- Ստոպ,- ընթերցանությունս ընդհատեց Ռոբը,- էս իսկականից իմ մասի՞ն էր, շատ ես չափազանցրել:
- Սպասիր, մինչև վերջ կարդամ,- փորձեցի համոզել:
- Չէ, չեմ ուզում: Էդ գրածդ էլ պատռիր, մի կողմ գցիր կամ էլ կերպարիդ անունը փոխիր. սա իմ մասին չէր:
- Նեղացա՞ր:
- Զահլա չունեմ:
Ու Ռոբը կտրուկ մոտեցավ պատուհանին, փեղկը թափով բացեց և թռավ գոգին՝ ոտքերը դուրս կախելով:
- Ի՞նչ ես անում, - ճչացի ես՝ նստած տեղից վեր ցատկելով, - հետ շրջվիր, չընկնե՜ս:
- Ժպտա, հիմա ծիտիկ կթռչի:
Դեռ խոսքը չավարտած՝ Ռոբը դուրս ցատկեց:
Սարսափից գամվեցի տեղում. հինգերորդ հարկում էինք: Հետո փորձեցի ինքս ինձ հանգստացնել, որ Ռոբի հերթական տրյուկներն են, բայց միևնույն է վախենում էի մոտենալ պատուհանին ու ցած նայել:
Երևի էդպես էլ անշարժ կանգնած մնայի, եթե հեռախոսս չզնգար.
- Ի՞նչ ես քարացել, մնացել,- լսեցի Ռոբի ձայնը, - իջիր ներքև, սուրճ խմենք:
- Որտե՞ղ ես, գժի մեկը:
- Ներքևում, շատ ներքևում: Իջնում ես Հադեսի թաղամաս՝ Գեհենի փողոց, հարցնում ես Ռոբին, տեղս ցույց կտան: Մեկ էլ ժակետդ կհանես գալուց առաջ, էստեղ լավ շոգեր են:
- Ատո՜ւմ եմ քեզ,- գոռացի հեռախոսի մեջ՝ ծիծաղս զսպել չկարողանալով:
- Բա ես քեզ ոնց եմ ատում, իմ հաշվին էլ որոշել ես գրող դառնալ, հա՞: Ի՜նքը, իր գրածնե՜րը, էլ ով դիմանար: Կարդացողն էլ կմտածի՝ էս ինչ անկապ տիպ էր էդ Ռոբը: Բա ես տե՞նցն եմ, սիրտս կոտրում ես:
Կարգին ուրախացած մեր խոսակցությունից՝ գրած-մրած թղթերս վերցրեցի ու իջա ներքև, իհարկե էնքան ներքև չէ, ինչքան Ռոբն էր ասել, բայց դե հույս ունեի, որ իրեն գետնի երեսին կգտնեմ՝ չհասնելով Հադեսի թաղերը:
Փողոցում շուրջս նայեցի, ընկերս չկար: Զանգն արդեն անջատել էր ու հիմա էլ անհասանելի էր հեռախոսով:
Մեկը ձեռքը դրեց ուսիս: Շրջվեցի, Ռոբը չէր:
- Մակարոն ոտքերով ու միամիտ տեսքով աղջիկը դու ես, հա՞, ոնց որ թե,- հարցրեց դեղին շլյապայով կինը՝ ինձ ոտքից գլուխ չափելով, ու առանց պատասխանի սպասելու՝ ավելացրեց,- ինձ խնդրել են քեզ ուղեկցել:
- Ո՞ւր ուղեկցել, իսկ խնդրողն ո՞վ էր:
Նորից խուճապի մատնվեցի, ու քիչ առաջվա բարձր տրամադրությունս հօդս ցնդեց:
- Լավ, էլ մի քեզ կորցրու, չտարան քեզ խոշտանգելու: Հետս արի, լավ տեղ ենք գնում,- աչքով արեց շլյապայով կինը ու կամաց քաշեց թևքիցս:
Էջանիշներ