Հետևից մոտեցավ ու աչքերս փակեց: Ահավոր չեմ սիրել էս խաղը: Ահավոր չեմ սիրել հպումները, իսկ ինքը հպումների համար խելագարվում էր. փիսիկ էր, ուզում էր գրկես, գուրգուրես:
- Դու երևի հասկանում ես, որ մենք էլ երեխա չենք ու, թերևս, արդեն ընկերուհիներ չենք:
Ընկրկեց: Ինքը միշտ էլ ասում էր, որ իմ ընտանի փիսոն է, բայց չգիտեր, որ հիմա ինձ ընտանի կենդանիներ պետք չեն:
Հետո հանկարծ բարձր ծիծաղեց ու ձեռքս բռնած ինձ հայելու մոտ տարավ: Կանգնել, նայում էի աչքերիս շուրջ սև օղակներին: Թե ես ո՞ր օրվա կոսմետիկա օգտագործողն էի, որոշեցի թիթիզանալ ու խնդրեմ: Դրեցի, ձեռքով փորձեցի մաքրել նաև շրթներկը: Տարածվեց: Նյարդային դողին հաջորդեց ծիծաղը: Երկուսով ծիծաղեցինք: Ու հանկարծ ինքը դադարեց պարզունակ ու ձանձրալի ընտանի կենդանի թվալ, հանկարծ ինքը մեծացավ, աճեց, դարձավ մարդ ու հանկարծ գիտակցեցի, որ կարոտել եմ:
Գրկեցի:
Գրկեց ու լացեց:
Չգիտեմ ինչու էր լացում: Թողեցի լացի, թեթևանա: Գնացինք, նստեցինք գետափին ու մոծակների ամպը մեր շուրջ օղակ կազմած ինչ-որ նյարդերը սղոցող սերենադ սկսեց :
- Էլի քո մոծակի դեղերը, որ մոտ չգան:
Չկողմնորոշվեցի՝ ձայնում հեգնա՞նք էր, հանդիմանա՞նք: Էական չէր: Նստել ու լռում էինք ամեն ինչի մասին: Երկուսս էլ շաղակրատող տեսակ էինք, ժամանակին իրար հերթ չտալով խոսում էինք: Ի՞նչ էր փոխվել հիմա: Ես էի փոխվել, ինքը: Հիմա լրիվ ուրիշ մարդիկ էինք: Առանց որևէ վեճի, կոնֆլիկտի մենք իրարից հեռացել էինք ու ժամանակը մի մեծ ժայռ էր կառուցել մեր մեջ: Թեև չէ, ժայռ չէ՝ սառցալեռ: Դրսում անտանելի շոգ էր, բայց մենք մրսում էինք:
- Գիտե՞ս ամենաշատն ինչին եմ կարոտում, - հարցրեց:
- Չէ, որտեղի՞ց:
Թեման փակում էի, բայց ինքը համառեց:
- Ասե՞մ:
- Ասում ես, ասա առանց նախաբանի, միանգամից, գիտես, որ զզվում եմ ներածական ճառերից:
- Չէ, չգիտեմ, հիմա ես քո մասին ոչ մի բան չգիտեմ:
Մի փոքր լռելուց հետո շարունակեց՝
- Ամենաշատը կարոտում եմ, երբ փայտն առած քշում էիր իմ վրա հարձակվող շներին: Որ իրականում վտանգավոր էր, կարայիր փախնել, բայց մնացել էիր ու քշում էիր: Հիմա էլ չես մնա:
- Հիմա էլ կմնամ:
- Ինչի՞:
- Ես ինձնից թույլերին պաշտպնում եմ, իմ տեսակն ա:
- Էն ժամանակ դու ինձ էիր պաշտպանում: Հենց ինձ: Այ դրան եմ կարոտում:
Էջանիշներ