՛լ տերև, է՛լ սրտիկ, նույնիսկ մրցանակի եմ արժանացել՝ լավագույնը մեր բուտիկում, - քմծիծաղեց Արփին, և նորից տիրեց լռություն։
    Աշին հանկարծ համակեց ծանոթ մի զգացմունք։ Նա անսպասելի բռնեց Արփիի ձեռքը, ու, նայելով ուղիղ աչքերի մեջ, ասաց․
    - Լսի՛ր, քրոջս ամուսինը կապեր ունի և հարգված մարդ է այստեղ։ Նա ինձ խոստացել է ծանոթացնել իր մի ընկերոջ հետ, որը ճարտարապետական ընկերություն ունի։ Դու դիզայնի հրաշալի զգացողություն ես ունեցել միշտ, ափսոս ես, վատնվում ես անիմաստ, ես քեզ կտանեմ հետս, գուցե մի բան դուրս գա, քեզ պետք է․․․
    - Աշ, - մեղմ ընդհատեց Արփին, - դու նորից ուզում ես փրկել ինձ, պետք չէ․․․


    Ժոզեֆ Մատինեանը կանգնեցրեց իր շքեղ Պորշեն «Լա Թուղ» ընկերության մուտքի ուղիղ դիմացը, հաշմանդամի կայանատեղում։
    - Ինձ կարելի է, - աչքով արեց նա մոտակայքում պտտվող հսկիչին, և մեքենայից դուրս եկան Անահիտը, Աշն ու Արփին։
    «Լա Թուղ» ընկերությունը գնահատեց Աշի ճարտարապետական աչքն ու հմտությունը և մի քանի թեսթային աշխատանքներից հետո կնքեց մեկ տարվա պայմանագիր՝ ձևակերպելով աշխատանքային վիզա։ Արփին ևս անմասն չմնաց, Աշի օգնությամբ նա պատրաստեց և ներկայացրեց մի քանի էսքիզային աշխատանքներ, և նրան էլ վերցրին որպես Աշին օգնական։

    Տարին դրսևորվեց ամենաբուռն ձևով բոլորի համար էլ։ Աշը մինչև ուշ երեկո, ինքնամոռաց աշխատում էր նախագծերի վրա, մինչ Արփին շրջագայում էր նորապսակների հետ՝ լավագույն ընկերոջ կարգավիճակում․ թանկարժեք ռեստորաններ, զբոսանավ, ծովափ, հանգիստ Օրլիի առանձնատանը։ Աշը նրան հազվադեպ էր տեսնում, բայց ուրախ էր, որ Արփին երջանիկ է, ծաղկուն, մազերը երկարել են մինչև ուսերը, անգամ սկսել է երբեմն շրջազգեստներ կրել։ Անուկը ևս ուրախ էր՝ Արփին իր հայրենիքն էր օտարության մեջ, և նրա ընկերակցությունն ամենուր էր, ինչը չէր կարելի ասել եղբոր մասին, որն օրուգիշեր աշխատում էր «Լա Թուղի» համանուն հյուրանոցի նախագծի վրա և ժամանակ չուներ զբոսանքների։ Անուկը երբեմն այցելում էր եղբորը՝ ընկերության վարձած ստուդիայում, ուր Աշը, ակնոցն աչքերին, գծագրերի վրա կքված, միշտ չէր, որ նկատում էր քրոջ մտնելը, մինչդեռ վերջինս անակնկալի էր բերում՝ ջերմ գրկելով նրան հետևից ու շշունջով ծիծաղելով ականջին․ «Հիմա արդեն պա՛րզ է, թե ինչու են անունդ դրել Աշտարակ*․․․»։

    Երբ տարին լրացավ, հյուրանոցի նախագծման ավարտին շատ քիչ էր մնացել, և «Լա Թուղ»-ն առաջարկեց Աշին երկարացնել պայմանագիրն ու վիզան, քանի որ նրա հետ դեռ նոր նախագծեր էին նախատեսում սկսել, բայց Աշը դեռ սկզբում պինդ որոշել էր՝ միայն մեկ տարի, ոչ մի օր ավել, և վերադարձ հայրենիք։ Քրոջ հորդորները ևս չօգնեցին, և Աշը, նոյեմբերյան մի քամոտ առավոտ, հավաքեց ճամպրուկն ու մեկնեց օդանավակայան։ Ճանապարհում էր միայն Անուկը, քանի որ Ժոզեֆն անհետաձգելի գործեր ուներ Օրլիում, իսկ Արփին վատառողջ էր և ստիպված էր եղել մնալ առանձնատանը, փոխարենը խոստացել էր Նոր տարուն գալ Հայաստան։

