Nude
Երգեր անմեղության ու փորձի
Նրանց համար, ովքեր արդեն գնացել են
ու նրանց, որ դեռ կգնան
ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
2015, ամառ
Կյանքը բաժանված չի ժանրերի: Այն սարսափազդու, ռոմանտիկ, ողբերգական, կոմիկական, գիտաֆանտաստիկ կովբոյական դետեկտիվ վեպ է... մեջը՝ մի քիչ պոռնոգրաֆիա, եթե ձեր բախտը բերի:
Ալան Մուր
Առջևս բլուրների սև ուրվագծեր էին, ոտքերիս տակ՝ հող, քարեր ու անձրևից թրջված խոտը: Տեղ-տեղ ցեխաջրի փոսեր էին գոյացել, որոնք պետք էր շրջանցել:
Չգիտեմ, թե որ պահից գիտակցությունս սկսեց խաղալ հետս: Մինչև բլուրների առաջին շարքն անցնելը արևը դեռ լուսավորում էր, ու ես տեսնում էի Սևանի կապարագույն, անհարթ մակերևույթը, լսում էի լճի ձայները: Բայց հետո կարծես լռության պատ կանգներ իմ ու լճի արանքում, ու արևը միանգամից անհետացավ:
Ձեռքի լուսարձակի լույսի տակ ես նորից Թագավորանիստում էի:
Սարերում խավարը լրիվ ուրիշ բնույթի է՝ ավելի թանձր ու շոշափելի: Օդը խոնավ էր ու ծանր:
Իրար շարունակող կլոր բլուրներ: Առանց ծառերի, բայց տեղ-տեղ գրեթե մարդաբոյ խոտով ծածկված: Նույն կավահողը, արահետը:
Եթե ամեն մեկն իր անհատական դժոխքն ունի, իմը Թագավորանիստի լանջին է, որտեղ ես նորից Մանեի հետ քայլում եմ դեպի գագաթը: Իսկ երբ հասնում ենք, պատմությունը կրկնում է ինքն իրեն:
Ես նստած եմ համակարգչի առաջ ու փորձում եմ ինձ ստիպել չմտածել վերջին օրերի դեպքերի մասին: Հեռախոսային հաղորդագրություն եմ ստանում: Կարդում եմ այն ու սկսում խեղդվել: Շունչս պահած դուրս եմ գալիս տնից, հասնում Վարդանի մոտ:
Տեղի ունեցածի սարսափն իմ շուրջն է, հրում է առաջ, ականջներիցս ու աչքերիցս լցվում ներս, ջնջում շրջակա աշխարհի ընկալումը: Միակ բանը որ լսում եմ, հաղորդագրության տեքստն է, շնչառությունս ու սրտիս խփելը:
Վարդանը բացում է դուռը: Պանիկայի նոպան վերջապես հաղթում է ինձ, ծնկներս ծալվում են ու ես ընկնում եմ գետնին:
Ժամանակը ծալվում է ինքն իր վրա, ու ես նորից Թագավորանիստում եմ, որտեղ ես նորից Մանեի հետ քայլում եմ դեպի գագաթը:
Սիզիփոսի նման: Պարզապես քարի փոխարեն Մանեն է: Ու միանգամից պարզ է, թե ինչու է այդքան կարևոր քեզ բարձրացնել այնտեղ ու վերևից նայել, թե ինչպես է վերջանում աշխարհը, ինչպես Էլիոտի մոտ՝ ոչ թե պայթյունով, այլ հեկեկոցով:
Ժամանակը նորից ծալվում է ինքն իր վրա՝ օրիգամիի նման:
Այդ օրը ես գրեթե մահացա Սևանի մոտի սարերում, ու գրեթե պատճառ դարձա, որ ուրիշն էլ մահանա ինձ հետ՝ մեկն, ով Մանեին երբեք չի ճանաչել, ում համար Մանեն երբեք ոչինչ չի նշանակել:
Էջանիշներ