«Որսկանի խոստովանությունը» («Սուտլիկ Որսկանը»)
Բավական լավ էր շարադրված՝ համ գրագետ, համ էլ կոլորիտով՝ Լոռվա բարբառն ու համուհոտն էլ պահպանած։ Բայց ախր «Սուտլիկ Որսկանն», ըստ իս, էն ստեղծագործությունը չի, էլի, որ հնարավոր է ուրիշի տեսանկյունից պատմել։ Հա, բնագրի անանուն ես–ի փոխարեն, պարզվեց՝ Չատին էր պատմում, բայց նրա պատմածն ինչո՞վ էր «ուրիշ հայացք», ինչո՞վ էր տարբերվում մեր իմացած հայացքից։ Ընդամենը պատմությունը վերապատմված էր՝ ինչ–որ փոփոխություններով։ Ինչպես Նաիրուհին նկատեց, նման ցնդած պատմությունը «խոտ ծխելու» արգասիք ներկայացնելու գաղափարը բավական հաջող էր, բայց դա ընդամենը հետաքրքիր լրացում էր, ոչ թե այլ հայացք, այլ տեսակետ։ Ու էդ առումով կարելի է համարել, որ ստեղծագործությունը, փաստորեն, էնքան էլ չի բավարարում մրցույթի պահանջին. ուրիշ հայացք չտեսանք։ Բայց, էլի եմ ասում, շարադրանքն իրոք շատ լավն էր ու մշակված։ Համոզված եմ՝ սրա հեղինակը ուրիշ ստեղծագործություն ընտրելու դեպքում կարող էր շատ հաջող տարբերակ գրել։ Ափսոս, որ էս՝ առանձնապես լայն հնարավորություններ չընձեռող անկապ պատմությունն է ընտրել։

«Կերպարանափողություն» («Գիքորը»)
Թույլ էր ահագին։ Ճիշտ է, ուրիշի հայացքով էր, բայց բնագիրն իմանալով՝ կարծում եմ՝ բնական է, որ մարդ ակնկալում է բնագրի տեսանկյունից ավելի կտրուկ տարբերվող տեսանկյունից գրված գործ կարդալ, իսկ էս դեպքում պատմողն էլի առանձնապես նոր բաներ չներկայացրեց, ընդհանուր պատմությունն առանձնապես նոր տեսանկյունից չտեսանք կարծես։ Համենայնդեպս, ես շատ ավելին էի սպասում։ Չգիտեմ, նման դեպքերում ուզում ես էնպիսի տեսակետից պատմված տեսնել, որ ամբողջ եղելությունը, կերպարներին լրիվ այլ լույսի տակ տեսնես, վերագնահատես։ Իսկ էստեղ դա գրեթե չկար, եղածն էլ շատ քիչ էր։ Պատմությունն էլ մի քիչ շատ էր ձգձգված, ճիշտն ասած՝ դեռ կեսերին չհասած՝ արդեն զոռով եմ կարդացել, մի քիչ ձանձրացնում էր, թեև ընդհանուր առմամբ վատ չէր գրված՝ տեղ–տեղ հանդիպող լեզվական անհարթությունները չհաշված։ Շարադրանքը մի քիչ անվարժ էր, չմշակված, զգացվում է, որ հեղինակն անփորձ ստեղծագործող է։ Բայց շարադրանքի մեջ մի տեսակ հաճելի պարզություն կար, որի շնորհիվ լեզվական անհարթություններն ու ընդհանուր ձգձգվածությունը մի տեսակ չէին ներվայնացնում։ Ամեն դեպքում էս տարբերակը կարծես ավելի շատ էր համապատասխանում մրցույթի պահանջին։

Մի քիչ բարդ է ընտրելը։ Դեռ կմտածեմ, թե որ տարբերակին տամ ձայնս։