    Վերադարձը հայրենիք Աշի համար սկզբունքի հարց էր, և նա միանգամայն վստահ էր իր որոշման իրավացիության մեջ։ Մինչդեռ հայրենիքում նրան սպասվում էր անակնկալ։ Չէ, այնտեղ ամեն ինչ կարգին էր, իր գրասեղանը, թղթերը, ամեն ինչ տեղում էին, տեղում չէին միայն քույրն ու Արփին․ տեղ հասնելուն պես՝ նրանցից ոչ մի լուր։ Ժոզեֆի հետ կապվելու հույս առանձնապես չկար էլ, քանի որ ծերուկը հաճախ էր մեկնում գործուղման, և նրա լռությունը դեռ ինչ-որ տեղ բացատրելի էր, բայց ի՞նչ է պատահել աղջիկներին, մի՞թե մեկնել են ինչ-որ տեղ հանգստանալու, ու հենց այնպիսի տեղ, ուր ինտերնե՞տ էլ չկա։

    Անցավ ամիս։ Դեկտեմբերի նախավերջին օրն էր, քաղաքը նախատոնական եռուզեռի մեջ էր, որից Աշը, սակայն, անմասն էր։
    Համակարգչի դիմաց նստած, անտրամադիր թերթում էր միջազգային լուրերը, երբ աչքն ընկավ ծանոթ լոգոյի։ Հոդվածն ազդարարում էր, որ ֆրանսիական «Լա Թուղ» ընկերությունը տարվա սկսզբին սկսելու է իր նոր հյուրանոցային համալիրի կառուցումը, որի դիզայնը իր յուրահատուկ, համարձակ լուծումներով նոր խոսք է լինելու հյուրանոցաշինության պատմության մեջ։ Հոդվածին հաջորդում էր հարցազրույց դիզայնի հեղինակ․․․ Աշը լայն բացեց աչքերը․․․․ Արփի Մատինեանի հե՞տ․․․


    Երբ գիշերվա երկուսին դռան զանգը հնչեց, Աշը գիտեր, թե ինչ հրեշտակներ են իրեն հիշել և արդեն պատրաստվել էր ընդունելությանը:
    «Անս․․․», - և ամուր գրկեց դռների արանքում կանգնած քրոջը։




    --------------------------------

    * La tour - ֆր․ աշտարակ
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 30.08.2017, 17:31:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.09.2017), boooooooom (01.09.2017), ivy (30.08.2017), Mr. Annoying (30.08.2017), Sambitbaba (31.08.2017), Smokie (04.09.2017), Tiger29 (01.09.2017), Գաղթական (31.08.2017), Դեղին մուկիկ (07.09.2017)

  9. #5
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեմ, որ շատ հաճելի էր ինձ համար էս համագործակցությունը:
    Թեև առաջին փորձս էր` ոչ միայն ստեղծագործելու այս ֆորմատով, այլ ընդհանրապես, բայց գերագույն հաճույք ստացա:
    Երևի հետագայում էլ կփորձեմ:

    Համ էլ ասեմ, որ մի հրաշալի տեղ էի ընկել` էնպիսի մարդկանց միջև, ում երկուսի ոճն էլ շատ հավանում եմ:

    Ինքս իմ առջև, էս գործին մասնակցելիս, երեք նիշ էի սահմանել.
    առաջինը, որ աշխատեմ սահուն շարունակել նախորդին
    երկրորդը, որ ինքնատիպ մի բան մոգոնեմ` անսպասելի շրջադարձով
    ու երրորդը, որ հաջորդին ծավալվելու տեղ թողնեմ

    Էս տեսանկյունից` գոհ եմ արածիցս, բայց մեծ հետաքրքրությամբ կկարդամ նաև այլ կարծիքներ:

    Այվիին շնորհակալ եմ, որ հետաքրքիր սկիզբ էր տվել ու ինձ ընդարձակվելու մեծ հնարավորություն թողել:

    Բարեկամից էլ եմ շնորհակալ, քանի որ շատ սահուն ու հետաքրքիր էր մոտն ամեն ինչ ստացվել:
    Ճիշտ է ավարտն այն չէր, ինչ ես պատկերացնում էի, բայց էս ֆորմատի ամենահետաքրքիր ու գրավիչ մասն էլ հենց դա է, որ գրում ես մի բան, ինչ քոնը չէ, այլ` բոլորինը միասին վերցրած:

    Վերջին հատվածում նկատեցի մի քանի շատ թեթև անճշտություն` նախորդ շարադրանքի հետ համեմատ, բայց դրանք առ ոչինչ էին ի համեմատ Բարեկամի ներդրած ջանքի ու փորձի` կապել բոլոր մասերն իրար հետ: Ինչի եմ ասում <առ ոչինչ էին>, քանի որ դրանք ուղղելը լուրջ ազդեցություն չէին ունենա իր ընտրած ավարտի նկատմամբ ու բոլորն էլ տեսան, որ մի քանի մեջբերումներով, թե Այվիից ու թե ինձանից Բարեկամն արեց ամեն հնարավորը` իր միտքը մեզ երկուսին կապելու համար:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (31.08.2017), Sambitbaba (31.08.2017), Բարեկամ (31.08.2017)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անճշտություն նկատեցի տեղադրելուց հետո - Արփին ոչ թե համալսարանական ընկեր էր, այլ դպրոցական, բայց դե շըփ-թըփ եմ կարդացել-գրել, ուշադիր չեմ եղել։

    Ճիշտն ասած՝ պրոյեկտին մասնակցելու ցանկություն/տրամադրություն/ժամանակ արդեն չունեի, թեև հանձն էի առել, ու քանի որ հանձն էի առել, և համահեղինակներս էլ աշխատանք էին կատարել, կատարեցի իմ մասը, չնայած պատմությունն ու կերպարները իմը չէին, և ասելիք էլ, ճիշտն ասած, չունեի։ Բայց դե երբ նման նախագծի ես մասնակցում, "քոնը չլինելու" ռիսկը վերցնում ես՝ բախտդ կարող է բերի, կարող է՝ չբերի։

    Պատմվածքի մասին․ Այվիի ստեղծած կերպարները Գաղթականի մոտ փոխվեցին, և ինձ մնում էր կա՛մ վերադառնալ սկզբնականին, որը երևի սահուն կատարելն անհնար էր, կա՛մ էլ տեղավորել այնպես, որ դառնան երկրորդական։ Գաղթականը, բարեբախտաբար, սկիզբ դրեց երրորդ կերպարին - Արփիին, որին թողել էր լրիվ սաղմնային վիճակում, հում, և ես կենտրոնացա նրա վրա՝ օգտագործելով Աշին և քրոջը որպես "սըփորթինգ" հերոսներ։
    Իմ մասը գրելու ընթացքում չգիտեի ինչպես եմ ավարտելու․ գրում էի ոնց գրվում էր և ուր տանում էր՝ մինչև որ կծիկն ինքն իրեն քանդվեց։ Այդ չիմացությունն էլ, ի դեպ, պատճառ եղավ, որ միջին մասս ձգձգված է ստացվել, ասես ժամանակ էի շահում՝ ճամփա գցելով հերոսներին։

    Ամեն դեպքում՝ լավ էր, վաղուց չէի գրել, խամացել էի, մի ձև բացվել է պետք։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 31.08.2017, 03:55:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (31.08.2017), Sambitbaba (31.08.2017), Գաղթական (31.08.2017)

  13. #7
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Այվիի շարունակություններն եմ ուզում Դինամիկ արկածային դրամա էր ոնց որ սկսվում, բայց ինչ-որ կենցաղային ստանդարտ ինտրիգից զուրկ դրվագներ հետևեցին
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (01.09.2017)

  15. #8
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էլ Այվիի սկիզբը դուր եկավ. շատ թեթև էր ու սահուն։ Ու Այվին Աշին չափազանց կարգապահ էր ստեղծել, որին "չբռնեց" Գաղթականի նկարագրած փոշոտ գծագրերով սեղանը։
    Բարեկամի վերջը վատը չէր, մի քիչ կարելի էր ավելի քիչ "ծամծմել"։
    Առանձին-առանձին երեք հատվածներն էլ վատը չէին, բայց իրար լավ չէին շարունակում։
    Ինչևէ՝ շնորհակալություն:
    Կարճ
    Կոնկրետ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (01.09.2017)

  17. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ շատ դուր եկան բոլոր հատվածները: Հիանալի պատմվածք էր:
    Այվիի սկիզբը հետաքրքիր էր ու ինտրիգային
    Գաղթակսնը վարպետորեն ստեղծեց համապատասխան շարունակություն, շատ գեղեցիկ նկարագրությամբ ու պատմությամբ
    Բարեկամի ավարտի մասին ուղղակի խոսքեր չունեմ` ամենալավն ու հաջողն էր:
    Ընդհանրապես բոլորիդ հատվածներն իրար հետ լավ բռնում էին:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.09.2017), Գաղթական (04.09.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Շինարարի, Վահիկի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 21.07.2010, 18:18
  2. Արձակ. SSS-ի, impression-ի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.03.2010, 18:50
  3. Արձակ. *e}|{uka*-ի, Երվանդի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.02.2010, 15:09
  4. Արձակ. Harcaser-ի, Բարեկամի ու Kuk-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 15.02.2010, 22:18
  5. Արձակ. dvgray-ի, Բարեկամի և ivy-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 23.10.2008, 17:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •