- Իսկ ես Ռոբին դեռ կտեսնե՞մ, - որոշեցի կասկածներս փարատեմ։
- Ամեն ինչ քեզնից է կախված։ Դու այդ ասա, աղջիկ, ինչո՞ւ ես ուսերդ բացել, - Միաձակիի նկարած պառավի նման խորամանկ ժպտաց։
- Ռոբը ասեց․․․
- Ախ, Ռոբը ասե՞ց, ինչպես մինչ այդ երբեք չէր խաբել։ Երևում է այստեղից ներքև ոտք դրած չկաս, - շլյապան ծերից սկսեց մոխրանալ, - ուզո՞ւմ ես քեզ մի պատմություն պատմեմ, որ ճամփադ հեշտ անցնի, դեռ երկար ենք քայլելու։
Նայեց կեդերիս ու գլուխը տարուբերեց։
- Հա, - ասեցի խանդավառ, - բայց մի պայմանով, եթե հավանեմ, թույլ կտաք ինձ գրի առնել։
Ասես անդունդի խորքից կամաց լսելի դառավ ջրի ձայնը։ Հորիզոնում նշմարվեց լեռնաշղթայի գագաթները։
- Այստեղ գետ է հեսո՞ւմ, ի՞նչ է, - նայեցի կնոջ դեմքին, որի դեպի ինձ արված մասը ասես երիտասարդանում էր։
Երբ գլուխը ամբողջովին դեպի ինձ դարձրեց, սարսռեցի։ Աջ մասում խորը կնճիռներ էին հայտնվել։ Ձեռքի վրա էլ, շագանակագույն պուտեր, այն ձեռքի որ ուսիս էր դրել։
- Հուսով եմ սիրտդ պինդ է, և բարձրությունից այդպես չես սարսափում, ինչպես իմ դեմքից։
Սկսեցի դողացնել, օդը սառն էր և թանձր գոլորշին դեմս էր հավաքվում։
- Գետից այնկողմ, մի տեղ կա, որտեղից դեռ ոչ ոք հետ չի դարձել։ Բոլոր անփառունակների վերջը այնտեղ է։ Ինչպես և քո Ռոբինն էր։ Մինչև, որ այդ ճարպի անճոռնին, չգիտես որտեղից ձեռք գցեց աշխարհի նման հին ու հզոր իրերից մեկը։ Դրաուպնիրը։ Մտածում եմ, որ Ռոբն էլ այդքան հին է, թե չէ որտեղից նրան պետք է հայտնի լիներ դրա մասին։
Կեդերիս տակը սկսում են մաշվել, համարյա մաշկով զգում եմ քարուքռոտ ճամփի սառնությունը, բայց ձայն չեմ հանում։ Կնոջ շլյապայից մենակ մի ծայրն էր մնացել, այն էլ օդում կախված, կամաց թափվում էր։ Ձեռքն էի տեսնում միայն, որի լայն ծակոտիների տակից ջլերն էին երևում։
- Դու պետք է անցնես կամուրջը ու գտնես Ռոբին, - ձայնը սկսեց արձագանքել, - Նա այստեղ քո իմացած Ռոբը չի, չզարմանաս երբ տեսնես։ Ոչ մի դեպքում չհայտնես նրան քո իսկական անունը։
- Բայց, ես ինչո՞ւ պետք է համաձայնեմ, - ատամներս իրար խփելով հազիվ բառերը իրար են կպցնում, - և հետո, ո՞վ եք դուք, ու ինչո՞ւ ես պետք է գնամ այնտեղ, որտեղից վերադաչձ չկա։
- Դու պետք է գտնես Դրաուպնիրը, ու այն հանձնես ում որ պատկանում է, - աջ կողմի մաշկը սկսում է թափվել, մեկացնելով կարմիր մկաններ։ Ոտքերը գետնից կտրվում են, - և հիշիր, ընկերությունը մենակ թղթի վրա է հաղթում։
Արյունոտ ձեռքով շոյում է սփրտնած ուսս։
- Դե՛, գնա։
Գետի ձայնը նման էր միլիոնավոր շշուկների։ Կամուրջը անվերջ թվաց։ Ոտքերս տախտակներից փշեր էին չքնում, ցավից ու ցրտից գրեթե գոռալով, հասա քարե դարպասին։ Երբ բացվեց, այն ցուրտը որում ես մինչ այդ էի, գեհենի կրակի նման այրող թվաց։ Կիսամութի մեջ բարձրացող հսկայական ծառերի ճյուղերը մխրճվում էին միմյանց մեջ, երկաթյա տերևները կտրում էին մարմինս, երբ փորձում էի ճեղքել դրանք, ու արյունը դեռ դուրս չհոսած սառում էր։ Լռության մեջ լսվում էր հանդարտ մռնչյուն ու մինչ ես շունչս պահած սպասում էի, որ ինձ կհաշոտեն, ու անզգայացած մանտերիցս բաց էի թողում թղթերս, թարմ մսի հոտը քիթս առավ։ Ծանր մարմինը վազելով ու հևալով մոտեցավ հսկա ստվերին ու ձեռքերից սկսեց լափել փափուկ կտորները։
Անտառից դուրս եկա, ուժասպառ, մոտակա քարանձավից սողացող նվազ լույսին հետևելով, մի կերպ հասա մուտքի մոտ։
- Ռո՞բ, - զոռով կողերս սեղմելով օդը դուրս մղեցի ու ընկա ժայռ հիշեցնող ձեռքերին։
- Հա, ես եմ, - այլանդակ դեմքին ժպիտի նման մի բան սողաց։
- Ատում եմ քեզ, գիտե՞ս։
- Բա ես քեզ, ճիշտ ասա եկե՞լ ես իմ մասին էլի բաներ հայթայթես, որ իմ հաշվին կայացած ռոմանիստ դառնաս։
- Ինձ ուղարկել են սրա հետևից, - ձեռքս դնում եմ պաղ մետաղին, քաշում է, - մենք ընկերներ ենք, չէ՞։
Ինձ հենում է քարից սարքած անկողին հիշեցնող բարձրությանը։ Ձեռքը մեկնում է կրակին բլթբլթացող գարշահոտ մասսային, քարաձավի մամռոտ պատերին։
- Մենք ընկերնե՞ր ենք, - հարցնում է։
- Գիժ, գժի մեկը։ Ոտքերիս նայե՞լ ես։ Կարո՞ղ է գիտես հանուն Հելի եմ եկել այստեղ հասել։
- Անունդ կասե՞ս։
- Ուոլ․․․
- Իսկական։
- Մարի։
Թելով վզից կախած Դրաուպնիրը հանում է․
- Ժպտա, հիմա ծիտիկ կթռչի․․․
Աչքերս բացում եմ, սենյակում ոչ ոք չկա։ Պատուհանը բաց է ու գոգին իմ թղթեն են քարի տակ դրված։
"Ես գիտեմ, ոչ ոք երբեք չի վերադառնում հենց այպես, ու դու միշտ դողալու ես դեղին շլյապա տեսնելուց, բայց դու չես ապրել սառը քարանձավում, դու չգիտես ինչ է իսկական մենությունը։"
Վերցնում եմ թղթերս ու վերջին էջին գրում.
"Զարթնեցի, ու թմրած ձեռքս կրծքիս տանելով շոշափեցի Դրաուպնիրը։ Պատուհանին Ռոբի թողած գրությունն էր
Կահնդիպենք դժոխքում, Հադեսի թաղամաս՝ Գեհենի փողոց։ Պողպատյա կոշիկներ կպատվիրես, քաշը տաս կիլոյից պակաս չլինի։
Ինչպես միշտ հավատացի։"
Էջանիշներ