Քիչ մը գրել եմ բլոգումս, էստեղ արտագրեմ.
"The Promise"-ը վերջապես մեր ափերն էլ հասավ, և երեկ, դիտելու ընթացքում և հետո, մնաց ընդհանուր դժգոհության զգացողություն․ Քըրք պապիկի փողերը վատնվել էին ինչ-որ մի միջակություն ստեղծելու վրա, այն էլ այդքան ցավոտ ու կարևոր թեմայով։ Ամբողջ ընթացքում փորձում էի նայել ոչ հայի աչքերով, ընդ որում հայից ու հայությունից անտեղյակ մեկի՝ թե ինչ պատկերացում կստանա հայերից ու այդքան բարբառած հայոց ցեղասպանությունից։ Եվ տպավորությունս այսպիսին էր․ հայեր կոչվածները անհայրենիք ինչ-որ մի էթնիկ փոքրամասնություն են կարծես, որոնց թուրքերը երկար տարիներ /հայ դեղագործի բիզնեսը երկու հարյուր տարեկա՞ն էր ոնց որ/ հանդուրժել ու թույլ են տվել իրենց հողում խաղաղ գոյակցել։ Առաջին Համաշխարհայինի սկզբում քաղաքական իրավիճակը փոխվում է Թուրքիայում, և թուրքական կառավարությունը որոշում է հայերին՝ մերթ վերջիններիս ապահովության համար իբրև, մերթ որպես դավաճանների, վռնդել թուրքական հողից, բայց խաղաղ վռնդելու փոխարեն, արտագաղթի ճանապարհին, աջ ու ձախ սպանում են անխնա, որովհետև ներքին որոշում կար բնաջնջելու։ Եվ այդ ամենը ֆիլմում պրոյեկտվում էր մի քանի գյուղերի մի խումբ մարդկանց վրա միայն․ մեկուկես միլիոն հայերի նահատակությանն անդրադարձ չեղավ, այն, որ հայերն այդ հողի տերն են եղել հազարամյակներ՝ ոչ մի հուշում /գոնե մի հինավուրց եկեղեցի, մի բան սիրուն ինտեգրեին/, ամերիկացիները դարձյալ հերոսի դերում էին /ի դեմս ամերիկացի լրագրողի/, իսկ Թուրքիայի հետ հիմա ԱՄՆ-ն էդքան էլ լավ չի, ու էս ֆիլմով մի թեթև զգուշացում էր՝ թե ձեզ խելոք պահեք։ Բայց իմ դարդը հայերն են, որ որպես ազգ ինչ-որ շատ խղճուկ ներկայացան, հետամնաց-անազատ իրենց կենցաղով ու բարքով․ տղան, փողի համար՝ անթաքույց, նշանվում է հարևանի աղջկա հետ, ում չէր սիրում, ու դա էլ հենց իր "խոստումն" էր, որ չպիտի մերժեր, ինչքան էլ որ հետո սիրահարվում է մի ուրիշ հայ աղջկա փոխադարձ սիրով։ Չգիտեմ՝ դա ազգային հպարտանալու բա՞ն է, որ դեռ ֆիլմի վերնագիր են որպես դրել։ Էլ չեմ խոսում՝ սիրո եռանկյունի՝ ռոմանտիզմ դնել ցեղասպանությունը ներկայացնող ֆիլմի առանցք որպես, խնդրի վիրավորական արժեզրկում է մի տեսակ։
Հայ չէր, չէ՞ ֆիմի ստեղծողը։ Ախր ոնց կարելի էր ոչ հայի հանձնարարել նման գործը, կամ առհասարակ "հանձնարարել"։ Էս թեմայով ֆիլմ նկարելիս անձնական վիշտ է հարկ ապրել։
Չէ, սա "Շինդլերի ցուցակը" չէր, բայց պարտադիր չէ անպայման Սպիլբերգ լինել, կարելի էր թեկուզ սկսնակ ու անփորձ, բայց հայկական /այն է՝ հայի համար/ ցավող սիրտ։
Երբ դուրս էինք գալիս կինոթատրոնից, տղաս ասաց․ "Գիտե՞ս որը կլինի լավ ֆիլմ ցեղասպանության մասին․ Կոմիտասի մասին ֆիլմ եթե նկարեն, իր կյանքի պատմությունը, երբ իր երգչախմբով եվրոպաներում մարդկանց լսել էր տալիս հայ երգը։ Ու վերջաբանն էլ "հեպպի էնդ" չէր լինի, այլ իր մահը հոգեբուժարանում, ու դա հենց ցույց կտար, որ ցեղասպանության հարցը դեռ չսպիացած վերք ա, բաց թեմա"։
"Կոմիտասի երաժշտությունն էլ տպավորիչ կհյուսվեր ֆիլմին", - մտածեցի ես։
Հ.Գ. Մոռացա նշեմ զուտ ֆիլմային արժանիքների թերության մասին. բավական ձգձգված էր, համարյա ամեն կադր ավելորդ վայրկյաններ ուներ, երբեմն րոպեների հասնող, հեչ ոնց որ հոլուվուդ չլիներ, այլ անկախ /independent / ֆիլմի որակի էր։
Էջանիշներ