Երբ «ֆեմինիզմի սահմանները» թեմայում բողոքը խտրականության դեմ դարձավ բողոք իրականության դեմ, դա ինձ Դուգլաս Ադամսի «Գալակտիկայի ավտոստոպով ճանապարհորդողի ուղեցույցը» գրքի հատված հիշեցրեց.
Մի պարզ օրինաչափություն եմ նկատել՝ երբ կրոնը կամ գաղափարախոսությունը վերածվում է վճարովի աշխատանքի, այն վերածվում է պարազիտիզմի (2012 թվին նույնիսկ լեկցիա եմ կարդացել էնդեմիկ ու պարազիտիկ կրոնական ուղղությունների մասին, մասնակիցները կհիշեն): Կարճ ասած, կրոնական կամ գաղափարական շարժումները սկսում են հետևել, որ եղած խնդիրների որոշ մասը լուծվի, ինչով շարժումը կարդարացնի իր գոյությունը, բայց միշտ առաջ բերվեն ուրիշ, ավելի շատ խնդիրներ, որպեսզի շարժման անհրաժեշտությունը ոչ թե նվազի, այլ աճի:«Գալակտիկայի ավտոստոպով ճանապարհորդողի ուղեցույցը» անբաժան ուղեկից է բոլոր նրանց համար, ովքեր նպատակ են կյանքից գլուխ հանել անորոշ բարդության ու շփոթեցնող Տիեզերքում, քանի որ չնայած այն չի կարող հուսալ օգտակար ու ինֆորմատիվ լինել բոլոր հարցերում, փոխարենը գոնե հուսադրող պնդում է անում, որ եթե այն ճշգրիտ չի ինչ-որ հարցում, ապա գոնե որոշակիորեն ճշգրիտ չի: Մեծ անհամապատասխանությունների դեպքում միշտ իրականությունն է, որ սխալ է:
Հենց դա էր նշման էությունը: Այնտեղ գրված էր՝ «Ուղեցույցը որոշակի է: Իրականությունը հաճախ անճշտություններ է պարունակում»:
Սա բերել է որոշ հետաքրքիր հետևանքների: Օրինակ, երբ Ուղեցույցի Խմբագիրների դեմ դատական գործ էին հարուցել նրանց ընտանիքներն, ովքեր մահացել էին Տրաալ մոլորակի մասին գրությունը բառացի հասկանալու հետևանքով (գրված էր՝ «Գիշատիչ բզեզաչանչախ գազանները հաճախ շատ լավ ճաշում են այցելող տուրիստների հետ»՝ «Գիշատիչ բզեզաչանչախ գազանները հաճախ շատ լավ ճաշում են այցելող տուրիստներով»-ի փոխարեն), Խմբագիրները պնդեցին, որ նախադասության առաջին տարբերակն էսթետիկորեն ավելի հաճելի էր, կանչեցին որակավորված բանաստեղծ, ով երդում տալուց հետո վկայեց, որ գեղեցկությունը ճշմարիտ է, իսկ ճշմարտությունը՝ գեղեցի, ու հույս ունեին այս կերպ ապացուցել, որ հենց Կյանքն է մեղավորը, որ ոչ գեղեցիկ է, ոչ էլ ճշմարիտ: Դատավորները համաձայնեցին ու իրենց հուզիչ ճառով հաստատեցին, որ Կյանքն ինքը արհամարհալից է վերաբերվել դատարանին, ու արժանի կերպով առգրավեցին այն բոլոր ներկաներից՝ նախքան ուլտրագոլֆի հաճելի երեկո վայելելու հեռանալը:
Նույն ֆեմինիզմի կոնտեքստում ես բերեցի Անիտա Սարկիսյանի օրինակը. նախ նա սկսեց ելույթներ ունենալ համակարգչային խաղերում կանանց ստերեոտիպային ներկայացման ու դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Այս ելույթներում նա անթաքույց հակակրանք էր արտահայտում համակարգչային խաղերի նկատմամբ ու նշում էր, որ ինքը գեյմեր չի, քանի որ համակարգչային խաղերն, իրենց բռնությամբ, առավել նախատեսված են արական սեռի հետաքրքրությունները բավարարելու համար:
Անիտան արեց մի քայլ, որը հատուկ է ֆեմինիզմին ընդհանրապես, նույն Gender Pay Gap-ի հարցում նույնպես. կատարելով պսևդոտրամաբանական եզրահանգում, ներկայացրեց դա որպես փաստ: Եզրահանգումը հետևյալն էր. կանանց ներկայացումը համակարգչային խաղերում նպաստում է սեռական խտրականության տարածմանն աշխարհում: Սրանից երևի պետք է հետևեր նաև, որ բռնությունը համակարգչային խաղերում նպաստում է բռնության տարածմանն աշխարհում, որ սպանությունները համակարգչային խաղերում պիտի նպաստեն սպանությունների քանակի աճին համակարգչային խաղեր խաղացողների դեմոգրաֆիայում: Բայց, ի տարբերություն սեռական խտրականության նման դժվար սահմանվող ու չափվող երևույթի (հաճախ՝ հենց ժամանակակից ֆեմինիզմի մեղքով, որ լղոզել է խտրականության սահմանները), այս երևույթների համար կա բավականին ճշգրիտ վիճակագրություն, որը ցույց չի տալիս ոչ մի կապ բռնության, սպանությունների ու համակարգչային խաղերի պարունակության միջև: Ընդ որում, այս վերջին թեման արդեն բավականաչափ քննարկվել է Ջեկ Թոմպսոնի «շնորհիվ», ով մեղադրում էր համակարգչային խաղերը բռնության քարոզի մեջ ու, լինելով փաստաբան, դրա հաշվին ստացավ գումար, հայտնիություն և այլն: Մինչև չպարզվեց, որ իր ներկայացրած տվյալներից շատերը կեղծված կամ մանիպուլացված են, իր ներկայացրած դատական գործերը՝ թեթևամիտ լիտիգացիաներ: Արդյունքում Թոմպսոնը զրկվեց իրավաբանական պրակտիկայով զբաղվելու իրավունքից, բայց շարունակեց գոյատևել ու ֆինանսավորվել որպես ակտիվիստ՝ վերածվելով լիարժեք պարազիտի: Նույնն, ինչ հակավակցինացիոն շարժման հայր Էնդրյու Ուեյքֆիլդն, ով, բժշկական ամսագրում վակցինացիան աուտիզմի հետ կապելով, հույս ուներ հարստանալ դրան հաջորդած հակավակցինացիոն հիստերիայի հաշվին, ինչն իրեն իրականում հաջողվեց, չնայած բժշկական պրակտիկայով զբաղվելու իրավունքը կորցնելուն: Այժմ նա նույնպես իր ապրուստը վաստակում է հակավակցինացիոն ակտիվիզմի շնորհիվ ու, ըստ իս, հանդիսանում է սոցիալական պարազիտ:
Բայց Թոմպսոնի և Ուեյքֆիլդի պարազիտիզմն առանձին դեպքեր են, իսկ Անիտայինը՝ ինստիտուցիոն, քանի որ նա գործում էր ինստիտուցիոն շարժման շրջանակներում ու ինստիտուցիոն աջակցություն ուներ՝ ՄԱԿ-ի մակարդակով:
Անիտան հաջորդ քայլով սկսեց crowdfund (անհատ աջակիցների միջոցով ֆինանսավորման մոդել) անել տեսանյութերի շարք՝ նվիրված համակարգչային խաղերում կանանց ստերեոտիպային ներկայացմանը: Այդ նպատակով հավաքվեց գրեթե 160 հազար ԱՄՆ դոլար գումար: Պատկերացրեք, թե ինչ մակարդակի ակադեմիկ հետազոտություն կարելի է ֆինանսավորել 160 հազար ԱՄՆ դոլարով:
Հիմա հիշեցնեմ, որ մինչև crowdfunding-ը Անիտան պնդում էր, որ ինքը գեյմեր չի ու հակակրանք է զգում համակարգչային խաղերի նկատմամբ: Այժմ անհրաժեշտ էր ֆիքսել, որ Անիտան կոմպետենտ է համակարգչային խաղեր խաղալ ու դատել դրանց մասին: Ու նա սկսեց ներկայանալ որպես մանկուց ակտիվ գեյմեր՝ վկայակոչելով իր մանկական նկարը, որի վրա ինքը Nintendo Entertainment System-ով Super Mario Brothers է խաղում (ոչ մեկին չի՞ հիշեցնում, օրինակ՝ Հիլլարի Կլինտոնին, ով սկզբում խոսում էր ավանդական ընտանեկան արժեքները պաշտպանելուց, հետո հայտարարում, որ միշտ աջակցել է նույնասեռականների ամուսնանալու իրավունքներին ):
Անիտան արդյունքում նկարահանեց 14 հատ 15 րոպեանոց տեսահոլովակ, որտեղ նա համակարգչային խաղեր է խաղում (հաճախ արհեստական մանիպուլացնելով խաղը՝ սեքսիստական իրավիճակներ ստեղծելու համար): 14 հատ 15 րոպեանոց տեսահոլովակ: Ամեն տեսահոլովակի հասնում է մոտ 11 հազար ԱՄՆ դոլար: Մեկ համակարգչային խաղն արժի առավելագույն դեպքում 60 ԱՄՆ դոլար: Գեյմերական բարձր դասի միկրոֆոնը՝ 100 ԱՄՆ դոլար: Գեյմերական բարձր դասի համակարգիչը՝ մոտ 2000 ԱՄՆ դոլար: Մեկ տեսահոլովակի մոնտաժը, հաշվի առնելով տեսահոլովակների պրոդուկցիոն արժեքը՝ մինչև 200 ԱՄՆ դոլար: Եթե նույնիսկ ենթադրենք, որ Անիտան ստիպված է եղել գնել 100 խաղ իր ուսումնասիրության համար (ԱՄՆ-ում գոյություն ունի խաղերի վարձույթ), գումարենք թվերը: 100x60+2000+100+14x200=10.900 ԱՄՆ դոլար: Այսինքն՝ նույնիսկ իմ շռայլ հաշվարկի դեպքում, երբ բոլոր սարքավորումներն ու խաղերը զրոյից գնվել են, ամբողջ հետազոտության ծախսը մոտավորապես հավասար է մեկ էպիզոդին բաժին հասած գումարին: Վատագույն դեպքում մոտ 140 հազար ԱՄՆ դոլար դարձել է Անիտայի ու իր ասիստենտների աշխատավարձը:
Անիտա Սարկիսյանի Feminist Frequency-ն գրանցված է որպես Form 501c3 շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն ազատված է հարկերից: Հետաքրքիր փաստ. Form 501c3-ով հարկերից ազատված կազմակերպություններն իրավունք չունեն զբաղվել քաղաքական ագիտացիայով ընտրությունների ընթացքում: Ինչևէ, Feminist Frequency-ն Դոնալդ Տրամպի դեմ քարոզարշավով է զբաղվել 2016 թ. նախագահական ընտրությունների ժամանակ:
Գիտե՞ք ինչու Անիտայի կազմակերպությունը չեն զրկում Form 501c3 ստատուսից: Այն ունի ինստիտուցիոն պաշտպանություն, Անիտան ՄԱԿ-ում ելույթներ է ունենում, իրեն կպնելը կբերի հասարակական հիստերիայի: Բացի դրանից, չնայած իր կազմակերպությունը խախտել է IRS-ի կարգավորումները 501c3 ստատուսի կազմակերպությունների համար, խախտումն այնքան լուրջ չի, որ դրա համար իրեն ստատուսից զրկեն: Այ, եթե Անիտան նվիրատվություններն ուղղակիորեն օգտագործեր քարոզի կամ հակաքարոզի համար, ապա խնդիրը շատ ավելի լուրջ կդառնար:
Անիտայի կազմակերպությունը 2014 թվականին նվիրատվությունների միջոցով ստացել է 441 հազար դոլարից ավել գումար (վեց անգամ ավելի, քան 2013-ին): 2014 թ. իրականացված ծրագրերի վրա ծախսվել է գրեթե նույնքան փող, ինչքան ադմինիստրատիվ ծախսերի վրա:
Գրեթե կես միլիոն դոլար՝ շատախոսության, զրպարտանքների, ուռճացված ծախսերով տեսահոլովակներ հրապարակելու դիմաց:
Իմ կարծիքով, սա պարազիտիզմի բավականին տիպիկ օրինակ է: Ու, եթե ես միայն Անիտա Սարկիսյանին հիշատակեցի, չի նշանակում, թե նա միակն է իր տեսակի մեջ: Ամբողջ ֆեմինիստական ուսումնասիրություններիի ոլորտը, որ մեկ մեկ կանանց ուսումնասիրությունների ոլորտ են անվանում, որտեղ կարելի է ակադեմիկ աստիճան ստանալ՝ ուսումնասիրելով գենդերը որպես սոցիալ-մշակութային կոնստրուկտ: Ընդ որում, գենդերային ուսումնասիրությունների ոլորտ չի, որն անթրոպոլոգիայի փոքրիկ ճյուղիկ է: Ֆեմինիստական ուսումնասիրություններ: Որի ֆակուլտետներ կան Ստենֆորդում, Կալիֆորնիայի համալսարանում, և այլն: Մեկն այն ֆակուլտետներից, որոնք ավարտողը ձեռք է բերում, հետաքրքիր է, ի՞նչ մասնագիտություն: Ֆեմինիստական հետազոտողի՞: Ինստիտուցիոն պարազիտիզմ, պարզ պատասխանը:
Ի՞նչ ընդհանրություն կա կրոնական ու ֆեմինիստական պարազիտիզմի միջև. սատանայի գաղափարը: Նման պարազիտական կառույցները միշտ ստեղծում են իրենց դժվար սահմանելի, բայց շատ վախենալի հակառակորդը, որին կարելի է լիքը բացասական երևույթներ վերագրել, խաղալ վախերի վրա, ու խնդրեմ՝ բերեք ձեր նվիրատվությունները, հանուն ձեր հոգու և այս աշխարհի փրկության: Քրիստոնեության մեջ դա Սատանան է, ֆեմինիզմի մեջ՝ պատրիարխատը: Ձախ ֆեմինիզմի մեջ՝ նաև պատրիարխատի ծնած կապիտալիզմը (ընդհանրապես, ահագին ծիծաղում եմ, նայելով, թե ինչպես են ձախ ֆեմինիստները փորձում «կապիտալիզմը քանդել» կապիտալիստական ֆոնդերի տված գրանտներով):
Հետաքրքիր է նաև պարազիտների բողոքը. բողոք գոյության համար պայքարի դեմ, բողոք մրցակցության դեմ, բողոք ազատ շուկաների ու պրոդուկտ կամ ծառայություն ապահովող կազմակերպությունների դեմ, պահանջ հարկել եկամուտ ունեցող անձանց ու կազմակերպություններին՝ պարազիտներին ֆինանսավորելու համար:
Պարազիտիզմ, որը ներկայիս քաղաքական-հասարակական կոնտեքստում ձեռնտու է շատերին: Այնպես որ, եկեք խոսենք պարազիտիզմից:
Էջանիշներ